Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի
Սկիզբը՝ այստեղ
Ծերուկի մահը
Մի ծերուկի քթից փոքր գնդակ դուրս թռավ և ընկավ գետնին։ Ծերուկը կռացավբարձրացնելու այդ գնդակը, բայց այդժամ նրա աչքերից փոքր գավազան դուրս թռավ և նույնպես ընկավ գետնին։ Ծերուկը վախեցավ, և, չիմանալով ինչ անել, շրթունքները շարժեց։ Այդժամ ծերուկի բերանից փոքր քառակուսիկ դուրս թռավ։ Ծերուկը ձեռքով բերանը բռնեց, բայց այդժամ ծերուկի ձեռքից փոքրիկ մկնիկ դուրս թռավ։ Ծերուկը վախից վատացավ, և չընկնելու համար՝ պպզեց։ Բայց այդժամ ծերուկի մեջ ինչ-որ բան ճռթճռթաց, և նա փափուկ թավշյա քուրքի պես ընկավ գետնին։ Այդժամ ծերուկի կարքանդից երկարավուն շիվ դուրս թռավ, և այդ շիվի ամենածայրին նստած էր նրբագեղ թռչնիկ։ Ծերուկը ուզեց բղավել, բայց նրա մի ծնոտը մյուսի վրա եկավ, և նա բղավելու փոխարեն, լոկ կամաց զկրտաց և մի աչքը փակեց։ Մյուս աչքը ծերուկի մնաց բաց, և դադարելով շարժվել և շողալ՝ անշարժացավ և պղտորվեց, ինչպես մահացած մարդունը։ Այդպես վրա հասավ իր ժամը չիմացող ծերուկի նենգ մահը։
Աշխարհ
Ես ասում էի ինձ, որ տեսնում եմ աշխարհը, բայց ողջ աշխարհն անհասանելի էր իմ հայացքին, և տեսնում էի լոկ աշխարհի մասերը։ Եվ ամենն, ինչ տեսնում էի, անվանում էի աշխարհի մասեր։ Եվ հետևում էի այդ մասերի հատկություններին, և հետևելով այդ մասերի հատկություններին՝ գիտություն էի անում։ Ես ըմբռնում էի, որ կան մասերի խելացի հատկություններ և անխելք հատկություններ միևնույն մասերում։ Բաժանում էի դրանք և դրանց անուններ տալիս։ Եվ կախված դրանց հատկություններից, աշխարհի մասերը խելացի կամ անխելք էին։
Եվ կային մտածելու ունակ աշխարհի մասեր։ Եվ այդ մասերը նայում էին մյուս մասերին և ինձ։ Եվ բոլոր մասերը նման էին իրար, և ես նման էի դրանց։
Ես ասում էի՝ որոտի մասեր։
Մասերն ասում էին՝ ժամանակի տրցակ։
Ես ասում էի՝ ես նույնպես երեք պտույտների մաս եմ։
Մասերը պատասխանում էին՝ իսկ մենք փոքր կետեր ենք։
Եվ հանկարծ դադարեցի տեսնել դրանք, իսկ հետո և մյուս մասերը։ Եվ ես վախեցա, որ աշխարհը կփլվի։
Բայց այդժամ հասկացա, որ մասերն առանձին չեմ տեսնում, այլ բոլորը մեկեն։
Սկզբից մտածեցի, որ դա ՈՉԻՆՉՆ է։ Բայց հետո հասկացա, որ աշխարհն է, իսկ նախկին տեսածս աշխարհը չէր։
Եվ միշտ գիտեի ինչ է աշխարհը, բայց ինչ էր նախկին տեսածս, չգիտեմ և այսօր։
