Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

«Զգուշացե՛ք, դռները չեն փակվում»

06.03.2021

«Զգուշացե՛ք, դռները չեն փակվում» (պատմություն սիրո և վարակի, սիրով վարակված լինելու մասին): Վիպակ։ Հեղինակ՝ Դավիթ Սամվելյան։ Հրատարակչությունը՝ «Էդիթ Պրինտ»։ «Զգուշացե՛ք, դռները չեն փակվում» վիպակը ստեղծվել է համավարակի օրերին՝ ամենասկզբում, երբ լարված ու անհանգիստ սպասում էինք` երբ մեր դուռն էլ կթակի համավարակը, հետո էլ` թե երբ կկարողանանք ազատ շրջել մեր քաղաքում։ Մնացածը՝ զրույցում։

— Դավիթ, գիրքդ ե՞րբ ծնվեց, կարծես շատ արագ է հրատարակվել-վերահրատարակվել-սպառվել։

— Կարելի է ասել՝ 2020-ի փետրվարի կեսերից նման թեմայով գիրք գրելու միտքը ծնվեց, հետո ընթացքն արագացավ։  Չէի մտածել՝ պատմվածք կլինի, վեպ, թե վիպակ։ Դարձավ վիպակ։ Էքսպերիմենտալ էր ինձ համար, որովհետև, կարելի է ասել, առաջին անգամ ինքս ինձ համար ժամկետ սահմանեցի։ Ուզում էի ավարտել՝  մինչ համավարակի Հայաստան ներթափանցելը կամ ուժգնանալը, որովհետև չէի ուզում կապեն հայաստանյան դեպքերի հետ։

-Դժվար չէ՞ր համավարակի օրերին գրել համավարակի մասին։


— Համավարակը չէր «սկսվել-ավարտվել», չգիտեի էլ՝ ոնց «կավարտվի»։ Ինձ համար կարևոր էլ չէր՝ դեպքերի ընթացքն ինչպիսին կլինի։ Ես իմ պատկերացումն էի գրի առել՝ համավարակը դիտարկելով որպես հասարակական ճգնաժամ։

-Գիրքը պահանջված էր պարտադիր մեկուսացմա՞ն օրերին, թե՞ սահմանափակումները մեղմացնելուց հետո։ 

— Մինչև սահմանափակումները մեղմացնելը գրքի տպաքանակը սպառվեց։ Այդ օրերին գրախանութներն էլ չէին աշխատում, գրքի առաջին տպաքանակը վաճառվեց անհատական պատվերների և առաքումների միջոցով։ Երկրորդ հրատարակությունն առավել մեղմ պայմաններում  հասավ ընթերցողին։ Մարտի սկզբին տպագրեցինք,  սեպտեմբերին երկու տպաքանակից ոչ մի օրինակ չկար։

-Հիմա խմբագրումներ կանեի՞ր։

— Չէ՛. ընդհանրապես, երևի այն բացառիկ գործերից է, որ խմբագրումներ չէի անի։   Թե՛թեմայի, թե՛ իրադարձությունների առումով ամփոփ է,  նաև դրա համար չուզեցի երրորդ անգամ առանձին գրքով տպագրել։ 

— Վիպակը փոքրածավալ է, բայց աշխարհագրությունն ու ասելիքը՝ ընդգրկուն։ Կարծում եմ՝ հետաքրքիր կարող  է լինել նաև օտարազգիներին։

— Վիպակը ավելի շատ  ոչ հայկական է՝ թե՛ աշխարհագրության առումով, թե՛ հերոսների։ Կարելի է ասել՝ գրված է հենց դրսի համար: Տպագրվելուց մեկ ամիս հետո թարգմանվեց անգլերեն, էլեկտրոնային և տպագիր տարբերակներով հասանելի դարձավ Amazon-ում ։

Amazon-ում  կայի՞ն այդ թեմայով գործեր։

— Գեղարվեստական գործեր չկային, հիմնականում մասնագիտական նյութեր էին։ Անգլերեն տարբերակը վերնագրված էր «Covid 19։ The birth of love»։  Քովիդ եզրույթի  համար Amazonգովազդային արգելափակումներ դրեց, բայց հետաքրքրություն կա. թե՛ ներբեռնում են, թե՛ գնում տպագիր տարբերակը։



