ԳրաԴաշտ Միքայել Բադալյան

Միքայել Բադալյան․ Կիսվիր խնձորով

04.09.2020


 — Եվ քաջ արքայազնը հաղթեց չար դևին և ազատագրեց իր սիրելի չքնաղ դիցուհուն: Նրանք ամուսնացան և միասին երջանիկ ապրեցին մինչև խոր ծերություն…

— Բա հետո՞, պա՛պ…

— Հետո երկնքից ընկավ չորս խնձոր, երկուսը՝ լսողներին , մեկը՝ պատմողին, այսինքն՝ ինձ, մյուսն էլ…

— Մյուսն էլ մեր դասարանի Կարինեին, պա՛պ. ինքը խնձոր շատ ա սիրում:

— Պա՛պ ջան, կլինի՞ իմ ու Եվայի խնձորներն էլ Կարինեին տանք: Իրա պապան մահացել ա, մի քիչ վատ են ապրում, բայց ինքը շատ բարի ա, պա՛պ: Էն օրը իրա բուլկին հավասար երեք մասի բաժանեց ու կիսվեց մեզ հետ:

— Շատ լավ, դեեե՜ ուրեմն՝ խնձորներն ուղարկում ենք Կարինեին…

— Քոնն էլ, չէ՞, պա՛պ ջան…

— Իհա՛րկե, իմն էլ: Զամբյուղից խնձորներ վերցրեք, վաղը դասամիջոցին միասին կուտեք:

— Կեցցե՜ մեր հայրիկը, ամենալավ հայրիկն աշխարհում:

— Կեցցե՜ ամենալավ հայրիկն աշխարհում,- Եվային սարձագանքեց Գևորգը:

— Իմ Աստծո պարգևներ:

— Համ էլ, պա՛պ, էսօր մաթեմից ամենալավը ես եմ պատասխանել դասարանում:

— Իսկ Գևո՞րգը:

— Գևորգը մաթեմից էդքան էլ լավ չի, պիտի հետը պարապենք:

— Դե, Գևորգ, շատ պարզ հարց եմ տալիս. որ պատասխանես, հավանածդ ֆուտբոլի շապիկը գնելու եմ քեզ համար:

— Ռաուլի՞, պա՛պ:

— Հենց Ռաուլինը, տղա՛ս, յոթերորդ համարը: Պատրա՞ստ ես…

— Իհարկե, աշխարհի ամենալավ հայրիկ:

— Դե, սկսեցինք: ՈՒրեմն, դու ունես մեկ խնձոր, որ երկուսն էլ Եվան քեզ տա, քանի՞ խնձոր կունենաս:

— Երեք…

— Կեցցես: Լավ: Կարինեն ունի չորս խնձոր, եթե երկուսն էլ դու նրան տաս, քանի՞ խնձոր կունենա:

— Վեց խնձոր, պա՛պ:

— Շատ ապրես: Հիմա վերջին հարցն եմ տալիս: Դու ունես մեկ խնձոր, որ մեր բակի Արենը քեզ երկու խնձոր էլ տա, քանի ՞ խնձոր կունենաս:

— Մե՛կ….

— Այդ ինչպե՞ս թե՝ մեկ…

— Հաստա՛տ՝ մեկ, պա՛պ ջան, Արենը ոչ մեկին խնձոր չի տա. տո էնի մի խնձոր չի տա, ուր մնաց երկուսը…

— Գևորգը ճիշտ ա ասում, պա՛պ ջան, Արենը հաստատ իր խնձորները ոչ մեկին չի տա, ինքը կիսվել չգիտի: Արենը սիրում ա, որ իրեն են տալիս:

— Պա՛պ, իրա դոնալդի կոլեկցիայից միայն երկրորդ համարն էր պակասում: Ես իմ ունեցած միակ երկրորդ համարը տվեցի իրան, իսկ ինքը հինգերորդ համարից չորս հատ ուներ, գոնե մի հատ ինձ չտվեց: Շատ էգոիստի մեկն ա: Դու էլ ասում ես՝ խնձոր տա ինձ…

— Էգոի՞ստ: Էդ բառը որտեղի՞ց գիտես:

— Պա՛պ ջան, մենք ախր մեծ ենք, էէէ՜, արդեն դպրոց ենք գնում, շատ բաներ գիտենք:

Եվան նայեց հորն ու իր անուշիկ ջղային հայացքով սկսեց արտահայտվել.

— Էդ Արենը, պա՛պ ջան, շաաա՜տ խորամանկն ա: Էնպես ա անում, որ բոլորին թվա, թե ինքը բարի ա, բայց իրականում ահավոր խորամանկ ա, պա՛պ… Գիտե՞ս՝ ում նման: Դրախտի միջի սատանայի, էն որ մեզ պատմում էիր, էէէ՜, Ադամի ու Եվայի մասին: Տափուկի մեկն ա, պա՛պ: Ով իրան երբ պետք ա, էդ ժամանակ ա շփվում, ու երեխեքի ուղեղն ահավոր ուտում ա… Իսկը սատանան: Պարսատիկով Արմինե ծյոծյայենց ապակիները ջարդեց, մեղքը գցեց խեղճ Հայկի վրա: Ասում եմ՝ Արմինե ծյոծյա, Հայկը չի ջարդել, չի հավատում: Ասում ա՝ հնարավոր չի Արենի նման խելոք երեխան նման բան անի…

Գևորգը լուռ լսում էր Եվային ու գլխով համաձայնության նշան տալիս: Հետո սկսեց մտածել ու հայացքը սևեռեց հորը:

— Պապ, որ սատանա-օձը Եվայի ուղեղը չուտեր, Ադամն էլ չխաբվեր, մենք հիմա դրախտում էիք ապրելո՞ւ…

— Երևի, էլի, բալես…

— Բայց պապ,- իր համառ կեցվածքով զրույցին միջամտեց Եվան,- որ Ադամը էդ խնձորը չուտեր, դրախտում ի՞նչ էինք անելու:

— Դե, բալես, մարդիկ չէին մահանալու, չարն էլ չէր լինելու, բոլորն ապրելու էին հավասար, հաշտ ու համերաշխ, հիվանդություններ չէին լինելու, բոլորն ապրելու էին ազատ և երջանիկ…

— Ինձ թվում ա, պա՛պ, որ դրախտում Արենի նման խորամանկներն էլ էին լինելու, ուղղակի բարի էին ձևանալու…

-Բայց մի տեսակ անհետաքրքիր չէ՞ր լինի, պա՛պ,- հորը նայելով՝ փոքրիկ իմաստունի նման ասաց Եվան,- ախր չեմ հասկանում. որ մարդիկ չմահանան, հարուստ ու աղքատ չլինի, ամեն-ինչ հավասար լինի, մարդիկ կձանձրանան, էէէ՜, պա՛պ: Հետո, որ բոլորը բարի լինեն, ինչպե՞ս են իմանալու՝ իրական բարին ո՞վ ա: Հետո, որ մարդիկ չմահանան, էլ չեն վախենա, պա՛պ ջան…

— Ինչի՞ց չեն վախենա, բալես:

— Կորցնելուց, պա՛պ ջան: Տե՛ս, տատիկը ծանր հիվանդ ա. ես միշտ վախենում եմ, որ տատիկին կարող եմ մի օր կորցնել ու դրանից ավելի շատ եմ սիրում…

(շարունակելի)

No Comments

Leave a Reply