Եվ երբ մասերը կորան, դրանց խելացի հատկանիշները դադարեցին խելացի լինել, իսկ դրանց անխելք հատկանիշները դադարեցին անխելք լինել։ Եվ ողջ աշխարհը դադարեց խելացի և անխելք լինել։
Բայց հենց հասկացա, որ տեսնում եմ աշխարհը՝ դադարեցի տեսնել։ Ես վախեցա, մտածելով, որ աշխարհը փլվեց։ Բայց քանի այդպես էի մտածում, հասկացա, որ եթե աշխարհը փլվեր, արդեն այդպես չէի մտածի։ Եվ նայում էի, փնտրելով աշխարհը, բայց չէի գտնում:
Իսկ հետո նայելու տեղ էլ չկար։
Այդժամ հասկացա, քանի նայելու տեղ կար, շուրջս աշխարհն էր։ Իսկ հիմա այն չկա։
Կամ լոկ ես։
Իսկ հետո հասկացա, որ ես հենց աշխարհ եմ։
Իսկ աշխարհը ես չեմ։
Իսկ միաժամանակ ես աշխարհ եմ։
Իսկ աշխարհը ես չեմ։
Իսկ ես աշխարհ եմ։
Իսկ աշխարհը ես չեմ։
Իսկ ես աշխարհ եմ։
Իսկ աշխարհը ես չեմ։
Իսկ ես աշխարհ եմ։
Եվ այլևս ոչինչ չէի մտածում։
Շրջանի մասին
1.Մի վիրավորվեք հաջորդ դատողությունից։ Դե և այստեղ վիրավորական ոչինչ չկա, եթե հաշվի չառնել, որ շրջանի մասին կարելի է խոսել լոկ երկրաչափական իմաստով։ Եթե ես ասեմ, որ չորս միանման շառավիղը կազմում է շրջան, իսկ դուք ասեք՝ ոչ թե չորս, այլ մեկ, մենք իրավասու ենք հարցնել իրար՝ իսկ ինչո՞ւ։ Բայց շրջանի այդպիսի կազմման մասին չեմ ուզում խոսել, այլ շրջանի կատարյալ կազմման։
2.Շրջանը ամենակատարյալ հարթ մակերեսն է։ Ես չեմ խոսի, թե ինչու է այդպես։ Բայց դա ինքնին ծագում է մեր գիտակցության մեջ հարթ մակերեսները զննելիս։
3.Բնության մեջ որքան քիչ նկատելի են կազմման օրենքները, այնքան կատարյալ է իրը։
4.Եվ նաև բնության մեջ որքան իրն անընդգրկելի է, այնքան կատարյալ է։
5.Կատարելության մասին ես կասեմ այսպես՝ կատարյալն իրի մեջ կատարյալ իր է։ Կատարյալ իրը մեր մեջ ապշանք է առաջացնում իր կազմման օրենքների կանոնավորությամբ և թե ոնց է արված։ Կատարյալ իրը կարելի է մշտապես հետազոտել, այլ բառերով՝ կատարյալ իրում մշտապես ինչ-որ չհետազոտված բան կա։ Եթե մինչև վերջ հետազոտված իր դուրս գար, ապա կդադարեր կատարյալ լինել, քանզի կատարյալ է լոկ այն, որ վերջ չունի, այսինքն՝ անվերջ է։
6. Կետն անսահման փոքր է և ուստի կատարյալ է, բայց դրա հետ մեկտեղ և անըմբռնելի։ Ամենափոքր ըմբռնելի կետն արդեն կատարյալ չէ։
7. Ուղիղը կատարյալ է, քանզի պատճառ չկա երկու կողմից անսահման երկար լինել, ոչ վերջ, ոչ սկիզբ ունենալ, ուստի և անըմբռնելի լինել։ Բայց դրա վրա ջանք թափելով և երկու կողմից սահմանափակելով՝ մենք այն ըմբռնելի ենք դարձնում, բայց դրա հետ մեկտեղ և անկատար: Եթե դու հավատում ես, ապա մտածիր։
