Եղիշե Չարենցի տուն-թանգարանն այս օրերին թանգարանի առցանց հարթակում (https://www.facebook.com/housemuseumofyeghishecharents) ֆլեշմոբի ձևաչափով ներկայացվում են տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից «Ես իմ անուշ Հայաստանի» աղոթքի ընթերցանությունները։ Բանաստեղծություն-աղոթքը տարբեր լեզուներով (շվեդերեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, չինարեն, հունարեն, հնդկերեն և այլն) հնչեցնելով՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ թանգարանի միջոցով հայտնում են իրենց աջակցությունը հայ ժողովրդին և կոչ անում խաղաղության։
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/10/02-նկար.jpg)
Համամարդկային աղոթքին զուգահեռ, ներկայացվում է նաև համահայկական աղոթքը խաղաղության՝ դպրոցականների մասնակցությամբ։ Դեռևս այս ուսումնական տարվա սկզբում մեկնարկած համահայկական մրցույթը, որի շրջանակում դպրոցական տարբեր տարիքի երեխաներ պետք է ընթերցեին «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը և վերարտադրեին տարբեր ձևաչափերով (կտավի, քանդակի, ձեռագործ աշխատանքի, անիմացիայի), նախատեսվում էր ամփոփել հոկտեմբերի վերջին։
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/10/05-նկար.jpg)
Սակայն, ստեղծված իրավիճակով պայմանավորված, մրցույթի ձևաչափը փոքր-ինչ փոփոխվեց՝ վերաձևակերպվելով որպես համահայկական աղոթք հաղթանակի և խաղաղության, փոփոխվեց նաև մասնակիցների հետ համագործակցությունը:
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/10/04-նկար-1024x719.jpg)
Մրցույթի այս նոր ձևաչափը դեռևս ընթացքի մեջ է, և մասնակցել ցանկացողները կարող են իրենց աշխատանքներն ուղարկել մինչև հոկտեմբերի 30-ը (էլ․ հասցեն՝ charents.museum@gmail.com)։ Մրցույթի ամփոփման ձևաչափի և ժամկետի մասին տեղեկություն կտրամադրվի առաջիկայում։
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/10/01-քանդակ.jpg)
No Comments