Սկիզբը՝ այստեղ
ՅԱՆՈՒՍԸ
Զսպակապեցին, դրեցին սայլակի մեջ ու տարան մի մեծ սենյակ, որտեղ ինձ պես շատերը կային. նրանց մի մասը քնած էր` նախածննդյան հիշողությունները ենթագիտակցության խոր շերտերին հանձնելու քնով, իսկ մյուսը` արդեն արթնացել, լուռ փորձում էր ընկալել նոր աշխարհը: Երբ գրավեցի տեղս, կրկին փորձեցի խոսել, բայց կրկին կոկորդիցս միայն մի աղիողորմ ճիչ դուրս եկավ. եթե իմանայի, թե ինչ կհետևի դրան, ծպտուն իսկ չէի հանի:
Արթունները սարսափած սկսեցին գոռալ, շուտով նրանց միացան քնածները, սարսափելի աղմուկը ցնցում էր ապակիները` սպառնալով փշուր-փշուր անել դրանք: Մետաղյա մահճակալները ճռճռացին ու սկսեցին օրորվել. ամեն ինչ շարժվում էր ինչպես երկրաշարժի ժամանակ: Գուցե առաջին սարսափելի գլխացավս էր ուժեղացնում տպավորությունս, մինչև զգացի, որ դեմքս առաջ է գնում, փորձում է պոկվել գանգիցս ու հենց որ հաջողեցրեց, միայն մի պահ, վայրկյանի հազարերորդականը ձգվող պահ նայեց աչքերիս ու ապտակի պես կրկին հագավ իր տեղը։ Այդ ընթացքում ներս վազեց վախեցած բուժքույրն ու չիմանալով անելիքը՝ քարացավ-կանգնեց. հետո ցնցվեց-խելքի եկավ ու սկսեց հերթով մոտենալ մանկիկներին. նրանց ձայները կտրվում էին: Մի կերպ վիզս ձգեցի… ու տեսա այն, ինչ չէի կարող պատկերացնել. հարվածում էր նորածինների դեռևս չկազմավորված գանգերին, ու նրանք լռում էին, ինչպես ինձ թվում էր այն պահին` ընդմիշտ (Չեմ կարծում, չեմ կարծում, թե սովետական ժամանակների այդ սովորությունը պահպանվել է նաև մեր այսօրվա բուժքույրերի մոտ… կարծում եմ՝ տղան լսել է, ու դուրը եկել է)։
-Ես քո……….,- անզորությունից հայհոյեցի առանց բերանս բացելու և անսպասելիորեն լսեցի իմ նախկին ձայնը: Բուժքույրը մի պահ զարմանքից սառեց, իսկ ես, նորից իմ ձայնը լսելու ցանկությամբ ոգևորված․ շարունակեցի,- գլո՛ւխդ կջարդեմ, ինձնից չե՛ս պրծնի:
Վախեցած բուժքույրը դուրս փախավ, իսկ մանուկները լռեցին: Մի քանի ժամ անց, երբ հասկացա, որ «հասակակիցներս» միայն դմբրել էին, սկսեցի խղճալ բուժքրոջը: Իսկ այն պահին, նախ, անսահման հպարտ էի հերոսական արարքիս համար, և հետո՝ շատ էի ուրախ, որ նախկին ձայնս, թեկուզ՝ որպես որովայնային, ունեմ:
(Երբևիցե լսե՞լ եք նման անիրական պատմություն, երբևիցե, թեկուզ որևէ լեգենդում կամ հեքիաթում լսե՞լ եք, որ մանկիկը որովայնախոսությամբ խոսի մեծի պես։ Գոնե հիմա կհամաձայնեք, որ սա հիվանդ երևակայության ծնունդ է, և որ նման պատմությունն առանց իմ մեկնաբանությունների չէր կարելի հրապարակել, և նույնիսկ այդ պարագայում արարքիս մեջ հերոսության տարր կա)։