8. Մի կետում բեկվող ուղիղն անկյուն է ձևավորում։ Բայց միաժամանակ բոլոր կետերում բեկվող ուղիղը կոր է կոչվում։ Ուղիղի անսահմանափակ փոփոխություններն այն կատարյալ են դարձնում։ Կորը չպետք է անպայման անսահման մեծ լինի։ Այն կարող է այնպիսին լինել, որ մենք ազատորեն կարող ենք հայացքով ընդգրկել, բայց միաժամանակ մնում է անըմբռնելի և անսահման։ Ես խոսում եմ փակ կորի մասին, որում թաքչած է սկիզբն ու վերջը։ Եվ ամենահավասար, անըմբռնելի, անսահման և իդեալական փակ կորը շրջանն է։
Կապը
Փիլիսոփա
1.Գրում եմ ձեզ ի պատասխան Ձեր նամակի, որը Դուք պատրաստվում եք ինձ գրել ի պատասխան իմ նամակի, որ ես գրել եմ Ձեզ։
2.Մի ջութակահար իր համար մագնիս գնեց և տարավ այն տուն։
Ճանապարհին ջութակահարի վրա խուլիգաններ հարձակվեցին և խփեցին գցեցին նրա գլխարկը։ Քամին թռցրեց գլխարկը և այն փողոցով տարավ։
3. Ջութակահարը մագնիսը դրեց գետնին և վազեց գլխարկի հետևից։
Գլխարկն ընկավ ազոտաթթվի ջրափոսն ու քայքայվեց։
4. Իսկ խուլիգաններն այդ ընթացքում հափշտակեցին մագնիսը և անհետացան։
5. Ջութակահարը տուն վերադարձավ առանց վերարկուի և գլխարկի, քանի որ գլխարկը քայքայվեց ազոտաթթթվի մեջ, և ջութակահարը, իր գլխարկի կորստից դառնացած, մոռացավ վերարկուն տրամվայում։
6. Այդ տրամվայի վագոնավարը տարավ վերարկուն հնոտիաշուկա և այն փոխարինեց թթվասերի, ձավարի և լոլիկի հետ։
7.Վագոնավարի աները չափից շատ լոլիկ կերավ և մահացավ։ Վագոնավարի աներոջ դիակը դրեցին դիարան, բայց հետո այն խառնեցին և աներոջ փոխարեն թաղեցին ինչ-որ պառավի։
8. Պառավի գերեզմանին «Անտոն Սերգեևիչ Կոնդրատև» մակագրությամբ սպիտակ սյուն դրեցին։
9. Տասնմեկ տարի անց այդ սյունը որդերը կրծեցին, և այն ընկավ։ Իսկ գերեզմանապահը սղոցեց այդ սյունը չորս մասի և վառեց այն իր սալօջախի վրա։ Իսկ գերեզմանապահի կինը այդ կրակի վրա ծաղկակաղամբից ապուր եփեց։
10. Բայց երբ ապուրն արդեն պատրաստ էր, պատից ճանճ ընկավ ուղիղ այդ ապուրով կերակրակաթսայի մեջ։
11. Ապուրը տվեցին աղքատ Տիմոֆեյին։ Աղքատ Տիմոֆեյը կերավ ապուրը և պատմեց աղքատ Նիկոլային գերեզմանապահի բարության մասին։
12.Մյուս օրը աղքատ Նիկոլայը եկավ գերեզմանապահի մոտ և սկսեց ողորմություն խնդրել։ Բայց գերեզմանապահը Նիկոլային ոչինչ չտվեց և վռնդեց։
13.Աղքատ Նիկոլայը շատ կատաղեց և վառեց գերեզմանապահի տունը։
14. Կրակը տնից անցավ եկեղեցուն, և եկեղեցին այրվեց։
