Երկու տարի առաջ բարեբախտեություն ունեցանք Գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդից գտնել մինչ օրս անտիպ «Հովնան Մեծատուն» դրամայի տեքստը՝ բաղկացած բնագիր, ձեռագիր, մեքենագիր պատառիկներից[1] : Այս թատերգությունը, որ գրվել է 1918-19թթ., մենք վերծանել, խմբագրել և համակարգել ենք հենց այդ տարբերակների հիման վրա:
Տարիներ շարունակ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան են եկել գրականագետներ, թատերագետներ, ասպիրանտներ, ուսանողներ, որոնք փնտրում էին գրողի «Հովնան մեծատուն» դրաման՝ հոդված, ատենախոսություն գրելու կամ պարզապես ընթերցելու նպատակով: Մեծ է եղել նրանց հիասթափությունը, երբ տեղեկացել են, որ անգամ գրողի մասունքները պահպանող հարկի ներքո չկա թատերգության որևէ հրատարակություն: Մեր բազմաթիվ փնտրտուքները հայաստանյան գրապահոցներում և հարցումները սփյուռքից եկած մարդկանց մնում էին անարդյունք. այդ ստեղծագործության տպագիր և ոչ մի օրինակ հնարավոր չեղավ գտնել: Ամենահավաստի տեղեկատվությունը զետեղված է ՀՀ գրադարանների էլեկտրոնային կատալոգում, որում միայն մի ծանուցում կա, թե 2017 թվականին եղել է առաջարկություն՝ հրատարակելու «Հովնան մեծատուն» դրաման, եթե գտնվի հովանավոր: Ասենք, որ այդ առաջարկությունն արվել է մեր կողմից՝ դրամայի պատառիկները վերծանելու այն փուլում, երբ հասկացել ենք, որ թեև ֆոնդային նյութը բաղկացած է առանձին կտորներից, բայց ընդհանուր առմամբ հնարավոր է ամբողջացնել և ընթերցողին մատուցել ավարտուն երկ:
Որոշ մասնագետներ մեզ փորձել են հակադրվել, երբ մենք հայտարարել ենք, թե «Հովնան մեծատունը» անտիպ ստեղծագործություն է: Քանի որ վերլուծություններն այդ թատերգության մասին բավական հանգամանալից են ու ստվարածավալ, և քանի որ մարդիկ, դրանք կարդալով, ձեռք են բերել որոշակի պատկերացում երկի վերաբերյալ, ունեցել են այն պատրանքը, թե կարդացել են հենց հեղինակային տեքստը: Երբ այդ անձանցից մենք փորձում էինք պարզել, թե հատկապես որտե՞ղ, ո՞ր հատորում, ո՞ր թվականին են կարդացել այն, կարկամում էին ու ստիպված լինում զարմանքով խոստովանել, որ իրենք, այո՛, ունեն որոշակի պատկերացում դրամայի մասին, գիտեն անգամ սյուժեն, որը ցնցող է, սակայն չեն հիշում, թե որտեղ և երբ են այն կարդացել: Մեզ մնում էր նրանց հուշել, որ իրենք կարող են կարդացած լինել դրա վերլուծությունը Հրայր Մուրադյանի «Դերենիկ Դեմիրճյան»[2], Արծվի Հունանյանի «Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան»[3], Հրանտ Թամրազյանի «Դերենիկ Դեմիրճյան»[4], ՀՍՍՀ ԳԱ հրատարակած «Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունը»[5] աշխատություններում և կամ որոշակի տեղեկություն ձեռք բերած լինել 1930-ականներին Սունդուկյանի թատրոնին մոտ կանգնած անձանցից, քանի որ այն ժամանակին փորձել է բեմադրել Վարդան Աճեմյանը:
Ասվածը հաստատող մի քանի փաստ է հիշատակվում Դեմիրճյանի նամականիում:
