Հ. Թումանյանը իր գրական ժառանգությամբ այնքան խորն է նստած յուրաքանչյուր հայ մարդու հոգում` սկսած մանկության տարիներից, որ թվում է, թե Թումանյանի մասին ամեն ինչ գիտենք, ամեն բան ասվել է Թումանյանի մասին, նրա գրական ժառանգությունը ուսումնասիրվել է բազմակողմանիորեն։ Եվ որքան մեծ էր մեր զարմանքը, երբ փնտրտուքների շնորհիվ համոզվեցինք, որ ամենաժողովրդական գրողի ստեղծագործությունը, հակառակ իր ունեցած փառքի, ուսումնասիրվել է անհամեմատ քիչ։ Նկատի ունենք Մեծ լոռեցու արձակը։ Ահավասիկ ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանը փաստում է, որ «Գիտական առումով Թումանյանի արձակը ավելի քիչ է ուսումնասիրված, բացահայտված չեն նրա էական յուրահատկությունները, նրա տեղը հայ գեղարվեստական արձակի պատմության մեջ։ Բանը նույնիսկ այն չէ, որ մենք գրեթե չունենք Թումանյանի արձակի պրոբլեմների առանձին և բազմակողմանի մենագրական ուսումնասիրություններ, որ արձակի քննությունը մինչև այժմ կատարվել է գերազանցապես գրողի ժառանգության ընդհանուր վերլուծության շրջանակում»: *
Պետք է նշել, որ մեծ գրողի «անհամեմատ քիչ» ուսումնասիրված արձակի մեջ թերևս առանձնանում է «Գիքորը», որին անդրադարձել են գրեթե բոլոր թումանյանագետները։ Սակայն, չնայած դրան, կարծում ենք՝ «Գիքորը» չի մեկնաբանվել ըստ էության, և դպրոցներում դասավանդող ուսուցիչները, յուրացնելով գրականագիտության մեջ շրջանառվող դրույթները, պատմվածքը ներկայացնում են ճիշտ չբացահայտելով կերպարների հոգեբանական խորքերը։
«Գիքորը» պատմվածքի հեղինակային ասելիքը կամ այն շարժառիթը, որ Թումանյանին մղել է Գիքորի կյանքի ողբերգական պատմությունն անելու, խտացված է Համբոյի հայտնի նամակի մեջ։ «Համբոյի նամակը որդուն, բաղկացած հազիվ մի տասը տողից, գյուղացու թշվառության մասին ավելին է ասում, քան կարողացել են ասել անցյալի հայ գյուղագիրները իրենց բազմաթիվ մեծ ու փոքր երկերով»,- նշում է Էդ. Ջրբաշյանը:
Ընդհանրապես, հայ գրականագիտությունը «Գիքորը» պատմվածքում յուրովի է կարևորում Համբոյի նամակը իբրև 19-րդ դարի հայ գյուղական իրականությունը ռեալիստորեն արտացոլող փաստ։ Օրինակ՝ Գ. Հովսեփյանը Թումանյանի արձակին նվիրված իր ուսումնասիրության մեջ գրում է. «Այս նշանավոր նամակը պատմական փաստաթուղթ է և կարևորագույն դեր է կատարում պատմվածքի մեջ, յուրատեսակ կիզակետ է, որը խտացնում է հայ գյուղացիության դաժան ճակատագիրը ամենակենսական ու հակիրճ ձևերով: Նամակը ամենածանր ողբերգության էջերն է բացում և սրտառուչ խոսքերով, գեղջկական անմիջականությամբ, անպաճույճ բառուբանով ընդհանրացնում է ժողովրդի կյանքն ու ժամանակի դաժան իրականության պատկերը»:*