15.Տևական հետաքննություն անցկացվեց, բայց հրդեհի պատճառը որոշել չհաջողվեց։
16.Եկեղեցու տեղում ակումբ սարքեցին և ակումբի բացման օրը համերգ կազմակերպեցին, որում հանդես եկավ ջութակահարը, որը տասնչորս տարի առաջ կորցրել էր իր վերարկուն։
17. Իսկ ունկնդիրների շարքում նստած էր տղան այն խուլիգաններից մեկի, որ տասնչորս տարի առաջ խփել գցել էին այդ ջութակահարի գլխարկը։
18. Համերգից հետո նրանք տուն գնացին նույն տրամվայով։ Բայց նրանց հետևից ընթացող տրամվայում վագոնավարը հենց այն կոնդուկտորն էր, որը մի ժամանակ վաճառել էր ջութակահարի վերարկուն հնոտիաշուկայում։
19.Եվ ահա նրանք ուշ երեկոյան գնում են քաղաքով՝ առջևում՝ ջութակահարը և խուլիգանի տղան, իսկ նրանց հետևից վագոնավար նախկին կոնդուկտորը։
20. Նրանք գնում են և չգիտեն, թե ինչ կապ կա իրենց միջև, և չեն իմանա մինչև ի մահ։
Անտոն Անտոնովիչը մորուքը սափրեց…
Անտոն Անտոնովիչը մորուքը սափրեց և բոլոր նրա ծանոթները դադարեցին նրան ճանաչել։
-Դե ոնց այսպես,- ասում էր Անտոն Անտոնովիչը,- ախր ես եմ, Անտոն Անտոնովիչը։ Միայն թե մորուքս եմ սափրել։
-Դե հա,- ասում էին ծանոթները։- Անտոն Անտոնովիչը մորուքով էր, իսկ դուք՝ ոչ։
-Ես ձեզ ասում եմ, որ մորուքով էի, բայց այն թրաշել եմ,- ասում էր Անտոն Անտոնովիչը։
-Քիչ նախկին մորուքավոր կա,- ասում էին ծանոթները։
-Դե էս ինչ է,- բարկանալով ասում էր Անտոն Անտոնովիչը։- Իսկ այդժամ ո՞վ եմ ես ըստ ձեզ։
-Չգիտենք,- ասում են ծանոթները։- Միայն թե դուք Անտոն Անտոնովիչը չեք։
Անտոն Անտոնովիչը շփոթվեց և չգիտեր ինչ անի։ Նա գնաց հյուր Նասկակովներին, բայց այնտեղ նրան դիմավորեցին զարմացական դեմքերով և հարցրին՝ ո՞ւմ եք ուզում։
-Ձեզ, Մարուսենկա,- ասաց Անտոն Անտոնովիչը։- Մի՞ թե դուք ինձ չեք ճանաչո՞ւմ։
-Չէ,- ասաց Մարուսյա Նասկակովան հետաքրքրասիրությամբ։- Սպասեք, միգուցե ես ձեզ տեսե՞լ եմ Վալենտինա Պետրովնայի մոտ։
-Ձեզ հետ ի՞նչ է կատարվում, Մարուսյա,- ասաց Անտոն Անտոնովիչը։- Դե լավ ինձ նայեք։ Ճանաչո՞ւմ եք։
-Սպասեք, սպասեք… Չէ, չեմ կարողանում հիշել՝ դուք ով եք,- ասաց Մարուսյան:
-Դե, ես Անտոն Անտոնովիչն եմ,- ասաց Անտոն Անտոնովիչը։- Հիմա Ճանաչեցի՞ք։
-Չէ,- ասաց Մարուսյան,- դուք ինձ ձեռ եք առնում։
Հայրն ու աղջիկը
Նատաշան երկու կոնֆետ ուներ, հետո նա մի կոնֆետը կերավ, և մեկը մնաց։
Նատաշան կոնֆետը դրեց իր առաջ սեղանին և արտասվեց։
Հանկարծ նայում է՝ իր առաջ սեղանին նորից երկու կոնֆետ է։
Նատաշան մի կոնֆետը կերավ և նորից արտասվեց։
