ԳրաԴաշտ Մհեր Իսրայելյան

Մհեր Իսրայելյան. Անմեղների խաչակրաց արշավանքը

12.11.2024

Տարօրինակ մարդիկ են այս մեծահասակները. հենց դանակը հասնում է ոսկորին, ու նեղն են ընկնում, հիշում են երեխաների մասին։ Լինի հիմա, թե ութ հարյուր տարի առաջ, լինի այստեղ, թե ութ հարյուր մղոն հեռվում, էլ ով, եթե ոչ երեխաները կարող են ճեղքել անելանելի թվացող փակուղին։ Մի գանգրահեր, թոթովախոս տղա են բռնացնում, ու սա սկսում է ինչ-որ բաներ բլբլացնել մի հեռու-հեռավոր երկրի մասին, երկրի, որ վտանգի մեջ է, շրջափակված արյունարբու թշնամիներով, երկրի, որ փրկության կարիք ունի, երկրի, որ սրտատրոփ մեզ է սպասում։  Նրանք, այդ մեծահասակները, բնականաբար բան չեն հասկանում մանկան թոթովանքից, ուղեղները ընդարմանում են, լեզուները՝ կապ ընկնում, աչքը կուրանում է ու ականջը խլանում։

-Երեխան հիվանդ է, հավանաբար սրտի արատ ունի,- ի վերջո արդարանում են նրանք, մի կերպ զսպելով հայրական ապտակ տալու գայթակղությունը։

-Քիչ մնաց ասեիք «ուղեղային մորմոք»,- հեգնում է մի պատահական անցորդ։ 

Այդժամ գործի են անցնում մանուկները, քանզի նրանք հստակորեն, հնչյուն առ հնչյուն հասկանում են, թե ինչ նկատի ուներ թոթովախոսը։ Թե նրա սրտի տեղը գիտեն, թե նրան այցելած տեսիլքի։ Այդպես կամաց-կամաց արթնանում են մեր ջինջ երեխաները, մեր հույսն ու ապավենը, այդպես թևեր են առնում մեր գանգրահերներն ու անմեղները։ Նման օրհասական պահերին արևի շողը խտտում է փետուրե թերթերունքները, ու աշխուժացած՝ դառնում են հեքիաթի ժիր հերոս։ Իրենց ձեռքն են վերցնում կախարդական փայտիկը, գլխիվայր են շրջում աշխարհը կամ իրենք են գլուխկոնծի տալիս, ու սկսում է գլորվել այն ձնագունդը, որ պիտի մեծանա, մեծանա ու մի գեղեցիկ օր տանի հասցնի Երկիր ավետյաց։ Երուսաղեմ, իսկ միգուցե Արցախ։ Իսկ մինչև այդ գեղեցիկ օրը գա, օրերը ամենասովորական օրեր են լինում, երբ արևը սովորականի պես ծագում է արևելքից ու սովորականի պես էլ մայր մտնում արևմուտքում։ Երբ անձրևը գալիս է հանդարտ ու համաչափ, ու կաթիլները երազ չեն դառնում, արևի ճառագայթներին չեն խառնվում, ու չի կամարվում այն ծիածանը, որ ստիպելու է նրանց կկոցել աչքերը՝ գույներն ավելի պարզորոշ զանազանելու համար։

Ամեն ինչ կա ծիածանի մեջ. մեկ միլիոն երանգ, որ մարդու աչքը չի տեսնում։ Միայն յոթ գույնն են կարողացել ի տես աշխարհի դուրս հորդալ եղջերաթաղանթի պատյանից։ Կարմիրը արյան նշանն է գուցե, պատերազմի, նարնջագույնը՝ երջանկության ավետաբերը, դեղինը՝ արևի արտացոլանքը, կանաչը՝ կյանքի ու բնության աղբյուրը, դե կապույտն էլ, անտարակույս, խաղաղության խորհրդանիշը։  Սուրբ գիրքը իր մոռացված էջերի գողտրիկ անկյունից կպեղի-կհանի մի խունացած երկտող ու մեղմորեն կհուշի, որ ծիածանը, որ կամարվեց  մեծն ջրհեղեղից հետո, ապացույցն է այն պարզ ճշմարտության, որ էս անիծյալ աշխարհում ամեն ինչ այնպես գորշ ու մռայլ  չէ, ինչպես թվում է, կհուշի, որ վերևում Աստված կա, ու որ այդ Աստվածը բնավ չի մոռացել մեզ։ Կհուշի, որ ծիածանի յոթ գույները նաև Աստծո պատվիրաններն են, մի գողացիրից մինչև մի սպանիր, ուրեմն պահիր ու փայփայիր դրանց հորդորը, պինդ բռնիր կապույտի դերձանը, ու գուցե բախտը մեզ ժպտա, ու երկրի վրա վերջապես բացվի խաղաղության թագավորությունը։