Սակայն, չգիտես ինչու, գրականագետներից յուրաքանչյուրը յուրովի շրջանցել է նամակում առկա հետաքրքիր ու էական նրբությունները, որոնք կարող էին կերպարների հոգեբանությունը բացահայտել շատ ավելի խորը: Օրինակ՝ Մ. Մկրյանը գրում է. «Նամակը շատ կարճ է. բայց երկու անգամ կրկնվում են «տեղներս շատ նեղ ա», «Նանն ու Զանին տկլոր են» արտահայտությունները։ էլ ինչպես պիտի արտահայտվեր հազիվ կարդալ-գրել իմացող Համբոն իր ընտանիքի անողոք կարիքների մասին։ Նա պերճախոսության ընդունակ չէ, բայց նրա՝ «տեղներս շատ նեղ ա» և «Նանն ու Զանին տկլոր են» խոսքերը ավելի քան պերճախոս են, ուստի մնում է կրկնել դրանք»։ **
Ամենքին է հայտնի, որ Թումանյանը այն հեղինակն է, որի համար «բառը մի աշխարհ է», և նա իր որդեգրած սկզբունքին հետամուտ էր թե՛ պոեզիայում, թե՛ արձակում։ Հետևաբար նրա տեքստերում դժվար է գտնել պարապ բառ, քանի որ յուրաքանչյուր բառը նրա բնագրում ունի միայն իրեն հատկացված կոնկրետ գործառնական նշանակություն։ «Արձակի մեջ ևս Թումանյանի ամեն նախադասություն, ամեն մի բառ լիարժեք կերպով աշխատում է երկի ընդհանրության համար, կատարում է միայն իրեն հատկացված անփոխարինելի դերը: Դրա շնորհիվ է, որ ընդամենը մի 15 էջ զբաղեցնող «Գիքորը» կարծեք մի ամբողջ ծավալուն վեպի բովանդակություն ունի…»,- նշում է Էդ. Ջրբաշյանը (էջ 440)։ Ուստի զարմանալի է, որ մեր գրականագետների ուշադրությունից դուրս է մնացել «Գիքորը» պատմվածքից, մեր կարծիքով, շատ կարևոր մի նախադասություն, որը բավականին լույս կարող էր սփռել ինչպես ընդհանուր պատմվածքի, այնպես էլ Համբոյի կերպարի ճիշտ մեկնաբանության վրա։ Գիքորին ծառա տալիս Համբոն բազազ Արտեմին ասում է. «Իմ դարդն էլ էն ա, աղա ջան, որ մարդ դառնա, լեզու սովորի, գրել-կարդալ սովորի, նստել-վեր կենալ սովորի, մարդ ճանաչի, որ աշխարքումն ինձ նման խեղճ ու զուրկ չմնա…» (էջ 18)։
«Զուրկ չմնա» ասելով, հասկանալի է, որ Համբոն նկատի ունի իր ընտանիքի սոցիալական ծանր պայմանները, իսկ ի՞նչ ասել է խեղճ: Արդյո՞ք իր աղքատության հետ է կապում Համբոն՝ իրեն անվանելով խեղճ։ Ուշադրություն դարձրեք, նա այս արտահայտությունն անում է թվարկելուց հետո՝ «լեզու սովորի, գրել-կարդալ սովորի… որ աշխարքումն ինձ նման խեղճ ու զուրկ չմնա»: Չմոռանանք․ Գիքորը գրել-կարդալ գիտեր, առավել ևս, որ Համբոն նույն տեղում էլ իր խոսքի մեջ շեշտում է այդ հանգամանքը, «մեր գեղական շկոլումն էլ գրաճանաչ ա էլել, գրի սև ու սպիտակը ջոկում ա»: Կնշանակի՝ Համբոն, «խեղճ» ասելով, բնավ էլ նկատի չունի իր սոցիալական պայմանները, իր ապրուստը։ Նա, ուսյալ մարդու մասին իր պատկերացումները (իմ դարդն էլ էն ա…) վերագրելով Գիքորին, փաստորեն թվարկում է իր պակասությունները։ Ուրիշ խոսքով, ոչ ուղղակիորեն ասում է, որ ինքը, թեև կյանք տեսած մարդ է և կյանքից շատ բան գիտի (…նստել- վեր կենալ սովորի, մարդ ճանաչի…), բայց գրագիտություն չունի: Մինչդեռ գրականագետ Մ. Մկրյանը Համբոյի նամակը մեկնաբանելիս գրում է. «…հազիվ գրել-կարդալ իմացող Համբոն…» (էջ 286)։ Եթե խնդրին մոտենանք հակառակ կողմից՝ ընդունենք, որ, իսկապես, Համբոն գրաճանաչ մարդ էր, այս դեպքում հարց է ծագում. 19-րդ դարի հայ գյուղական այն իրականությունում, որը ներկայացված է պատմվածքում, որում ապրում էր Համբոն, գրաճանաչ մարդը բազազ Արտեմի մոտ իրեն բնութագրելիս մի՞թե կասեր «Աշխարքումն ինձ նման չմնա խեղճ», այն դեպքում, որ գյուղում տառաճանաչ մարդկանց մատով էին ցույց տալիս: Բացի դրանից, եթե Համբոն «գրել — կարդալ իմացող մարդ էր», մի՞թե նա Գիքորի՝ «մեր գեղական շկոլումն էլ գրաճանաչ ա էլել, գրի սև — սպիտակը ջոկում ա» փաստը կներկայացներ այդպիսի ակնածանքով ու անթաքույց հպարտությամբ։ Մեր կարծիքով Համբոն, լինելով ոչ տառաճանաչ, բնականաբար չէր կարող Գիքորին ուղարկած նամակը ինքը գրած լինել։ Առավել ևս, որ նամակը սկսվում է հետևյալ հայտնի խոսքերով. «Իմ սիրելի որդի Գիքոր ջան: Ի քաղաքն Թիֆլիզ։ Մենք ողջ և առողջ ենք, միայն քո առողջությունն ենք ուզում, ամեն»։ Նամակի այս հատվածը իր վերամբարձ ոճով նամակի մնացյալ շարադրանքի հետ հակադիր է: Սա պատահականությո՞ւն է: Իհարկե՝ ոչ։ Ռ. Վարդանյանը իր աշխատության մեջ նշում է. «Դարեր ի վեր գրավոր խոսքի մեջ մշակված է եղել նամակի ընդունված ձևը. «Մենք ողջ և առողջ ենք, միայն քո առողջությունն ենք ուզում, ամեն» (էջ 68)։ Հետևաբար, նամակագրության ընդունված այս ձևաչափին կարո՞ղ էր տեղյակ լինել գյուղացի Համբոն: Չէ՞ որ նամակագրության ընդունված կանոններին կարող էր տիրապետել այն մարդը, որը հաճախակի էր զբաղվում դրանով։ Ուստի, ելնելով պատմվածքի բնագրից (սոցիալական այն ծանր պայմաններում, որում ապրում էր Համբոն), մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ «աշխարքումը խեղճ ու զուրկ» մնացած Համբոն հաճախ էր զբաղվում նամակագրությամբ, ինչի շնորհիվ էլ յուրացրել էր նամակագրության կանոնները: Հատկապես, որ գրականագետ Մ. Մկրյանն էլ Համբոյին բնութագրելիս նշում է, որ «նա պերճախոսության ընդունակ չէ» (էջ 286)։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է այն, որ Գիքորին ուղարկած նամակը հաստատապես գրվել է մեկ այլ մարդու ձեռքով։ Իսկ դա կարող էր լինել գյուղի վարժապետը, քահանան, գրագիրը, որին Համբոն դիմել է խնդրանքով և, գուցե թե, իբրև վարձ էլ վճարել է տանը եղած վերջին բնամթերքով։ Իսկ նրանք հենց այն մարդիկ են, որոնք հաճախ են գործ ունենում գրագրության հետ, և նրանց