— Չփակվող դռներով գնացքը կյա՞նքն է, որ շարունակում է ընթացքը՝ անկախ կանգառներից, ներս մտնող ու հեռացող ուղևորներից։

— Այո՛, ամեն ինչից զատ, կյանքը համավարակի ընթացքում և դրանից հետո շարունակվում է։  Մարդու «հմուտ լինելը» այդտեղ է երևում. ինչպե՞ս կկարողանա ապրել, երբ սահմանափակումները  շատ են, հնարավորությունները՝ քիչ։ Վերնագիրը և՛ ուղիղ, և՛ ալեգորիկ նշանակություն ունի։ Միշտ ասում են, չէ՞. «Զգուշացե՛ք, դռները փակվում են»։ Երբ դռները փակվում են, մի տեսակ քեզ ապահով ես զգում: Իսկ երբ ասում ես. «Զգուշացե՛ք, դռները չեն փակվում», նշանակում է՝ ամեն վայրկյան, ամեն բան կարող է ներս մտնել քո աշխարհ, կամ դու կարող ես դուրս ընկնել այն աշխարհից, որը քեզ շատ ապահով է թվում։ 

— Համավարակի օրերին մեզ տանն էին փակում՝ վարակից  խուսափելու համար, դու քո վիպակում խոսում ես սիրուց վարակված լինելու մասին։ Սերը մահվան հակակշիռն է, բառախաղդ դա՞ է մատնանշում։ 

— Համավարակը ցույց տվեց, որ շատ բաների պատրաստ չենք։ Ոմանց դեպքում էլ այնպես ստացվեց, որ համավարակը ավելի խտացրեց թե՛ զգացմունքները, թե՛ զգացողությունները, թե՛ մտքերը։ Արագացուցիչի դեր կատարեց։ Սերը  հակակշիռ է. դժվարությունների, սահամանափակումների ընթացքում ավելի լավ է դրսևորվում մարդու ներաշխարհը, երևում է, թե ինչի ես պատրաստ, պատասխանատվության ինչ աստիճան ունես։ Սերն էլ հենց առաջին հերթին պատասխանատվություն է ենթադրում։ 

«Ամենադժվարը հեռանալիս սիրելն է: Շարունակել սիրելը»: Նաև տարածությունն ու ժամանա՞կն է հաղթահարում սերը։

— Եթե տարածությանը կամ ժամանակին պարտվի սերը, ուրեմն մի բան հաստատ այն չէ։ Ինչպես «հակաՔԱՂԱՔականի» մեջ էի գրել՝ կարոտելը հաճելի է, երբ գիտես՝ վերադարձ կա։ Միայն այդ պարագայում է տարածությունն ու ժամանակը հաղթահարելի։ 

«Տարօրինակ էր, բայց Չինաստանի տասնմեկմիլիոնանոց Ուհան քաղաքում մեկ տարվա ընթացքում այդպես էլ չհանդիպեցի հասարակական տրանսպորտում ոտքի վրա մնացած մարդկանց: Իսկ այստեղ երեք միլիոն էլ չկանք, բայց արի ու տես…»։
Այնուամենայնիվ, սոցիալ-հասարակական խնդիրները չես շրջանցել։


-Միանաշանակ, գիրքը մի քանի շերտ ունի։ Սկզբում տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ վիրուսի մասին է, բայց այդ համատեքստում ներկայացնում եմ և՛ անձնական հարաբերությունները, և՛ միջազգային շփումները, և՛ ավանդույթների տարբերությունները։  Դրանից անկախ՝ նաև համեմատականներ են անցկացվում այդ երկրների ապրելակերպի, հասարակական պահվածքի կամ օրենքների միջև։ Քանի որ հերոսներից մեկը հայ էր, բնականաբար, չէինք կարող խուսափել հայկականությունից։

— Մանավանդ որ Արարատին էլ ես անդրադառնում։

— Այո՛, այո՛, բայց ես Արարատին փորձել եմ այլ դիտանկյունից նայել՝ օտարերկրացու աչքով։

