Գեղանկարիչ, հեռուստանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում։ Նրա վրձնին են պատկանում գեղարվեստական գրքերի ձևավորումներ, հայտնի տարբերանշաններ և գեղանկարներ։ Վիկտոր Հովհաննիսյանը նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Հաղթական պար» պաննոյի հեղինակն է։ Ստեղծագործող մտավորականի աշխատանքներում մեծ սեր և հոգի կա։
-Պարոն Հովհաննիսյան, երկար տարիներ աշխատել եք Առաջին ալիքում, ինչպիսի՞ն էր հեռուստատեսությունը այն օրերին։ Ի՞նչն է փոխվել այսօր։
-Ինչպիսի՞ն էր հեռուստատեսությունը իմ աշխատած տարիներին. ամենաազգային հեռուստատեսությունն էր։ Եվ իզուր չէր, որ այն ժամանակ կոչվում էր Ազգային հեռուստատեսություն։
Բուհից հետո անմիջապես ընդունվեցի հեռուստատեսություն` անտեղյակ, թե ինչ է հեռուստատեսությունը։ Սկսեցի կատարող նկարչից, հետո դարձա ձևավորող նկարիչ, իսկ վերջին տասը տարում Ազգային հեռուստատեսության գլխավոր նկարիչն էի։
Ի դեպ, հեռուստատեսության նախկին «Հ1» տարբերանշանը ևս իմ աշխատանքն է։
Եղել եմ նաև «Նորք» հեռուստաընկերության գլխավոր նկարիչը։ Աշխատել եմ տարբեր խմբագրությունների հետ, այդ պատճառով իմ ստեղծագործությունը բազմաժանր է` և՛ երաժշտական, և՛ ուսումնական (լեզուներ, հայ ժողովրդի պատմություն, ճարտարապետություն), այսինքն` ես եղել եմ այդ հաղորդումների և՛ բեմանկարիչը, և՛ նկարազարդող նկարիչը։ Եվ ժամանակի ընթացքում այնքան վարժվեցի այդ բազմաժանր աշխատանքին, որ իմ մեջ դրանք շա՜տ-շատ են կուտակված… Եվ այսօր, երբ ես գրքերի նկարազարդումներ եմ անում, ինձ համար այնքան էլ բարդ չէ։
Այսօրվա հեռուստատեսությունը, իհարկե, համեմատել չի կարելի նախկինի հետ։ Մեր ժամանակ ամեն ինչ շատ խիստ էր դրված` սկսած պատկերից, ավարտված հայերեն խոսքով, և որևէ մեկը իրավունք չուներ լեզվի մեջ սայթաքելու։
Այսօր, իհարկե, կարոտում եմ հեռուստատեսությանը, որովհետև դա իմ աշխարհն է. ես հեռուստանկարիչ եմ։ Թեև իրականում նաև գեղանկարիչ եմ. զբաղվում եմ և՛ գեղանկարով, և՛ գրաֆիկայով, և՛ կոլաժով, բայց հեռուստատեսությունը իմ հոգու մեջ է։
-Դուք նաև գեղարվեստական գրքեր եք ձևավորում։ Ի՞նչ թեմատիկայով գրքեր են։
-Թեմատիկան բազմաժանր է` և՛ պոեզիա, և՛ արձակ, և՛ մանկական (որը շատ եմ սիրում), որովհետև հեռուստատեսությունում արել եմ «Իրիկնային հեքիաթ» և մանկական հաղորդումների նկարազարդումները։
-Իբրև գեղանկարիչ՝ ի՞նչ գույներով եք տեսնում մեր վաղվա օրը։
-Հավատը, եթե չկա մարդու մեջ, նա կենդանի դիակ է… Պիտի հավատալ լավին։ Ես հավատում եմ և վստահ եմ, որ Հայաստանը ունենալու է պայծառ ապագա․․․
-Պարոն Հովհաննիսյան, Դուք Մեծ Հայքն եք նկարում… Չե՞նք կորցնում կապը ինքներս մեզ հետ. նոր արժեհամակարգ, աշխարհաքաղաքացի, փոքրացող սահմաններ…
-Ես իմ աշխատանքներով ցանկանում եմ համոզել դիտողին, որ Հայաստանը սա է, և պիտի մենք ունենանք. եթե ոչ այսօր, ապա` վաղը։ «Հայքը սկզբից մինչև այսօր» իմ ցուցահանդեսը նվիրված էր Հայաստանին` հեթանոս շրջանից մինչև քրիստոնեություն և մինչև Արցախյան պատերազմ… Ամեն ինչ կարողացել էի ընդգրկել և, կարծում եմ, հաջողվեց։
Ես մտա հեթանոս շրջան, որը ահռելի աշխատանք էր, տառապալից, բայց քանի որ և՛ հեթանոս աստվածները, և՛ քրիստոնեությունը ամբողջությամբ մերն են, իրավունք չունենք հրաժարվելու մեր արմատներից, որովհետև հեթանոս շրջանը և քրիստոնեությունը մեզ տվեցին մշակույթ։ Մեր եկեղեցաշինությունն անկրկնելի ճարտարապետություն ունի և այն հայկական է, ազգային։
-Ինչո՞վ եք զբաղվում այսօր։
-Այսօր էլ շարունակում եմ գրքեր նկարազարդել, գեղանկարով եմ զբաղվում, գրաֆիկայով։ Անգործ չեմ մնում։ Ակտիվ եմ։ Ակտիվ եմ, որովհետև եթե մարդու միտքը աշխատում է, այն պիտի վերածվի արտադրանքի, իսկ արտադրանքը առանց եռամիասնության` ուղեղ, սիրտ և ձեռքի վարպետություն, մաքուր չի լինի։ Այս երեք գործոնների միջոցով պետք է ատեղծվի արվեստը։ Արվեստը (իմ նկարչության դեպքում) պարզապես կտավին բնանկար նկարելը չէ։ Բնանկարով անգամ պիտի ասելիք ունենաս, տրամադրություն փոխանցես, լինի երաժշտական։ Ասեմ, որ առանց երաժշտության չեմ աշխատում։ Երաժշտությունը ինձ տանում է առաջ, և այն ինձ համար պետք է լինի ընտրյալ դասական երաժշտություն։
Զրուցեց Մարինե Թաթոյանը
No Comments