լեզվամտածողությանն է բնորոշ վերոհիշյալ ոճը` ի քաղաքն Թիֆլիզ։ Որ նամակը շարադրվել է մեկ այլ մարդու կողմից (Համբոն միայն թելադրել է), համոզվում ենք նաև «Քեզ կարոտով բարով են անում ապին, նանը, Զանին…» նախադասությունից (էջ 29): Եթե նամակը, իրոք, գրած լիներ ինքը՝ Համբոն, որպես գրաճանաչ մարդ իրեն չէր ներկայացնի երրորդ դեմքով, կգրեր. «ես, նանը, Զանին…»։ Բայց քանի որ նամակը շարադրվել է կողմնակի անձի ձեռքով, այս դեպքում բնական է, որ «բարով են անում ապին, նանը, Զանին…»: Իհարկե, խոսակցական լեզվում (երբեմն նաև գրավոր խոսքում ) հանդիպում ենք, երբ անձը իրեն ներկայացնում է երրորդ դեմքով, ինչպես, օրինակ, մաման մատաղ, պապին ցավդ տանի և այլն։ Սակայն նմանատիպ արտահայտությունները չպետք է շփոթել «Գիքորի» օրինակի հետ, քանի որ մաման մատաղ փաղաքշական արտահայտության մեջ արտահայտության հեղինակը, իրեն ներկայացնելով երրորդ դեմքով, զրուցակցի համար շեշտում է և՛ իր ով լինելը, և՛ իր սիրո չափը։ Մինչդեռ ես-ով արտահայտվելու դեպքում «հասցեատերը» ինքը պիտի ենթագիտակցորեն վերականգնի այդ ամենը։ Ցույց տանք օրինակով՝ «Ես մատաղ (լինեմ) — մաման մատաղ (լինի) կամ «Ես ցավդ տանեմ — պապին ցավդ տանի»։ Իսկ Համբոյի պարագայում «…բարով են անում ապին, նանը, Զանին…» այդպես չէ, քանի որ արտահայտությունը չի փոխակերպվում փաղաքշականի, հետևաբար և անհրաժեշտություն չկար, որ Համբոն իրեն ներկայացներ երրորդ դեմքով։ Ահա մի փաստարկ ևս՝ համոզվելու համար, որ նամակը գրվել է մեկ այլ մարդու ձեռքով։ Բացի այդ՝ նամակի մեջ օգտագործված գրական սաստիկ բառը (խարջը սաստիկ ուզում են) ոչ մի կերպ չի համատեղվում Համբոյի լեզվամտածողության հետ (ամբողջ պատմվածքում Համբոյի օգտագործած բառամթերքի ուսումնասիրությունն է դա վկայում), մինչդեռ սաստիկ բառը շատ տիպական ու գործածական է հենց նույն վարժապետի (քահանայի, գրագրի) բառախոսքում:
Ինչ վերաբերում է նամակի մեջ կրկնվող՝ «տեղներս շատ նեղ ա» և «Նանն ու Զանին տկլոր են» արտահայտություններին, կարծում ենք՝ «գեղարվեստական յուրահատուկ արտահայտչամիջոցներից մեկն էլ հենց դա է՝ կրկնությունը, ինչը փաստում է Թումանյան արձակագրի վարպետությունը։ Թեպետ Մ. Մկրյանը գրում է, որ հիշյալ խոսքերը «ավելի քան պերճախոս են, ուստի մնում էր կրկնել դրանք (էջ 287), սակայն Թումանյանը Համբոյի նամակում կրկնվող և- երի, ու «տեղներս շատ նեղ ա», «Նանն ու Զանին տկլոր են» արտահայտությունները նախադասության սկզբում և վերջում զետեղելով, և՛ Համբոյին է բնութագրում որպես խոսքի տեսանկյունից խեղճ մարդու, և՛, գլխավորը, ընդգծում է ողբերգության հասնող Համբոյի (հայ գյուղացու) սոցիալական ծանր պայմանները: Հեղինակային նույն