Այնպես որ, պատահական չէ, որ մի սովորական օր, երբ մեր երկրի մի փոքր մասը հայտնվեց շրջափակման մեջ, տասներկուամյա մինուճար Դավթին, որ տարել էր Խուստուփ լեռան վրա գառներն արածացնելու, այցի եկավ հենց ինքը՝ Հիսուսը, ինչպես ութ հարյուր տարի առաջ էր Ալպերում, թե մեկ այլ լեռան վրա այցելել գերմանացի հովիվ տղա Նիկոլասին կամ ֆրանսիացի հովիվ տղա Ստեֆանին, իսկ միգուցե Էտիենին։  

-Եթե հավատաք ինձ, կօգնեմ ճեղքելու շրջափակումը,- իբր ասել էր Հիսուսը։

-Իսկ ինչպե՞ս,- իբր հարցրել էր Դավիթը։

-Ծիածանի վրայով,- վստահեցրել էր Բարձրյալը,- որի կամարը մի իսկական կամուրջ է դառնալու ձեր երկրի անջատված մասերի միջև։

-Իսկ եթե արևը մայր մտնի՞, ու ծիածանը հօդս ցնդի՞,- անհանգստացել էր Դավիթը։

-Ինչքան էլ արևը մայր մտնի, ծիածանի կապույտ թելից բռնած կգնաք, կգնաք ու կհասնեք Ավետյաց երկիր,- հանգստացրել էր Երկնավորը։

-Իսկ ինչպե՞ս ենք հաղթելու արյունարբու թշնամուն,- տարակուսել էր Դավիթը։

-Հաղթելու կարիք չկա, զմայլված ծիածանի գույների փայլով, ինքն է ընդունելու ձեր լեզուն ու հավատը,- իբր հավաստիացրել էր Տերը ու մի խորհրդավոր նամակ փոխանցել նրան՝ ամենավերջում բացելու պատվերով։  

Ինչպես ութ հարյուր տարի առաջ, երբ Հիսուսն այցելել էր գերմանացի տասներկուամյա գառնարած Նիկոլասին կամ ֆրանսիացի տղա Ստեֆանին, իսկ միգուցե Էտիենին,  այնպես էլ հիմա, երբ այցելել է մեր Դավթին՝ Հայկի երկրից, ավելորդ ականատեսներ չեն եղել։ Նման նուրբ գործի համար երրորդ աչք պետք չէ, ընդամենը մեծ սիրտ է պետք ու անվերապահ հավատ։ Եվ, իհարկե, հավատարիմ ընկերներ։ Հետևաբար, երբ նրանք, այդ գանգրահերները, եկան օգնության, ոչ ոք դույզն-ինչ կասկած չհայտնեց ո՛չ այդ առեղծվածային ու ճակատագրական հանդիպման փաստի առթիվ, ո՛չ էլ մտադրությունների բարի էության։ Միայն Մանուկը, որ ամենամիամիտն էր, հարցրել էր․

-Իսկ Հիսուսը մորուք ունե՞ր, ինչպես կինոների ու նկարների մեջ, թե կոկիկ սափրված էր։ Իսկ ոտնաթաթից արյուն ծորու՞մ էր, թե՞ չէ։ 

-Հիսուսի արտաքին տեսքն ընդհանրապես կարևոր չէ, կարևորն այն խորհուրդն է, որն ինքը մեզ է փոխանցել Դավթի միջոցով,- Դավթի փոխարեն պատասխանել էր Եսային, որ ամենաուշիմն էր։

-Իսկ ինչպե՞ս ենք բարձրանալու ծիածանի վրա,- հարցրել էր Մխիթարը, որ ամենաիրատեսն էր:

-Երևի ձիերով,- Դավթի փոխարեն պատասխանել էր Վաչեն, որ աշխարհի բանից քիչումիչ հասկանում էր, հետո որոշել էր կատակել ու ավելացրել՝ կամ էլ էշերով։ 

-Դե ուրեմն ի զեն,- կատակը ցրել էր Գարեգինը, որ ամենազգոնն էր։

-Մեզ զենքեր պետք չեն,- հիշեցրել էր Դավիթը, որ միակն էր բոլորից, որ զույգ աչքով էր տեսել Հիսուսին ու զույգ ականջով լսել նրա աստվածային օրհնությունը։

-Մենք կհամոզենք թշնամուն ընդունել մեր գիրն ու հավատը, ու աշխարհում կթագավորի խաղաղությունը, ոչ մի զենք,- հաստատել էր Մխիթարը։

