«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» գիրքը, որում ընդգրկված պատմվածքներն ու ակնարկները գերազանցապես նվիրված են Արցախյան առաջին պատերազմին։ Դրանք վկայագիր-վավերագրեր են՝ ստեղծված գեղարվեստի լեզվով։ «Սամարղանդը» սույն ժողովածուից է։
****
Սիմոնյան Աբգարը կնոջ՝ Լուսիկի խելքին է ընկել․ կարգին ռոճիկ էին ստացել, մեկնել Սամարղանդ՝ աներոջ կողմի շանից շատ-գելից քիչ ազգականներին հյուր: Կարելի է ենթադրել՝ Լուսիկն է թիթիզություն արել. քանի տարի է՝ պսակված են․ գնան աշխարհ տեսնեն, չամիչ, սեխ ուտեն, աղջկատեր են․ մի քանի մետր իսկական մետաքս առնեն, ձեռի հետ էլ՝ իր պարկեշտ, գրագետ, հագուկապը անթերի ամուսնուն վերջապես հեռու-հեռավոր ազգականներին ցույց կտա: Հասցնեն՝ էս ա ուր որ է ամառը հատնում է: Աբգարը էնքան մաքրակյաց է․ վախեցել է՝ մի տեղ նստի՝ տաբատի արդուկած ծալքը հանկարծ կճմռթվի: Նա Լուսիկի երեսին է նայել, զգաստացել։ Աչքի տակով նայել է, սիրով, հոգոցն ու ժպիտը երեսին՝ նեղսրտել: Էնքան պարկեշտ է պահել իրեն, ամաչել է՝ մի տղամարդու նույնիսկ կեղտոտ ուշունց-պատասխան տա: Հարևան Անդրեի մշտական թարախ խոսքերին իրենց չափարի ներսից նա ձեռքը թափ է տվել, արհամարհել։ Բայց համը որ հանել է՝ «Քո՛ գյալմա[1] դես անողի էսինչը-էնինչը», «Քո տղամարդ ասողի մերը», Աբգարը չի դիմացել արդեն, թափով դուրս է եկել պատշգամբ, վիզը ոլորել դեպի ուշունցատու, կռվարար հարևանն ու հերսոտ նետել.
— Շա՛ն որդի, մեր Շողիկն էլ շռի քո բերանը, այ ը՛տենց: Դե հիմա կե՛ր․․․
Շողիկը ավագ դուստրն է: Աբգարն ու Լուսիկը դուստրեր են ունեցել, իրենց սփոփել․ ծնողի նեցուկն աղջիկն է, մենակ թե շահանան, շան բաժին չդառնան, ծնողի վաստակին երախտամոռ չլինեն:
Նախախնամությունը որբի ճակատագրի մեջ կարծես առատաձեռն է լինում, մե՛րթ տույժ է տալիս, մե՛րթ հարյուր արկածի միջով արժանի լույսի, ապրուստի հասցնում: Էդպես է Աբգարի կյանքը դասավորվել: Վեց-յոթ տարեկան երեխա՝ Վան քաղաքի իրենց տանը ծնողները զուլումի բերան են ընկել։ Աղոտ է հիշում՝ ինքն ինչպես է փրկվել, պատմում է, որ թոնրի մեջ է մտել, կափարիչը փակել, թուրք մարդասպանները չեն նկատել, անցել-գնացել են: Մեկ էլ պատմում է, թե հորքուրի հետ դեպի Արաքսն են փախել, գետն անցել ու փրկվել: Նա չի հիշում՝ ինչպես է ամերիկյան որբանոցում հայտնվել, Թումանյանին է տեսել, վարժարան է սովորել՝ «դասատվի» վկայական ստացել: Մի օր՝ հասուն բեղ-միրուքն արդեն ծիլտան, ուղեգիր են տվել. «Ղարաբաղ»: «Գնա հասիր Մարտակերտ․ էնտեղ ընտրելու են գյուղդ, կրթության բաժինը քեզ տեղավորելու է, ամեն արտոնություն տալու է: Մի աղջիկ կուզես, ընտանիք կազմես, լույս կլուսանա, բալա՛ ջան»,- կարգին ջահել ես արդեն: Բարի մարդիկ են խորհուրդ տվել:
Հիմա… Սամարղանդ թանկագին հյուր են գնացել. վերջին օրը, Աբգարին մի քանի ծալ քենակալ եկող, խմիչքից էլ մոտիկ, բարեսիրտ Վարդգեսն ասել է.
— Բա բարի ճանապարհի կենացը չե՞նք խմելու, բաջա՛նաղ: Մեզ ի՞նչ կասեն, որ հազար կիլոմետր ոտք թակեք հասնեք էստեղ, ու ձեր գնալու բարիաջողումի կենացը չխմենք:
Աբգարը չեմուչեմ է արել, Լուսիկին նայել: Կինը հանկարծ ասել է.
— Չի լինի՛ իհարկե, Վարդգե՛ս, բարի ճանապարհի կենացը հատուկ պիտի խմվի:
Աշխուժացել են, արյունակից-ազգական իրար լացակումած գրկախառնվել (տոմսերը նախօրոք առել էին արդեն) եկել աերոպորտի սրահ, մարդ ու կին ամրագոտիները կապել են, ու էդ կապելն է, դղրդոցով, ահիպարան երկինք բարձրացել, տվել-մի կուշտ ննջել են:
Ժամ-ժամուկեսվա թռիչք է․ օդ են բարձրացել, միառժամանակ հետո ռուս ուղեկցորդուհու բարեհունչ ձայնը տեղեկացրել է, որ եղանակային պայմաններից ելնելով՝ ինքնաթիռը ստիպված պիտի վերադառնա Սամարղանդի օդանավակայան: Աբգար, Լուսիկ չեն լսել, քնած են եղել հայտարարության ժամանակ, արթնացել են՝ սիրունատես, կաս-կարմիր շուրթերով ուղեկցորդուհու հորդորից․ «Ամրագոտները կրկին կապել․ վայրէջքի ենք գնում»: Մարդուկին զարթնել, զարմացել են.
— Ինչ էլ շուտ տեղ են հասել, անտեր Բաքուդ ի՞նչ էլ մոտիկ ա: Էս չէ՞ր, որ աչք փակեցինք, տերդ մեռնի՜, տեխնի՛կա…
Իջել են «Բարի գալուստ» ընդունարան, տաքսիստները իրար գլուխ են ելնում: Աբգարը մեկին ձեռքով է արել, ճամպրուկների վրա դրել ձեռքերը ինքնագոհ: Նա անթրաշ տաքսիստին մի՛ թուրքի է նմանեցրել, մի՛ ուզբեկի․ կեսը ռուսերեն, կեսը թուրքերեն՝ կցկտուր զրույցով նստել մեքենայի մեջ, տաքսին պոկվել է․ եղանակը թուխպ, եղկելի: Տաքսիստն ասել է.
— Ну что. отец, говори, куда тронемся?
— Սյուր Էրմենիքենդա (քշիր Արմենիքենդ),- իր թուրքերենից գոհ, պատասխանել է Աբգարը:
— Куда-куда?,- ուսի վրայով տարակուսել է վարորդը:
— Էրմենիքենդ, ա՛յ գարդաշ, էրմենիքենդ, ռազվե նեզնայե՞շ,- հարցրել է Աբգարը:
— Вы что-то путаете, отец, неужели вы не в курсе, что ваш рейс вернулся? Это Самарканд, Самарканд, куда вас отвезти? Есть родственники?- ծիծաղել ու գլխի է ընկել վարորդը:
[1] Գյալմա (թրք․) – եկվոր։
No Comments