«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մինչև ապրիլի 29-ը կգործի «Էրեբունի․ Ասիլվա» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված են ֆրանսահայ գեղանկարիչ, քանդակագործ Ասիլվայի (Սիլվա Առաքելյան) աշխատանքները։ Նա Փարիզի «Մեծ պալատի» (ֆր.՝ Grand Palais) «Comparaison» սալոնի ղեկավարն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիրը, առաջին քրիստոնյա կինը, որն արժանացել է Թուրքիայի՝ «Արվեստի նվաճումների համար» պետական մրցանակի։
Զրուցել ենք արվեստագետի հետ։
— Ինչպե՞ս ծնվեց ուրարտական թագավորությանը շարք նվիրելու միտքը։
— 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մեծ ցուցադրություն արեցի Սունդուկյանի թատրոնում։ Այդ ընթացքում այցելեցի «Էրեբունի» թանգարան, և տնօրենն առաջարկեց այստեղ էլ ներկայացնել աշխատանքներս։ Թանգարանում մեր արմատների շունչը կար․ որոշեցի նկարներիս մեջ ուրարտական սիմվոլներ ներառել։ Օրինակ՝ Արարատի ֆոնին՝ «Կարմիր Բլուրը»։ Քովիդի ու պատերազմի պատճառով ցուցահանդեսը հետաձգվեց։ Պատերազմից շատ ազդվեցի ու ցանկացա իմ ձևով օգնել վիրավոր զինվորներին՝ գործերս վաճառելով։ Այս ցուցահանդեսը տանելու եմ նաև Ֆրանսիա, Շվեյցարիա։ Ամբողջ գումարն անձամբ փոխանցելու եմ նրանց, որոնք պրոթեզի կամ այլ ծախսերի կարիք ունեն։ Պիտի օգնենք, որ մեր զավակները նոր կյանք մտնեն։
— Ես եղել եմ նախորդ ցուցահանդեսին։ Կարծես թե պատերազմից հետո Ձեր գույները շատ չեն փոխվել․․․
— Ո՛չ, նույնն են։ Գիտեք, ոսկե հատման սկզբունքը, որով ստեղծագործում եմ, հարմոնիկ ուժ ունի։ Բավական է՝ մի քանի վայրկյան կանգնես կտավի առաջ, ուղեղիդ բջիջները փոխվում են, միտքդ ավելի դրական է դառնում։ Ոսկե հատման հարմոնիայի մասին նույնիսկ կոնֆերանսներ եմ անում։
— Իսկ որքանո՞վ է Ձեր արվեստը հասկանալի, ընդունելի մարդկանց համար։ Տեսնում եմ՝ գույները կրկնվում են, բայց սյուժեն տարբեր է։
— Աբստրակտ գեղանկարչությունը պետք է զգալով հասկանալ։ Այս աշխատանքներից յուրաքանչյուրն իր անհատականությունն ունի։ Օրինակ՝ գոգավորությունները նմանեցնում են թերթերի, կյանքի կամ գրքի էջերի։ Իսկ ուրարտական սիմվոլները, որոնք զուտ հայկական են, պետք է բացատրել դիտողին, որպեսզի նա կարողանա մոտենալ մեր պատմությանը։
— Կա՞ն այլ հայ արվեստագետներ, որոնք ոսկե հատման կանոնով են աշխատում։
-Չեմ հանդիպել։ Ամեն անգամ Հայաստան գալիս, թևերս բաց, նրանց եմ սպասում։ Բայց չկան, շփում չկա։
— Ինչպե՞ս առաջացավ սերը դեպի նկարչությունը, աբստրակտը։
— Երկու տարեկան էի, երբ մայրիկս ինձ մատիտներ տվեց, ու սկսեցի կրկնօրինակել թղթի վրայի շրջանակը։ Ծնողներս ինձ նկարչական ուսման չտվեցին, քանի որ աղջկա համար «գծագրիչ» լինելն ամոթ էր։ Ամուսնուս ասացի, որ կամուսնանանք միայն նկարչական ակադեմիա ընդունվելու դեպքում։ Համաձայնեց։
Սկզբում դիմանկարներ ու բնանկարներ էի անում։ Հետո մաթեմատիկական կրթություն ստացա ու սկսեցի Ռեմբրանդ, Սյորա ուսումնասիրել։ Ոսկե հատման գործածության մասին աշխատություններ գրեցի, որը ձեռք բերեց Լուվրի թանգարանը։
Աբստրակտը միայն ձևի ու գույնի համադրում չէ, այն գիտություն է։ Իմ դասախոսություններին ես ընդգրկում եմ մարդկանց, որոնք նկարչությունից հեռու են։ Մի քանի հանդիպումից հետո նրանք գտնում են իրենց ձեռագիրը։
— Խոսեցիք արմատներից։ Դուք Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ եք։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ ընտանեկան պատմությունը Ձեր կյանքում։ Ի՞նչն է Ձեզ այսքան հաճախ բերում Հայաստան։
— Ցեղասպանության մասին ես լսել եմ հորիցս շատ ուշ տարիքում, երբ արդեն երկու զավակ ունեի ու Փարիզում էի ապրում։
Պատմում էր, որ 1915 թվականին թուրք զինվորները մտել են Ադրիանապոլսի իրենց տուն ու տեղահանել ողջ ընտանիքին։ Տատս մի կապ ոսկի է վերցրել, ամուսնու և երկու զավակների հետ ճամփա ընկել։ Նրանց նավակ էր սպասում, որը մեծ փորձությունների է ենթարկվում։ Անատոլիայում հորս ծանոթ մի թուրք ասում է, որ ջարդ է լինելու։ Հայրս՝ Մկրտիչը, որը յոթ լեզու գիտեր, համաձայնում է քեմալականների համար գերմաներենի թարգմանիչ աշխատել՝ մի պայմանով, որ ընտանիքն իր հետ է տանելու։ Հասնում են Կոստանդնուպոլիս, որտեղ էլ հայրս հանդիպում է մորս։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարող եմ ասել, որ Փարիզն իմ տունն է, իսկ Հայաստանը՝ սրտի մի անկյունը։ Հայաստանն առանց պատճառի եմ սիրում։
Անի Անտոնյան
Լուսանկարները՝ հեղինակի
No Comments