-Ոչ մի զենք,- արձագանքել էր Մանուկը։

-Ոչ մի զենք,- հաստատել էին Պողոսը, Պետրոսը և մանավանդ Մարտիրոսը։

Ութ հարյուր տարի առաջ էլ նույն բանը որոշել էին գերմանացի Նիկոլասն ու ֆրանսիացի Ստեֆանը, իսկ միգուցե Էտիենը։ Նրանք էլ հավաքել էին հազարավոր ընկերների, գնացել, գնացել ու Միջերկրականի տաք ափերի մոտ խմբված սպասել, թե ինչպես է ծովը ցամաք դառնալու, ու իրենք էլ խանդավառված հրաշքով՝ լիուլի մսխելու են աստվածային ընծայի շռայլությունն ու ծափողջյունների տարափի ներքո տոտիկ-տոտիկ մտնելու են Երուսաղեմ։ Անմեղների այս արշավանքից հուզված թշնամին էլ դարձի է գալու և ընդունի իրենց հավատը։

-Բայց էլ ինչ խաչակիր առանց զենքի,- տարակուսելու են թերահավատները։

-Հենց խաչն է զենքը,- բացատրելու են իմաստունները։

-Գուցե փուչիկներ էլ վերցնեին,- ծաղրելու են կատակասերները։

-Երևի «ուղեղային մորմոք» է,- նորից հեգնելու է մի պատահական անցորդ։ 

Ծաղրեն, չծաղրեն, պատմությունը դրանից չի փոխվի։ Միշտ էլ կգտնվեն մի յոթ հազար մանուկ, որ կհավատան վառվռուն աչքերով  տղային ու կզինվորագրվեն խաչակրաց արշավանքին, այն արշավանքին, որտեղ մարդ չի սպանվելու, որովհետև ոչ մեծահասակներ են լինելու, ոչ էլ զենք ու զրահ։ Հետևաբար, Խուստուփի լեռան վրա հավաքված մեր անմեղները, խաչերը ճակատներին դաջած, զօրուգիշեր աղոթեցին, որ հորդառատ անձրև գա, որ անձրևը հետո դադարի, որ ամպի տակից դուրս եկած արևը հուշիկ գողանա անձրևի կախարդական կաթիլները, շաղախի իր շողերին ու աղեղի երանելի ծիածանը։ Հենց այդ պահին էլ հայտնվեց ձիապանը, որ  հրաշագեղ նժույգներ էր բերել Դավթի ու իր ընկերների համար։

-Միայն թե պիտի վճարեք իմ ծառայությունների համար,- ասաց ձիապանը,-երազանքները անվճար չեն իրականանում։

-Մենք փող չունենք,- ասացին անմեղները,- մեր փողը մեր աղոթքն է։

-Մենք կվճարենք,- սփոփեցին բարեգործները,- հանկարծ լաց չլինեք։

Եթե ութ հարյուր տարի առաջ Միջերկրական ծովը, անսալով տղաների թախանձագին աղերսանքին, չորանար ու ցամաք դառնար, ու նրանք Տիրոջ բարյացակամությամբ տոտիկ-տոտիկ Երուսաղեմ հասնեին, գուցե ամեն ինչ այլ կերպ ընթանար։ Գուցե հիմա ոչ ծիածանի կարիք լիներ, ոչ ձիերի, ոչ էլ գանգրահեր տղաների, բայց քանի որ ծովը ծով մնալու իր տարերքը այդպես էլ չզիջեց, ստիպված եկանք հասանք այս օրվան, երբ մի թոթովախոս Դավիթ՝ հավատարիմ ընկերներին առած՝ բարձրացան ձիերի վրա ու նրանց հրեղեն բաշին փարված՝ միախառնվեցին ծիածանի յոթ երանգներին։

Այդ օրվանից սկսած նրանց ոչ ոք չի տեսել, ու քանի որ չի տեսել, պատմությունը դարձել է առասպելի պես մի բան, որ ծիածանի միլիոն անտեսանելի գույների չափ վարկածներ է ծնել։  

Թե մեր մինուճար Դավթի խաչն ու հավատը ուր են հասցրել նրանց, ականատեսներ չկան։ Թե Մանուկի միամտությունը կամ Վաչեի հնարամտությունն ու հումորն ինչքան են պետք եկել, մնում է հանելուկ։ Գարեգինի զգոնությունն ու Մխիթարի խաղաղասիրությունը կարողացե՞լ են փրկել երեխաներին՝ առեղծվածը նույնպես լռում է։ Իսկ Եսայիի ուշիմությունը ու՞ր մնաց։ Պողոսի, Պետրոսի և մանավանդ Մարտիրոսի մասին էլ ավելորդ է խոսել․ նրանց անունը լսելիս մարդիկ պարզապես խաչակնքում են։

