Երբ ճամփեզրի խաղահրապարակում երկու ճոճանակ դրեցին, փողոցի աղմուկը շատացավ։ Մելիքյանից եկած մանր ու մեծերով նստում, սպասում ենք մեր հերթին։ Գիշերվա ուժեղ քամուց աշունը մի օրում լցվել է մոտակա մանկապարտեզի բակը։ Թաց տերևները, երեխեքի կոշիկներին կպած, գալիս-խառնվում են կարմիր ավազին։ Թաղի ամենակոնֆլիկտային տիպը՝ Նարեկը, քաշքշում ու նեղացնում է իրենից հասակով կարճերին, ինչի համար ամեն անգամ արժանանում է նախատինքի։ Խաղահրապարակում բոլոր մայրերը ճանաչում են միմյանց, երեխաներին, նույնիսկ՝ նրանց խաղալիքները։ Ու բոլորս ճանաչում ենք Նարեկին, որից հոգու խորքում խուսափում ենք։ Մեր զավակները մեր պես չեն, նրանք հեշտ են ներում, քանի որ խաղահրապարակը փոքր է, և պե՛տք է ունեցածը կիսել։
-Ապե՜ր, Արմենը մանկապարտեզի կողմն ա փախալ։
— Բալե՛ս, էստեղից չե՞ք։ Ձեզ առաջին անգամ եմ տեսնում։
— Չէ՛, Մարտակերտից ենք։ Մի քանի օր ա՝ Քանաքեռ ենք տեղափոխվել։ Երեքով ենք ու մեր հոպարի տղեն։ Է՜ն պուճուրը, տեսնո՞ւմ եք։
— Էլի հե՞տ եք գնալու։
-Բա ի՞նչ պիտի անենք։ Մեր տունն էնտեղ ա, մաման ու պապան էնտեղ են։ Դասերն էլ արդեն սկսվել են։
«Ապերը», Արմենի գլխարկը թռցնելով, մոտենում է մեզ ու առաջարկում փոքրիկիս ճոճել, մինչև ձեռքերս գրպանում կտաքանան։
-Քանաքեռում շատ ցուրտ ա, բայց Վարդենիսում՝ ավելի։ Պատերազմի սկզբից Հայաստանում մի քանի տուն ենք վարձել։ էն գլխից ասել էի՝ ինչ տուն էլ գտնեք, մենակ թող առաջին հարկում լինի (ծիծաղում է — հեղ․)։ Ամենից շատ Երրորդ մասը սիրեցի։ Էնտեղ քաղաքը տաք էր ու սիրուն։
— Ինչո՞ւ՝ հենց առաջին հարկում։
— Դե․․․ Մի անգամ չորրորդ հարկի տանիքից ընկել եմ։ Դրանից հետո վախենում եմ բարձրությունից, վերելակից ու կարուսելներից։
— Կարոտո՞ւմ ես տունդ։ Շա՞տ է վնասվել։
— Ոնց չեմ կարոտում։ Ոչ մեկ իմ մարտակերտցի ընկերներին չի փոխարինի։ Գիտեք՝ ինչ տուն ունեինք, է՜․ դաժե Նիկոլն էդպիսի տուն չուներ։ 2016-ին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, ռումբից պատը քանդվել էր․ էլի սարքեցինք։ Հիմա արդեն վախենում ենք։
— Իսկ ապահո՞վ է Մարտակերտում ապրելը։ Ի՞նչ են ասում ձեր ընկերները, ծանոթները, որոնք վերադարձել են։
— Դե․․․ Մի կողմում ռուս խաղաղապահն ա, մյուսում՝ թուրքին տված Քարվաճառի անտառը։ Հո ռուսն ամեն օր անտառը չի՞ հսկելու։ Դեռ չգիտենք՝ ինչ կլինի։
— Պետությունը վերականգնո՞ւմ է ռմբակոծված տները, թե՞ քաղաքացիներն են այդ հոգսը քաշում։
