ՕրԸնթաց Ազդագիր

«Երևանյան հեռանկարները» հյուրընկալում է գերաստղերի

28.09.2019

20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն իբրև դաշնակահար կներկայանան բացառիկ համերգով:

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Հնչելու են Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները ալտի, հարվածային գործիքների և դաշնամուրի համար: Բացառիկ այս համերգը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Առջևում հոբելյանական համերգներ են (հոկտեմբերի 7, 8, 9): Փառատոնն այս տարի մեկնարկեց ապրիլի 29-ին՝ բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

Լուսանկարը՝ armenianweekly.com-ից

Քիմ Քաշքաշյանը հայտնի է որպես արտիստ, որը միավորում է հզոր և անսպառ ինտելեկտը` հնչյունների անզուգական գեղեցկության հետ: Նրա համբավը` իբրև կատարողի, ձայնագրող արտիստի և ուսուցչի տարածվել է աշխարհով մեկ: 2013-ին իր «Կուրտագ և Լիգետի: Երաժշտություն ալտի համար» կատարումով նա արժանացավ հեղինակավոր Գրեմմի մրցանակին: Որպես մենակատար Քաշքաշյանը հանդես է եկել Բեռլինի, Լոնդոնի, Վիեննայի, Միլանի, Նյու Յորքի, Քլիվլենդի նվագախմբերի հետ՝ համագործակցելով Էշենբախի, Մետայի, Վելզեչ-Մյոստի, Կոչիշի, Դենիս Ռասել Դևիսի, Բլումստեդի և Հոլիգերի հետ: Քաշքաշյանը մենահամերգներ է ունեցել Վիեննայի, Հռոմի, Փարիզի, Բեռլինի, Մյունխենի, Տոկիոյի, Աթենքի, Լոնդոնի, Նյու Յորքի, Բոսթոնի, Չիկագոյի, Սան Ֆրանցիսկոյի և Ֆիլադելֆիայի հսկա դահլիճներում: Նա նաև մշտական մասնակիցն է Վերբյեի, Զալզբուրգի, Լոքենհաուսի, Մառլբորոյի և Ռավինիայի երաժշտական փառատոնների: Քիմ Քաշքաշյանի ECM ձայնագրողական ընկերության բացառիկ արտիստ է: Նա ստացել է 2001թ-ին Կաննի դասական մրցանակը, 1999-ին՝ Էդիսոնյան պարգևը, ինչպես նաև երաժշտության մեջ ունեցած իր ներդրումի համար ստացավ Փիբոդի և Շվեյցարիայի  «Ոսկե աղեղ» մրցանակները: Քաշքաշյանը դասավանդել է Ինդիանայի համալսարանում, Ֆրայբուրգի կոնսերվատորիայում և Բեռլինի Հանս Այսլերի անվան երաժշտական ակադեմիայում: Այժմ Քիմ Քաշքաշյանը բնակություն է հաստատել Բոստոնում, և Նոր Անգլիայի կոնսերվատորիայում դասավանդում է կամերային երաժշտություն և ջութակ: Քաշքաշյանը հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է «Երաժշտությունը՝ սնունդի համար» նախաձեռնության, որի շրջանակներում ելույթ են ունեցել հարյուրավոր արտիստներ, ինչի արդյունքում ավելին քան կես միլիոն կարիքավոր մարդկ անվճար սնունդ է ստացել:

Լուսանկարը՝ atlantaplanit.wabe.org-ից

Ռոբին Շուլկովսկին 20-րդ և 21-րդ դարերին սոլո հարվածային գործիքների համար գրված ամենանշանավոր ստեղծագործությունների ստեղծված առաջին կատարողը և ձայնագրողն է: Նա նվիրել է իրեն հարվածային գործիքների կախարդական հնչյունները մարդկանց համար հասանելի դարձնելուն: Նոր հնչյունների շարունակական բացահայտումները հանգեցրել են երաժշտին նոր և անսովոր երաժշտական գործիքների ստեղծմանն ու զարգացմանը: Ամերիկացի կատարողն ակտիվորեն ներկայություն ունենալով աշխարհի հինգ մայրացամաքներում, իր արկածային ու էքսպերիմենտալ ստեղծագործական կյանքի ծաղկման շրջանում տեղափոխվեց Գերմանիա: Նա աշխատել է կոմպոզիտորներ Շտոքհաուզենի, Քսենակիսի և Ֆելդմանի հետ, ներկայացնելով նրանց երաժշտությունը Աֆրիկայում, Հնդկաստանում,  Ասիայում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում և Մեքսիկայում: Ռոբին Շուլկովսկու արկածասեր էությունը համագործակցություն ստեղծեց աֆրիկացի լեգենդար թմբուկահար Քոֆի Գանաբայի, Գյունթեր Ուկերի, դերասանուհի Էդիթ Քլիվերի, հասարակագետ Նիլամ Ռամի և խորեոգրաֆներ Մերս Քայնինգհեմի և Սաշա Վալցի հետ: 1998թ-ից, որպես RhythmLab-ի հիմնադիր, Ռոբին Շուլկովսկին հարվածային գործիքների համար վարպետության դասեր է անցկացրել անհամար քաղաքներում, ներգրավելով ինչպես ուսանողներին, այնպես ել` փորձառու մասնագետներին: Շուլկովսկու վիտուոզ վարպետությունը հավերժացված է 20 ձայներիզներում, որոնց թվում են ալտահար Քիմ Քաշքաշյանի, շեփորահարներ  Նիլս Պետեր Մոլվաերի և Ռայնհոլդ Ֆրիդրիխի հետ պատմական ձայնագրությունները: 2005թ-ին Ռոբին Շուլկովսկին համագործակցել է հայտնի հնչունային նկարիչ Լուկաս Կուենի և թմբկահար Ջոուի Բարոնի հետ` «Տիեզերք և Պարբերականություն» նախագիծը ստեղծելու համար. արդյունքում «Live Sonic Sculpture»-րն այսօր տեղադրված է Նյու Յորքի Գրանդ կենտրոնական կայարանում: Ռոբին Շուլկովսկու «Ջրասամույրի ձագը» օպերան առաջին անգամ ներկայացվել է Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում 2008թ-ին: Նրա հեղինակային «Արմադիլո» ստեղծագործությունը հասանելի է Նյու Ուորդ Ռեքորդզում: Ռոբին Շուլկովսկին ուրախությամբ հայտնել է նաև Ջոուի Բարոնի հետ «Հիմա լսում ես ինձ» դուետի CD-ի մոտալուտ թողարկման մասին:
Ardi.am

No Comments

Leave a Reply