bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbetting
ԳրաԴաշտ Գրիգոր Գրիգորյան

Գրիգոր Գրիգորյան․ Բարև, բժի՛շկ, ես գրող եմ

01.04.2022

— Բարև, բժի՛շկ, ես գրող եմ։ Գրքեր եմ գրում… գրքեր եմ գրել․․․ հիմա էլ շարունակում եմ գրել, դեռ ըմբոստանում եմ, չեմ դադարում հավատալ․․․ Չէ՜, չէ՜, բժի՛շկ, ստեղծագործական ընկճախտի մեջ չեմ, հանկա՛րծ քեզ չերևակայես. ո՛չ խնդիրներ ունեմ, ո՛չ էլ մորֆինի կարիք: Ուղղակի քո մասին շատ եմ լսել, ուզում էի խոսել քեզ հետ։ Հա, ի՞նչ` մարդ չի կարո՞ղ մեկ ուրիշ մարդու հետ խոսել…

Գրականության տիեզերքում եմ ապրում, բժի՛շկ, ես գրականության քաղաքացի եմ, ազատ ճախրումների մեջ եմ. ճիշտ է՝ մեկ-մեկ դժվար է այդ «նոպաները» «ճախրումներ» անվանել, բայց նման պահերին ոտքերիս տակ հատակը հաստա՛տ չեմ զգում։ Բժի՛շկ, ա՛յ բժիշկ, կրկնո՛ւմ եմ` ես բուժման կարիք չունեմ, լուրջ եմ ասում, այդպես խորաթափանց մի՛ զննիր ինձ. չմտածես՝ ցնորված գրողներից եմ ու մտքերիս համար տաքուկ լսարան եմ փնտրում, և դու էլ պիտի հիմա ինձ ուշադիր լսես ու կկոցած աչքերով խելոք խորհուրդներ տաս։ Այո, բժի՛շկ, մտքերիդ ընթացքը շիտակ է, ճիշտ ես գուշակում՝ գրքերս չեն հայտնվում «բեսթսելլերների» ցանկում, այ որ հայտնվեին՝ հաստա՛տ քո կարիքը կզգացվեր։ Գրքերս իմ անձնագիրն են, բժի՛շկ, գոհ եմ նրանցից, ու չնայած շատ սխալներ կան այնտեղ և հիմա լիքը բան կփոխեի դրանց մեջ, գրքերս վատը չեն, բժի՛շկ, հավատա՛ նվաստիս: Ընթերցողներս լավ-լավ բաներ են ասում. ոմանք ժպտում են, ոմանք՝ տխրում, իսկ սրտից թույլերի աչքերը լցվում են, ու կարևոր չէ` ուրախությունի՞ց, թե՞ թախծից: Ուղղակի, բժի՛շկ ջան, իմ այս ցնորված աշխարհում ինձ շատ հարցեր են անհանգստացնում, իսկ քո մասին խելոք բաներ են ասել, ուզում եմ հետդ անպայման խոսել․ դու անծանոթ մարդ ես` այսօր իբր ուշադիր կլսես, իսկ վաղն իսպառ ու անվերադարձ կմոռանաս իմ ով լինելը։ Հենց դա՛ էլ ես ուզում եմ, բժի՛շկ։ Բայց խնդրում եմ, հանկա՛րծ չհիասթափեցնես ինձ, աչքիս իմաստուն չձևանաս, եղբա՛յր… լսո՞ւմ ես ինձ։