Գուցե տարօրինակ հնչի, բայց ինն ամսվա բանտարկությանս մեջ չէի էլ փորձել պատկերացնել, թե ինչպիսին կլինի հանդիպումը «մորս» հետ: Նա նույնիսկ չժպտաց. դեմքը սառն էր, մտահոգ և ամեն ինչից դժգոհ: Երբ մենակ մնացինք, նայեց աչքերիս ու ասաց. «Ես քեզ հիմա կկերակրեմ, բայց տես` իզուր տեղը սովորություն չդառնա»: Կրկին ամեն ինչ երկվեց աչքերիս առաջ, և անտանելի գլխացավը մի քանի վայրկյան հեռացրեց ինձ իրականությունից, կրկին այդ անդիմագիծ դեմքը, որ փորձում էր աչքերիս նայել, ու դրա վերադարձ-ապտակը… իսկ երբ խելքի եկա, նրա կուրծքը բերանումս էր: Կծեցի` ինչքան որ ուժ ունեի, հետո էլ փսխեցի վրան: «Լակոտ»` դուրս թռավ նրա բերանից, ու ե՛ս էլ խոսքի տակ չմնացի. հին ձայնովս պատասխանեցի՝ «Դժոխքից էլ կհասնեմ քեզ, հանգիստ թող էրեխուն»: Նրա դեմքը մի պահ խառնակվեց սարսափից, անզորությունից ու կատաղությունից, ուզում էր կամ պարզապես սպառնաց գետնին նետել ինձ, սակայն ինչ-որ միտք օգնեց նրան հանդարտվել: Նոր մարմինս արհամարհանքով դրեց, համարյա նետեց անկողնուն ու պատասխանեց, ինչպես հասուն մարդուն. «Շատ պետքս չի…»: Ես իսկույն էլ ափսոսացի սանձարձակությանս համար, սակայն արդեն ուշ էր, և հստակորեն պարզ դարձավ, որ երկրորդ կյանքում մայրական քնքշանքի հույս չեմ կարող փայփայել: Լավագույնը կլիներ, եթե նա լքեր ինձ, ու որդեգրվեի որևէ ամուլ, մայրական սիրով լցված մեկի կողմից… և այստեղ մեր մտքերը հարաբերականորեն համընթաց էին… Նա երկու անգամ փորձեց վաճառել ինձ, սակայն ո՜վ դառը ճակատագիր… ձախ ոտքիս բնածին թերություն ունեի․ դրա վրա միայն երեք մատ էր՝ հավանաբար հղի ժամանակ նրա օգտագործած թմրադեղերի պատճառով։ Իսկ հանդիմանանքներին ե՛ս էի արժանանում. «Իսկի ծախելու ապրանք էլ չես. եթե գիշերներն էլ քունս խանգարես․ մանկատուն կհանձնեմ»: Սակայն անտեսելով ջանքերս՝ այդ քայլին չդիմեց. պարզվեց, որ միայնակ մայր լինելն առավելություններ ունի: Օգնության էին հասնում ոչ միայն հարևանները, բարեկամներն ու հարազատները, այլև պետությունն էր հնարավորինս առավելություններ տալիս մյուս՝ նորմալ կանանց հանդեպ: Իսկ երբ նրա՝ արագորեն հանգուցյալացված տատիկի երկու սենյականոց բնակարանն էլ ավելացավ դրանց, նույնիսկ փորձեց համբուրել ինձ: «Լվացվի, նոր մոտեցի երեխային»,- չկարողացավ իրեն զսպել որովայնախոսս: Ահա այսպես ինքս զրկեցի ինձ թեկուզև շահամոլական ձգտումներով, բայց մայրական քնքշանքի վերջին հույսից. և անկեղծ ասած՝ իրականում անչափ շնորհակալ եմ նրանից` այդ հարցում ինձ հետ համերաշխ-համաձայն լինելու համար: Մեր հարաբերությունների ապագան վերջնականապես կանխորոշված էր:
(Չեմ հավատում, չի կարող հայ մոր և զավակի մեջ այսպիսի հարաբերություններ լինել, նույնիսկ եթե… քաղաքաբնակ են։ …Երևակայության պակասը միշտ էլ սուտ է ծնում։ Իսկ եթե այս ամենը միայն հորինվածք է, որի հիմքում Էդիպի բարդույթի Ֆրեյդյան գաղափարն է դրված, ապա այստեղ էլ խեղաթյուրում կա. այնտեղ զավակը փորձում է գրավել հոր տեղը, իսկ այստեղ հայրն է գրավել զավակի տեղն ու իրենից հեռու է վանում մորը… անհասկանալի է. նույնիսկ այն հայտնի միտքը, թե սերունդների կապն ապահովվում է ոչ միայն ծնողների կողմից երեխաների դաստիարակությամբ, այլև երեխաների կողմից ծնողների ուղղակի և անուղղակի դաստիարակմամբ, ոչինչ չի բացատրում)։
Այդ օրվանից ինձ կերակրում էին միայն շշերից: Իսկ ես դժգոհ չէի: Ինձ անուշադրության էին մատնում, թքած ունեին` թաց եմ, թե չոր (փառք և պատիվ պամպերս ստեղծողին). դժգոհ չէի: Նրան միևնույն էր` սոված էի, թե կուշտ, լաց էի լինում, թե ծիծաղում: Դժգոհ չէի: Ես ինձ խենթության, պատահականության ու հիմարության զավակ էի համարում, ուստի չէի հավակնում ուշադրության կենտրոնում լինելուն. գոհ էի, որ ոչ միայն թույլ են տալիս ապրել, այլև մի քիչ օգնում են: Երբ սկսեցի քայլել, ձախ ոտքից թեթև կաղում էի, սակայն շուտով սովորեցի ոտքս այնպես դնել գետնին, որ ոչինչ չէր նկատվում: Ոչ ոք բանի տեղ չդրեց իմ առաջին ինքնուրույն քայլերը նոր ֆիզիկական կյանքում, և դա ինձ հաճելի էր: Երջանիկ էի, քանի դեռ իմ լռակյացության ու ինքնամփոփվածության մեջ ո՛չ որոնում ու ո՛չ էլ գտնում էին որևէ տարօրինակություն. ես ստիպված չէի նորմալ, սովորական երեխա ձևացնել ինձ: Որոշել ու լռում էի, երբ բժիշկները մերկացնում էին, խորովածացու բդի պես դնում սառը կշեռքներին, գերակշռում ու գրում` «նորմալ»: Լռում էի, երբ տհաճ դեմքերով կանայք փայտե տիկնիկի պես խաղում էին, ձայնս լսելու համար քաշում էին քիթս ու ականջներս, հետո հուսալքված ու հետաքրքրությունը կորցրած՝ շուռ էին գալիս: Խոսում էի, երբ մենակ էի, այն էլ` լսելու համար, թե արդյոք նոր ձայնս նույնքան ճղճղան ու տհաճ է:
Օտարների ներկայությամբ առաջին անգամ խոսեցի չորս տարեկանում, երբ «մորս» հարբած ընկերուհիներից մեկը, որին մինչ նոր ծնունդս ճանաչել էի նաև մարմնապես, չգիտես ինչու որոշել էր ինձ անպայման խոսեցնել։ Նստեցրել էր ձախ ոտքին, ոտքերս սեղմել էր իր ոտքերի վերին հատվածում, գլուխս էր կրծքին ու խոսում էր, ավելի ստույգ՝ փորձում էր ինչ-ինչ իմաստակիր նախադասություններ կազմել, իսկ ես հազիվ էի դիմանում թթված ալկոհոլի գարշահոտությանն ու ոչինչ չէի հասկանում ասածներից… միայն առանձին բառեր ու արտահայտություններ… «Դու… ավազակ… պիտի ասես, թե… պատմես… ես էլ կպատմեմ… լսի… խոսի…. արտասանի… Պուճուր պապան գնաց բանակ, հետը տարավ քաչալ դանակ… պապադ էլ էր քչախոս… դանակը… եթե շարունակես չխոսել՝ լեզուդ կկտրենք… հետո էլլլ… էն մեկը կկտրենք…»
Ու ձեռքը տարավ դեպի ոտքերիս արանքը, բռնեց նոր մարմնիս առնանդամիկը, սկսեց տրորել, ոտքերս պինդ սեղմեց իր սեռական օրգաններին ու սկսեց շարժել ազդրերը։ «Մայրս» ու ևս երկու ընկերուհի, բոլորն էլ՝ հարբած, սառել, նայում էին։ Ես խոնավություն զգացի աջ ոտքիս այն հատվածում, որն ամենակիպն էր սեղմված… գլխացավս… տեղին չէր, բայց ինձ չէր հարցնում… ուղեղս կիսվում էր, գուցե՝ կրկնապատկվում, ու գանգս ուզում էր պայթել… կրկին այն դեմքն առաջ էր գնում… պոկվեց ինձնից, նայեց աչքերիս ու շռնդալից ապտակի պես հագավ դեմքիս… աչքերումս կայծեր էին, ականջներումս՝ խշշոց… Երբ խելքի