Կարինե Ռաֆայելյան Կինո

Յուրի Երզնկյան. գրական կինոթարգմանություններ

13.05.2020

 Ardi.am-ը զրույցի է հրավիրել կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անետա Երզնկյանին՝ հանրահայտ կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի դստերը: Մենք փորձել ենք հետադարձ հայացք նետել Յուրի Երզնկյանի թողած կինոժառանգությանը՝ հատկապես անդրադառնալով գրական մեծարժեք երկերի հենքով ստղծված նրա ֆիլմերին:

— Տիկի՛ն Անետա, ինքնամեկուսացման շրջանը բարենպաստ ժամանակ է ֆիլմեր դիտելու, սիրելի ֆիլմերը վերադիտելու համար: Ձեր հոր՝ Յուրի Երզնկյանի ֆիլմերը այս իմաստով պահանջված են ներկայում, կարծում եմ: Եվ այդ ֆիլմերից որոշները դիտելով՝ մարդիկ նաև ունենում են հնարավորություն՝ կինոլեզվով հաղորդակցվելու գրական բարձր արժեքների հետ, նկատի ունեմ մասնավորապես Բակունցի «Միրհավը», Անանյանի «Հովազաձորի գերիները», Սունդուկայնի «Խաթաբալա», Թրուայայի «Սգավոր ձյունը» ստեղծագործությունների հենքով նկարահանված ֆիմերը:

— Այս շարքին կավելացնեմ նաև Պերճ Զեյթունցյանի «Թաղամաս» ստեղծագործության հիման վրա Յուրի Երզնկյանի նկարահանած «Մեր թաղի ձայները» ֆիլմը: Այն նկարվել է 1960-ականներին: Զեյթունցյանն այս գործը գրել է քսան տարեկանում: Սա թաղամասի պատմություն է, որն սկսվում է չկառուցված տնից: Եվ պատկերվում է թաղամասի կայացումը: Շատ ափսոսում եմ, որ ֆիլմը այդպես էլ լույս աշխարհ չեկավ, փակվեց, որովհետև դա անսովոր, համարձակ ֆիլմ էր, նոր շունչ և նոր խոսք էր կինոյում: Հայրիկիս առաջարկեցին փոփոխություններ անել ֆիլմում, բայց նա չհամաձայնեց: Այդ ֆիլմի մասին Սուրեն Հասմիկյանը գրել է իր «Սեղմ կադր» գրքում: Ֆիլմն ընդունելու պատրաստ չէին և՛ հանրությունը, և՛ պաշտոնյա այրերը: Եթե Մոսկվայում Խուցիևը դրանից հետո պիտի նկարեր «Ես քսան տարեկան եմ» ֆիլմը, ապա հայրիկս արդեն նկարել էր «Մեր թաղի ձայները», և Մոսկվան, որտեղ որոշվում էր խորհրդային ֆիլմերի ճակատագիրը, պատրաստ չէր ընդունել այսպիսի արտասովոր կինո: Սա նեոռալիզմի ոգով նկարված ֆիլմ է: Հայրիկս շատ ցավով ընդունեց ֆիլմի մերժումը, բայց և չգնաց առաջարկված փոփոխություններն անելու քայլին, որովհետև մտածում էր, որ այդ դեպքում կխաթարվի ամբողջ ֆիլմի կոնցեպտը: Ինչ վերաբերում է գեղարվեստական գրականության հետ Յուրի Երզնկյանի կինոյի կապին, ասեմ, որ հայրս իսկապես խորությամբ գիտեր գրականություն, նա, ինչպես ասում են, կարդացած մարդ էր: Խոսքը և՛ դասական, և՛ ժամանակակից հայ գրականության մասին է, և՛ արտասահմանյանի: Նա գիտակցում էր, որ ֆիլմի հաջողության մեծագույն գրավականը գրական հիմքն է: Լավ սցենարի խնդիրը ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակներում կար: Հետաքրքիր, ինքնատիպ պատմություններ, հետաքրքիր կերպարներ գտնելը միշտ է դժվար եղել ռեժիսորների համար՝ թե՛ հայկական, թե՛ համաշխարհային կինոյում: Եվ հայրիկը դիմում էր գեղարվեստական գրականությանը՝ շատ լավ հասկանալով, որ դա լինելու է գրականության վերընթերցում՝ կինոյի լեզվով: Նա հասկանում էր, որ ոչ թե սոսկ գրողի բառը պետք է բերել կինո, այլ այն ոճը, այն ոգին, այն զգացողությունը, որը դրված է տվյալ գրական գործում:

— Եվ ոչ պատահականորեն՝ Յուրի Երզնկյանը նաև սցենարի համահեղինակ է դարձել իր նկարահանած ֆիլմերում:

— Այո՛, նա սցենարի համահեղինակ էր դառնում, որովհետև շատ լավ տեսնում էր, թե ինչպես պետք է գրական գործը մարմնավորվի էկրանին, տեսողական ինչպիսի բաղադրիչներով պիտի հասցվի հանդիսատեսին: Եվ նա շատ նրբանկատ էր գրականության հանդեպ, չէր աղավաղում գրական ստեղծագործությունը, ինչպես հիմա հաճախ արվում է կինոյում և թատրոնում: Վերջին թարմ օրինակը Կարեն Շահնազարովի «Աննա Կարենինան» է, թերևս: Իհարկե, իր ֆիլմերում ռեժիսորական մեկնաբանությունը կար, նա կարողանում էր շատ ճիշտ ձևով գրական կերպարները, պատկերները վերածել կինեմատոգրաֆիական կերպարների, պատկերների, նրա ֆիլմերում կինոմտածողությունը գերակա էր: Բայց նա երբեք չէր շեղվում գրական ստեղծագործության գծից: Դա գրականություն էր՝ անցկացված կինոմտածողության խողովակների միջով: Ե՛վ «Հովազաձորի գերիները», և՛ «Սգավոր ձյունը» փայլուն էկրանավորումներ են: «Սգավոր ձյունը» ունի նաև ամերիկյան տարբերակ՝ նկարված նույն 1960-ականներին: Եվ միշտ համեմատություններ են անցկացրել Յուրի Երզնկյանի ու ամերիկյան ֆիլմի միջև՝ նախապատվությունը տալով հայրիկի ֆիլմին. սա ոչ միայն հայ կինոգետների, այլև խորհրդային և արտասահմանյան մասնագետների կարծիքն էր: Այդ ֆիլմը շատ բարձր էր գնահատել Մեժելայտիսը, և ֆիլմը դարձել էր մեծ բարեկամության առիթ նրա և հայրիկիս միջև: Շատ էական էր նաև Տիգրան Մանսուրյանի երաժշտության դերը ֆիլմում: Հիմնական գործիքը թավջութակն էր, և այն համահունչ էր ֆիլմի տրամադրությանը:

— «Խաթաբալա» ֆիլմը ասես վառվռուն կտավ լինի: Ինչպե՞ս են գտնվել պատկերային այդ գունեղ լուծումները:

— Յուրի Երզնկյանի համա կարևոր ֆիլմ էր «Խաթաբալան», որի մասին վաղուց էր մտածում: 1970-ականների սկզբին ստեղծվեց այն նկարելու հնարավորությունը: Նկարվեց Աղասի Այվազյանի սցենարով: Ֆիլմում աշխատեցին այնպիսի տաղանդավոր նկարիչներ, ինչպիսիք էին Մինաս Ավետիսյանը և Ռոբերտ Էլիբեկյանը: Օպերատորն էր Սերգեյ Իսրայելյանը: Ընտրված էր փայլուն դերասանական կազմ՝ Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Լաուրա Վարդանյան, Վրեժ Հաոբյան, Մարինե Կարապետյան-Թբիլելի,  Վախթանգ Կիկաբիձե, ուրիշներ: Նույնիսկ փոքր դերերում ներգրավված էին Վրաստանի ժողովրդական արտիստներ, ինչպես, օրինակ, լաց լինող կանայք:

«Խաթաբալա» ֆիլմի ստեղծագործական խումբը

— Մի խոսքով՝ իսկական աստղաբույլ էր հավաքվել «Խաթաբալայի» շուրջ, և արդյունքն այն է, որ մինչև օրս ֆիլմը հաճույքով ենք դիտում:

— Այո՛: Ընտրությունը հեշտ չի կատարվել: Սոս Սարգսյանի թեկնածությունը դերաբաշխումից հետո շատերի մոտ էր տարակուսանք հարուցում: Բոլորն այդ դերում տեսնում էին Ավետ Ավետիսյանին: Չէ՞ որ մարդկանց մտածողության մեջ կան կարծրատիպեր, որոնք դժվար է հաղթահարել: Իսկ Յուրի Երզնկյանը միշտ փորձում էր խախտել այդ կարծրատիպերը, դուրս գալ դրանցից: Եվ Սոս Սարգսյանին այդ դերում նկարելը հենց կարծրատիպ կոտրելու մի համարձակ օրինակ էր: Նա ասում էր, որ Սոս Սարգսյանի դերակատարմամբ այդ կերպարը դարձել է կապիտալիստի կերպար, որ դրանում զգացվում է նոր էպոխայի շունչը: Շատ մանրակրկիտ էին աշխատել Մինասը և Էլիբեկյանը: Ամեն մի կադրը նրանք քննարկել են հայրիկիս հետ, վերարտադրել համապատասխան գույներով, տաղավարները նկարազարդել են իրենց ձեռքով, երկար աշխատել ամեն մի կոստյումի վրա: «Խաթաբալայի» հաջողությունը պայմանավորված էր նաև նրանով, որ հայրս շատ լավ գիտեր Թիֆլիսը, քանի որ ծնվել ու մանկությունն անցկացրել էր այնտեղ:

— Դրա շնորհիվ էլ ստացվել է վառվռուն, խոսող պատկերաշարով ֆիլմ, որտեղ կինոնկարչությունն ասես դերակատարներից մեկն է, ոչ թե պարզապես ֆոն է դերասանների, կինոդրվագների համար:

— Այո՛: Կինոնկարչությունն այս ֆիլմում դերասանների հետ հավասարարժեք կերպար է:

— Առհասարակ, պատկերային բազմազանությունն ակնհայտ է Յուրի Երզնկյանի կինոյում՝ սև-սպիտակ կադրերից մինչև վառ գունագեղություն: Պատկերային գիծը նրա կինոյում միօրինակ չէ:      

— Այո՛, և ասվածի մի վկայություն է Բակունցի «Միրհավը» պատմվածքի էկրանավորումը՝ «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմը: Բակունցին անդրադառնալը միշտ կար Յուրի Երզնկյանի մտքում: Բակունցը կինոյի լեզվով վերընթերցման համար այնքան էլ հեշտ գրող չէ: «Միրհավը» այս իմաստով համեմատաբար հարմար էր կարծես, և մեր մեծ գրողը՝ Հրանտ Մաթևոսյանը, որ հորս բարեկամն էր, այդ միտքը ողջունեց: Ու նրանք երկուսով սկսեցին աշխատել սցենարի վրա: Դա շատ մանրակրիտ աշխատանք էր, քննարկումները, խոսակցությունները անընդհատ շարունակվում էին: Նկարահանումների ժամանակ հայրիկը, ինչպես միշտ, թեման տարավ դեպի պատկերը, դեպի պատկերային լուծումները: Այդ գործի մեջ պոետիկ շունչ կար, և հայրիկը դա համադրեց դրամատուրգիական զարգացումների հետ, սիրային գիծը շատ գեղեցիկ արվեց: Դերասանների ընտրությունը նույնպես շատ ճիշտ էր արված: Հատուկ ուզում եմ նշել օպերատորի՝ Ռուդոլֆ Վաթինյանի աշխատանքը: Դա Վաթինյանի առաջին ինքնուրույն օպերատորական աշխատանքն էր: Հայրս սիրում էր հնարավորություն տալ դրսևորվելու շնորհալի մարդկանց: Եվ այս ֆիլմում կան կադրեր, որոնք ասես կերպարվեստի գործեր լինեն: Եթե շրջանակի մեջ առնես ու կախես պատից, բոլորը կընկալեն իբրև կտավ: Փառահեղ է Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը: Այն, ինչպես և «Սգավոր ձյունը» ֆիլմում, շատ համահունչ է սցենարին, ռեժիսորի մտահղացմանը, գրական հենքին: Դերասանները՝ Գալյա Նովենցը, Սոֆիկ Սարգսյանը, Գուժ Մանուկյանը, Մանանա Ցխովրեբովան, Հակոբ Ազիզյանը, Սոս Սարգսյանը, Վերջալույս Միրիջանյանը, պարզապես փայլում են այս ֆիլմում իրենց դերասանական վարպետությամբ: Հայրս ուսանել է Մոսկվայում երկու մեծ արվեստագետների մոտ՝ Միխայիլ Ռոմի և Ռուբեն Սիմոնովի: Նրանց հետ ամբողջ կյանքում շարունակել է բարեկամություն անել, իր մտքերով կիսվել, նամակագրական կապ պահել: Եվ դերասանների հետ աշխատանքում, իհարկե, նա Սիմոնովի՝ վախթանգովյան դպրոցի հետևորդն է: Իսկ կան ֆիլմեր, ինչպես օրինակ՝ «Մեր թաղի ձայները», որոնցում Ռոմի դպրոցի ազդեցությունն է զգացվում: Երբ կա կուռ գրական հիմք, այն կինոյում դառնում է տպավորիչ պատկեր: Յուրի Երզնկյանը միշտ էր այն կարծիքին, որ կինոյում առաջնայինը պատկերն է: Տարբեր գրողների, տարբեր գրականությունների հետ է եղել Յուրի Երզնկյանի աշխատանքը, և նա կարողացել է սյուժետային ճիշտ զարգացումների, ճիշտ պատկերների միջոցով հանդիսատեսին հասցնել այդ միմյանցից տարբեր աշխարհները: Նա տեսնում էր ամենակարևորը և բարձրացնում էկրան:

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի
Լուսանկարները՝ Երզնկյանների ընտանիքի արխիվից

No Comments

Leave a Reply