Հրատապ Շուշանիկ Թամրազյան

Շուշանիկ Թամրազյան/ Խոսք

16.11.2021

Թվում է՝ իրար հետևող օրերի շղթան, դեպքերի հաջորդականությունը վերջին շաբաթներին՝ անհավանական և անհոդաբաշխ, մեզ ընտրության որևէ հնարավորություն չեն թողնում… Գորիս-Կապանի անցակետը, որի լուրը, որպես անհավանական մի զառանցանք, ցնցեց կեսգիշերային քաղաքում հեռախոսների էկրաններին իրենց հարցերի տրամաբանական պատասխանը փնտրող քաղաքացիներին, մարդկանց տարակուսած ցասումը մյուս օրն առավոտյան, Ազգային ժողովի շենքի առջև, ոստիկանական համազգեստների ու հատուկ ջոկատայինների գորշ, վայրագ հեղեղը, որ դարձյալ նման էր զառանցանքի, ու հետո նորից՝ լարված սպասում ու լռություն, մինչ հաշված ժամերում հյուսվում էր նոր լաբիրինթոսը՝ այս անգամ «միջանցքային տրամաբանությունից խուսափելու» և դրա հետևանքների մասին, ու պաշտոնական հայտարարություններն ու հարցազրույցներն իրար էին հետևում աղաղակող մի անհամապատասխանությամբ՝ բացարձակ անակնկալի վարկածից սահուն անցում կատարելով հնարավորինս շահեկան լուծման և մոտավոր պայմանավորվածության տարբերակին: Հետո դարձյալ ստի ու կեղծիքի մղձավանջային մշուշը, որում մի օր շարունակ կառավարությունը պահում էր սեփական ժողովրդին, 15-ի առավոտյան անամոթաբար հաստատվող և հանրությանը ներկայացվող իրողությունը՝ ըստ ծանոթ սցենարի, երբ կատարվածն այլևս փաստ է՝ անուղղելի, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի տարածք, հայկական զորքերը, որ հետ են քաշվում անհասկանալի հանգամանքներում և այլևս չեն վերադառնում նախկին դիրքեր… Գրեթե դրան զուգընթաց՝ Կապան-Ճակատեն անցակետի տեղակայման լուրը: Բայց, թերևս, դրանից դեռ շատ առաջ՝ նոյեմբերի 9-ին, Ազգային Ժողովի նախագահի զարմանալի փափկանկատ հայտարարությունները՝ ի պատասխան քսաներկուամյա հայ երիտասարդի սպանության մասին հնչած հարցի, երբ ուղղակի մնում է զարմանալ ու խոր մտորումների գիրկն ընկնել, թե որտեղ է նույն այդ փափկանկատությունը, որտեղ է նույն՝ օրգանական խորշանքը հայհոյախոսության և ոչ քաղաքակիրթ պահվածքի հանդեպ, երբ հարգարժան քաղաքական «էլիտայի» հասցեատերերը ոչ թե Աթաթուրքի զավակներն ու դավանորդներն են, այլ՝ կրողները սեփական լեզվի և մշակույթի… 

Իսկապես, թվում է՝ իրար հաջորդող օրերի և դեպքերի շղթան չի թողնում որևէ այլընտրանք շարքային քաղաքացուն, քան կեղծիքի, խաբեության խճճված այս շղարշից դուրս լողացող հերթական փաստի արձանագրումը, պոռթկացող ցասումը — ու դարձյալ՝ պաշարված, կախարդված մի լռություն, համրության դատապարտված մի նողկանք  տխեղծ պերֆորմանսների՝ անվերջ սրբագրվող այս թատերաբեմում: Դավադիր, բեմականացված այս անկարության արարում, որ կառավարությունը ուղղակի պարտադրում է սեփական քաղաքացիներին, սեփական խոսքերը իմաստազրկվում են. «Հայրենիք ենք կորցնում», «վտանգված է հայրենիքը»… 

Միայն մի բան. փորձում եմ պատկերացնել՝ ինչ է զգում հիմա այն 47-48 տոկոսը, որ ձայնը տվել է Խորհրդային՝ գոյություն չունեցող քարտեզների անփառունակ նվիրակներին: Ճակատագրի հեգնանքն է. 2016-ին Ազգային ժողովի նիստին պատգամավորներից մեկը խոսում էր «տրայնոյ օդիկոլոնների» միանգամայն հասկանալի սպառնալիքի մասին, այսօր Խորհրդային առեղծվածային քարտեզները վերածվել են կառավարության ամենափրկիչ շուտասելուկի: Ո՛չ, թիկունքին СССР գրված կարմիր սպորտային հագուստով այս կերպարանքները, որ սարսափելի արհավիրքների դիմակայած, կարծր ու աննկուն երկիրը ուզում են վերածել աշխարհաքաղաքական «կոլխոզի», ավաղ, ինչ-որ մեկի խենթախոս զառանցանքը չեն, այլ՝ իրողություն: 

Բայց թվում է՝ այս ամենը սկսվել է մղձավանջային երազի պես ու շարունակվում է մղձավանջի տրամաբանությամբ… 

…Չեմ ուզում հավատալ, որ հայտնվել ենք հիպնոսացած, պաշարված մի անշարժության, քարացման լաբիրինթոսում: Թեև քարերն իրենց անշարժ դիմադրությամբ երբեմն աշխարհներ են փրկում ու խորտակում: Եվ սա ասում եմ առաջին հերթին ինքս ինձ: Ուզում եմ հավատալ այն պայծառ, խիզախ դեմքերին, որոնց սեփական երկրի ոստիկանները, մոռացած Ազգային ժողովի նախագահի դասերն ու պատգամները քաղաքակրթության և աշխարհի կարգի մասին, տեսախցիկների առջև և օրը ցերեկով, քաշքշելով ու հայհոյելով՝ տանում էին դեպի մեքենաներ:

16.11.2021

                                                                                                                          

No Comments

Leave a Reply