(Վիպակ)
Սկիզբը՝ այստեղ
Սալկոտի ձորում սպասում են մարդուն…
Մարջանը Հաթամի տափ մոշի է դուրս եկել Վահագի հետ՝ դույլը լցնեն, օգոստոսը դուրս եկավ՝ մուրաբացու լինի, կեսն էլ՝ շուշե ամանի մեջ բազրիքին կդնի, թող արեգակ ուտի՝ գինի դառնա: Վահրամ տղան մեծամեծի հետ է նստում վերկենում, տանի գյառություն անի Ստեփանակերտ ընկերամեջ:
-Մամա՛, ուտեմ կշտանամ՝ հետո:
-Ադյա՛, գլխամեռ Զարվարթն ա էս տափերը պոկել, դու էլ գլխովն ուտես-կշտանաս, էլ տուն ռուզի՞ ենք տանելու:
-Ձեռքերս փուշ քաշի՛, շաղինքս մի հանգով պահե՛մ, թե քաղաքեցու համար մո՞շ եմ քաղում: Չէ՛, չդիմացա:
-Անիծված Շուշան տատդ ես, էլի, առաջուց ինքն իրեն տեսնի, հետո՝ մնացածը, գլխովը շուռ տան բոլորը…
-Ա՛յ կնիկ, դու նստի՛ մի տեղ, շո՛ւնչ առ, քեզանից ինչ մոշ քաղող, իմ բերանի համար էլ եմ քաղելու, քաղաքի համար էլ…
Է՛հ…
Զաքարյան Մարտինի հետ կռիվ ես սարքել՝ պատասխանը տո՛ւր: Անունն էր կռիվ, ծնոտին ուզեց մի կարգին վրա բերել, սիրտը հովանա՝ չհաջողվեց, կողքից թափվեցին՝ իրարից բաժանում են, փչացրին ամեն ինչ: Թպրտալու կարիք չկա, չէ՛, կռիվը թափել են արդեն: Ամեն անպակաս ուշունց դուրս եկավ իրենից: Մարդամեջ ե՞րբ է բերան բացել: Ճանաչողների աչքին Վահագն իսկույն փոխվել է: Հետո ամաչելուց ծակ է ման գալու՝ մտնի մեջը: Ամեն ինչ էդ օրն է սկսվել: Սոսկալի ապրումների մեջ է ընկել: Սիրտը գուշակել է՝ կյանքը գլխիվայր շուռ է գալիս: Սրիկան ընկալուչը վերցնի, քաքլա՛ն կենդանի, դողդողալով համար շուռ տա՝ ոստիկան կանչի: Ջղայնությունից կողքին մարդ չի նկատել Վահագը: Շորերը կարգի Է բերել՝ միջանցքը հատել, դուրս եկել բակ: Գոլ խփելու հիանալի հնարավորություն բաց թողած ֆուտբոլիստի նման նա ուշունց էր տալիս ճանապարհին, մինչև վերջապես իրենց դուռ հասավ: Միառաժամանակ հետո է հոգին խաղաղվել, բայց թաքուն նեղսրտել է անզուսպ լինելուց: Մայրն անխոս թեյ է լցրել, նա ափերը գլխատակին բազմոցին պառկել է՝ ոստիկանության արձագանքին սպասել: Ու նեանդերթալցին՝ տարակուսելի, քաղցր-մեղցր հոտ է առել իր երջանկությունից: Երբ ինքդ ես քեզ անհաջող վերջաբանի տրամադրում, հետո, բարի՛ եղիր, ոչ ոքի մի՛ մեղադրիր դժբախտությանդ մեջ, սպասումդ գլուխ է գալու:
