Անի Անտոնյան Արցախ

Ինձ Հովո մի՛ ասեք, ասե՛ք՝ Խաչո, մինչև պապաս կգա

27.12.2020

Իրար գլխի շարված, միաշաղախ սեփական տների գորշության մեջ դարչնագույն դուռ կա։ Թակում եմ վախով․ ոչ ոք ինձ չի սպասում։ Տիկին Գոհարը սիրալիր ուղեկցում է ներս։ Ցուրտ փողոցից փոքրիկ միջանցք, ապա հյուրասենյակ երկու քայլ է, բայց շունչս արդեն տաքացել է։ Հովիկն ու Մարկը վազվզում են բազմոցի վրայով։ «Էս տունը վարձել ենք․ տերը մոլոկան է։ Խաչոն Վիկտորին շատ էր հարգում, նա էլ՝ փոխադարձ։ Ամուսնուս երազանքն էր երկու տուն ունենալ, որ իր երեխեքին նպատակներին հասցնի։ Կատակով ասում էր․ «Ով մեզ լավ կպահի, նրա հետ էլ կապրենք»,- պատմում է 28-ամյա Աննան։ 

Խաչատուր Խաչատուրյանը ծնվել էր Ռուսաստանում, 12 տարեկանում վերադարձել Հայաստան, ապրել Վարդենիսում՝ Գերասիմ հորեղբոր ու տատի հետ։ Հատուկ նշանակության զորքերում ժամկետային ծառայությունից հետո որոշել էր նույն զորամասում պայմանագրային աշխատել։ Այդպես՝ տասնմեկ տարի։ Աննան հպարտությամբ հիշում է Մոսկվայում անցկացված շքերթը, որի «ամենասիրուն ու բոյով տղաներից» մեկը Խաչոն էր։ Ենթասպա էր, ինստիտուտի վերջին կուրսում էր սովորում, նոր պաշտոնի համար էր ուզում դիմել։ Տարբեր երկրներում էր եղել, մեդալների ու պատվոգրերի արժանացել․«Շատ էր նվիրված իր գործին։ Անցած տարի չորս ամիս Սիրիայում խաղաղապահ էր, ապահովում էր բժիշկների անվտանգությունը։ Մեկ-մեկ նեղսրտած պատմում էր, որ սիրիացի երեխաները բոբիկ են ու կեղտոտ շորերով։ Երբ վերադարձել էր, դրսում անընդհատ փոքրիկների հագուկապին էր նայում։ Ասում էր՝ մենք մեր երեխաներին ուրիշ ձև ենք վերաբերվում։ Սիրիայում ապրելով՝ սկսել էր Հայաստանն ավելի սիրել»։

Պատերազմական երկրից հուշ էր բերել՝ բարդիների ու լեռների մեջ կորած գետափնյա տան բնանկար, որն ամրացրել էր հյուրասենյակի երևացող պատին։ Այն իր հարազատ գյուղն էր հիշեցնում։ Աննայի խոսքով՝ կտավի պատճառով ստիպված էր եղել մի քանի ժամ անցակետում սպասել։ Երբ վերջապես տուն էր հասել, մեծը բողոքել էր․ «Ա՛յ պապա, չեմոդանդ քշելո՞վ էիր գալիս։ Քանի ժամ ա՝ սպասում ենք․ չկա՛ս»։

4-ամյա Հովհաննեսն ընտանիքի երկար սպասված առաջնեկն է։ Սևուկ, խոշորահատիկ խաղողի պես աչքերով, այտերին փոսերով։ Իսկը՝ հոր նման։

— Հովո՛ւլ, ինչքա՞ն ես պապայիդ սիրում։

— Էսքա՜ն (տասը մատները պարզելով)։ Չէ՛, ավելի շատ։

-Ինքը քո լավ ընկե՞րն ա։

-Հա՛։ Հիմա գնացել ա Սիրիա, ավտոն թողել ա,  որ ես քշեմ (պատուհանից մատնացույց է անում բակում կանգնած մեքենան)։ Գիտեք՝ մի  օր ես ու պապան մամայից թաքուն լողալու էինք գնացել (ասում է ու շարժուն աչքերը փախցնում մորից):

