bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
ԳրաԴաշտ Հովիկ Վարդումյան

Հովիկ Վարդումյան, հատված «Հավերժական շարժում» անտիպ վեպից

09.05.2020

Վեպի բովանդակային ընդգրկումը շատ լայն է: Գլխավոր հերոսը ժամանակն է՝ տարբեր անունների տակ: Որպես հավերժական գոյություն՝ գործում է ներկա, անցյալ և ապագա ժամանակներում, ինչի շնորհիվ գործողությունները նույնպես ներկայից տեղափոխվում են հազարամյակներ հետ՝ փարավոնների, պատմական  Հունաստանի ու Հայաստանի և ապագա ժամանակներ: Ժամանակը, որպես մարդկության ծագման ու զարգացման ականատես վկա և արդար դատավոր, վեպի մարդկային ու աստվածային կերպարների հետ ապրում և քննարկում է մարդկության սխալներն ու ձեռքբերումները, մատնացույց անում հետագա գոյության ճշմարիտ ուղին ու կենսակերպը:

                                                           Հեղինակ

Անծանոթն անքուն գիշեր անցկացրեց շուկայի հրապարակում՝ նստարանի տեղ ծառայող մի քարի վրա։ Լուսաբացից առաջ քամին բերում էր ծովի խոնավ ցուրտը։ Այն ծակում, մտնում էր, լցվում նվվացող մարմնի մեջ։ Գիշերային պահակները կասկածանքով էին նայում։ Նրանք զարմանում էին, թե թանկարժեք զգեստների մեջ փաթաթված այդ անծանոթն ինչ գործ ունի շուկայի քարե նստարանին, որտեղ ցերեկները նստում են ցնցոտիներով ծերունիներն ու մուրացկանները։ Նրան շրջապատել էին շուկայի մնացորդներով սնվող անտեր, թափառական շները և հազար տարվա ծանոթի նման փաթաթվելով մեկնած ոտքերին՝ խաղաղ ննջում էին։ Զարմանում էին, որ այդ անտուն անծանոթից ջերմ խաղաղություն էր հորդում։ Իրենց կամքից անկախ՝ ցանկություն էր առաջանում նստել նրա կողքին, հպվել և հանգստանալ գոլ խաղաղության մեջ։ Սակայն երբ արևածագից առաջ չգիտես որտեղից հայտնված արծիվներն սկսեցին իջնել և կռնչոցով պտտվել նրա գլխավերևում, կանգնեցին և բերանները բաց սկսեցին դիտել անսովոր ու անհասկանալի տեսարանը։

-Օլիմպոսի աստվածներից է,- ասաց պահակներից մեկը։- Երևի եկել է Պրոմեթևսի հետևից…

-Չէ՛ մի,- առարկեց մյուսը։- Օլիմպոսից եկածը թագավորական պալատ կգնար։ Մանավանդ որ Պրոմեթևսն այնտեղ է։

-Արի հարցնե՜նք…,- առաջարկեց մյուսը։

Զգուշությամբ մոտեցան։ Պառկած շները միանգամից ոտքի ելան ու դիրքավորվելով սկսեցին սպիտակ, սարսափելի ժանիքները ցույց տալ։

Անծանոթը բացեց կկոցած աչքերը, ինչ-որ բան շշնջաց։ Շները դադարեցին գռմռալ և խոնարհ հայացքներով նստեցին նրա առջև։ Գիշերային պահակներն անշարժացել էին տեղներում, վախենում էին մոտենալ։ Նրանցից համարձակը զգուշությամբ մոտեցավ ու հարցրեց.

-Ո՞վ ես դու, անծանո՜թ եղբայր։ Ինչո՞ւ ես գիշերում այս չոր քարի վրա, որտեղ ցերեկները մուրացկաններն են նստում…

-Բոլոր մարդիկ նույնն են,- ցածրաձայն պատասխանեց անծանոթը։- Վաղը ես կամ դուք կարող ենք լինել այդ մուրացկանների փոխարեն…

-Դու նման չես բոլոր մարդկանց, հատկապես՝ մուրացկաններին,- ասաց մյուսը։- Շներին ի՞նչ ասացիր, որ փակեցին ժանիքները։

-Շները և բոլոր թռչուններն ու կենդանիներն իրենց լեզուն ունեն, հարկավոր է իմանալ այդ լեզուն…

