Կարինե Ռաֆայելյան Կինո

Բարի տարեդարձ, Մաեստրո

09.01.2025

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, կինոբեմադրիչ Հարություն Խաչատրյանն այս տարի հոբելյար է լրանում է նրա բեղուն կենսագրության 70-ամյակը։

Ardi.am-ը սիրով շնորհավորում է Մաեստրոյին՝ մաղթելով ստեղծագործ կյանքի երկար տարիներ՝ իր գեղեցիկ ընտանիքի և մտերիմների ջերմ միջավայրում։

Ներկայացնում ենք մի ծաղկաբույլ՝ տարիներ շարունակ նրա հետ ունեցած մեր հարցազրույցներից՝ իբրև հավաստիացում այն ճշմարտության, որ տաղանդավոր մարդու գործն ու խոսքը երբեք չեն դադարում արդիական լինելուց։

***

Ես կինոյով հիվանդացել եմ 12-13 տարեկանից, երբ իմ ուստա Հրաչի հետ միասին լեռնային գյուղերում կինո էինք ցուցադրում: Ֆիլմերի՝ իմ կարծիքով անհաջող հատվածները ես կտրում-հանում էի ժապավեններից: Դեռ այդ ժամանակ հասկացա, որ ինձ համար արտահայտվելու ամենահեշտ ձևը կինոն է: Իմ լեզուն շատ վատ է պտտվում, և ես հասկացա, որ իմ լեզուն կինոլեզուն է: Իմ բոլոր անհանգստությունները, իմ բոլոր պատմությունները կինոյի միջոցով են արտահայտվել ու արտահայտվում: Կինոյով եմ փոխանցում և՛ իմ վիրավորանքները, որ ունեցել եմ՝ սկսած մանկությունից, և՛ իմ պատգամները: Իմ կարծիքով կինոն ամենակարևոր գործիքն է աշխարհում:

Նկարահանման պահին

Կինոյի իմ տեսակի համար անպայման է զգալ, թե ինչ է կատարվում շրջապատող աշխարհում, այդ ամենը քո միջով անցկացնել ու լինել բավականաչափ ազնիվ և արդար: Որովհետև մարդկայնորեն թույլ տրված քո ամեն մի սխալը, ամեն մի վախը, ամեն մի անհամարձակությունն ազդում են քեզ վրա, այդպես դու մոտենում ես փակ աչքերով ապրելու կերպին:

«Քամին ունայնության» ֆիլմի նկարահանումներ

Ամեն ինչ սկսվում է բաց աչքերով նայելուց, նայածդ տեսնելուց, տեսածդ ապրելուց, զգալուց: Հետո այդ ամենը վերարտադրվում է կինոյի լեզվով: Դա ապրելաձև է, ինքնարտահայտման ձև: Դժբախտությունը գալիս է այն ժամանակ, երբ կաշիդ հաստանում է, միտքդ բթանում է, ցինիկանում ես, շատ բաներ սկսում ես մարսել, եղածի հետ համակերպվել, հարմարվել:

— 

Ինչքան էլ աշխատես արդար լինել, հավասարաչափ վերաբերվել բոլոր տեսակի մարդկանց, երևույթներին, ընդամենը վավերագրես իրականությունը և ժամանակը, միևնույն է, չես կարող ազատվել գնահատականներից: Գնահատականն ինքն իրեն քո արվեստի տակից դուրս է պրծնում:

«Հայկ փախուստ» ֆիլմի նկարահանումներ

Ինձ միշտ էլ զարմացրել է մարդկանց հուսահատ համբերությունը, մարդկանց չձգտելը` գծված սահմաններից դուրս պրծնելու: Սահմանները սիմվոլիկ են: Դրանք և՛ հոգու սահմաններ են, և՛ մտքի սահմաններ, և՛ ազգային սահմաններ… Սահմաններ են, տաբուներ են, որոնք պետք է քանդել:

Ես ժողովրդի մասին կարծիք հայտնողներին լուրջ չեմ ընդունում: Ժողովրդի մասին կարծիք հայտնելը հատուկ մասնագիտություն է, երևի: Եթե ես սկսեմ մարդկանց մասնագիտությունները, բնավորությունները, վիճակները, կարողությունները, էներգիան գնահատել և խոսել դրանց մասին, էլ կինո չեմ նկարի: Նայեք իմ ֆիլմերը, ու դրանցում կտեսնեք բոլոր անալիզները:

Եթե կարողանում եմ նկարել, դրա մասին խոսելն այլևս անիմաստ է: Եթե չնկարեմ, նյութը կգնա-կկորչի: Խոսքը շատ կեղծ բան է: Շատ շուտ հնանում է, դառնում ավելորդ: Իսկ ֆիլմը, եթե այն ճիշտ ես ընկալել, ճիշտ ես պատրաստել, ճիշտ ես պատկերել քո աշխարհի մարդկանց, նրանց վիճակը, տեսքը, ապրելաձևը, շրջապատող մթնոլորտը, հավերժ կապրի: Իմ ֆիլմերի մեջ չկա մեկը, որ հենց էնպես արված լինի, որ մեծ տառապանքով, մաշկիս վրա ցավն զգալով աստեղծված չլինի, արյանս միջով անցած չլինի: Ամենապարզ թվացող ֆիլմերը խորապես ապրված են:

Կինոն հետաքրքիր է նաև նրանով, որ քո թերություններն է արձանագրում և պատմում դրանց մասին աշխարհին: Դա ուժեղ ազգի, ուժեղ մարդկանց գործ է. այդպես դու մաքրվում ես կինոարվեստի միջոցով:

«Ոսկե ծիրանը» իմ և իմ ընկերների՝ Միքայել Ստամբոլցյանի, Սուսաննա Հարությունյանի զավակն է. երեքով ենք ստեղծել և հասունացրել այն, հասցրել համաշխարհային ճանաչման: Աշխարհը այս փառատոնի շնորհիվ կապվել է մեր երկրի հետ, ճանաչել ու սիրել Հայաստանը, հայկական կինոն: Մանավանդ, այս վերջին մեկ-մեկուկես տասնամյակում կինոյի ունեցած հաջողությունները հիմնականում կապված են «Ոսկե ծիրանի» հետ: Երբ կինոփառատոնն սկսեց իր գործունեությունը, Հայաստանում կինո չէր նկարահանվում, համաշխարհային կինոյի մասին մարդիկ գրեթե պատկերացում չունեին: Դիտում էին ինչ-որ այլասերված, անհասկանալի սերիալներ հեռուստացույցով, և՝ այդքանը: Այս պայմաններում մենք որոշեցինք ստեղծել կինոմթնոլորտ մեզ մոտ, առաջ բերել ստեղծագործելու մղում: Հենց այս նպատակից է ծնվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հիմնադրելու ցանկությունն ու գաղափարը:

Աբաս Քիառոստամիի հետ

Անել միայն փառատոն` փառատոնի համար, ժամանցի համար, ծիծաղելի կլիներ: Մեզ նման լուրջ մարդիկ չեն կարող սոսկ այդպիսի գործով զղբաղվել: Ժամանցն էլ լավ բան է, ես չեմ թերագնահատում դրա նշանակությունը, բայց դա ուրիշ մարդկանց վերապահված գործ է, մարդկանց, որոնք զբաղված են կոմերցիոն ծրագրերով, այդ ծրագրերից եկամուտներ ունեն: Մեր փառատոնն այլ բանով է զբաղվում: Մենք իրականացնում ենք լուրջ հոգևոր-մշակութային, կրթական ծրագրեր: Եվ կարծում եմ, որ իրականացնում ենք լավագույնին հասնելու վճռականությամբ:

Տակեշի Կիտանոյի և որդու՝ Վահագն Խաչատրյանի հետ

ARMENIA, YEREVAN July 09: Opening ceremony afterparty of the XX Golden Apricot International Film Festival

Կինոն դարձրել են պրոպագանդայի, կրթության, մշակույթի, ասելիքի, կռվի զենք: Մենք դեռևս այս ճշմարտությունը չենք գիտակցել: Եվ կարծեմ պիտի շատ արագ գիտակցենք ու դրանից օգտվենք:   