— Ընկերներով Արփի լիճ էին գնացել, հետները տարել էին։ Վախեցա, որ կմրսի․Խաչոն ջղայնացավ, թե բամբակի մեջ եմ պահում, ասաց՝ «Տղա ա, ամեն ինչ պիտի սովորի»։ Երեխուն գիրկն էր նստացնում ու մեքենայի ղեկ տալիս, զորամաս էր տարել, ցույց տվել իր զենքը, մահճակալն ու դարակը։

-Հովո՛, որ մեծանաս, երևի պապայի պես զինվոր ես չէ՞ դառնալու։

-Հա՛։ Բայց ինձ Հովո մի՛ ասեք, ասե՛ք՝ Խաչո, մինչև պապաս կգա։

Աննան ու ես իրար ենք նայում։ Աննան սրբում է աչքերը։

Սեպտեմբերի 27-ին հատուկջոկատային Խաչատուրին ու ընկերներին տագնապ էին տվել, կանչել զորամաս։ Դեռ երկու օր առաջ, երբ տանն էր, որոշել էր Վարդենիս գնալ։ Հորեղբոր մահվանից հետո պետք էր օգնել կարտոֆիլը, ընկույզն ու տանձը հավաքել։ «Խաչոն սիրում էր կոշիկները ձիգ կապել, համազգեստը պիտի միշտ կոկիկ լիներ։ Բայց այդ օրը մի տեսակ անտարբեր էր։ Դուրս գալուց ասաց, որ չզանգեմ իրեն։ Օմարի դիրքերից մեկը վերցնելու խնդիր էին ստացել։ Հոկտեմբերի 1-ին ինձ զանգեց, հանգստացրեց, մի քանի նկար ուղարկեց․ախր նկարվել չէր սիրում։ Դիրքում հեռախոսը, թղթերն ու Սիրիայից բերած վերարկուն տվել էր Կարենին, որ չմրսի։ Տարբեր բաներ են պատմում, իբր փորձել ա վիրավոր ընկերոջն օգնել, առաջ գնալ։ Հրամանատարն ասում էր՝ Խաչոյի դեմքն էնքան վճռական էր»,-պատմում է Աննան։

Դեռ երկար խոսում ենք․ ժամանակն, ասես, կանգնել է։ Միայն 1,7–ամյա շիկահեր Մարկն է վազվզում տան ծակուծուկերով, թաքնվում պահարանի տակ ու ափը շուրթերին դնելով՝ նշան անում, որ լռենք։ Այս փոքրիկը մի օր կիմանա՝ ինչու է հայրն իրեն հենց Մարկ կոչել։ Կիմանա, որ նա մեծ էր մեծերի հետ և մանկանում էր երեխաների միջավայրում։ Ոչ մեկից չէր նեղանում, ազնիվ էր։ Չէր ծխում, չէր խմում։ Երգել ու պարել չգիտեր, բայց իր շուրջը միշտ ուրախություն էր ստեղծում։ Ամեն ինչ նորոգում էր, եթե նույնիսկ չգիտեր՝ ինչպես։ Սիրում էր բնություն ու հաճախ էր իրենց Հայաստանով ման ածում։ Հատապտուղներից տանել չէր կարողանում բալը․ժամանակին Գերաս հորեղբոր այգուց այնքա՜ն էր  համտեսել ու շուկայում վաճառել՝ իրեն ու եղբորը հագուստ գնելու համար։ Չուներ վախեր․ պարաշյուտով թռչել էր սիրում։ Կյանքում ամեն ինչի իր ուժերով էր հասել։ Եվ ամեն ինչի պատրաստ էր՝ հանուն իրենց։

Մարկն անհանգիստ տեղավորվում է մոր ծնկներին, երկար շուռումուռ գալիս ու քնում կրծքի վրա։ Հեռանում եմ անշշուկ։

Հ․Գ․ Տատս ասում էր, որ տունը մեր սրտի հայելին է։ Ինչքա՜ն տաք տներ կան։ Տաք սրտեր․․․

Անի Անտոնյան


No Comments

Leave a Reply