— Իհա՛րկե։

— Ապրե՛ս։ Տե՛ս, բժի՛շկ, գրականության աշխարհում հեշտ է խճճվել, սա սովորական աշխարհ չէ, որտեղ ապրում են չարեր ու ավելի չարեր։ Այստեղ ամեն բան այդպես միանշանակ չէ, եղբա՛յր․ մի կողմից՝ փառքը, մյուս կողմից՝ անհաջողությունը, լրիվ այլ կողմից՝ քո ներանձնական նկրտումները և անընդհատ նոր բան ստեղծելու անօգուտ ու ագահ ձգտումը։ Իբր, ուրիշներն էլ ամեն Աստծու օր իրենց ծանրացած գլուխը դնում են բարձին ու երազներում տենչում են քո նոր ստեղծագործություննե՞րը կարդալ։ Ո՛չ մեկին էլ պետք չես, ո՛չ մեկին էլ հետաքրքիր չեն քո գրքերն ու մանրաշար բառակապակցությունները։ Լկտի սուտ է, բժի՛շկ, ինչպես շինծու զգացմունքները, որ բրդյա շարֆի պես փաթաթում ես աղջկա պարանոցին, տաքացնում նրա կուսական մարմինն ու շեղում միտքը` միայն նրա համար, որ հագուրդ տաս քո անասնական կրքին։ Իսկ հանդարտվելուց և մի կուշտ ծխելուց հետո մտածում ես՝ ոնց ազատվես այդ աղջկանից ու կշտացած մարմինդ հանձնես դեռ թաց տեղաշորին։ Ո՛չ աղջիկն է հետաքրքիր, ո՛չ ընթերցողը, ո՛չ էլ առավել ևս գրողը։ Իսկ ես գրող եմ, բժի՛շկ, ես պիտի հետաքրքիր լինեմ բոլորին․ ինձ պիտի՛ սիրեն, լավ խոսքեր ասեն, իմ գրականությունը պիտի՛ գովաբանեն ու այդ ամենը պիտի՛ շատ քիչ թվա ինձ։ Ես պիտի՛ լողամ փառքի ու սպասման մեջ, քիթս պիտի՛ ցցեմ և հասարակ մարդկանց, ասենք՝ քեզ ու քեզնմաններին, պիտի չնկատեմ։ Բայց այդպես չէ, բժի՛շկ. ընթերցող ու փառք չկա, իսկ քեզ, ինչպես տեսնում ես, լավ էլ նկատում եմ։ Այստե՞ղ ես, բժի՛շկ։

— Այստե՜ղ եմ, գրո՛ղ, այստե՜ղ։

— Բժի՛շկ, ախր հիմա միտքս շատ հեղհեղուկ է, չի կենտրոնանում մեկ բանի վրա։ Մի պահ ուզում եմ այն գրողուհու ասած «ծիծաղ գիրք» գրել, հեգնանքով պատել բոլոր էջերը՝ ինտելեկտուալ հոգեվերլուծությունը տողարանքներում խցկելով, բայց հենց նստում եմ գրելու՝ գիրս ինքնասպանությունների ու մահերի մասին է ստացվում։ Ուզում եմ առաջին դեմքից էսսեներ շարել, դրսի խնդիրները սեղմել բառերի մեջ, պարզ ու անբովանդակ իրողություններին հմայք ու երանգ հաղորդել, բայց ամենն այնքան կանխատեսելի ու բազմիցս ասված է թվում, որ կեսից պատռում եմ թղթերն ու կուլ տալիս բզկտված կտորները։ Ուզում եմ երկար ու հաստափոր մի պատմավեպ գրել, պաթոսը խառնել հայրենասիրության հետ ու ամեն լուսաբաց գրամեքենայի առաջ դիմավորել, հազար տեսակի պատմական անցք ուսումնասիրել, աշխատասեղանս լցնել հին ու արժեքավոր փաստագրական թղթերով և, պետք եղած տեղը, առանց ավելորդ խղճի խայթի, անհերքելի իրողություններն անխռով աղավաղել․․․ Բայց այսօր նույնի՛սկ մեր բրոշյուրները կարդացող չկա, էլ ո՜ւր մնաց հաստափոր պատմավեպը փաթաթեմ «ընթերցասերների» նուրբ պարանոցին։ Պետական դրամաշնորհների և հրատարակչությունների պատվերների մասին է՛լ չասեմ, դրանց խղճուկ հոնորարներն ու նախապես խոստացած հոտած մրցանակներն ինձ նյարդայնացնում են։ Ես «պոպուլյար» գրականություն գրող չե՛մ, բժի՛շկ, հասկացա՞ր, ինձնից նման բան չսպասեք հանկա՛րծ, լսո՞ւմ եք․ որ թափառական շան նման սովից սատկեմ էլ, իմացա՛ծ եղեք՝ փողի համար գիրք չե՛մ գրելու. իմ աշխարհը ձերի նման չի, որ կարողանաք ամեն բան գնել․․․ 