Նատաշան արտասվում է, և ինքն էլ մի աչքով սեղանին է նայում՝ արդյոք երկրորդ կոնֆետը չի՞ հայտնվել։ Բայց երկրորդ կոնֆետը չէր հայտնվում։
Նատաշան դադարեց արտասվել և սկսեց երգել։ Երգեց, երգեց և հանկարծ մահացավ։
Եկավ Նատաշայի հայրը, վերցրեց Նատաշային և տարավ նրան տնային կառավարչի մոտ։
-Ահա,- ասում է Նատաշայի հայրը,- վավերացրեք մահը։
Տնային կառավարիչը փչեց կնիքի վրա և կպցրեց այն Նատաշայի ճակատին։
-Շնորհակալություն,- ասաց Նատաշայի հայրը և Նատաշային տարավ գերեզմանոց։
Իսկ գերեզմանում պահակ Մատվեյն էր, նա միշտ նստում էր դարպասի մոտ և ոչ ոքի գերեզման չէր թողնում, այնպես որ, ստիպված էին հանգուցյալներին հենց փողոցում թաղել։
Հայրը Նատաշային փողոցում թաղեց, գլխարկը հանեց, դրեց այնտեղ, որտեղ թաղեց Նատաշային, և գնաց տուն։
Եկավ տուն, և Նատաշան արդեն տանը նստած է։ Էդ ո՞նց։ Դե, շատ պարզ. հողի տակից ելել և վազել է տուն։
Ա՜յ քեզ բան։ Հայրն այնքան շփոթվեց, որ ընկավ և մահացավ։
Նատաշան կանչեց տան կառավարչին և ասաց.
-Վավերացրեք մահը։
Տնային կառավարիչը փչեց կնիքին և կպցրեց թղթի էջին, և հետո այդ թղթի էջի վրա էլ գրեց. «Սույնով հաստատվում է, որ այսինչը իսկապես մահացել է»։
Վերցրեց Նատաշան թուղթը և տարավ այն գերեզման թաղելու։ Իսկ պահակ Մատվեյն ասում է Նատաշային.
-Ոչ մի դեպքում չեմ թողնի։
Նատաշան ասում է.
-Ինձ պետք է ընդամենը այս թուղթը թաղել։
Իսկ պահակն ասում է.
-Լավ է մի խնդրի։
Նատաշան թաղեց թուղթը փողոցում, թղթի թաղած տեղում դրեց իր գուլպաները և գնաց տուն։
Գալիս է տուն, իսկ հայրն արդեն տանը նստած է և ինքն իր հետ փոքր բիլիարդի վրա մետաղյա գնդակներով խաղում է։
Նատաշան զարմացավ, բայց ոչինչ չասաց և գնաց իր սենյակ մեծանալու։
Մեծացավ, մեծացավ և չորս տարուց մեծ օրիորդ դարձավ։ Իսկ Նատաշայի հայրը ծերացավ և կորացավ։ Բայց երկուսն էլ հենց հիշում են, թե ինչպես էին իրար հանգուցյալի տեղ դրել, իսկույն տապալվում են բազմոցին և ծիծաղում։ Պատահում է անգամ քսան րոպե ծիծաղում են։
Իսկ հարևանները, ծիծաղը լսելուն պես, իսկույն հագնվում և կինո են գնում։ Իսկ մի անգամ այդպես գնացին և այլևս չվերադարաձան։ Կարծես մեքենայի տակ ընկան։
Նոր տաղանդավոր գրող
Անդրեյ Անդրեևիչը այսպիսի պատմվածք հորինեց։