մոտեցմամբ է գրվել նաև «քեզ կարոտով բարով են անում…» նախադասությունը։ Թումանյանը, որ բառի ընտրության հարցում շատ բծախնդիր էր և կարող էր, ասենք, տնեցիք (…բարով են անում տնեցիք) մեկ բառով ավարտել նախադասությունը, թվարկում է ընտանիքի բոլոր անդամներին (ապին, նանը, Զանին, Մոսին, Միկիչը, Գալոն), և դա անում է ոչ այն պատճառով միայն, որ այդպես ընդունված էր նամակագրության մեջ, այլև Թումանյանի նպատակն էր տողատակին ընդգծել ընտանիքի բազմանդամ լինելու փաստը։ Այստեղ հարկավոր է աչքաթող չանել և այն փաստը, որ Համբոն «բարևների» շարքը սկսում է հենց իրենից, այլ ոչ թե, ասենք, նանից, որի հետ, ամենայն հավանականությամբ, հոգեպես ավելի էր կապված Գիքորը («իմ քորփա երեխուն էն անիրավ աշխարհը մի գցիլ, չեմ ուզում»), այսինքն՝ ով որքան է կարոտել Գիքորին, կարևոր չէ նահապետական ընտանիքում գոյություն ունեցող կարգ ու կանոնի համեմատ (նստում էին և սպասում մինչև պապը գար…, Հ. Սահյան), ուստի Համբոն բարևների հղումը սկսել է իրենից խստագույն հերթականությամբ, քանի որ Թումանյանը տողատակին հենց դա է կարևորել ընտանիքում յուրաքանչյուրի կարգավիճակը: Թումանյանը, Համբոյի նամակի վերջում երկրորդելով «Եվ իմացած ըլես, որ Ծաղիկը սատկեց, և նանն ու Զանին տկլոր են», մեր կարծիքով այստեղ շատ հետաքրքիր ու բարդ խնդիր է շոշափել, ինչի շուրջն էլ կառուցել է պատմվածքը, և ինչն էլ, ցավոք, առայսօր մեր գրականագիտության ուշադրությունից դուրս է մնացել։ Որպես հեղինակ՝ Թումանյանը կարող էր Համբոյի ընտանիքի անդամներից ցանկացածի անունը նշել՝ ցույց տալու համար այդ ընտանիքի ընչազուրկ վիճակը, դիցուք. «Միկիչն ու Գալոն տկլոր են», և դրանից փաստը չէր տուժի, մինչդեռ մատնանշել է․ «Նանն ու Զանին…» (ասել է թե՝ մայրդ ու քույրդ), ինչը ուղղակի ծայրահեղության է հասցնում Համբոյի ընտանիքի ողբերգական կացությունը, քանի որ ավանդապահ (ոչ միայն) հայ ընտանիքում, եթե տղայի (Միկիչի, Գալոյի) մերկությունը դեռ ինչ-որ կերպ կարելի էր հանդուրժել, կնոջ ու աղջկա մերկ լինելը կտրականապես անթույլատրելի է, չլինելու բան է։ (Հիշենք «Անուշ» պոեմում ինչ անեծք — նախատինք էր տալիս մայրը՝ աղբյուրը՝ ջրի գնացած, բայց ուշացող իր աղջկան՝ «այ մազըդ կտրած»։ Եվ սա ընդամենը ուշանալու համար)։ Ուստի կարծում ենք՝ Համբոն Գիքորին իրազեկելով նրա մոր և քրոջ մերկ լինելու փաստը, այստեղ դիպչում է Գիքորի տղամարդկային արժանապատվության լարին, այսինքն, խոսելով իր երեխայի հետ՝ Համբոն խնդիրը քննարկում է ինչպես տղամարդը տղամարդու հետ, վստահելի տղամարդու հետ, ու հենց այդ նկատառումով է ասում՝ մի քանի մանեթ ղարգի (բայց ոչ թե խարջը տալու, որը «սաստիկ ուզում են», այլ որպեսզի ինքը՝ Համբոն, իր կնոջ և աղջկա կարիքները հոգա)։ Եվ դա Համբոն անում է (դիմում է Գիքորին)՝ նրան համարելով իր վերջին հույսը։ Ավելի պարզ. հայրը կարիքից ճարահատյալ իր անչափահաս երեխայից դրամ է խնդրում իր կնոջն ու դստերը խայտառակությունից փրկելու համար։ Սա է Համբոյի ողբերգությունը և Թումանյանի պարփակված ասելիքը։ Ուստի կարծում ենք՝ պատմվածքը վերլուծելիս խնդիրները պետք է դիտարկել այս հարթության մեջ։ Գրականագետ Ռ. Վարդանյանը նամակի իր վերլուծությունում գրում է. «Նրան (Գիքորին — Հ. Մ .) Մեծի տեղ են դրել, նամակ են գրել և օգնություն խնդրել, նա էլ սկսում է շվարած մտածել, մտքում կրկնում է նամակի տողերը, ասես միանգամից հասունանում» (էջ 69)։ Նման մեկնաբանությունը, կարծում ենք, թերի է, քանի որ, ինչպես վերևում նշեցինք, Թումանյանը Համբոյի միջոցով նամակում երկու անգամ շեշտում է․ «տեղներս շատ նեղ ա… Նանն ու Զանին տկլոր են», չնայած մինչև այդ Համբոն ասել էր , որ «խարջը սաստիկ ուզում են»։ Եթե Թումանյանը կարևորեր այս հանգամանքը՝ Համբոյի սոցիալական ծանր վիճակը (սա, ինչ խոսք, պատմվածքի կարմիր թելն է), ապա նամակում կրկնությամբ կշեշտեր հենց «խարջը սաստիկ ուզում են» արտահայտությունը, մինչդեռ նամակն ավարտել է՝ ընդգծելով «Նանն ու Զանին տկլոր են»։ Այստեղից էլ կարելի է հետևություն անել, որ Համբոյի համար շատ ավելի կարևոր ու առաջնային են բարոյական հարցերը, քան այն, որ «խարջը սաստիկ ուզում են», և իրենք փող չեն ճարում»: Ասվածը հաստատում են նաև Համբոյի այն խոսքերը, երբ բազազին ի պատասխան ասում է. «Չէ, խազեին ջան, սա գողանալ չի։ Որ էդպես բան անի, կգամ կռնիցը կբռնեմ, էն Քուռը կգցեմ» (էջ 18)։ Իհարկե, Թումանյանը կարող էր շրջանցել Ծաղիկ կովի սատկելու փաստը և չնշել նամակում, քանի որ նամակաբեր գյուղացիք այդ մասին արդեն իրազեկել էին Գիքորին: Բայց Թումանյանը, նամակի մեջ հիշատակելով այն (դարձյալ դիմել է կրկնության հնարքին), այդկերպ մեծացրել է փաստի գործառնական նշանակությունը, և ամենագլխավորը՝ Ծաղիկ կովի սատկելու մասին հիշեցումը ոչ այնքան հասցեագրել է Գիքորին, որքան պատմվածքի ընթերցողին, որի համար այդ պահին է պարզ դառնում, թե ինչու «Նանն ու Զանին տկլոր են»։ Առաջին պահ է թվում, թե ասվածը՝ կովի սատկելը, տրամաբանորեն անհամատեղելի է վերոհիշյալ (Նանն ու Զանին…) արտահայտության հետ։ Իրականում ընտանիքին կերակրողը Ծաղիկ կովն էր, որի կորստից հետո անելանելի կացության մեջ է ընկել Համբոյի ընտանիքը, ահա թե ինչու «Նանն ու Զանին տկլոր են»:
Մեր դիտարկումների հավաստիությունը, որ «Գիքորը» պատմվածքում Թումանյանը սոցիալական ատաղձի վրա քննում է բարոյական հարցեր, հաստատվում է նաև այն փաստով, որ նամակաբեր գյուղացիք Գիքորին հրաժեշտ տալիս ասում են. «…թե մորդ կամ քվորդ համար բան ես ղարգելու, տուր տանենք»։ Թվում է՝ գյուղացիք Գիքորին պիտի ասեին (ինչը շատ բնական կլիներ)՝ «Թե տան համար (տնեցիների համար) բան ես ղարգելու, տուր տանենք»։ Մինչդեռ նրանց խոսքը հասցեական է. «մորդ կամ քվորդ համար…»։ Այսինքն՝ Համբոյի ծայր աղքատությունը գյուղում հայտնի է ամենքին, և այն, որ նրա ընտանիքում կանայք տկլոր են, դարձել է գյուղի բամբասանքը, ամոթն ու կարեկցանքը։ Ուրիշ խոսքով՝ Թումանյանին մտահոգել է խնդրի հենց այս երեսը։
«Գիքորը»,- ինչպես գրում է Գ. Հովսեփյանը,- պետք է ըմբռնել և՛ ինտուիցիայով, և՛ տրամաբանորեն, որովհետև ինչպես տեսնում ենք, արձակի այդ գլուխգործոցը հատկանշվում է և՛ հուզական մեծ ուժով, և՛ ինտելեկտուալ խոշոր հետաքրքրությամբ» (էջ 197)։ Այնպես որ, Համբոն բնավ էլ դպրոցական դասագրքերից տարիներ ի վեր մեզ ներկայացվող այն միագիծ, պարզունակ կերպարը չէ, որը աշակերտի հիշողության մեջ տպավորվում է ավելի շատ իր հանդեպ ցուցաբերվող կարեկցանքով ու խղճահարությամբ: Թե ինչու «Գիքորը» ընթերցվել է այնպես, ինչպես որ ընթերցվել է, դժվարանում ենք ասել, համենայն դեպս կարծում ենք՝ «մեղքը» Մեծ լոռեցունն է, որը համարում էր, որ «արվեստը պետք է լինի աչքի նման պարզ և աչքի նման բարդ»: Թերևս հենց արտաքնապես այդ խաբուսիկ պարզությունն է պատճառը, որ ընթերցողի մեջ մեկ ընթերցմամբ թումանյանական պատմությունն ամբողջովին ընկալելու պատրանք է ստեղծում: «Եվ ոչ ոքի մտքով չի անցնում, որ Թումանյանը հայ բազմադարյան գրականության ամենաբարդ երևույթներից է (Լ. Հախվերդյան)։ Իսկ Թումանյանն ինքը դժգոհել է, որ «գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել…» (1-ին հատոր, էջ 8): Ամփոփելով՝ ասենք, որ, ի դեմս Համբոյի, Թումանյանը կերտել է հայ գյուղացու պատվական բարդ, հոգեբանական հարուստ գուներանգով մի կերպար, որը թեպետ «չի ջոկում գրի սև ու սպիտակը», փոխարենը իմաստնացած է կյանքի փորձով և օժտված է մարդկային բարձր հատկանիշներով, որի համար նույնիսկ ծայրահեղ աղքատության մեջ շարունակում են կարևորվել բարոյական արժեքները:
Մարտիրոս Ոբնեցի
(Համլետ Մարտիրոսյան)
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Էդ. Ջրբաշյան, Թումանյան, Ստեղծագործության պրոբլեմներ, ՀԽՍՀ ԳԱ հրատ. Երևան, 1988 թ․։
2. Նույն տեղում, էջ 440։
3. Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, ՀԽՍՀ գիտ. ակադեմիայի հրատ., հատոր առաջին, Երևան, 1964 թ., էջ 169։
4. Մ. Մկրյան, Հ. Թումանյանի ստեղծագործությունը , «Սովետական գրող», Երևան , 1981 թ., էջ 286։
5. Հ. Թումանյան, Ընտիր երկեր, 1- ին հատոր, «Սովետական գրող» հրատ., Երևան 1985թ.։