-Չէ՛, դու սովորական մարդ չես,- մեջ մտավ առաջին հարց տվողը։- Գուցե Օլիմպոսի աստվածնե՞րն են ուղարկել քեզ կամ նրանցից մե՞կն ես…

-Ես այսօրվանից մի մուրացկան եմ,- պատասխանեց անծանոթը։- Թող ոչ մեկը ո՜չ իր ունեցածով հպարտանա, ո՜չ էլ չունեցածով տխրի։ Ունեցածը կարող է վերցվել, չունեցածը՝ տրվել…

Գիշերային պահակներն ավելի էին զարմանում անծանոթի անհասկանալի, իմաստուն պատասխանների վրա։

-Ես մի ժամանակ թագավորական պալատում էի ապրում։ Հիմա այստեղ եմ…

Արծիվները կռնչալով պտտվում էին անծանոթի գլխավերևում։ Շները, հայացքները հառած, ուշադրությամբ լսում էին նրան։

Գիշերային պահակները, լռությամբ շրջվելով, հեռացան։ Անծանոթը ժպիտը դեմքին նայում էր նրանց հետևից։

Ար Աստծո կիսադեմը հայտնվեց ծովահայաց լեռնաշղթայի կոտրված մեջքից։ Արևն աչքով արեց աշխարհին՝ անմահներին ու մահկանացուներին։ Բոլորը դարձան դեպի նա՝ իրենց բաժինը վերցնելու կյանքի աղբյուրից, իրենց գոյությունը երկրի վրա շարունակելու համար։

Անծանոթը շփեց դաստակները, աջ կողը, տնքալով բարձրացավ նստարան-քարից ու դեմքով դեպի նոր ծագող արևը՝ ծնկի իջավ։

-Փա՜ռք Քեզ, Արարիչ ամենայնի՝ անմահների ու մահկանացուների։ Նայելով քո անմար լույսին՝ Քեզ եմ դիմում՝ ինձ մահ պարգևիր։ Ինձ թռչելու կարողություն տուր, որ թռչեմ դեպի Քո զորությունը։ Ես կատարեցի այն, ինչ Դու նախատեսել էիր ինձ համար։ Աղաչում եմ՝ ազատ արձակիր բռնակալ Զևսի անեծքից ու բանադրանքից… Սակայն՝ ինչպես Դու ես կամենում։ Ես հնազանդ եմ Քեզ, պատրաստ խմելու այն բաժակը, որ պատրաստել ես ինձ համար… Արարի՛չ Աստված, անսպառ է Քո փառքը Երկրի վրա և երկնքում…

Բացվեց Արարիչ Աստծո փառահեղ առավոտը։ Քնածներն արթնացան, արդեն արթնացածները ելան քաղաքի հրապարակ՝ օրվա հացը վաստակելու։ Վաճառականներն ու արհեստավորները բացեցին խանութներն ու արհեստանոցները, մուրացկանները եկան ծերունիների կողքին՝ քարերի վրա գրավելու իրենց տեղերը, փողոցային անտեր շները շարվեցին սպանդանոցների ու մսավաճառների խանութների առջև… Քաղաքային շուկան սկսեց եռալ մրջնանոցի նման։ Քաղաքի հարյուրավոր, հազարավոր մարդիկ՝ երկնքի աստղերի ու մոլորակների նման, ամեն մեկը շարժվում էր իր ուղեծրով, կատարում օրվա ընթացքում նախատեսված պտույտը, և մեկը մյուսին չէր խանգարում, ոչ մեկը չէր բախվում մյուսին…

Նրանցից յուրաքանչյուրը գիտեր իր գործը, օրվա ընթացքում իր անելիքը։ Աշխատավոր մարդիկ, մի կտոր հաց վաստակելու համար, քափ-քրտինքի մեջ մտած աշխատում էին։ Գողերը հարմար պահ էին որսում՝ նրանցից գողանալու համար։ Հսկիչ զինվորները հսկում էին, որ չխաթարվի օրվա ռիթմը։ Իշխաններն ու փողատերերը հաշվում էին օրվա ընթացքում կուտակված ոսկիները, որպեսզի երեկոյան զվարճանան խաղատներում ու պոռնկանոցներում…

