ԳրաԴաշտ Վարդան Հակոբյան (Արտո)

Նոր Էդիպական կամ հոգիների վերածնման ևս մեկ՝ մտացածին տարբերակ (4)

10.10.2022
Վարդան Հակոբյան

Սկիզբը՝ այստեղ

Բանտված իմ նոր կացարանում, առանց ձեռքերի ու ոտքերի, նախասաղմնային վիճակում՝ փորձում էի հասկանալ, թե ինչ կատարվեց: Փորձում էի որևէ կերպ սահմանել վիճակս, բոլորովին անհասկանալի դարձած աշխարհի համար բացատրություն գտնել, իմաստավորել այն, ինչը «կյանք» անվան տակ չէր տեղավորվում: Ես չէի կարող լինել այն սաղմը, որն աճում էր իմ հետ նույն տարածքում, թեև ինչ-որ անքակտելի-անորոշ կապ կար մեր միջև։ Ո՛չ դրախտում էի, ո՛չ քավարանում, ո՛չ դժոխքում, ու ազատորեն սավառնող հոգի էլ չէի: Ես ոչինչ էի, բայց մտածող ոչինչ: Եվ շուտով պիտի դառնայի նաև լսող ու զգացող ոչինչ:

            (Նորից ստիպված եմ միջամտել. ինչպե՞ս կարող է այս նկարագրությունը կյանքի արտացոլում համարվել. հնարավո՞ր է արդյոք սրան լուրջ վերաբերվել։ Նույնիսկ հոգու հավերժ և մարմնից անկախ գոյության կողմնակիցները չեն ընդունի այդ անհասկանալի սուբստանցիայի գոյության այսպիսի տարբերակ։ Կրոնավորները սրան դև կհամարեն, իսկ ես գիտեմ, թե ում է ձեռնտու նման հեքիաթը։ Սա հոգու ոչ նորմալ, ընդհանուր տեսակետից շեղվող մի նկարագրություն է, բացառություն, որ կոչված է հաստատելու մնացածի ճշմարտացիությունը։ Այլ կերպ ասած՝ հին-կրոնական մի պրիոմ կամ ձեռնածություն՝ հասկանալի-նյութական աշխարհից և սոցիալական ռեալիզմից մեզ շեղելու նպատակով)։

            Ե՞ս էի այդ վիճակիս հեղինակը, թե՞ ուրիշը. արդյո՞ք բոլորի կյանքն է այսպես սկսվում, ու հետո ամեն ինչ մոռանում են, թե՞ միայն ինձ էր պատահել սա. արդյո՞ք մեղքիս հետևանքը չէր վիճակս, թե՞ պարզապես կատաղեցրի ճակատագրի որևէ հնագույն դևի, և նա պատժեց ինձ: Այս ու բազմաթիվ այլ հարցերի, որոնք Ձեր մտքով էլ կանցնեն, ես չունեի և այժմ էլ՝ տարիներ անց, չունեմ պատասխաններ: Գուցե կասկածեի էլ, թե այդ ամենն իրականում է կատարվել ինձ հետ, եթե վերհիշման պահին սկսվող անտանելի գլխացավն ամեն անգամ չհաստատեր հիշողությանս իրողություն լինելը: 

            Ծննդյանս օրից սկսեցի զգալ, որ գլխիս մեջ ինչ-որ մեկը ևս կա, որ սկսում է դանդաղ, բայց և անհետընթաց բաժանվել ինձնից՝ ուղեկցելով դա ուժեղ, անտանելի, հիմարեցնող գլխացավով։ Միայն վերջին պահին, երբ մի բարակ թել է կապում մեզ, ու դեմքիցս առանձնանալով՝ պիտի հեռանա՝ իր վախեցած աչքերով, Յանուսի հայացքով իմոնց նայելուց հետո, մեկ պահում նորից միաձուլվում ենք, ու անհետ կորում է գլխացավի հետ միասին (Դե, անձի երկվության թեման շատ գրողների է հուզել, նաև ինձ՝ նվաստիս. տես ստեղծագործություններիս յոթհատորյակի չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հատորներս)։