Գլխավոր տեսուչն իր վատ համբավով էր ծանոթ, ենթականերից շատերն էլ Վահագին էին ճանաչում, ոմանց հետ սեղան է նստել, մեկ ուրիշի հետ՝ որսի գնացել: Երկու ժամ հետո նա կանչվեց: Պատերազմի ժամանակ է ոստիկանը դադարում է իր կոչումով աշխատել, նա էլ է սովորական կամավոր: Իսկ Վահագն ահա խաղաղ է, բացատրություն է՝ կգրի, խնդրեմ, ուրի՛շ հարց: Նա հանգիստ է, հանդուգն ու վհատ, ճի՛շտը խոսենք, աքլորանալը շրջապատի համար է՝ «մի տեսեք՝ ինչ կտրիճն եմ»:
-Մեր ձեռքին բան չկա, Վահա՛գ,- ասաց լեյտենանտ Կարենը,- որ զանգել մեզ դիմել են՝ պիտի գործը փաստաթղթավորվի: Մի խոսքով, ոնց եղել ա՝ գրի, ինչ ա պատահել, ինչից ա սկսվել, ամեն ինչ գրի, առանց բացատրության՝ չի լինի:
Պարկեշտ ոստիկանը մեղավորություն էր զգում, թե՝ գրի՛ր, մարդն իր աչքի առաջ երկու-երեք տարի է Դոն Կիխոտ, արա՝ թափի գետը: Բա ե՞րբ է էդ գետի բերանը մի օր ամբար տալու՝ լավություն հատուցի: Ի՞նչ անես, մտել ես հիմնարկ, գոռգոռացել, կռիվ սարքել… էդ հաշիվ չէ, թե ընդամենը փորձել ես բռունցք վրա բերել՝ նույն վայրկյանին թափել են կռիվը: Ոչ մի կապ, թե Մարտինը գլուխ պահող է, սրբապիղծ է, ժլատ է, վերջ ի վերջո, արի՛, անկեղծ լինենք, մարդ չէ, նույնիսկ ժամանակին՝ Հայաստանին միանալու թուղթն է վախեցել ստորագրի: Օրենքն օրենք է, պիտի օրենքի տառին հավատարիմ մնանք: (Ուր է, թե օրենքը… որ օրենք լիներ՝ բոլորին հավասար, մենք էս օրին կլինեի՞նք, մտածում են շատերը: Օրենքը մահակի տեղ իմուքո անելն է մեր հերն անիծել): «Իմուքոն» է մեր թշնամին: Օրենքը ոտնատակ եմ տվել՝ տույժս ասե՛ք, գնալու եմ նստեմ, բայց, ի սեր աստծո, պահեստը թալանած քո մերձավորին ասած-խոսած-վճարածով բաց մի՛ թողեք, մեր երեխայի ապագան եք դժբախտացնում: Ասա՛, ասա՛, լսողդ ո՞վ է, ուղտը կգա չոքի՝ էն ժամանակ գլխի կընկնեք:
«Սիրտս Բուրջալին է ուզում, մերս, ուսապարկը մի կտոր հացուպանիր դներ՝ գնայի Սրվանց Ծովի գոգին նստեի՝ Չլդրանը բռանդ մեջ. «արա՜, էհե՜յ, էդ տրակտորի հոգին ինչու՞ ես ուտում, մեր ջեբի փողով են պահում»:
Մի խելքն ամառ-ձմեռ ի՞նչ անի, ո՞ւմ ես ասում: Էս ծառն իմն է, էս քարն իմն է, Խաչերից հոգնած ձիու ետևից տուն է գալիս, Լուչանո Պավարոտի է դառել Ճռռանահարթ, «էս ծաաա՜ռն իմն էէէ՜, էս քաաա՜րն իմն էէէ՜…», բոլորը քոնն է, բաղաձայն Վահա՛գ, Հաբեթնակի նեանդերթալցի սերո՛ւնդ, մենակ գոռգոռցդ կտրի՛, Ծմակուհողը թողեց փախավ դեպի Գանձասարա քերծերը, խղճա էն՝ տրաքոցից հալը կտրած մարդկանց, քանի տարի ա՝ պադվալ պահածո էլ տրաքի, վեր են կենալու, թե տկլոր փախչում ենք դեպի Կոճողոտա ծմակը, թուրքը եկավ: «Էս սաա՜րն իմն… զախկու-զահրմարն ա քոնը, բեռդ թեքվել ա, աստծու արարածը մեղք ա, փուռռ արա՛, հակնը դզի՛, էս սարն իմն ա…յոթ օր պիտի լիներ՝ սարի գլխին քո լուսանի բաժին դառնալը…»: Գառնաքար, ասում են, լուսան է դուրս եկել ծմակը: Բեղլու Ռափիկը գնացել է փայտի՝ կաղնուց ցատկել է նրա վզին, մի հանգի փախել է: Բա է՞շը, գետի՛նը մտիր, ապրանքդ թողել ես, փախել, հարյուր տարվա հավատարիմ ընկեր էշդ: Մեր գերբը, կողքը հաստ էշը…
-Ինձ բաց թողեք գնամ Սալկոտը, լոբին արխերն* ա դառել, սարաս* մնաց:
-Գնալու ես, գնալու ես,- սիրտ տվեց պարկեշտը:
-Մի պսակվել ա, էն էլ եք ուզո՞ւմ դնեք վարչության ժողովում…
-Լա՛վ, կատակի վախտ չէ:
-Թողլի չունեմ, բայց Փրեյդունենց Էդիկից պարտքով վեցնեմ, հարց չկա՛, Զանինորթի աղբրին սրտանց խորոված գցեմ ձեզ համար: Մենակ բա՛ց թողեք՝ դարդիս կենամ:
-Դու մեզ ուզում ես դուրս գցել տա՞ս:
-Վա՛յ, ես քո… պարոն Կարեն, ուրեմն էդքան խի՞ստ ա:
-Դիմում ա գրել, մենակ մինիստրը կարա ճղորտի, ասի՝ էսինչին բաց թողեք տուն:
-Էն մինիստրը կռվի վախտ չէ՞ր ուզում ճղորտել, բաց թողել տուն:
-Լավ, սո՛ւս մնա, էլի բորբոքվում ես, սո՛ւս մնա:
Հինգ-տասը րոպե նա բացատրություն գրեց: Ընթեռնելի՞ է՝ կարդացվում է, ուրեմն՝ գրել գիտի: Ինքն իրեն վատաբանելու վարպետ է, որ ուզեց՝ բոլորից հասու է ու տառաճանաչ: Մանր ու տգեղ են տառերը, Դանիելյան Էմման մեռել է մինչև ա-ն ու բ-ն սովորեցրել է, «լա՛վ, է՜, մենակ թե՝ շուտ տակը ստորագրեմ, յախաս ազատեմ»: Սա իր գո՞րծն է, այ մարդ, բացատրություն է գրում, ձուկը ջրից հանել են, լոբին մնաց, պսակվելը մնաց, Խաչերն անտեր: Փայտի պիտի գնա՝ ձյունը, էս է, եկավ կոխեց: Գաբրիելյանն է կանչել՝ աղն է պակաս, կամ մաղը: Ու, ամենասարսափելին՝ անունն է դուրս գալիս՝ Գայանն ինչ կմտածի, իր սրտի թագուհին: Աչքդ դուրս գա՝ անունդ դուրս չգա: Բորիկը խմած ասել է՝ «ձեռ քաշի, քո փափան* չէ, քաղաք տեսած, երես տված՝ աման-չաման էլ չի լվանում, մորը վիզն ա տնամեջը»: Ա՛յ մարդ, բարձրագույնի աղջիկ պահո՞ղ ես դու: Դե եկ իմացիր, թե ով է ինչ սրտով օրհնելու նրա պսակվելը, մեկը բարի խորհուրդ է տալիս, էն մի ուրիշի նախանձը կոկորդին կծիկ է տվել, էս կեղտոտ ճահճի մեջ դու ոնց ես գլուխ թափելու՝ ով-ով է:
-Իմ ընկերն իմ սիրտն է, կորե՛ք, ռա՛դ եղեք:
Հետաքրքրիր դասատու է Ելեն Ալեքսանյանը. վեճ-խոսքուզրույցի մեջ ես ընկել, անունդ ամենևին խառն էլ չէ, ընդամենը ներկա ես որպես մի շունչ, ու՝ միևնույն է, դու մեղավոր ես, վերջակե՛տ: Մե՛-ղա՛-վո՛- ր ե՛ս: Ախր, դու ինչ գործ ունեիր դեպքի վայրում, հը՞, դե, լա՛վ, ծոմ ենք պահում, ձայնազուրկ ենք, վախենք տանից շինամեջ դուրս գանք: Տարրականի դասատու, պատկերացնո՞ւմ ես: Տան շեմքից դուրս եկար լույս աշխարհ՝ արդեն մեղանչել ես, տերտերն էլ չի քեզ օգնական: «Հասարակական կարգը խախտել եմ, պադումայեշ»:
Ինքն էր գրասենյակում՝ նեանդերթալցի Վահագն ու պարկեշտ Կարենը: Անդուր դեմքը վերջապես ներս մտավ՝ ամրացված գլխավորը: Վահագը չուզելով էր նրան սպասում, սիրտը գիտեր՝ նրա հետ էլ է բռնվելու, էս կռվի գլխին ավելացնի, ախ, չգա՛, մահու չափ չէր ուզում, հոգնել է: Բայց՝ нет, հազար անգամ փորձել է, մտքում մի բանը բուն դրեց՝ զադնի տվողը չէ, անպայման բո՜ւհ պիտի անի, ջրի երես հանի: Սխալը տանող չէ, այ մա՛րդ, ճակատին գյուլա՛ խփի:
-Արդեն ամեն ինչ քեզ թույլ ես տալիս, էլի՛: Կարելի՞ ա՝ օրը ցերեկ մտնել պետական հիմնարկ, ձեռ բարձրացնել տնօրենի վրա,- Վահագին դիմեց բեղերով ամբարտավանը:
-Նախ, դու-ով խոսել պետք չէ ինձ հետ, ինչ եղել-եղել ա, դիմել են՝ ձեր պարտականությունը պիտի կատարեք: Ինձ արդեն խրատել են,- նորից բորբոքվեց: Սրտի մեջ կայծ կա՝ սարեր էլ շուռ կտա: Գայանն է… խաբվա՛ծ տղա: Յոթերորդ դասարանում նա արդեն ասպետ ուներ, իսկ դու որտե՞ղ էիր, Հաբեթնակի տղա Վահա՛գ: Հա՛, սիրուն է, մարդամիջի առեղծված մադմուազել է: Տեղյա՞կ ես, էս վերջերը շոփեր Արշավիրի տղային պիտի գնար, թե ինչ տրաքեց մեջը՝ հարսանիքը չեղյալ համարեցին: Տեղյա՛կ չես: Էշի ականջում քնա՛ծ: Դու էլ չես մեղավոր, ճիշտ է, սիրտդ Գաբրիելյանն է քայքայել, էնքան ջահել քեզ խմեցրեց, էնքան ինքը գագլի դառավ, վերջում սեղանին աշուղ, թիթիզ-միթիզ՝ «պատուհանդ բա՛ց արա, մարմար մարմինդ տեսնե՜մ»՝ քեզ կործանեց: Հանգիստ գլուխդ տարար դրեցիր օձի կածանին, Վահա՛գ տղա, շենի տղա ես, ադյա, սիրելս ո՞րն ա…
Դուռը թակեցին՝ վեհերոտ տկտկոց: Հետո՝ իսկույն կիսաբաց եղավ, քեռին, չգիտես ինչու, էս ձմեռվա եռուզեռին՝ կոստյումը հագին, փողկապն արտասովոր ու՝ պաշտոնական, դե՛ն կացեք, ակադեմիկոս Իոսիֆյանն է Մոսկվայից եկել, արանքից նայեց ներս: Վերջին անգամ կես տարի առաջ Ստեփանակերտ գնալուց է կոստյում հագել՝ վետերանների ժողովին: Վահագը փռթկոցը պահեց, բայց նրանից հայրական հարազատություն զգաց, ուզեց նորից աքլորանալ: Ծանր մթնոլորտը խաղաղվեց:
-Խի՛ստ ներողություն,- քեռին խստահայաց ներս նայեց ու աչքերը ցուցադրաբար ոլորեց դեպի Վահագը,- վերջացնելուն պես՝ իսկո՛ւյն տուն…
Դիվանագետ քեռին երկու նպատակ ուներ: Նախ, քաղաքավարի «խիստ ներողություն»-ով՝ նա փորձեց աշխուժացնել մենտերին, անծանոթ մի նրբավարությամբ մեղմել նրանց վարվեցողությունը զարմիկի հանդեպ որոշում կայացնելու հարցում, իսկ տուն կանչելու արտիստությամբ փորձառու գայլ քեռին, պարզապես, հետախուզեց իրավիճակը՝ տանելո՞ւ են Վահագին քաղաքի բաժանմունք, թե՞ բաց են թողնելու:
Հակակրելին քիչ անց գրասենյակից դուրս եկավ ծխելու: Պարկեշտն ու Վահագը մնացին մենակ: Բացատրությունն արդեն պատրաստ էր:
-Հը, Կարեն, ի՞նչ պիտի անեմ,- հարցրեց նեանդերթալցին:
-Վաղը պիտի գաս քաղաք, բաժանմունք:
-Վաղը ծննունդս ա, կլինի՞ երկուշաբթի…
-Էս ա հարցնեմ՝ իմանամ:
Ընկերաբար պայմանավորվեցին՝ երկուշաբթի: Վահագը, ուրեմն, երկուշաբթի իր ոտքով բանտ Է գնալու, «մարմար մարմի՜նդ…»: Նրա գլխում ամեն ինչ խառնվել է՝ իրեն աշխարհի վերջին է տրամադրել, ընդ որում, արտաքինն էլ մի կերպ պիտի անդրդվելի մնար, չմատնի իրեն, թե՝ սարսաղ է, ընկրկել է: Ուզում է անպայման ինքն իրեն ցրել, «Ռոմեո ու Ջուլիետը», ըստ երևույթին, արդեն ճաք է տվել, սիրտն իմացել է: Ինչ-որ տեղ, կարծես թե կինոյի մեջ, անկապ մի միտք լսեց. «Փողի ու պաշտոնի գայթակղությանը քչերն են դիմանում: Սեքսից հրաժարվեն, մահանա բռնեն, թե սաղ օրը ղեկի են եղել, հոգին դուրս ա գալիս, հետո՝ շուռ գան դեպի պատը, կես րոպեից խռփացնեն: Իսկ, ահա, փողից ու աթոռից ձեն հանիր, գիշեր էլ լինի, վեր են թռնելու տեղաշորում, ապշահար լինեն չորս կողմի վրա՝ մարդ ծիծաղեցնեն»: Նեանդերթալցին արդեն գիտեր. երբ ինքը բացատրություն էր գրում, առհասարակ, երբ ձեծկռտուքի լուրը հասել է ապագա աներոջ տուն՝ Գայանը տխրել է: Պատեհ առիթ է չարակամի համար, հայրն ամեն կերպ փորձել է նրան տարհամոզել՝ ետ կանգնելու իր մտադրությունից, Վահագին «չէ» ասի: Դուստրը, արցունքն այտերին, դերասանի գերախաղով ու եղերայնությամբ, լուսամուտից դեպի հեռու հորիզոնին է նայել ու՝ հայտարարել.