Ամեն մարդ, որ ապրում է Հայաստանում` անկախ մտածողությունից, ճաշակից, նախասիրություններից, գիտի, որ «Ոսկե ծիրանն» օգտակար և կարևոր գործ է, և պետք է արվի: Գիտակցություն և ճաշակ ունեցող յուրաքանչյուր ոք կհասկանա, որ այս փառատոնը կարևոր է, պետք է բոլորիս: Չեմ կարծում, թե կգտնվի այնպիսի մարդ, որը կսպանի այս փառատոնը, չի ցանկանա, որ այն շարունակվի: Սկզբնական շրջանում շատերը կային, հատկապես արվեստագետների մեջ, որ իրենց անգործությունը քողարկելու համար ցանկանում էին ոչնչացնել, սպանել փառատոնը կամ էլ ցեխոտել այն, բայց տեսան, որ չի ստացվում: Կան այնպիսի ուժեր, շատ լուրջ ուժեր, որոնց հնարավոր չէ զսպել: Պետք է հաշվի նստել այդ ուժերի հետ, անվերջ ջրել այդ ծառը:

Թուրքիան խորամանկելով-խորամանկելով մեկ էլ կարող է ինքն իրեն շփոթեցնել, որովհետև այն Ջինը, որ այսօր բաց է թողնված շշից և շրջում է աշխարհով մեկ, սկսել է ինքնուրույն ապրել: Հայ-թուրքական կինոպլատֆորմի մասին պատմել եմ քեզ: Այսօր բոլորն իրենց արմատներն են փնտրում: Իրենց մեջ հայկական, քրդական, հունական արյուն են փնտրում: Եվ այն, որ մարդիկ հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում նկարահանում են իրենց ֆիլմերը, արդեն իսկ շատ կարևոր փաստ է: Մեծ արվեստ գուցե դրանից չստացվի, բայց այս դեպքում դա չէ ամենակարևորը: Սա լուրջ հայկական քաղաքականություն է, որի հարցում մենք պետք է շատ հետևողական լինենք: Եթե ես հնարավորություն ունենայի, ավելի շատ ֆիլմեր կֆինանսավորեի այս ծրագրում: Ոչ թե մեկ-երկու, այլ տասը-տասհինգ ֆիլմ թող նկարվեր, որոնք հայանպաստ են և կարևոր: Մեր մասին աշխարհին մեր պատմած պատմություններն այնքան կարևոր չեն, ինչքան հենց թուրքերի պատմածները:

Մեր երկրի վիճակը դեռ այն չէ, դժբախտաբար, որ կինոարտադրությունը կարողանա լուրջ արդյունքի հասնել: Խոսքս հատկապես խաղարկային ֆիլմերի մասին է։ Փաստագրականն ավելի լավ վիճակում է: Խաղարկային կինոն պահանջում է մեծ փողեր, ժամանակակից տեխնիկա, լուրջ հնարավորություններ: Մենք այս բաները չունենք առայժմ: Բայց եթե կարողանանք ստեղծել ազատ տնտեսական գոտի՝ կինոյի և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված, որտեղ կինո նկարելու և աշխատելու կգան աշխարհի տարբեր երկրների արտադրողներ, որը կդառնա ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մի տեղ՝ ազատված որոշակի հարկային պարտավորություններից, ապա սա կդառնա լուրջ խթան հայկական կինոարտադրության համար:

Տիկնոջ՝ Մարիի հետ

ARMENIA, YEREVAN July 13: Evening reception hosted by “Aratashen” wine factory during the 20th edition of the Golden Apricot International Film Festival (GAIFF)