1933 թվականին Արմեն Գուլակյանին Դեմիրճյանի գրած նամակում կարդում ենք. «Սիրելի Արմեն, ես պիեսի բոլոր փոփոխությունները արի: Գլխավորապես փոխվել է վերջին գործողությունը: Իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գործողություններում ինչ փոփոխություններ որ կան, կարելի է փորձի ժամանակ, ձեռաց գրել-տալ: Մնացածը թողել եմ այնպես (այսինքն, այն պայմանական նշաններով և ուղղումներով, որ ինքը Աճեմյանն է արել, և ինքն ու դերասանները ավելի լավ գիտեն): Դրանց ձեռ չեմ տվել: Համենայնդեպս՝ թող ինքը ուշադրությամբ տեքստը կարդա: Բայց, որ գլխավորն է, փորձերն սկսելուց առաջ մի անգամ ինձ հետ թող տեսնվի»[6]:
Եվս երկու նամակում Դեմիրճյանն անդրադառնում է «Հովնան մեծատուն» դրամային, և այս դեպքում խոսում դրա բնագիրը կորցնելու վախերի մասին:
Նամակներից մեկը, գրված 1923 թվականին, ուղարկվել է Վահան Թոթովենցին, մյուսը, գրված 1933 թվականին՝ Արմեն Գուլակյանին:
Ստորև ներկայացնում ենք այդ նամակներից արված համապատասխան քաղվածքները:
Վահան Թոթովենցին. «Ի դեպ ասեմ, հանկարծ միտս ընկավ, ի սեր Աստծո, «Նորքին» ուղարկած երկու պատմվածքս՝ «Adagio»[7] և «Ֆըսքըիե»[8], անպայման պահանջիր և ուղարկիր ինձ: Կորցնել-մորցնել չլինի: Անշուշտ, մեկը թաքցրել է և պարզապես օգտվել է ուզում: Իմիջիայլոց, պիտի պարզն ասեմ, որ իմ ձեռագիր նյութերի ընթերցումներից և բերանացի պատմելուց բավական օգտվել են զանազան անձեր: Ուզում եմ հրապարակավ հայտնել, ի լուր գրագետների, որ «Հովնանի» վերջին արարի «Աստծուն թաղելը» և հատուկ տեսարանը իմն է, կարդացված է չորս տարի առաջ… /Այսպիսի տեսարանի մենք չհադիպեցինք պահպանված ինքնագրում, հավանաբար Դեմիրճյանը հանել է այն թատերգույթունից հենց այն պատճառով, որ ուրիշ մեկն արդեն դա յուրացրել և հանրայնացրել է՝ որպես սեփական մտահղացում- Կ. Ռ./… «Հովնանի>> համայնացնողի անունը կտամ, եթե հարկ լինի և ժամանակը գա, նույնպես և «Լոթիների»[9]: Զգո՜ւյշ կաց և ոչ ոքի մի՛ կարդա ձեռագիր ոչ մի բան և մի պատմի իդեան, մինչև որ հրատարակես: Նյութով աղքատ, ուրեմն և՝ հոգով աղքատ մեր սերունդը տարօրինակ ձևերով է խտացնում ժամանակիս իրավունքը: Այս ամենը մեր մեջ»[10]:
Արմեն Գուլակյանին. «Սիրելի Արմեն, շատ խնդրում եմ ապահովես, որ «Հովնանի» բնագիրը չկորչի: Եթե քեզ մոտ է, թո՛ղ մնա, իսկ եթե մեքենագրուհու կամ Արաքսմանի մոտ, մի կերպ իմաց արա նրանց, որ բերեն ինձ»[11]:
Կարծում ենք՝ հենց այս մտավախությունն էլ մղել է Դեմիրճյանին այնքան խորը թաքցնել իր երկը, որ այն հնարավոր եղավ գտնել ու հանրայնացնել իր ստեղծումից հարյուր տարի անց միայն:
Կարող էր դեր ունենալ մեկ այլ հանգամանք ևս, որ Դերենիկ Դեմիրճյանի տպագրված երկերի ցանկից դուրս մնա այնպիսի ծավալուն և մասնագիտական շրջանակում հայտնի երկ, ինչպիսին է «Հովնան մեծատուն» դրաման: Բանն այն է, որ այս երկում, առաջին անգամը լինելով, գրողը բացահայտ ու առանց պայմանականությունների անդրադառնում է 1915-ին հայ ժողովրդին պատուհասած մեծագույն աղետին՝ Հայոց ցեղասպանությանը: Այստեղ գրողը մեր ազգային ողբերգությանն այնպիսի շեշտադրումներ է հաղորդել, որ դրանք չէին կարող գոհացնել ո՛չ ցեղասպանության իրական պատկերը քողարկող խորհրդային ղեկավարներին, ո՛չ հայ ազգայնականներին, ո՛չ էլ, բնականաբար, Ցեղասպանությունն առ այսօր ժխտող-բացառող թուրք արնախումներին:
Ավելին, Դերենիկ Դեմիրճյանի գրականության փայլուն գիտակ, խորհրդային գրականագետ Հրայր Մուրադյանը պարտադրված էր «Հովնան մեծատուն» դրամայի իր վերլուծականում հայտնել այսպիսի տեսակետ. «Դեմիրճյանն անկարող է եղել բարձրացված թեմայի մեջ գտնել վեհն ու հերոսականը: Պատկերվող դեպքերի ահավորությունը ընկճել է հեղինակին, զրկել լուսավորն ու մարդկայինը տեսնելու կարողությունից: Պատահական չէ, որ դրամայի հերոսները բոլորը՝ դրական թե բացասական, կործանվում են: Չկա մեկը, որի մեջ հեղինակը կամենար շեշտել վաղվա հեռանկարը: Բացակայում է փրկավետ հավատն այն բանի, որ կայծակնահար խորտակված կաղնու արմատից վաղը ընձյուղներ են դուրս գալու՝ պարզվելով լույսին և արևին, իրենցով կենդանացնելու և շենացնելու ժամանակավորապես ամայացած երկիրը»:[12]
Բարեբախտաբար, այսօր փոխվել են մտածողությունն ու իրավիճակը, և մեզ ոչինչ չի խանգարում բարձրաձայնել հայ ազգի ճակատագրին առնչվող անցքերի իսկությունը: Այս տեսնկյունից ելնելով՝ վստահեցնում ենք, որ Դեմիրճյանն իր տաղանդի ողջ ուժով, իր անաչառ գրչի բացառիկ վարպետությամբ երևակել է մեզ համար ցավագին մի թեմա՝ անաչառորեն պատկերելով հային պարտադրված ապամարդկային իրականության ողջ ահավորությունը:
Կարինե Ռաֆայելյան
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ
[1] Այդ նյութերը պահպանվում են Գրականության և արվեստի թանգարանում /ԳԱԹ/, ԴՖ, թիվ 500-507:
[2] Հրայր Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1961թ.:
[3] Արծվի Հունանյան, Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1988թ.:
[4] Հրանտ Թամրազյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1977թ.:
[5] Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1980թ.:
[6] Դերենիկ Դեմիրճյան, Երկերի ժողովածու 14 հատորով, հ. 14, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1987թ., էջ 363: Նամականիից հետագա մեջբերումները կլինեն այստեղից:
[7] Պատմվածքի սևագիր ինքնագիրը թվագրված է 1912, առաջին անգամ տպագրվել է 1940թ.:
[8] Անտիպ գործ է, պահպանվում է ԳԱԹ-ում, ԴՖ, թիվ 370, 371:
[9] Այս ստեղծագործության առնչությամբ գրողի երկերի ակադեմիական հրատարակության խմբագիր Պ. Հոկաբյանը գրում է, թե սա «Քաջ Նազար» պիեսն է: 14-րդ հատորում՝ 605 էջի ծանոթագրության մեջ, մասնավորապես կարդում ենք. «Դ. Դեմիրճյանի արխիվում «Լոթիներ» վերնագրով դրամատիկական գործի որևէ ձեռագիր կամ պատառիկ չի պահպանվել: Այդ պիեսը հիշում է նաև Թոթովենցը: 1921թ. Պոլսի թերթերում Կովկասահայ գրականության մասին տպած ակնարկում նա, իմիջիայլոց, նշում է. «Դ. Դեմիրճյան կը գրե Լոդիներու մասին փիես մը, որ կրնա նոր շրջան մը բանալ Կովկասի հայոց գրականության մեջ»:
[10] Նույն, էջ 331:
[11] Նույն, էջ 362-363:
[12] Հրայր Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1961, էջ 126-127:
No Comments