եկա… Տեր-Աստված, որչափ անամոթ կարող են լինեն քո արարածները… Առնանդամիկս հանել էր շալվարիս միջից ու շոյում էր։ Ընկերուհիների հայացքներն անորոշությունից ջղայնության էին վերակերպվել, կարծես ընդարմացել էին, բայց ապշանքից լալկված էին։ Ես էլ էի լալկվել, սակայն այլ պատճառով․ որովայնախոսս եռում էր լավայի պես, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չէր կարողանում բառեր գտնել… միայն հայհոյանքներ… Ու նոր ձայնս օգնության հասավ. մանկահունչ, բայց տարիքին անհամապատսխան լրջությամբ, հստակ արտասանվող բառերով ու հասուն հնչերանգներով. «Թեև մարմնիս թուլությունը հնարավորություն չի տալիս դիմադրել քեզ, բայց հասկացի՛ր, որ քո արածը որակվում է անչափահասի այլասերում. մայրս ու ընկերուհիներդ էլ ակամա դառնում են խմբակային հանցագործության մասնակից։ Հարբածությունն էլ ոչ թե մեղմացնող, այլ ծանրացնող հանգամանք է… ու վերջապես,- այստեղ որովայնախոսս չզսպեց զայրույթը,- քո մերը…»
Քիչ էր մնում լարվածությունից պայթեի, ինձ թվում էր՝ բոլորն են այդ վիճակում, բայց աղջիկների խմած շշերն այլ ելք գտան… Նրանց ծիծաղը փռթկաց ու շարունակվեց հարբած հռհռոցով, չէին կարողանում լրջանալ, ծիծաղից թուլացել, ընկել էին հատակին ու շարունակում էին հիստերիկ ծիծաղը։ Ես օգտվեցի իրադրությունից, վերցրի թուղթ-մատիտ ու թաքնվեցի լոգարանում։ Այդ պահից ի վեր մորս ընկերուհիների հետ շփումն արգելվեց ինձ: Եւ ես կրկին երջանիկ էի, քանի որ ինձ փակում էին լոգարանում թղթի և մատիտների հետ:
Նկարում էի այն հրաշքը, որ ճանաչել էի երկրորդ ծնունդիս ժամանակ, այն, ինչ տեսնում էի արտացոլումների տակ: Տեղավորվում էի լույսի ու ստվերի արանքում ու նկարում էի երկու աշխարհներն առանձին-առանձին: Իմ տեսած-նկարած իրերն իրենց սահմաններում կարծրացած, անթափանց ու անհոգի մարմիններ չէին. նկարում էի մարդկանցից նրանց փոխանցված զգացողություններն ու հիշողությունները: Տեսնում ու նկարում էի հոտերի այն աշխարհը, որ տեսնում էր շունը, ձայների առարկայացումը` նապաստակի ականջներով, կատվի պես` անցյալն ու ապագան՝ ներկայի հետ միաժամանակ: Մարդկանց` հոգու ճառագմամբ, դիմագծերի ու աչքերի տակ թաքնված նորածին մանուկներով, որոնք գիտեին, թե ինչու են աշխարհ եկել: Նկարում էի… ու երջանիկ էի, որ ոչ ոք չէր հասկանում խզբզանքս, պատահում էր այնպես, որ չէին տեսնում ո՛չ նկարներս, ո՛չ էլ այն թուղթը, որի վրա նկարել էի: Էլ ավելի երջանիկ կլինեի, եթե ինձ էլ չտեսնեին: Երբեմն էլ վերնագրեր էի դնում նկարների տակ, հետո գրածս ծածկում էի մուգ կապույտ գույնով, որպեսզի չնկատեն: Պատահում էր, երբ թուղթ կամ բավարար գույների մատիտներ չէի ունենում, միայն վերնագրեր էի դնում առանց նկարելու, որպեսզի չմոռանամ պատկերը, հետո թաքցնում էի, որպեսզի հանկարծ «մորս» ձեռքը չընկնեն: Եվ նորից անչափ գոհ էի նրա անտարբերությունից:
Վարդան Հակոբյան (Արտո)
Շարունակելի
No Comments