Տողադարձը հայերենում հիմնականում կատարվում է վանկատմամբ (բառը վանկերի բաժանելով), օրինակ՝ լե-զու, գը-րա-կա-նու-թյուն, ֆի-զի-կա, հե-քի-աթ։ Տողադարձի վերաբերյալ կարևոր է հիշել հետևյալ կետերը․
1․ Իրար հաջորդող երկու և ավելի բաղաձայններից հաջորդ տող է անցնում միայն վերջին բաղաձայնը. օրինակ` ար-ձան, բեր-րի, Աստ-ղիկ, Արծ-վիկ, թարգ-ման, բարձ-րա-նալ, երկ-դի-մի, ա-ռանցք-ներ:
2․ Բառամիջում յա, յո, յու երկհնչյուններին նախորդող բաղաձայնը կարող է նաև նրանց միացած անցնել հաջորդ տող, օրինակ` անկ-յուն//ան-կյուն, արդ-յոք//ար-դյոք, գոչ-յուն//գո-չյուն, գիտութ-յուն//գիտու-թյուն և այլն:
3․ Բառամիջի ձայնավորից առաջ ընկած և-ը տողադարձի ժամանակ գրվում է եվ, և վ-ն անցնում է հաջորդ տող․ հա-րե-վան, թե-վավոր, տերե-վաթափ:
4. Գաղտնավանկի ը-ն գրվում է միայն տողավերջի և հաջորդ տողի սկզբի վանկերում, օրինակ` շըղ-թա, կը-տըրտել, կտըր-տել, Մկըր-տիչ (սխալ է՝ կըտըր-տել, Մըկըր-տիչ):
5․ Անշեշտ և թույլ արտասանվող ը ձայնավորը գրական արտասանությամբ առավելապես սղվում է․ խըծ-ծել, խըտ-տել, կըծ-ծել, մըր-րիկ, աղջ-կա, արճ-ճի, կարմ-րել, մարմ-նի, քըրտ-նել, փախց-նել, զըսպ-վել, թըրջ-վել, կազմ-վել, տանջ-վել և այլն:
6․ Հատուկ անուններում զբ, զգ, շտ, սպ, ստ և նման հնչյունակապակցությունները հաջորդ ձայնավորից չեն անջատվում, որպեսզի հատուկ անվան գրությունը, ի տարբերություն հասարակ անունների, ը-ով չսկսվի. Ստե-փան, Սպար-տակ, Ստրաս-բուրգ և ոչ թե` Ըս-տեփան, Ըս-պարտակ, Ըստ-րասբուրգ:
7. Բարդ և նախածանցավոր բառերը կարելի է տողադարձել նաև առանց վանկատման` հաջորդ տող փոխադրելով արմատը կամ ամբողջական բառը, այսինքն` ոչ միայն կարելի է գրել` արա-գընթաց, գերխըն-դիր, ա-նօգուտ, այլ նաև` արագ-ընթաց, գեր-խնդիր, ան-օգուտ: Այսպիսի տողադարձի դեպքում արդեն գաղտնավանկի ը-ն երբեք չի գրվում. օրինակ` ան-վնաս, ապա-շնորհ, արև-մտյան, բացա-տրական, գրա-քննիչ, դարա-գլուխ, դիմա-դրել։ Սակայն եթե բարդ բառի` նախորդ տողում մնացող հնչյունափոխված բաղադրիչը, ը-ից բացի, այլ ձայնավոր չունի, ապա տողավերջում այդ ը-ն գրվում է, օրինակ` դռըն-բաց, ձկըն-կուլ, մթըն-կա, մկըն-դեղ և այլն:
8. Տառային և վանկատառային հապավումները չեն տողադարձվում․ ԱՊՀ, ԵԱՀԿ:
Պատրաստեց Նշան Աբասյանը