Երևանի կոնսերվատորիայի հարակից տարածքում Կոմիտասի արձանն է, շուրջբոլորը` կիսակոտրված նստարաններ. բոլորը կա՛մ զբաղված էին, կա՛մ էլ ազատ, բայց վրան նստել չէր լինում: Սպասում էի ժամը գար. հանդիպում ունեի ուղիղ ժամը 15:30-ին: Սովորությանս համաձայն շուտ էի հասել ու սպասում էի այգում: Մի քիչ լարված էի, մի քիչ էլ մրսած: Լարված էի. հերոսիս առաջին անգամ էի հանդիպելու, առաջին անգամ էի կոնսերվատորիայի շենք մտնելու, ու ամեն ինչ ավելի պարտավորեցնող էր դարձնում` տարածքում հնչող դասական երաժշտությունը, ինչը կարծում էի` հատուկ է միացրած, և միայն տուն գնալիս հասկացա, որ հնչող երաժշտությունը ամենևին էլ կապ չուներ կոնսերվատորիայի շենքի և նրա այգու հետ: Երաժշտությունը ապահովում էր մի շրջիկ երաժիշտ, ում հանդիպելիս գումար տվեցի: Հետո մտաբերեցի հերոսիս խոսքերը, որ ինքը տան բակում 10-ից ավելի կատու է պահում, կերակրում և հոգ տանում նրանց մասին: «Տիեզերքն ամեն ինչ հետ է վերադարձնում»,-ասում էր:
Գանք սկիզբ: Ժամը մոտեցավ, ինձ դիմավորելու եկավ հերոսս` դասական ոճով կոկիկ հագնված: Կան մարդիկ, որոնց ներկայությունը ցրում է լարվածությունդ, բացում փակ բնավորությունդ: Միշտ կարծել եմ, թե դա միայն լրագրողին է հատուկ, բայց հերոսս էլ դասախոս է, ու դա էլ կարծես թե մանկավարժությանն է հատուկ: Միասին գնացինք մի սենյակ, որտեղ դաշնամուրներ էին, աշնանային արև, դարձյալ երաժշտական մի քանի գործիքներ, որոնց անունները չգիտեմ, նոտաների տետրեր, որոք վերջին անգամ 4-րդ դասարանում էի տեսել երգեցողության դասաժամին, զրուցակիցս էր ու լարվածությունս բավականին հաղթահարած`ես: Սկսեցինք զրույցը, որի ամբողջ ընթացում լսելի էին կողքի լսարաններից հնչող երաժշտության ձայները, որոնք զրուցակցիս` Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի, երգահան, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Մարգարիտ Սարգսյանին, դարձնում էին ֆիլմի հերոս` հենց դիմացս նստած, ով խոսում էր, իսկ ինձ մնում էր միայն հետաքրքրությամբ դիտել վավերագրական ֆիլմը` ձեզ էլ դրվագներ բերելու և վերապատմելու համար:
Դե՛ լսեք…
Տանը ավագ քրոջ համար գնված դաշնամուր են ունեցել: Ոտքի թաթերի վրա կանգնել է, որ հասնի դաշնամուրին, նվագի: Ծնողները պատմել են, որ, դեռ խոսել չիմանալով, զգացմունքները, խոսքը հասցնելու համար վազել է առաջինը դաշնամուրի մոտ և նոտաների միջոցով արտահայտել տրամադրությունը: Սա եղել է ինքնաարտահայտման միջոց: Ծնողները, նկատելով սերը և ուշադրությունը երաժշտության հանդեպ, տարել են Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոց` դաշնամուրի: Կյանքի մնացած, արդեն բավականին բարդ և փորձություններով լի ճանապարհին իրեն ձեռք մեկնողը հիմնականում եղել է մայրը: Նա է իրեն տարել արվեստը ճանաչելու, սովորելու ճանապարհով և հորդորել երբեք չհանձնվել, չհիասթափվել, իբրև կյանքի կարգախոս ընդունել մայրական խորհուրդը. «Ինչ էլ որ անում ես կյանքում, արա լավ, որակով, անգամ հատակ մաքրելը»:
Մասնագիտական ուղին հենց փոքր տարիքից էլ հարթ չի ընթացել, սակայն հիասթափությունները, անհաջողությունները չեն կոտրել Մարգարիտ Սարգսյանին, այլ խթան են հանդիսացել` հետագայում ավելի հստակ և մեծ քայլերով առաջ գնալու համար:
— Մի քանի դասախոսներ եմ փոխել, մինչև գտել եմ ինձ հավատացող, ուժ տվող, ոգևորող դասախոսների: Նրանց շնորհիվ այս արվեստը ինձ համար առավել արժեքավոր դարձավ, և ես չլքեցի ասպարեզը:
Երկու անգամ մասնագիտությունից հրաժարվելու, արվեստը թողնելու ցանկություն ունեցող Մարգարիտ Սարգսյանն ի վերջո վերադարձել է երաժշտության աշխարհ, նվիրվել երաժշտությանը, որով ապրում է մինչ օրս:
— Ինձ մոտ շրջան եղավ, որ որոշեցի բժիշկ դառնալ: Կարծում եմ` կարող էի: Բայց երաժշտությունն այն աշխարհն է, որտեղ ես ապրում եմ: Երաժշտությունը մեծ նվիրում է պահանջում: Իմ ուսանողներին ասում եմ. «Դուք կարո՞ղ եք երաժշտությունից բացի այլ մասնագիտությամբ զբաղվել: Եթե ասում են` այո՛, ապա ասում եմ, որ զբաղվեն այդ մասնագիտությամբ, քանի որ երաժշտությունը խանդոտ մասնագիտություն է, և այն այլ մասնագիտության հետ համատեղելը բարդ է: Միշտ մեկը տուժելու է»: Անգամ անձնական կյանքի և երաժշտության միջև ընտրություն կատարելիս նախընտրել եմ երաժշտությունը»:
Աշխատասիրություն և հավատ սեփական ուժերի հանդեպ. սրանք են Մարգարիտ Սարգսյանի հավատամքն ու վճիռը:
— Բեթhովենն ասել է, որ տաղանդը մեկ տոկոսն է, մնացած իննսունինը տոկոսը աշխատասիրությունն է: Մարդիկ կարծում են, որ եթե տաղանդավոր են, ուրեմն պետք չէ սովորել, ջանքեր թափել, լարվել: Այդպես չի լինում: Մեծություն դառնում են այն ժամանակ, երբ քրտնաջան աշխատում են:
«Ինձ մոտ մի աղջիկ է սովորում, ով մեծ ապագա է ունենալու»,- ասել է դասախոսը` նկատի ունենալով Մարգարիտ Սարգսյանին, ինչին մեր հերոսը չի հավատացել:
«Իմ դասախոսներն ինձ ձևավորեցին որպես մարդ, օգնեցին հաղթահարել շատ դժվարություններ,- ասում է Մարգարիտ Սարգսյանը և ավելացնում, որ եթե ինքը իրեն հանդիպեր 20 տարեկանում, ապա խորհուրդ կտար երբեք չհիասթափվել:- Եվ այն խորհուրդները, որոնք ես ինձ կտայի, այսօր տալիս եմ իմ ուսանողներին` ասելով. « Եթե դուք ունեք սեր դեպի երաժշտությունը, ոչ մի բան չի կարող դա ձեզնից խլել` ո՛չ մրցույթներին տեղ չգրավելը, ո՛չ անարդարություններին բախվելը, ինչին ինքս էլ եմ բախվել: Ոչ մի բան կարևոր չէ: Ամեն ինչ հաղթահարելի է: Կամք է հարկավոր և հավատ անելիքիդ նկատմամբ»:
Ադա Հակոբյան, Լևոն Մամիկոնյան, Իրինա Տիգրանովնա, Էդվարդ Միրզոյան, Վալերի Հարությունյան` մարդիկ, ովքեր իրենց փորձը փոխանցել են մեր հերոսին, իսկ այսօր արդեն իրնքն է իր փորձը փոխանցում իր ուսանողներին:
Սովորել է նաև արտասահմանում անվանի երաժիշտների մոտ, և միաժամանակ շնորհակալ է կոնսերվատորիային, որը հիմք է հանդիսացել իր հետագա կրթության համար:
Անարդարության մասին խոսելիս Մարգարիտ Սարգսյանի աչքերը ափսոսանքով էին լցվում, կարծես ինչ- որ հաղթանակներ կիսատ են մնացել, ինչ- որ մրցանակներ իրական հասցեատերերին չեն հասել…
Նաև ստեղծագործում է Մարգարիտ Սարգսյանը: Տեսնելով, թե քանի դասական երգիչներ են ուզում կատարել Նիկոլ Գալանտերյանի մեղեդիները, որոնք մատչելի նվագարկություն չունեին, սկսեց աշխատել դրանց ուղղությամբ, ստեղծագործել և դրանք դարձնել սիրողական մակարդակից դուրս` ավելի պրոֆեսիոնալ բեմ հանելո համար: Դրանից հետո սեր ու մեծ ցանկություն առաջացավ գրելու իր երգերը:
Երաժշտությունը Մարգարիտ Սարգսյանի համար ինքնաարտահայտման միջոց է: «Երաժշտության միջոցով ես կապ եմ ստեղծում աշխարհի հետ, քանի որ ես դրանով եմ իմ ցավը, զայրույթը, իմ զգացմունքներն արտահայոտւմ:
Հենց 44- օրյա պատերազմի օրերին են ծնվել հերոսի` «Ամեն ինչ անցավ», «Բարձունքը մերն է, տղերքը չկան», «Իմ ընկեր» երգերը:
— Պարզ խոսքդ մարդիկ կարող են սխալ ընկալել կամ փոխել, իսկ երաժշտության միջոցով ասված խոսքը այդպես չէ, քեզ ճիշտ են ընկալում: Դաշնամուրը իմ կյանքի ընկերն է:
Մարգարիտ Սարգսյանը նաև նկարում է: Նկարելիս նույնպես իր մեջ հնչում է երաժշտությունը:
«Հոբի է ինձ համար: Նկարչությունն ու երաժաշտությունը ինքնաարտահատման տեսանկյունից շատ տարբեր են. բարկացած ժամանակ նկարանծներս կարող եմ պատռել անգամ վերջում, բայց երաժշտության մեջ այդպես չէ, այնտեղ ավելի զգույշ եմ»:
Մեր զրույցը երկարեց և այնքան հետաքրքրիր էր, որ կորցրել էինք ժամանակի զգացողությունը։ Հայացքս ընկավ պատին. կանգ էր առել անագամ պատի ժամացույցը…
Գոհարիկ Գրիգորյան
No Comments