Ի՞նչ է «Սնայդերքաթը»
«Զաք Սնայդերի Արդարության լիգան» (կամ «Սնայդերքաթը») 2017 թվականին թողարկված համանուն ֆիլմի ռեժիսորական տարբերակն է։ Այն Սնայդերի«Պողպատե մարդը» (2013) և «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության արշալույսին» (2016) ֆիլմերով սկսված պատմության շարունակությունն է։
Ինչո՞ւ դիտել
«Զաք Սնայդերի Արդարության Լիգան» յուրահատուկ նախագիծ է։ Նախ՝ DC-ի գլխավոր սուպերհերոսները միասին՝ մեծ կազմով, հավաքված են մեկ տեղում։ Երկրորդ՝ հազվադեպ է լինում, որ խոշոր ստուդիական նախագիծը լքած ռեժիսորին թույլ տան մոնտաժել սեփական տարբերակը և նույնիսկ դրա համար մի քանի միլիոն դոլար տրամադրեն։ Կինոթատրոններում վերաթողարկումը, ամենայն հավանականությամբ, շահույթի հարցում իրեն չէր արդարացնի, հատկապես համաճարակի ժամանակ: Մինչդեռ առցանց շուկան ավելի բաց է ոչ ստանդարտ ֆիլմերի ու սերիալների համար։
Ինչո՞ւ Սնայդերն ի սկզբանե չէր ավարտել ֆիլմը
«Պողպատե մարդուց» հետո Սնայդերին գործելու լիակատար ազատություն և իրավունք էր տրվել՝ զարգացնելու DC-ի կինոտիեզերքը։
Սնայդերը լքեց նախագիծը հետարտադրական փուլում՝ 2017-ի մայիսին։ Որպես պաշտոնական հիմնավորում՝ ներկայացվեց ընտանեկան ողբերգությունը․ մարտին ռեժիսորի դուստրը՝ Օտեմը, ինքնասպանություն էր գործել։ Սնայդերի հետ նախագծից դուրս եկավ նաև նրա կինը՝ Դեբորան, որ ֆիլմի պրոդյուսերն էր։
Մեկ տարի անց ԶԼՄ-ներն այս պատմությունն այլ կերպ նկարագրեցին․ Սնայդերին աշխատանքից հեռացրել էին դեռ 2017-ի սկզբին, որովհետև ստուդիան նրա նյութը «ոչ դիտարժան» էր համարում։ Ռեժիսորն ինքը հիշում է, որ հունվարին մոնտաժի սևագիրը ցույց է տվել Warner Bros․-ի ղեկավար Կեվին Ցուջիհարային, և նա գոհ չի եղել տեսածից։ Խնդրել է կրճատել ֆիլմը, դարձնել երկու ժամ, ինչը, նոր հերոսների քանակի պատճառով, Սնայդերին անհնար էր թվում։
Ի՞նչ էր պատահել նախագծին՝ռեժիսորի հեռանալուց հետո
Սնայդերի հեռանալուց հետո ֆիլմի աշխատանքներն ավարտել էր Ջոսս Ուիդոնը։ 2017-ի ամռանը նա լայնամասշտաբ վերանկարահանումներ էր սկսել։
Չնայած ռեժիսորի փոփոխությանն ու նոր նկարահանումներին՝ Warner Bros․-ը որոշել էր չհետաձգել «Արդարության լիգայի» թողարկումը։
Ուիդոնի տարբերակը դուրս էր եկել 2017-ի նոյեմբերին։ Քննադատներն այն սառն էին ընդունել, իսկ հանդիսատեսը քննադատել էր ֆիլմը՝ խճճված պատմության, վատ էֆեկտների և ուիդոնյան հումորի համար։ Արդյունքում ֆիլմը տապալվել էր վարձույթում։
Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը
Նյութի աղբյուրը՝ kinopoisk.ru
No Comments