Հինավուրց դղյակում ապրում էր արքայազնը՝ սարսափելի հարբեցող։ Իսկ այդ արքայազնի կինը, ընդհակառակը, անգամ թեյ չէր խմում, միայն ջուր և կաթ էր խմում։ Իսկ նրա ամուսինը օղի և գինի էր խմում, իսկ կաթ չէր խմում։ Դե և կինը նրա, իսկն ասած, նույնպես օղի էր խմում, բայց թաքցնում էր դա։ Իսկ ամուսինը անամոթ էր և չէր թաքցնում։ Կաթ չեմ խմում, այլ օղի եմ խմում, ասում էր նա մշտապես։ Իսկ կինը կամացուկ, գոգնոցի տակից հանում էր բանկան և թրախկ, ուրեմն, խմում էր։ Ամուսինը նրա՝ արքայազնը, ասում է.- Ինձ էլ տայիր։ Իսկ կինը՝ արքայադուստրը, ասում է.- Չէ, ինձ էլ քիչ է, Խյու։ -Այ դու,- ասում է արքայազնը,- լեդյա: Եվ այդ բառերով կնոջը գետնին տվեց։ Կինը ողջ մռութը ջարդել, գետնին պառկել և արտասվում է։ Իսկ արքայազնը պատմուճանով փաթաթվեց և գնաց իր աշտարակը, այնտեղ վանդակ ուներ։ Նա, իբր թե, այդտեղ հավեր էր պահում։ Ահա եկավ արքայազնը աշտարակ, իսկ այնտեղ հավերը ճղճղում, ուտելիք են պահանջում։ Մի հավ անգամ վրնջալ սկսեց։-Էյ դու,- ասում է նրան արքայազնը,- շանտոկլեր, ձենդ կտրի, քանի ատամներիդ չեմ հասցրել։ Հավը բառ չի հասկանում և շարունակում է վրնջալ։ Դուրս է գալիս, ուրեմն, որ հավն աշտարակում աղմկում է, արքայազնը, ուրեմն, մեր է հայհոյում, իսկ կինը ներքևում, ընկած է գետնին, մի խոսքով՝ իսկական դժոխք։
Ահա այսպիսի պատմվածք հորինեց Անդրեյ Անդրեևիչը։ Արդեն այս պատմվածքից կարելի է դատել, որ Անդրեյ Անդրեևիչը խոշոր տաղանդ է։ Անդրեյ Անդրեևիչը շատ խելացի մարդ է, շատ խելացի և շատ լավ։
Այն մասին՝ ինչպես ինձ բանբերներ այցելեցին
Ժամի մեջ ինչ-որ բան զարկեց, և ինձ բանբերներ այցելեցին: Ես մեկեն չհասկացա, որ ինձ բանբերներ այցելեցին։ Սկզբից մտածեցի, որ ժամը փչացավ։ Այդ պահին տեսա, որ ժամն ընթանում է և, ամենայն հավանականությամբ, ճիշտ է ցույց տալիս ժամանակը։ Այդժամ որոշեցի, որ սենյակում միջանցահով է: Եվ հանկարծ զարմացա. իսկ սա ի՞նչ երևույթ է, որի պատճառը հավասարապես կարող են լինել սխալ ժամն ու միջանցահովը սենյակում։ Խորհրդածելով այդ մասին՝ ես թախտի մոտի սեղանին նստել ու նայում էի ժամին։ Րոպեի սլաքը իննի վրա էր, իսկ ժամասլաքը՝ գրեթե չորսի, հետևաբար, չորսից տասնհինգ էր պակաս։ Ժամի վրա պոկովի օրացույց էր կախված, ու դրա թերթերը տարուբերվում էին, ասես սենյակում ուժեղ քամի էր փչում։ Սիրտս բաբախում էր, և ես վախենում էի գիտակցությունս կորցնել։
-Պետք է ջուր խմել,- ասացի։ Կողքս սեղանին ջրով կուժ էր։ Ձեռքս ձգեցի և վերցրի այդ կուժը։
-Ջուրը կարող է օգնել,- ասացի ես և սկսեցի նայել ջրին։