            Քանի դեռ արտաքին ձայներն անհասկանալի էին, ապրում էի երևակայության, մտորումների ու հիշողությունների աշխարհում՝ վայրկյան առ վայրկյան վերհիշել-վերապրելով կյանքս: Ու զարմանալին այն նոր մանրուքներն էին, որ նորմալ վիճակում անհնար կլիներ մտաբերել. ասենք` ծննդիս պահը, հորս՝ ինձ ուղղված առաջին հայացքը, առաջին խոսքերս ու ծնողներիս երջանկությունն առաջին քայլերիս առթիվ: Կարոտել էի, բայց և տարօրինակ զգացողություն ունեի, որ այլևս անհետընթաց կորցրել եմ նրանց:

            (Տեսեք ի՞նչ հիմարություն ստացվեց. տղայի հիշողությունները ոչ միայն իր գլխից դուրս էին ապրում, այլև ավելի մանրամասն էին դարձել։ Մյուս կողմից, եթե գրողիկի տհաս ֆանտազիան դեն նետեք, կարող ենք մտածել, որ այս տողերի «հեղինակը», թերևս, դեռևս վերջնականորեն չի՛ կորցրել իր մարդկային դեմքը։ Սակայն մի՛ խաբնվեք… սա բարոյականություն և մարդկային նորմալ զգացումներ չեն, այլ միայն դրանց խաբկանքը)։

            Ամենից շատ հիշում էի Նրան, այն սերը, որ կարճ կյանքիս միակ երջանիկ օրերը պարգևեց ինձ…օրեր, որ կազմված էին իրենց մեջ տարիներ պարունակող վայրկյաններից: Այդ պահերին թվում էր, թե նորից մատներ ունեմ, որ շոյում են նրան, շրթունքներ, որոնք երկարատև համբույրներից անզգայանում են, և մարմին ունեմ, որը կորցնում է իր քաշը նրա հետ անցկացրած ամեն վայրկյանի հաճույքից: 

            Նա էր իմ միակ մխիթարությունը. մի ողջ կյանք էի պատկերացնում, որ կարող էինք ապրել միասին, մտովի ամուսնանում էի նրա հետ, գնում հարսանեկան ճամփորդության, զավակներ ունենում… և մինչև կյանքներիս վերջը երիտասարդ էինք ու միմյանց սիրահարված: Իսկ գիտե՞ք, թե ինչ է նշանակում պատկերացնել-երևակայելը, երբ կտրված ես աշխարհից ու դուրս ես, ավելի ստույգ՝ բնավ չես զգում ժամանակը, չունես ֆիզիկական մարմին, որն անընդհատ վերադարձնի իրականություն ու պահանջի իրական զգացողություններ: Դա ավելին է, քան մեր ապրած իրականությունը… 

            (Սերը զգացմունքների միջոցով մարդուն իր տեսակի շարունակությունը ապահովող գործողությունների մղում է և ուրիշ ոչինչ։ Այս առումով մի փոքր շեղվեմ. կարո՞ղ է արդյոք մարդը սիրել Աստծուն կամ մի որևէ այլ՝ անապացուցելի բան, կամ, ինչպես մեր տհաս հերոսը, սիրել անհասանելին։ Վստահ եմ, որ ֆիզիոլոգիական հիմքից զրկված «զգացում» չի կարող լինել, դա հակասում է մեր կենդանական բնույթին, ուստի և խաբկանք է)։

            Դրսից լսվող հնչյունները հասկացվելու համար նախ տառապալից ճիգեր էին պահանջում, բայց շուտով դարձան հիմնական զբաղմունք: Անիծվի այն օրը, ժամը, րոպեն, վարկյանը, երբ սկսեցի պարզորոշ հասկանալ ոչ միայն կացարանիս տիրոջ սրտի զարկերն ու բառերը, այլև դրսից եկող աղմուկներն ու նախադասությունները: Որքան երջանիկ ենք, երբ լսում ենք միայն մեզ համար նախատեսվածը, որքան տհաճ է ուրիշի կյանքի մանրամասներն ու գաղտնիքներն իմանալը:  

