Պարել՝ մտածելով: Պարել՝ պատմություն պատմելու համար…
Շարժման գեղարվեստականությունը բացահայտել ենք բալետի արտիստ, մի շարք միջազգային փառատոների մրցանակակիր Գոռ Սարգսյանի հետ:
Բալետը Գոռի համար ներդաշնակություն ապահովող արվեստ է: Երջանիկ է, որ հանդիպեց այնպիսի մարդկանց, ովքեր կարևոր դերակատարություն ունեցան մասնագիտական ճանապարհի ընտրության հարցում:
-Երբ պարարվեստի պետական քոլեջ ընդունվեցի, չգիտեի անգամ՝ ինչ է բալետը: Փոքր էի: Մեր դասական պարի ուսուցչուհին Տաթևիկ Ղարիբյանն էր՝ մեր լեգենդների՝ Ազատ Ղարիբյանի և Թերեզա Գրիգորյանի դուստրը: Ես նրան կառանձնացնեի որպես ուղենիշ ու ճանապարհ ցույց տվող ուսուցիչ: Նրա միջոցով սկսեցի ոչ միայն սիրել բալետը, այլև ապրել բալետով,- ասում է Գոռը:
Չնայած երիտասարդ տարիքին, Գոռն արդեն պահանջված արտիստ է: Նրա պրոֆեսիոնալիզմը ձևավորվել է անընդհատ ու հետևողական աշխատանքի, խստապահանջության արդյունքում:
Հավելենք, որ Գոռ Սարգսյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է գալիս «Չիպոլինո», «Մարդուկ-Ջարդուկը», «Գայանե», «Ռոմեո և Ջուլիետ», «Սպարտակ», «Դիմակահանդես», «Բյուրեղապակյա դղյակը», «Ժիզել», «Դոն Կիխոտ», «Կարապի լիճ», «Ձգողականություն», «Սիմֆոնիկ պարեր», «Երազ» բալետներում և գրեթե բոլոր օպերաներում։
Գոռ Սարգսյանի բեմական լուսանկարներից