Անծանոթն առաջին անգամ էր լինում փողոցում՝ եռացող կյանքի հորձանուտում։ Նրա աստվածային իմաստությունն ու կենսափորձը չէին կարողանում հասկանալ ու մարսել տեսածը։ Հայտնվել էր իրեն անծանոթ մի իրավիճակում և չգիտեր՝ ի՞նչ անել, ո՞ւր գնալ։ Քար-նստարանին նստած՝ զարմացած դիտում էր ամենօրյա թատերական ներկայացումը, որտեղ մարդիկ ոչ թե խաղում, այլ ապրում էին… Բայց այն նման էր հավերժական մի թատրոնի, որն սկսվում էր Արեգակի արթնացման հետ և նրա քնելու հետ վերջանում։

-Բռնեցե՜ք գողին,- անսպասելի լսվեց մի տղամարդու ձայն, որը հետապնդում էր ցնցոտիներով ծածկված տղամարդուն,- բռնեցե՛ք գողին…

Գողը շնչակտուր փախչում էր։ Շուտով հետապնդողին միացան ուրիշ մարդիկ, շրջապատեցին գողին, տապալեցին գետնին, սկսեցին հարվածել՝ ով ինչով կարող էր, մինչև շունչը փչեց։

Ապա հրապարակ մտավ մի մարդ, որը, պարանոցից կապված պարանը քաշելով, իր հետևից տանում էր մի տղամարդու։

-Էժա՛ն, ուժե՛ղ և առո՛ղջ…,- կանչում էր տղամարդը։

Անծանոթն այդպես էլ չհասկացավ, թե դա ինչ խաղ էր։ Մինչ նա հմայված, ինքնամոռաց տարվել էր հետաքրքրաշարժ թատրոնով, նրան մոտեցավ մի ցնցոտիավոր.

-Դու իմ քարին ես նստել…

Անծանոթը չէր հասկանում ցնցոտիավորին։

-Չնայած լավ ես հագնված, բայց խելքդ հագուստներիդ համապատասխան չի,- ձայնը բարձրացրեց ցնցոտիավորը,- ասում եմ՝ գնա՜ իմ քարից։ Սա իմ աշխատատեղն է…

Անծանոթը, վերջապես ըմբռնելով ցնցոտիավորի պահանջը, հնազանդորեն ոտքի ելավ և մոլորված սկսեց չորս կողմը նայել։ Նա այդ պահին ավելի ողորմելի էր, որովհետև ցնցոտիավորը գիտեր իր անելիքը, ուներ իր նստարան-քարը, որտեղ կարող էր նստել և վաստակել իր օրվա հացը, իսկ ինքը չգիտեր՝ ո՞ւր գնար, ի՞նչ աներ… «Ես հիմա այս մուրացկանից էլ անճար ու անկարող եմ»,- մտածեց անծանոթը։

Քաղաքի հրապարակում կյանքը եռում էր։ Բոլորը մուրացկանի նման գիտեին իրենց անելիքը։ Անծանոթը մոլորված շուրջբոլորն էր նայում։ «Արարի՛չ Աստված,- մտքում խնդրում էր նա,- այստեղ կողմնորոշվելն ավելի դժվար է, քան երկնքում։ Կյանքն անտանելի է, երբ չգիտես անելիքդ, չունես միտք ու նպատակ։ Ո՜չ գնալու տեղ ունեմ, ո՜չ մնալու… Օգնի՜ր ինձ, Արարիչ, խնդրո՜ւմ եմ…»։

Եվ Արարիչը լսեց նրա ձայնը։ Ամբոխի միջից ժպտալով իրեն էր մոտենում պալատական ծաղրածուն։

-Թերսիտե՜ս…,- իրենից անկախ դուրս հորդեց հազար տարվա կարոտը։ Կարծես երեկ չէր, որ խեղկատակի հետ զրուցում էին Էվրիսթևսի պալատում։- Թերսիտե՛ս…

Արարիչ Աստվածը փրկիչ էր ուղարկել։ Եթե նա չգար, անծանոթը չգիտեր, թե ինչ էր լինելու իր վերջը։

-Բարև՛ աստծուն Օլիմպոսի,- երգեց պալատական ծաղրածուն և ժպտալով գրկեց անծանոթին։- Ողջո՛ւյն մեծն Պրոմեթևսին։