— Առաջին հերթին քաղաքի ու գյուղերի դպրոցներն են վերականգնում։ Հետո՝ մնացածը։
— Եթե գաղտնիք չէ, ի՞նչ են աշխատում ծնողներդ։
— Պապան ու մաման զինծառայողներ են։ Պապան պատերազմի առաջին օրվանից հաց ա տարել դիրքեր։ Այս ընթացքում երկու անգամ մահից ա պրծել․ մեկ մեքենան էր պայթյունից շրջվել, մեկ էլ գրադն էր մեքենայի տանիքը քերել-տարել։ Պապային ասել էին․ «Թշնամին առաջ ա եկել, էդ ճամփով մի՛ գնա։ Դեմդ դուրս կգա»։ Ավտոմատը վերցրել էր ու մենակ ճանապարհը շարունակել։
— Դու է՞լ ես հայրիկիդ պես խիզախ ու համառ։
— (Ժպտում է — հեղ․): Դե․․․ Որ մի բան մտքիս դնում եմ, բոլորից թաքուն էլ լինի՝ կանե՛մ։
-Իսկ դպրոցում ո՞նց եք սովորում։ Ի՞նչ երազանքներ ունեք։
— Քուրիկն ուզում ա բժշկուհի դառնալ․ մեր ցեղում առաջինը կլինի։ Ես երգում եմ էստրադա, ռաբիս․․․
— Խնդրում եմ, ինձ համար երգի՛ր։ Ցուրտ է, դրսում շատ մարդ չկա։ Ոչ ոք չի լսի։
— Ես հո Դռիկ Խչո՞ն չեմ, որ ով կանչի՝ երգեմ։ Տանն էլ չեմ երգում։
— Եթե ուզում ես երգիչ դառնալ, պիտի բեմին ու հանդիսատեսին սովորես։
— Բեմին ծանոթ եմ, արդեն երկու ձայնագրած երգ ունեմ։ Երգի ստուդիայում եմ սովորում։
— Իսկ փորձե՞լ ես ինքդ ստեղծագործել։
— էս ո՞ր դարն ա․ պատվիրում ես, քո համար երգ են գրում։ Անգամ հայտնի երգիչներն են ուրիշի գրածը երգում։
— Կարևոր է, որ անես այն, ինչ սիրտդ ուզում է։ Թե չէ՝ կյանքը հաճախ այլ բան է թելադրում։
— Պատերազմը շատ բան ա փոխել։ Երբ Մարտակերտ վերադառնանք, երևի որոշ ժամանակ գյուղում կապրենք, հետո կգնանք Մոսկվա՝ հարազատների մոտ։ Մի քանի օր առաջ Ստեփանակերտի օդանավակայանն են փորձարկել, ասում են՝ տարածքի սխալ հաշվարկի պատճառով ինքնաթիռը խփել ա ցանկապատին (ծիծաղում է — հեղ․)։ Դե գիտեք, առաջ այդտեղով միայն կուկուռուզ էին տեղափոխում։ Բոլորին ասել եմ՝ ես ինքնաթիռ չե՛մ նստելու։ Գոնե գնացք լիներ․․․
Հ․Գ․ Ամբողջ ընթացքում «Ապերը» խնամքով հրում է փոքրիկիս ու իր քրոջ ճոճանակներն այնպես, որ ոտքերը հասնեն երկնքին։ Նարեկը քիչ է խոսում, միայն խեթ հայացքով նայում է նորեկներին։ Քանաքեռում անասելի ցուրտ է, իսկ ձեռքերս՝ տաք-տաք։ Որքան երկար է ձեր երազանքի ճանապարհը, փոքրի՛կ արցախցիներ։ Վախերով ու փոսերով լի ճանապարհը․․․
Անի Անտոնյան
Պատմության հերոսներն իրական են՝ 11 և 13 տարեկան։ Նրանց համաձայնությամբ՝ անուն ու լուսանկար չենք հրապարակում։
No Comments