— Համավարակի մասին տվյլաներդ փաստացի են։ Նպատակ ես ունեցել վավերագրե՞լ ժամանակը։

— Միանշանակ, ես փորձել եմ՝ որքան հնավոր է հղումներ անել համավարակի տարածման տենդենցերին և այն փաստերին, որ առկա էին այդ պահին։ Առանց դրա՝ շինծու պատմություն կլիներ. շատ բաներ հետագայում փոխվեց՝  զարգացումներ, նոր դրսևորումներ…  բայց արդեն ասացի, որ նպատակ չունեի սպասել համավարակի պատմության ավարտին։

«Կյանքում ամենագեղեցիկ ու դրամատիկ բաները կատարվում են անսպասելի, մեր կամքից ու գիտակցությունից անկախ»: Իսկ վա՞տ բաները։

— Կյանքը հենց իր անսպասելիությամբ է գեղեցիկ ու հետաքրքիր: Եթե զարմանալու հատկությունդ կորցրել ես, ուրեմն չես ապրում կյանքը, ուղղակի գոյություն ունես:

«Մոդիլիանին իր սիրեցյալին ասում էր, թե կնկարի նրա աչքերն այն ժամանակ, երբ կճանաչի նրա հոգին, մինչդեռ ես ուզում էի, Սեսիլի փակ աչքերը համբուրելով, սողոսկել նրա հոգին, որովհետև ես նկարիչ չեմ»։ Գրողների՞ն է տրված աչքերով հոգին տեսնելը։

— Հերոսը սովորական մարդ է, հենց հասարակ մարդու տեսանկյունից եմ ներկայացրել։ Գրողները  բոլոր զգայարաններն են լարում:

«Մեզ միշտ վախեցնում են այդ փաստով, ասում են, որ մարդկանց թիվն օրեցօր աճում է, մինչդեռ մենք շարունակում ենք երկնչել միայնությունից»։
Ի դեպ, ողջ օրը համակարգչի մեջ մտած մարդիկ դժգոհում էին, որ ստիպված են շփվել, աշխատել, սովորել համացանցով՝ էկրանից էկրան։ Ի՞նչ է ուզում, ի վերջո, մարդ արարածը։

— Մարդը սովորաբար շփում է ուզում, բայց ոմանք թելադրում են, թե մեծամասնությունն ինչ պիտի ուզի, և այնպես  են անում, որ այդ պահին սովորական կամ ճիշտ համարես այն, ինչ կա։ Դեմ գնալը մարդուն դարձնում է  «իզգոյ»։  Օրենքը ներկայացվում է իբր հօգուտ քեզ, բայց երբեմն կյանքը  ցույց է տալիս, որ հօգուտ քեզ չէ, այլ քո դեմ է։

«Պակասում են երկու ամենակարևոր բաները՝ փողն ու հոգևորը։ Առաջինից շատերը չունեն, երկրորդը շատերը կորցրել են, բայց ավելի քիչ են անհանգստանում, քան  փող կորցնելիս»։ Գուցե՝ որովհետև պետք է ապրել ոչ միայն հացիվ: Բայց առանց հացի ապրել հնարավո՞ր է։

— Դե՛, հա՛, ուղղակի պետք է փողը դառնա ոչ թե պատճառ, այլ միջոց։ 

«Երկրագունդը մարդկային բեռնվածությունից փրկելու համար ինչ դավադիր տեսություն, ինչ սուտ ու համաճարակ ասես՝ չեն հորինում…»։
Արձանագրում-հաստատում ես համավարակի արհեստածին լինե՞լը,  թե՞ ներկայացնում հավանական տեսություններից մեկը։

— Ես չեմ կարող հաստատել, բայց, գիտես, մարդիկ սիրում են ամենաչնչին  բաներին մեծ նշանակություն հաղորդել, ուռճացնել.  նայած, թե ինչ նպատակ է դրված։ Իմ կարծիքով սա էքսպերիմենտ էր, չեմ ասում՝ չկար, բայց այն ծավալը, որ հաղորդեցին Քովիդի 19-ին, էքսպերիմենտալ էր, ու միանաշանակ, ինչ-որ նպատակակ էր հետապնդում։ 

«Երկուսիս աշխատանքն էլ երեխաների հետ էր, որը և՛ հաճելի էր, և՛ հոգնեցուցիչ: Հիմա բոլորը սկսել են սեր ձևացնել, անգամ՝ ամենքին ատողները։ Մեր սերը ծնվեց մոտավորապես տասներկու միլիոն բնակչություն ունեցող քաղաքում»:
Անկեղծ ասած՝ սոցցանցերը հիշեցի. կարծես այնտեղ են սեր ձևացնում։ Երևի  հեշտ է լինել քաղաքավարի ու սիրառատ, երբ չեն նայում աչքերիդ մեջ։

