Արմինե Սարգսյան ԼուսաԳիր

Լուսանկարչի արվեստանոց․ Գագիկ Հարությունյան

01.09.2022

Ardi.am-ի զրուցակիցը լուսանկարիչ Գագիկ Հարությունյանն է։

— Կարծես թե նախընտրում եք սեւ-սպիտակը․․․

— Այո, հիմնականում լուսանկարում եմ սև և սպիտակ։ Սև-սպիտակ լուսանկարչությունը հավերժ է, երեկ արված լուսանկարը կարող է թվալ 70 տարեկան, և այդ առեղծվածը լուսանկարին լրացուցիչ հմայք է հաղորդում։

— Լուսանկարում եք հիմնականում կանանց/մոդելների․․․Ինչպե՞ս եք ընտրում նրանց։

— Ընտրությունը կախված է թեմայից։



— Ձեր լուսանկարներում ավելի շատ այլազգի՞, թե՞ հայ կանայք են։ Երբեմն դժվար է տարբերակելը։


— Հիմնականում հայ կանայք են։

— Եվ գեղեցիկ․․․

— Տգեղ կանայք կարծում եմ չկան (ժպտում է- Ա․ Ս․): Բոլորն էլ ունեն յուրահատուկ գեղեցկություն։

— Ինչպե՞ս և ե՞րբ եք սկսել աշխատել ֆոտոխցիկի հետ։

— Լուսանկարչությամբ զբաղվում եմ 2012-ից։ Դեռ վաղ տարիքից կապ եմ ունեցել երաժշտության, առհասարակ, արվեստի հետ։

— Որտե՞ղ եք աշխատել՝ իբրև լուսանկարիչ։

— Նորաձևության տներում և ամսագրերում։


-Այլ մասնագիտություն․․․

— Ավարտել եմ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի հաշվողական մեքենաների բաժինը։ Ունեմ նաև երաժշտական կրթություն, տիրապետում եմ մի շարք երաժշտական գործիքների։ Հեղինակում եմ երաժշտություն՝ ambient, deep house, lounge ոճերում։

— Հեռախոսով նկարո՞ւմ եք։ Թե՞ պրոֆեսիոնալ լուսանկարիչը նկարում է միայն պրոֆեսիոնալ սարքով։

— Կարծում եմ` կապ չունի, թե ինչով կլուսանկարես, կարևորը՝ այն արված լինի սրտով և ճաշակով․․․ Լուսանկարչությունը կոչվում է լույս և նկարչություն։



-Ունե՞ք այլ ոճի նկարներ, որ գուցե չեք ցուցադրում։

— Այո։

— Պետք է ճանաչել, նոր միայն` նկարել


— Ոչ, լուսանկարել, նոր՝ ճանաչել։


— Երբեմն լուսանկարչական սարքը «տեսնում է» շատ ավելին․․․

— Լուսանկարչության գաղտնիքն այն է, որ տեսախցիկը ձեռք է բերում օգտագործողի բնավորությունն ու յուրահատկությունները, և այո՛, այն բացահայտում է մարդուն։

— Դուք վաճառո՞ւմ եք ձեր լուսանկարները։

— 2021-ին հիմնադրել եմ Harutyunyan Gallery ապրանքանիշը, որտեղ վաճառվում են իմ աշխատանքները։

—  Հաճախ երկխոսում եք Ձեր էջի հետևորդների հետ։ Նրանց կարիքը որոշի՞չ է, թե՞ պարզապես օգնում է գտնել պատասխանը։


— Կարծիքները օգնում են գտնել շատ հարցերի պատասխաններ։ Երբեմն նաև որոշիչ է։



— Կարող ենք ասել, որ դուք վավերագրում եք ժամանա՞կը։

— Կարծում եմ ցանկացած լուսանկար վավերագրում է ժամանակը։ Լուսանկարը տեսախցիկով անձի և իրականության բախումն է։ Լուսանկարը սովորաբար նույնքան հետաքրքիր է, որքան բախումը։

— Ամփոփելով՝ ի՞նչ է լուսանկարչությունը։

— Լավ լուսանկարը կանգնեցնում է անհետացող ակնթարթը։ Լուսանկարչությունը սառած ժամանակի արվեստ է՝ հույզերն ու զգացմունքները կադրում պահելու կարողությամբ։

Զրուցեց՝ Արմինե Սարգսյանը
Լուսանկարները՝ Գագիկ հարությունյանի ֆեյսբուքյան էջից

No Comments

Leave a Reply