-Կամ Վահա՛գը, կամ՝ ուրիշ ո՛չ մեկը…
Իսկ Վահագը ոստիկաններին խաբել է էդ օրը՝ բաժանմունք մեկնելը գցելով երկուշաբթի: Մարջանը Գայանենց տուն «հա ու չէ»-ի պիտի գնար քեռու հետ: Անձնագիրը ձեռքներին, ոստիկանը չի՞ նայի մի տեսնի, էս շան որդու ծնո՞ւնդն է, իսկապես, երկուշաբթի, թե՞ օգոստոսի նահանջող տոթին է նա լույս աշխարհ եկել: Ամեն ինչ աղմուկով է սկսվել: Նրա պսակվելը շրջապատի սրիկաների չկամության հետ պիտի ճակատ զարկեր: Մեն-մի հանգամանք էր դեռ ապահովության մեջ պահում չար ոգիներից՝ մոլագարի նման սիրում է Գայանին: Գլուխ կջարդեր՝ մեկնումեկը փորձեր թթու խոսք ասեր նրա հասցեին: Վահագին ազդում էր հարսնացուի խոզ հոր թաքուն մաղձը՝ ահա ուր որ է գլուխ եկող նախախնամությանը, քերծում էր իր հանդեպ խանդի, ծնողական ներհակության ու աղջկա ականջին քայքայիչ փնթփնթոցը. «Ում ես գնում, ուր ես գնում, խուլիգանի փայ ես դառնում, դու հետո ես գլուխդ թակելու»: Նույն էլ իրենց տանը, Մարջանը լուռ էր, մեկ-մեկ բազմանշանակ ու կապարից ծանր ակնարկներ էր անում: Ու նեանդերթալցին շրջապատի ընկալումը կորցրել է: Օրերը փոխվել են, ամեն րոպեն Գայան է, ամեն խութ նրա համար քամահրանքի բերանին Է:
Իրիկունը խաղաղություն բերեց: Երբ դրսում քայլող մարդկանց դեմքերն անճանաչելի դարձան՝ նա Գայանին տեսակցելու գնաց: Նա իրեն է սպասում, պետք է զրուցել, համբուրել նրան: Անտեսանելի ողբերգություն է միաժամանակ ուրվագծվում նրա մեջ: Դարպասը դրսից բացվեց: Գայանի քայլերն ու ուրախությունը Վահագը պատկերացրեց բազրիքին: Աղջիկը վերևից նայեց՝ ու իր սիրտը լցվեց կյանքի ամենաշուտանցիկ ապրումով: Ժպիտի մեջ տագնապ ու լույս նկատվեց: Վահագին կանչեց երկրորդ հարկ, նա ձեռքով արեց, որ ինքն իջնի: Ինչքան ներս հրավիրեց՝ համառեց, խնդրելով՝ իջնել բակ, կամ՝ դեպի վեր՝ սանդուղքի մոտ գոնե զրուցել: Նա ուզում էր գրկել, համոզվել, որ Գայանն իրեն է պատկանում, ուզում էր հետո ծխել ու պատմել գլխովն անցածը: Գայանը Վահագի համար սառն էր ու համեղ, մրմուռը ետ գնաց՝ համտեսելով նրան: Վահագը մատները դրեց նրա վարսերին ու հոտավետ պաղություն զգաց: Աղոտ իրիկնալույսի մեջ նա արցունքոտվել էր, ճիգ էր անում պահել ձայնի դողը: Սրտոտելը երանություն էր նրա համար, աշխարհը թող սպասի աչքերը լի միամիտ տղամարդուն: Ու առավոտվա մասին մտածել չէր ուզում, երկուշաբթի կալանախուց գնալը՝ բախտավոր մարդու գրքային խիզախություն է: Սիրտ տվեց աղջկան՝ ոչինչ չի եղել, ի՞նչ պիտի անեն իրեն բանտում: Վահագն իրականում ձեռքով չի դիպել բողոքատու խարդախին, ինչ անենք, որ պաշտոնյա է…բայց՝ Գայանը տխուր է:
Տուն գալուց հետո Վահագը շորերով պառկեց՝ քնելու հնար չկար, Գայանը դեռ իր գրկումն է: Հարյուր սցենար է մտածել, թե ինչ գալիք են ստեղծելու միասին:
Հետո նա աչքերը տաքտաք արեգակի հետ բացեց, ոտնաթաթերի վրա վերկացավ, որպեսզի մայրն էլ չզարթնի: Լվացվեց, շորերը հագավ, թեյ խմեց ոտի վրա, դուռը կամացուկ բացեց ու դուրս եկավ կայանատեղի:
«Էս երկիրը իմն ա…»…
*արխ – (արցախյան բարբառ) մարգ
*սարա — (արցախյան բարբառ) փայտե ճիպոտ, որ նպաստում է լոբու ուղղաձիգ աճին
*փափա — (արցախյան բարբառ) հաց, կերակուր
No Comments