— Նախ՝ ինչու եմ սկսել Չինաստանից. էլի հայկական խնդիր է արծարծվում, որովհետև շատերն այսօր, մանավանդ՝ երիտասարդները, լավ վարձատրվող  աշխատանք գտնելու համար գնում են Չինաստան։ Դրա համար հերոսներն  այնտեղ են հադիպում: Իսկ սոցցանցերում, առհասարակ, վիրտուալ կյանքում հեշտ է կեղծելը, որովհետև դեմքդ, աչքերդ չեն երևում, շփումն էլ պատասխանատվություն չի ենթադրում։ Դրան զուգահեռ՝ երբ մարդկանց մեջ տարածություն կա,  թվում է՝  ամեն ինչին պատրաստ են, ամեն ինչ ուզում են անել, որ իրար կողքի լինեն։ Կենդանի շփման ժամանակ տեսնում են, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես որ պատկերացնում էին։

«Ու մինչ մարդիկ վիճում էին, վիրուսը շարունակում էր իր հաղթարշավը՝ արդեն փետրվարի սկզբին թակելով նաև մահմեդական ու քրիստոնյա ժողովուրդների, ամերիկացիների և եվրոպացիների դռները»։ Մահը երևի միակն է, որ խտրական վերաբերմունքի չի արժանացնում կամ չի խնայում ոչ ոքի։

— Մահը ամենազոր է ու անբեկանելի, անկախ ազգությունից,  կրոնական պատկանելությունց,  հարստությունից։ 

— Վիպակի ավարտը կյանքի՞, թե՞ մահվան մասին է։

— Կյանքի, որովհետև ամբողջ ընթացքում ընթերցողին թվում է՝ հիմա մի վատ բան է լինելու, բայց ես չուզեցի այդ անորոշությունը ավարտել մահով և գրեցի մի ոչ հայերեն նախադասություն, ինչով ավելացրի նաև մի գործողություն, որ ընթերցողը պետք է անի, այսինքն՝ պետք է թարգմանի վերջին  նախադասությունը, և հենց այդ մի նախադասության մեջ է ողջ գաղափարը խտանում. այն է՝ կյանքը պայքարելու միջոցով ես վաստակում։ Եվ հետո մի հետաքրքիր բան կար, որ ընթերցողը շատ հաճախ չի նկատում։ Վիպակի գլուխները 19-ն  են, բայց վերջին գլուխը թիվ չունի։

Հաջորդիվ սպասենք ա՞յս, թե՞ մեկ այլ գրքի։

— Կհրատարակվի այլ ձևաչափով, բայց չասեմ՝ ինչպես և երբ։ Բացի այդ, այս պահին վեպի վրա  եմ աշխատում։ Կարծես աստիճանական անցումը կատարվեց՝  պատմվածքներ, վիպակ և վեպ, որը բնականաբար առավել աշխատատար է, ու չեմ կարող ասել, թե երբ կլինի։

*****
Հեղինակի մասին 

Դավիթ Սամվելյանը ծնվել է 1983 թվականի հուլիսի 16-ին, Երևանում։ Մերօրյա ամենապահանջված արձակագիրներից է։ Հեղինակ է հինգ գրքի՝ «Նա և Նրա», «հակաՔԱՂԱՔական», «Արտագաղթած կարոտ», «Ռոդենի ձմեռը», «Զգուշացեք, դռները չեն փակվում»։ Վերջին երեք գրքերը հրատարակվել են մի քանի անգամ։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Նորք», «Կայարան», «Գարուն» գրական ամսագրերում, «Գրանիշ», «Անդին», «Գրքամոլ», «Արդի» էլեկտրոնային կայքերում։ Թարգմանել է «Արամյանց»՝ Միքայել Արամյանցի և «Կովկասի Արքա»՝ Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող գրքերը։  «Էդիթ Պրինտ» հրատարակչության վաճառքի և մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետն է։ Մասնագիտությունը՝ կրոնագետ։

Ֆոտոշարք
Գրողի արխիվից

Զրուցեց Արմինե Սարգսյանը





No Comments

Leave a Reply