Սարոն ու Նարինեն, է՜, չէ՛, Իշխանն ու Համեստը երջանիկ զույգ են: Համենայնդեպս, այդ են վկայում նրանց ֆեյսբուքյան էջերում պարբերաբար տեղադրվող՝ սիրառատ ներդաշնակությամբ պարուրված նկարները: Իհարկե, այստեղ առանձնանում է նորաթուխների երեք ամիս առաջ կայացած շլացուցիչ հարսանյաց արարողության ամբողջ պատկերաշարը: Խորովածը բերելու ու տորթ կտրելու լայվերն ամենից շատ կլասսերն էին հավաքել: Անչափ հուզիչ է պսակադրության արարողության նկարը: Քավորը՝ նույն ինքը՝ Իշխանի անմիջական շեֆը, խաչը պահել է զույգերի գլխավերևում: Մյուս լայվում արդեն Իշխանը հոգևոր հորը մի քանի անգամ ասում է «տեր եմ», որին Համեստը հեզորեն եռաձայնում է «հնազանդ եմ»-ով: Մյուս նկարում Համեստ տատն է հուզված թոռանն ու փեսային գրկում: Համեստ տատը միշտ հարևանների հետ սուրճ խմելիս սիրում էր հպարտանալ աշխարհագրականի ֆակուլտետի դիպլոմ ունեցող իր համանուն խելացի թոռով:
Հենց աշխարհագրական ֆակուլտետի հեռակա բաժնում էլ նորաթուխները հանդիպել էին: Երկուսին էլ դիպլոմ էր պետք, և դա սկիզբ դրեց ճակատագրական միությանը: Չնայած Իշխանը Համեստից երեք ու կես տարի մեծ էր, սակայն սովորում էր առաջին կուրսում: Իսկ Համեստը շուտով դիպլոմ էր ստանալու: Վերջինիս պետականից մի ամիս առաջ նրանց աչքերը խաչվեցին: Իշխանն անցավ գրոհի: Դե՛, իսկ դիպլոմը ստանալու օրը «Բանականության սիմֆոնիա»-ից փասթ արած սիրո մասին երկտողով շքեղ ծաղկեփնջից հետո Համեստը համաձայնվեց ասպետի կինը դառնալ:
Իշխանը շաուրմանոցների ցանցի գլխավոր մենեջեր է, շեֆի աջ ձեռքը: Մի քանի տարվա ընթացքում կարողացել է նոր տուն գնել ու լավ տեսքով մեքենա:
Հարսանիքից առաջ տունը, ինչպես հարկն է, վերանորոգեց: Ինչ պակաս էլ կար, լցվեց Համեստի շքեղ օժիտով: Տան հյուրասենյակի պատուհանից հիացնելու պես պարզ երևում էր Արարատ լեռը: Հենց այս պատուհանին Համեստը որոշեց կախել իր օժիտի անքակտելի մաս համարվող՝ փոռերով ու սիրամարգերով, բորդոյին խփող վարագույրը:
Մեկ օրից Իշխանի ծննդյան օրն էր: ՈՒ այդ կապակցությամբ շեֆը իր սիրելի սանիկին որոշեց նախօրոք շնորհավորել: Քյաբաբները դրեցին, մասկովսկի օղի՝ երկու շիշ, չորս հոգով:
— Էս բաժակով էլ, Իշխա՛ն ջան, ուզում եմ՝ խմեմ քո ընտանիքի, քո օջախի կենացը:
Բոլորը ոտքի կանգնեցին:
— Ցա՛վդ տանեմ, շե՛ֆ ջան, քավո՛ր ջան,- ու կիսահարբած ողջագուրումներ:
Արդեն գիշերվա ժամը 11-ն անց էր, երբ Իշխանը եկավ տուն: Համեստը հանեց Իշխանի կոշիկները:
— Աղչի՛, հլը էն խալադելնիկի սառը պիվեն բեր, հեսա ֆուտբոլա սկսվում, ուժեղ խաղա ըլնելու՝ Բարսելոնա-Պարի Սեն Ժերմեն: Մարդդ էլ ստավկաա դրել: Որ կրեցի, քեզ մի հատ թույն դուխի եմ առնելու՝ էն նրանից, որ քավորի կնիկը միշտ ցանումա վրեն:
— Վա՜-ա՜ -ա՜խ, կյա՜նքս, հեսա վազեմ-բերեմ:
— Էս Բարսելոնան լավ տեղա, բայց: Գժոտ պլյաժներ ունի:
— Ո՞ր ծովն էր տեղ, կյա՛նքս:- Չես հիշո՞ւմ, աղչի՛, Էգեյան ծովնա:
— Հա՜-ա՜-ա՜, ճիշտաա:
— Դե շո՛ւտ արա, աղչի՛, պիվես բեր, ոնց որ կրիա ըլնես:
Ֆուտբոլը սկսվեց: Գարեջրի շշի կեսը դատարկելուց հետո Իշխանը նայեց Համեստին ու զգաց, որ ինքը առյուծա՝ կենդանիների իշխանը:
Հեռուստացույցով ֆուտբոլը շարունակվում էր: Արդեն երկրորդ խաղակեսի վերջին րոպեն էր, երբ Սերխի Ռոբերտոն խփեց Բարսելոնայի վեցերորդ գոլն ու իր թիմին պարգևեց ուղեգիր՝ դեպի հաջորդ փուլ: Իշխանը, սակայն, այդ գիշեր չէր փայլում ռմբարկուական հատկանիշներով: Գոլազուրկ խաղից հետո նորաթուխները պառկել էին անկողնում ու ընկղմվել իրենց ֆեյսբուքների մեջ: Իշխանը վերցրեց շիշը ու սկսեց կոնծել գարեջրի մնացած մասը: Համեստի ձեռքի հպումից էկրանին երևաց ամուսնու էջը: Հաղթանդամ, լայն ժպիտով, աչքերը պլշած՝ նայում էր կնոջը. կարծես ոչինչ չէր եղել…
— Վա՜-ա՜-ա՜յ, կյա՛նքս, արդեն տասներկուսն անցելա, մոռացել էի, որ ծնունդդա, արի մի հատ պաչեմ, կյա՛նքս: Շնորհավո՜ր:
— Ապրե՛ս,կյա՛նքս:
Հետո Համեստը նորից մտավ ֆեյսբուք ու իր կողքին պառկած Իշխանի պատին լատինատառ գրեց:
— Էսօր աշխարհի լավագույն ամուսնու ծնունդնա: Շնորհավո՛ր, արև՛ս: Իմ կյանքի իմաստ, իմ սիրտ: Շնորակալ եմ Աստծուց, որ քո նման ուժեղ ու բարի ամուսին ունեմ: Սիրում եմ քեզ: ՈՒ բազմաթիվ խայտաբղետ սրտիկներ…
Փոստից հետո Իշխանի հեռախոսը ծնգաց: Վերցրեց, տեսավ սիրելի կնիկը օֆիցիալ ծնունդնա շնորհավորում:
Այս անգամ էլ Իշխանը անմիջապես պատասխանեց.
— Մերսի, կյա՛նքս: Իմ հարստությո՛ւն: Երջանիկ եմ, որ քո նման կին ունեմ, հրա՛շքս:
Նորաթուխներով, ուրախ երկուստեք շնորհավորանքներից, իրար նայեցին:
Առավոտ էր: Արարատը պատուհանից աննկարագրելի հպարտ էր երևում: Արարատը՝ հայու հայելին, իր մեջ պարփակած հայու հոգին ու իմաստությունը…Երևի մի օր կժայթքի…
Համեստը մարդու համար կոֆե էր դնում ու հեռախոսին նայում:
— Կյա՛նքս, դե մի հատ սիրուն շորերդ հագի, իրար հետ նկարվենք, գցենք սայթ, որ սաղ կլասս տան:
— Լավ բան ես ասում:
Յոթ րոպե անց:
— Բա որտե՞ղ նկարվենք:
— Արի պատուհանի մոտ, կյա՛նքս: Սենց հեչ սիրուն չի, կյա՛նքս: Սպասի պատուհանը զանավեսկով փակեմ, որ սելֆիի մեջ էս սիրամարգերն էլ էրևան: Ի՜նչ մակարդակ նկարա, կյա՛նքս, էսօր ֆեյսբուքը կլասսներով գմփցնելու ենք…
No Comments