Թողնելով ճոխ սեղանը թագավորի՝

Նախընտրեցիր այս չոր քա՞րը մուրացկանի…

-Քեզ  Արարիչն ուղարկեց,- ուրախացավ և թեթևացած շունչ քաշեց Պրոմեթևսը։

-Արարիչը բարի է ու սիրով լեցուն։

Անտեր չի թողնի իր մատաղացուն,- սկսեց բարձր ծիծաղել պալատական ծաղրածուն։

-Ես գիտեի, որ դու վերջը իմաստուն,

Այս քարին ես հերոսաբար բազմելու։

-Կատակը թող,- խնդրելու նման սաստեց Պրոմեթևսը,- ես չգիտեմ, թե ինչ եմ անելու։

-Մտածել եմ այդ մասին,- ասաց պալատական ծաղրածուն,- մի դարբին կա քեզնից անխելք, նրա մոտ էլ կլինի մի ճար, մի ելք…

Մինչ զրուցում էին, նրանց շուրջը մարդկային հոծ բազմություն էր հավաքվել։ Պալատական ծաղրածուի խոսքերից հասկացել էին, որ մուրացկանի քարին նստած անծանոթը Պրոմեթևս աստվածն է Օլիմպոսից։ Բոլորը հայացքներով քրքրում էին նրա ներսն ու դուրսը։

-Մի լավ նայեք, ո՜վ անբաններ,

Թող սա լինի ձեզ նվեր։

Ձեր աչքերին կույր ու ավեր

Մի աստված է տրվել նվեր։

Բոլորը մոտենում էին, ձեռք տալիս հագուստին, փորձում ծնկի իջնել…

-Նա գիշերն իմ քարի՛ն է նստել,- սկսեց գոռգոռալ մուրացկանը, որ նրան վռնդել էր քար-նստարանից։

-Գնանք,- ցածրաձայն ասաց Պրոմեթևսը,- ես այլևս չեմ կարող կանգնել ոտքերիս վրա։ Հիմա ինձ շատ է հարկավոր մի ծածկ ունենալ գլխիս, թիկն տալու մի տեղ։ Եթե այդ դարբինն ինձ վերցնի իր մոտ, ես կաշխատեմ նրա համար…

Պալատական ծաղրածուն հեռու քշեց թափառական շների նման Պրոմեթևսին շրջապատված հետաքրքրասերներին,  թևանցուկ անելով շարժվեց դեպի Միկենեի ամենահմուտ արհեստավորի դարբնոցը։

Պրոմեթևսը մտքերի մեջ էր։ Նրան հանգիստ չէին տալիս տեսած պատկերները։

-Հը՞,- ծիծաղելով ասաց ծաղրածուն,- մահկանացուների թատրոնն ավելի հետաքրքիր է, քան Օլիմպոսի աստվածների՞նը…

-Զարմանալի է,- հոգոց հանեց Պրոմեթևսը,- Ժամանակը հոսում է, բայց մարդու բնույթը մնում է նույնը։ Հազարավոր տարիներ առաջ և հիմա տարբերություն չկա… Զարմանալիորեն ունայն, իսկապես անկայուն և տատանվող էակ է մարդը… Դալար ընձյուղի նման նա ճկվում և թեքվում է ամեն քամուց՝ առանց քննելու իրավիճակը…

-Զևսը մարդուն ստեղծեց ստամոքսով։ Այն լցնելը նրա համար ամենաառաջնայինն է,- դարձյալ ծիծաղեց պալատական ծաղրածուն։- Միայն այն ժամանակ, երբ մարդը կկարողանա դառնալ հոգևոր, կդադարի գազան լինելուց .… երևի Զևսը մարդուն ստեղծելիս սխալ է թույլ տվել։

-Չէ, դա անհնարին է,- ծաղրածուի կատակին լուրջ պատասխան տվեց Պրոմեթևսը։- Մարդուն Զևսը չի ստեղծել, այլ՝ Արարիչ Աստված։ Արարիչն անսխալական է… Հակառակ դեպքում՝ տիեզերքը կկործանվեր, բայց այնտեղ ամեն ինչ ճշգրտորեն հաշվարկված է։ Ժամանակի ընթացքում ինչ-որ բան է փոխվել։ Ագահությունն ու անկշտությունը մարդու մեջ աճելուց ամեն ինչ խախտվել է։ Կգա ժամանակ, երբ մարդը կկարողանա իշխել իր զգացմունքներին ու ցանկություններին, և ամեն ինչ կճշտվի…

-Այնքան էլ չեմ հավատում,- անհոգ պատասխանեց ծաղրածուն և թևանցուկ անելով Պրոմեթևսին՝ արագացրեց քայլերը։

No Comments

Leave a Reply