Միայնակ մարդը կարող է ինքնասպանություն գործել, հատկապես կինոյի ասպարեզում: Կան մարդիկ, որոնք հավատում են ինձ, հավատում են իմ ծրագրերին, տեսել են իմ աշխատասիրությունը, գիտեն իմ կառուցողականությունը (ավելորդ համեստություն չանեմ) և պատրաստ են լինելու իմ կողքին: Ես կարող եմ այդ գործն անել, որովհետև կան մարդիկ, որոնք ինձ նման ցանկանում են բարձրացնել հայ կինոն: Ով որ ծույլ է, ով որ գալիս է հաճույք ստանալու, շատ շուտ կփախչի, չի դիմանա, որովհետև դա տաժանակիր աշխատանք է լինելու: Ես միշտ զարմացել եմ, որ որոշ ռեժիսորներ ինքնահավան են, մեծամիտ ու սուտ հպարտ, որովհետև ռեժիսորի աշխատանքը շան աշխատանք է, հանքափորի աշխատանք է: Այդ ծանր գործով զբաղվելու դեպքում մեծամտանալը, ֆիքստուլանալը, ձևեր թափելը միշտ անհասկանալի է եղել ինձ համար: Նույն բանը հիմա կարող եմ ասել հայկական կինոյի հարցերով զբաղվողների մասին: Անունը դնենք Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոն, թե այլ բան, անելիքը, գործի ծանրությունը դրանից չի փոխվում: Հայկական կինոն վերափոխելու, աշխարհին ցույց տալու, աշխարհի համար հասկանալի դարձնելու ցանկությունը դժվարին գործ է, որին լծվողը չպիտի մտածի վայելքների, առավելությունների մասին, նա պիտի պատրաստ լինի ծանրագույն աշխատանքի:

ա հատված է  ՀԿՄ նախագահ ընտրվելու նախաշեմին կայացած հարցազրույցից – Կ Ռ)

Դրվագ «Պոետի վերադարձը» ֆիլմից

Կենդանի արվեստագետը միշտ ավելորդ է հասարակության համար: Ոչ մեկը նրանցից իր հայրենիքում չունի այն տեղը, որ պետք է ունենա: Ինչո՞ւ են հայերը միշտ լեգենդ դարձնում մահացած մարդկանց ու սկսում պաշտել: Այն դեպքում, երբ նույն այդ մարդկանց հերն են անիծում կենդանության օրոք: Որովհետև ապրող մարդն անհանգստություններ է պատճառում, ապրող մարդը հաց է ուտում, ուզում է հագնվել, պահանջներ ունի, հայհոյում է, կռիվ է տալիս… Շատ անհարմար մարդ է ապրող մարդը: Ապրող մարդուն սատկացնում են, հետո դարձնում հուշարձան ու էդ հուշարձանը պաշտում: Էդպես շատ հարմար է: Էդ հուշարձան դարձնողներին ես շատ եմ ատում, դրանք ամենասարսափելի մարդիկ են: Էսօր կհայհոյեն, վաղը կփառաբանեն: Ու նույն մարդիկ են, գիտե՞ք: Չեն փոխվում: Խորեն Աբրահամյանին կենդանության օրոք հայհոյողները, նրա դեմ դավեր նյութողներն ու էսօր պաշտամունքի արժանացնողները, արցունքախառն խոսքեր շռայլողները նույն մարդիկ են: Այդպես է և Տիգրան Լևոնյանի, Գոհար Գասպարյանի, մյուսների դեպքում: Հենց իրենց կոլեգաները, իրենց կողքի մարդիկ, ամենամերձավորները, քաղաքի, երկրի որոշ իշխանավորներ քարկոծում, դատափետում են նրանց, երբ կենդանի են, իսկ մեռնելուց հետո` պաշտում:

«Ոսկե ծիրանի» բացման արարողության ժամանակ

ARMENIA, YEREVAN July 09: The opening ceremony of the 20th “Golden Apricot” international film festival

Ափսոս են էդ մարդիկ: Իհարկե, նրանք անհարմարություն ստեղծում են: Իհարկե, հեշտ չէ էդ մարդկանց «մարսել»: Բայց եթե ուզում ես նրանց արվեստը ծնվի, ի հայտ գա, հաջողվի ու փառք բերի քեզ, քո երկրին, պիտի նաև նրանց դրվածքներին դիմանաս: Հեշտ մարդիկ չեն արվեստի մարդիկ:

Կարինե Ռաֆայելյան