Այդ պահին հասկացա, որ ինձ բանբերներ են այցելել, բայց ես չեմ կարողանում նրանց ջրից տարբերել։ Վախենում էի այդ ջուրը խմել, քանի որ սխալմամբ կարող էի բանբերի խմել։ Սա ի՞նչ է նշանակում։ Ոչինչ չի նշանակում։ Միայն հեղուկ կարելի է խմել։ Իսկ բանբերներն արդյոք հեղո՞ւկ են։ Ուրեմն ես կարող եմ ջուրը խմել. դրանում վախենալու բան չկա։ Բայց չեմ կարողանում ջուրը գտնել։ Ես քայլում էի սենյակում և փնտրում այն։ Ես փորձում էի բերանս խոթել փոքրիկ գոտին, բայց դա ջուրը չէր։ Բերանս խոթեցի օրացույցը՝ նույնպես ջուրը չէր։
Ես թքեցի ջրի մեջ և սկսեցի փնտրել բանբերներին։ Բայց ինչպե՞ ս նրանց գտնել։ Ինչի՞ են նրանք նման։ Ես հիշեցի, որ չէի կարողանում նրանց ջրից տարբերել, նրանք նման են ջրի։ Բայց ինչի՞ է նման ջուրը։ Կանգնել և մտածում էի։ Չգիտեմ՝ որքան էի կանգնել և մտածում, բայց հանկարծ ցնցվեցի.
-Ահա ջուրը,- ասացի ինքս ինձ։
Բայց ջուրը չէր, պարզապես ականջս քոր եկավ։
Սկսեցի պահարանի և բազմոցի տակ փնտրել, մտածելով գոնե այնտեղ ջուր կամ բանբեր գտնել։ Բայց պահարանի տակ փոշու մեջ միայն շան կրծած գնդակ գտա, իսկ բազմոցի տակ ինչ-որ ապակե փշուրներ։
Սեղանի տակ կիսակեր կոտլետ գտա։ Այն կերա և թեթևացա։ Քամին արդեն գրեթե չէր փչում, ժամը հանգիստ տկտկում էր, ճիշտ ժամանակն էր ցույց տալիս՝ չորսին տասնհինգ պակաս։
-Դե, ուրեմն բանբերներն արդեն հեռացել են, — ասացի ինքս ինձ և սկսեցի փոխվել, որ հյուր գնամ։
Իվան Յակովլևիչ Անտոնովի կարիերան
Սա պատահել է դեռ հեղափոխությունից առաջ։
Մի վաճառականուհի հորանջեց, և նրա բերանը կկու թռավ։
Վաճառականը վազեց կնոջ կանչին և, վայրկենապես գլխի ընկնելով բանն ինչ է, ամենասրամիտ կերպով վարվեց։
Այդ ժամանակվանից նա հայտնի դարձավ քաղաքի ողջ բնակչությանը, և նրան սենատ ընտրեցին։
Բայց չորս տարի սենատում ծառայելով, դժբախտ վաճառականը մի անգամ երեկոյան հորանջեց, և նրա բերանը կկու թռավ։
Իր ամուսնու կանչին վազեց վաճառականուհին և ամենասրամիտ կերպով վարվեց։
Նրա հնարամտության մասին փառքը տարածվեց ամբողջ նահանգում, և վաճառականուհուն տարան քաղաք՝ միտրոպոլիտին ցույց տալու։
Վաճառականուհու երկար պատմությունը լսելով՝ միտրոպոլիտը հորանջեց, և նրա բերանը կկու թռավ։
Միտրոպոլիտի բարձր կանչին վազեց Իվան Յակովլևիչ Գրիգորևը և ամենասրամիտ կերպով վարվեց։
Դրա համար Իվան Յակովլևիչ Գրիգորևին վերանվանեցին Իվան Յակովլևիչ Անտոնով և ներկայացրին արքային։
Եվ ահա հիմա պարզ է դառնում, թե ինչպես է Իվան Յակովլևիչ Անտոնովն իրեն կարիերա արել։