Բժի՛շկ, ա՛յ բժիշկ, չգիտեմ՝ ինչ գրել․․․ Բայց գրելու ցանկությունն ու կիրքը եռում են մեջս, ուզում եմ պայթել, բայց չգիտեմ որտեղ և ում համար. չէ՞ որ ամեն պայթյուն իր զոհը պետք է ունենա, անձայն ու անզոհ պայթյուններն ինձ համար չեն, եղբա՛յր։ 

Ի՞նչ անեմ, բժի՛շկ, ախր քո մասին շատ իմաստուն բաներ են ասել, իսկ դու ձայնդ կտրել ու հիմարացած նայում ես աչքերիս մեջ։

— Ասում ես՝ ի՞նչ անել։ Պիտի մտնես գրախանութ, գնես քո բոլոր գրքերը, դուրս գաս գրախանութից, գրքերը թափես ասֆալտին՝ հենց գրախանութի դիմաց, բենզին լցնես դրանց վրա ու վառես։

— Բժի՛շկ, դու Ապո՛ւշ ես։

— Գուցե, Դոստոևսկի՛։

— Բժի՛շկ, դու անասո՛ւն ես։

— ․․․

— Բժի՛շկ, դու մանկապի՛ղծ ես։

— Այսօր մանկապիղծ բժիշկ եմ, վաղը՝ սուրբ մի հրեշտակ, իսկ մեկ ուրիշ օր, գուցե, կրկեսի բարի ծաղրածու․․․ Քո աշխարհում, գրո՛ղ, ես ամեն ինչ եմ ու ոչինչ, քո հանգստությունն ու տառապանքն եմ, մի օր թագավոր եմ, մի օր ստրուկ․․․ Ես քո գրքի Հերոսն եմ, գրո՛ղ, արա ինձ հետ ինչ ուզում ես։

1 Comment

  • Reply Անահիտ 03.04.2022 at 19:47

    Ա՜խ այդ ստեղծագործելու շնորհը, երիցս օրհնյալ և նույնքան էլ՝ անիծյալ, որ օժտել է մեզ Երկնայինն ու մեզ կրակը գցել: Մենք ինքներս իսկի կարգին գլուխ չենք հանում, թե ի վերջո դա ինչ է, ուր մնաց, թե բժիշկը հասկանա, թեկուզև ամբողջ աշխարհի գիտնականներին իր գլխին հավաքի:
    Բայց մի բան հաստատ և անհերքելի ճշմարտություն է, որի մասին Դուք էլ եք ակնարկում. գրելը հիվանդություն է ողջ կյանքի համար՝ անբուժելի՛, դատապարտված ստրուկի թիապարտության, միևնույն ժամանակ՝ ավերված երկրի թագավորի հարկադրված գահակալություն…
    Ինչքան էլ փորձում ես ձերբազատվել նրանից ու մոռանալ, մեկ է՝ մի օր հանկարծակի հայտնվում է անսպասելիորեն ու ստիպում նորից գրիչդ ձեռքդ վերցնել:
    Անդրադառնալով Ձեր գրածին՝ հիացմունքս չեմ կարող զսպել ու չարտահայտել: Ապրե՛ք, հյութեղ և կենդանի լեզվով ներկայացրել եք ստեղծագործողի տքնանքն ու տառապանքները, որոնումներն ու ստեղծագործելու հաճույքը, ապրումներն ու մտորումները, մի խոսքով ասած՝ հմտորեն և գունագեղ նկարագրել եք գրողի ողջ ներաշխարհը:

  • Leave a Reply