Չարախոսները ասում են, թե ձիապանը երեխաներին տարել ու գերության է հանձնել թշնամուն, ճիշտ այնպես, ինչպես ութ հարյուր տարի առաջ խորամանկ նավապետը բարեգործների կաշառքը գրպանում մանուկների խաչակրաց արշավանքի միամիտներին տարավ Աֆրիկայի ափերը ու խափշիկներին խառնած ստրկության վաճառեց։ Առավել լավատեսները վկայում են, որ իրենց եվրոպացի բախտակիցների պես, մերոնք էլ ցվրվել են աշխարհով մեկ ու մուրացկան դարձել, այստեղ-այնտեղ խաղաղություն են մուրում։ Վրեժխնդրության մոլուցքով էլ տառապող մի մարդ հավաստիացնում է, թե ձիապանին հետո բռնել են ու հրապարակային մահապատժի ենթարկել։ Մեկ այլ վարկածով պնդում են, թե երեխաների ծնողները դատի են տվել ոչ թե ձիապանին, այլ Դավթին, իրենց սիրելիներին մոլորեցնելու ու խաբեությամբ անիմաստ արկածախնդրության մեջ ներքաշելու համար, ու իշխանություններն էլ իբր հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ հոգեորսության մեղադրանքով, սակայն հայտնաբերել չի հաջողվել։  

Մի փիլիսոփա էլ գործի փաստական ապացույցները իր փորձի, գիտելիքների ու մանավանդ երևակայության հետ համադրելով՝ համոզված արձանագրում է, որ անմեղների այս արշավանքը մեծահասակների  կազմակերպած զոհաբերության հատուկ ծես է եղել առ Աստված, յուրօրինակ մատաղ, իբր հետագա արհավիրքներից ազգին փրկելու նպատակով։ «Դե ասա փուռն են տվել էլի, մատաղացու սարքել, ի՞նչ ես հեքիաթ պատմում»,- վրդովված փիլիսոփային է հանդիմանել մի հողեղեն մարդ, որ առաջին պատերազմի ժամանակ աջ ոտքն էր կորցրել, երկրորդի ժամանակ՝ ձախը, ու անհամբեր սպասում էր երրորդին։ 

Մի կատակասեր էլ խնդմնդալով պատմել է, թե մինչև ձիերը անցել են ծիածանի մյուս կողմը, վերածվել են ավանակների, ու հերոսները ծաղրուծանակի առարկա են դարձել թշնամական ամբոխի շուրթերին ու անխնա քարկոծվել։  

Հասե՞լ են ավետյաց երկիր մեր խաչակիրները, չե՞ն հասել, ճեղքե՞լ են շրջափակումը, չե՞ն ճեղքել՝ ոչ ոք հաստատ չի կարողանում ասել։ Արյունարբու թշնամին հուզվե՞լ է մեր անմեղների արշավանքից, թե՞ չի հուզվել, ընդունե՞լ է մեր գիրն ու հավատը, թե՞ չի ընդունել, նույնպես անհայտ է։ Միայն մի բան են պարզորոշ հաստատում․ տղաները շատ դժվարություններ են տեսել, բայց ոչ ոք լաց չի եղել։ Նրանք սրբությամբ պահել են ծիածանի յոթ, իսկ միգուցե միլիոն պատվիրանները, ճիշտ ֆրանսիացի ու գերմանացի ընկերների պես։  Սիրել են միակ Աստծուն, չմոռանալով նաև իրենց ծնողներին սիրել, Աստծո անունը հենց այնպես չեն տվել, կուռքեր չեն ստեղծել, չեն գողացել, չեն շնացել ու բնականաբար չեն սպանել։ Բռնել են ծիածանի կապույտ դերձանը ու նժույգների բաշին փարված՝ գնացել դեպի երկինք։ Բարեբախտաբար, ձիերի սմբակները չեն խրվել ծիածանի հազարումի ելևէջների մեջ։ Այնքան են դոփել պայտերը, մինչև արևը մայր է մտել, ու ծիածանը հօդս է ցնդել՝ իր հետ տանելով այդ առասպելը։

Մի խելագար էլ հևասպառ պատմում է, թե անմեղներից մեկը, գանգրահեր ու թոթովախոս մի տղա, իբր իջել է ծիածանից, մտքին մի բան պահել ու փորձել կամարի տակով անցնել, բայց սահմանապահները նրան բռնել ու խաչել են։ Հազարավոր մարդիկ, որ տեսել են, թե ինչպես է արյունը ծորում նրա ոտնաթաթից, օրեր շարունակ գնացել ու շիրմի մոտ քարացած սպասել են, թե երբ է հարություն առնելու։ Հետո գտել են Հիսուսի փոխանցած խորհրդավոր նամակը ու բացել այն։ Ի զարմանս այդ մարդկանց՝ նամակում ոչինչ գրված չի եղել, ու իբր մի իմաստուն հուշել է, թե ամեն ինչ պիտի նոր էջից սկսել, քանի որ ի սկզբանե էր Բանն։ Այդ խելագարին, իհարկե, քչերն են հավատում, միայն իր նման խելագարները։