Մալագայում կայացած իսպանական «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության ժամանակ «Արա Մալիկյան. կյանք՝ լարերի արանքում» ֆիլմը ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ:
Արա Մալիկյանը լիբանանահայ ջութակահար է, կոմպոզիտոր, ներկայացվել
է Լատինական Գրեմմիի: Եղել է Մադրիդի արքայական թատրոնի առաջին ջութակը: Մասնակցել է միջազգային հեղինակավոր
մրցույթների: Հարյուրավոր համերգներ է ունեցել նշանավոր նվագախմբերի հետ՝
աշխարհի հինգ մայրցամաքի
ավելի քան քառասուն երկրի լավագույն համերգասրահներում:
Մալիկյանը ծնվել է Լիբանանում 1968-ին, ապրել Գերմանիայում, Անգլիայում, Չինաստանում:
Ներկայում բնակվում է Մադրիդում և նվագում է Մադրիդի սիմֆոնիկ նվագախմբում։
«Արա Մալիկյան. կյանք՝ լարերի արանքում» ֆիլմը երաժշտի կյանքի ու մասնագիտական գործենության մասին է: Մալիկյանի պապը փրկվել է ցեղասպանությունից, ապաստան գտել Հունաստանում՝ իր հետ վերցրած լինելով միայն ջութակը: Լիբանանում հաստատվելուց հետո նոր միայն սկսել է նվագել: Կես դար անց՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Մալիկյանը նույնպես հեռացել է ծննդավայրից և իր պապի նման նոր կյանք սկսել ջութակով ու երաժշտությամբ:
«Երբ 1976-ին Լիբանանում պատերազմ սկսվեց, ամբողջ աշխարհում ապագա հայտնի խմբերը փորձեր էին անում ավտոտնակներում։ Նրանք այնտեղ սեփական երաժշտությունն էին ստեղծում, որը հետագայում փոխեց աշխարհի երաժշտական արտադրանքը։ Ես էլ էի ուզում այդ ամենի մասը լինել… Մի անգամ հայրս ասաց․ «Որդի՛ս, գնանք ավտոտնակ, այնտեղ The Rolling Stones-ի նման ռոք խումբ ստեղծենք» …. և ես ավտոտնակ իջա»,- հիշում է արտիստը։
Արային վաղ հասակում ջութակ նվագել է սովորեցրել հայրը: Առաջին անգամ ելույթ է ունեցել 12 տարեկանում։ Երկար տարիներ ապրել է Գերմանիայում, որտեղ հրեական երաժշտություն է նվագել հարսանիքների ժամանակ։ Նրա կատարողական ոճի վրա ազդեցություն է ունեցել Մերձավոր Արևելքի (արաբական և հրեական), Կենտրոնական Եվրոպայի, Արգենտինայի (տանգո) և Իսպանիայի (ֆլամենկո) երաժշտությունը։
Մալիկյանի արվեստն անսովոր է։ Երաժշտական քննադատներն այն անվանել են «Յուրօրինակ հորձանուտ՝ բաղկացած դասական երաժշտությունից, Մերձավոր Արևելքի մոտիվներից, Լատինաամերիկյան կրակոտ ռիթմերից, հեղինակային կոմպոզիցիաներից, համաշխարհային չխամրող ռոքից և, իհարկե, մաեստրոյի ակեղծ հոգուց»:
Մալիկյանի համերգը արևելյան դրսևորում է, որտեղ անզուսպ պարերը, վառ զգեստները, հումորն ու կյանքի իսկական տոնը համակցված են հրեական մելամաղձության հետ։ Արան ունկնդրին ընկղմում է յուրահատուկ տրանսի մեջ, ինչը մոտ է անսահման սիրո վիճակին, որտեղ ջութակը այն բանալին է, որ բացում է հանդիսատեսի հոգին։
Իր արմատների մասին ջութակահարը չի մոռացել: Մադրիդում հանդես է եկել Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված համերգով: Բայց առայժմ չի խոսվում Հայաստանում նախատեսվող համերգի մասին:
Նյութը՝ ըստ armmuseum.ru կայքի և այլ աղբյուրների
Լուսանկարները՝ Ara Malikian-ի ֆեյսբուքյան էջից
Պատրաստեց Իսրայել Ասրյանը
No Comments