            Առաջին տխուր լուրը, որ լսեցի, ինձ էր վերաբերում. յոթ օր կոմայում մնալուց հետո մարմինս դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ մայրս՝ նա, ում գրկելու հույսն ինձ համակերպում էր նորից աշխարհ գալու մտքի հետ, հեռացել էր կյանքից առանց մարմնիս վախճանը տեսնելու՝ սրտի կաթվածից։ Հայրս՝ որպես իսկական տղամարդ, միայն մեր մարմինները հողին հանձնելուց հետո էր կնքել իր մահկանացուն… Սակայն ոչ միայն կորուստներն էին անտանելի դարձնում նորից ծնվելու միտքը:

             Գուցե կարողանայի մխիթարել ինձ նրանով, որ նորից մայր կունենամ, բայց կացարանիս տիրոջ կյանքի մանրամասներն ամեն օր խեղդում էին այդ ցանկությունը: Նախ, երբ փորը նկատելի էր դարձել՝ իր հետ բերելով բազմաթիվ անհարմարություններ, փորձեց վիժեցնել ինձ, սակայն ոչ մի բժիշկ չցանկացավ մասնակցել այդ՝ գուցե կրկնակի սպանությանը (Ասացեք խնդրեմ, ի՜նչ բարոյական են դարձել մեր բժիշկները… տղան պարզապես չի ուզում խոստովանել, որ մայրացած կինը սրբանում է ու չի կարող սպանել իր պտուղը…)։ Ապա լսում էի, թե ինչպես է իմ պես թուլամորթ ևս երեք երիտասարդի փորձում համոզել, թե երեխան իրենցն է. ինձ շատ լավ ծանոթ բառերով, հնչերանգներով, տեսարաններով ներկայացումներն աննպատակ մնացին: Նրա իրական վերաբերմունքը հանդեպ ինձ պարզ էր դառնում, երբ խմիչքն ու հաշիշը մթագնում էին գիտակցությունը: Ընկերուհիների հետ զրույցներում ես նրա ծաղրի ու հայհոյանքների հիմնական թիրախն էի, անհաջող ընթացք ստացած ծրագրի պատճառն ու հետևանքը, և, ընդհանրապես, նրա քավության նոխազն էի, մանավանդ՝ ծնողներիս մահվանից հետո, երբ հնարավոր ակնկալիքներն անհասանալի էին դարձել… 

            (Չեմ էլ ուզում մեկնաբանել այս տխմարությունները։)

            Կատաղության պահերին նորաճող սաղմի մարմնով անասելի ճիգեր էի գործադրում նրանից դուրս գալու համար, սակայն բացի նոր հայհոյանքների առիթ դարձող մի քանի քացիներից` ոչինչ չէր ստացվում:

            Երբեմն-երբեմն նահանջում էի և փորձում կողքից, այլ մեկի հայացքով նայել ինձ իր մեջ կրողին: Անհերքելի էր, որ բազմաթիվ զրկանքներ էր կրում ինձ կացարան տալու համար: Որքան որ կարող էի ենթադրել լսածս զրույցներից, չնայած ծնողների կենդանությանը և «ընկերուհիների» բազմության, չկար մեկը, որն իսկապես գթասրտորեն վերաբերվեր իրեն, բարի խոսքով մաքրեր ու հանդարտեցներ նրա հոգին, իր սիրով լվանար կյանքի թելը կորցրած կնոջ մարմինն ու հայացքը, արթնացներ մայրական զգացողությունները (թեև դրանք պիտի որ բնածին լինեին): Նա առնվազն ոչ պակաս կամ, գուցե և, ավելի միայնակ էր, քան ես այդ պահին, և մեղադրելի չէի համարում նրա խաբեությունները, իր նպատակներին հասնելու ճանապարհին բարոյական տարրական չափանիշների անտեսումները (Այսքանը չգիտեմ՝ ե՞ս էի ավելացրել, թե՞ նա էր գրել)։ Սակայն երբ գիտակցում էի, թե ումից պիտի ծնվեմ, ում հետ պիտի ապրեմ, ում կրծքից պիտի կաթ ուտեմ և ում պիտի պարտական լինեմ նոր կյանքովս, միայն մեկ՝ աստիճանաբար սևեռուն միտք դարձող ցանկություն-նպատակ էր առաջանում: Ծնվել և ինքնասպան լինել առաջին իսկ հնարավոր պահին, ծնվել միայն մեռնելու և գործածս սխալը ուղղելու համար… Գուցե թե, դրանից հետո ես է՛լ բախտ ունենայի տեսնել այն հանդերձյալ կյանքը, որն այդքան բազմախոս է ներկայացնում կենդանի մարդկանց երևակայությունը. պատրաստ էի նույնիսկ դժոխքում քավել մեղքերս, որպեսզի նորից սովորական մարդկանց շարքը դասվեի, ապրեի տիեզերքի օրենքների ու կանոնների համաձայն: Ծնվել ու մեռնել, աշխարհ գալ ու հրաժարվել դրանից` ահա թե ինչն էր ինձ հեռու պահում խելագարությունից բանտարկությանս վերջին օրերին…

ԲԱՅՑ…

            ՏԵՐ-ԱՍՏ-ՎԱԾ, ի՜նչ հրաշք է աշխարհը, ի՜նչ անկրկնելի հրաշքներ են լույսը, գույնը, առարկաների արտացոլումները, ձայները, շարժման ազատությունը, մարմին ունենալը, շնչելը, երբ այդ ամենը հայտնվում է միանգամից, հանկարծակի, որքան էլ իմանաս` անսպասելի, զարմանալի ու անհասկանալի, բազմաշերտ ու հարափոփոխ: Եթե ցանկանում եք գիտակցել արարչագործության հրաշքը, նորից ծնվե՛ք: Բոլոր սև մտքերն ու ծանր հիշողությունները հօդս են ցնդում, պարզապես հալվում են լույսի ճառագայթներում, հեռանում են լույսի ալիքների հակառակ ուղղությամբ ու արագությամբ: Մենք չգիտենք, որ ապրում ենք բյուր ծիածանների մեջ, մեր շնչառությունն ու սրտի զարկերը մի համատարած երաժշտության ռիթմերն են, մենք կույր ու խուլ ենք և գեղեցիկ այդ անգիտության մեջ:

            Ես լողում էի ազատության վայելքում. մարմինս չէր կարողանում մի կարգին շարժվել, կոկորդիցս ինչ-որ տարօրինակ ճղճղոց էր լսվում, ինձ զննում-քննում էին ու կապկպում լաթերով, բայց ես ազատ էի, քանի որ ոչինչ չէր կարող խանգարել աշխարհով հիանալուն: Ինքնասպանության սևեռուն գաղափարը տվեց իր վերջին բենգալյան կայծն ու ընդմիշտ հանգեց. այլևս չէի կարող չապրել, ու ոչ մի նոր տառապանք չէր թուլացնի կյանքի կոչող կամքս: Փորձեցի շնորհակալություն հայտնել ինձ լույս աշխարհ հանողներին, սակայն միայն աղիողորմ ճիչ դուրս թռավ կոկորդիցս. վստահ եմ, որ հասկացան, քանի որ տեսա նրանց դեմքերի նարնջագույն ճառագայթումը (Վերջապես…վերջապես տղան սկսեց անկեղծանալ. ես չեմ հավատում, որ մեր հրաշալի հասարակությունում ծնված մարդը կարող է չսիրել այն հրաշքը, որ կյանք է կոչվում, թեկուզև քաղաքում ծնված լինի…)։

Շարունակելի

Վարդան Հակոբյան (Արտո)

No Comments

Leave a Reply