Ardi.am-ը ներկայացնում է պատառիկներ Ռուբեն Անգալադյանի մշակութաբանական էսսեներից, որոնք հեղինակի հայացքով արժևորում են համաշխարհային արվեստի նշանավոր դեմքերին, նրանց ստեղծագործություններն ու փոխառնչությունները:
Էզրա Փաունդի կյանքը և ստեղծագործությունը լիարժեքորեն արտացոլում են տվյալ ժամանակի բազմաթիվ հանկարծահասությունները: Փոխվում էր լեզուն, որ ամրագրում ու մտապահում էր մեծ ավերածությունների և նորի, չճաշակածի, թերասության, թերընբռնումի աննախադեպ համադրության այդ ժամանակը` միտված դեպի այն հորիզոնները, որոնք յուրաքանչյուր նոր օրը վերածում էին անցյալի ավելի արագ, քան դա հնարավոր էր քսանչորս ժամվա ընթացքում: Եվ ԴԱՐՆ ինքն էր այդպիսին` դեպի ապագան սուրացող: Ասես այդ ապագան ներկայում էր, թեկուզ բարբարոսության պակաս ևս չկար:
….
Եվս մեկ հոգեկից բանաստեղծ է ծնվել նույն այդ 1885 թվականին …. Վահան Տերյանը: «Կանգնած եմ նորից .… ճանապարհների բաժանումի մոտ»,- ասում է հայ պոետը վաղ շրջանի մի բանաստեղծության մեջ: Ապա ցավով բացականչում. «Մի՞թե վերջին պոետն եմ ես…»:
Էզրա Փաունդն այսպիսի մտքեր չունի: Նա ծնվել և հասակ է առել մի երկրում, որը թելադրում էր աշխարհին իր առաջնայնության ծրագիրը: Եվրոպան դեռ վերևից էր նայում ամերիկացիներին: Տերյանն ավելի լավ էր հասկանում իրականությունը, քան ողջ ազգի գերակշիռ մեծամասնությունը, ու կյանքի կոչվեց ևս մեկ բանաստեղծ, որ սկսեց առաջ անցնել ժամանակից: Նա, կանխատեսելով և բոլորից ծածուկ պահելով հայրենիքի վախճանը, նրբագույն իր բանաստեղծություններին խառնած դառն արցունք, փրկություն էր գտնում լռության մեջ: Ուշադրությունը կենտրոնացնելով համաշխարհային պատերազմի վրա` բանաստեղծը կանխագուշակում էր իր ցեղի հոգեվարքը և միևնույն ժամանակ` վերածնունդը… Ստացվում է, որ նա այդ տարիներին տեսել է ուրիշ իմաստ, ուրիշ խնդիրներ, որը և հանգեցրել է ուրիշ նշանների ու խորհրդանիշերի ստեղծմանը: Եվ կարող է թվալ, որ դա բոլորովին ուրիշ ժամանակ է: Բայց այդպես է միայն մակերեսային վերլուծության դեպքում: Իրականում նա ամեն բան ասում և անում էր միևնույն ժամանակի հունում .… Դա 20-րդ դարի սկիզբն էր:
….
Էզրա Փաունդը դառնում էր դարաշրջանի դեմք այնչափ սրընթացաբար, որչափ որ թափանցում էր բանաստեղծական աշխարհի մազանոթների մեջ: Միայն թե նա ցանկանում էր վեր բարձրանալ մինչև ծերունու կերպարը, որի պատկերացումը կատարելության վերաբերյալ բացարձակապես անմատչելի էր սովորական գիտակցությանը: Հաղթահարում. ահա 20-րդ դարասկզբի բանաստեղծական ողջ սերնդի կենսանպատակի էությունը:
….
Կան բանաստեղծներ, որոնք խոսում են ժողովրդի հետ, կան, որ խոսում են իրենք իրենց հետ, կան այնպիսիք, որոնք խոսում են ապագայի հետ, այնպիսիք` որ անցյալի, կան լռողներ, կան` ողջ մարդկության, կան մերձավորների և բարեկամների հետ խոսողներ, կան այնպիսիք, որ սոսկ երկխոսում են ինչ-որ մեկի հետ, կան բնությանն ու տիեզերքին դիմողներ, կան իրենց խոսքը գիտակցության կամ արվեստի մեջ ամբողջովին խորասուզողներ, կան իշխանության հետ զրուցել սիրող, կան և այն ատող բանաստեղծներ, կան կյանքի առօրեական իմացությանն օժանդակողներ, կան և այնպիսիք, որ բացարձակապես հեռու են այդ առօրյայից, կան երաժշտություն սիրող բանաստեղծներ, և նրանց խոսքում դուք տեսնում եք դրա նշանները, բայց և կան այնպիսիք, որ հեռու են երաժշտությունից, կան բանաստեղծներ, որոնք` իբրև ծաղրածու, զվարճացնում են մարդկանց, կան, որ կարեկցում են, կան այնպիսիք, որ տխրում են մարդու հետ, կան այնպիսիք, որոնց խոսքերը բնավ հասկանալի չեն, կան չքավոր բանաստեղծներ և կան պերճանքի մեջ թաղվածներ, կան բանաստեղծներ, որոնց խոսքն ուղղված է երիտասարդ սերնդին, կան, որ բոլոր սերունդների համար են, կան մեծ անհատականություններ և հասարակ, անարժեք, անգամ հանցագործ բանաստեղծներ, կան սրբեր և կան խոնարհ ծառայողներ, կան աննշաններ և աչքի զարնողներ, հանդարտներ և հավասարակշռվածներ, կան, որ բուռն են ու նույնիսկ կատաղի, կան բանաստեղծներ, որոնց խոսքը փողոցային է, բայց և կան ճոռոմաբաններ, կան կրթվածներ և կան թերուսներ (բայց նրանք բոլորը տաղանդավո՛ր են), կան մտքի տիրակալներ և արտաքսվածներ, կան քաոս առաջացնողներ և այնպիսիք, որ քաոսից ներդաշնակություն են ստեղծում: Կան այնպիսիք, որոնք ձեռնածուի նման խաղում են բառի հետ, իսկ ոմանք ասես որմնադիրներ լինեն, կան այնպիսիք, որոնք, պատկերավոր ասած, բառերն ընկղմելով ինչ-որ հոգեբանական լուծույթի մեջ` հասկանում են` ինչ է ձևը բառերի դասավորության մեջ: Այս թվարկումը ես կդադարեցնեմ, քանզի այն վերջ չունի: Եվ նրանք բոլորը մեզ անհրաժեշտ են, հետաքրքիր, զարդարում են մեր կյանքը` մարդկային մտքին հաղորդելով բազմակերպություն, մարդկային զգացմունքներին` առանձնահատուկ ձև և ճիշտ խտացում: Սա մեր հարստությունն է: Ինչպիսի բանաստեղծներ ասես, որ չեն եղել մարդկության կյանքում, որոնց կենսագրությունն ու ստեղծագործությունը դարձել են համաշխարհային գրականության դասական արժեք: Եվ սրանց շարքում է Էզրա Փաունդը, որ պատկանում է սեփական կենսագրությունը համամարդկային թատրոնի շրջանակներում արարողների դասին, թատրոնի, որում գլխավոր գործող անձը ոչ թե ինքն է, այլ իր երևակայությունն ու կամակորությունը: Վերամարմնավորումը կարևորագույն բաղադրիչ է թե՛ գիտակցության մեջ իրականի, թե՛ երևակայության մեջ հորինվածի վերակառուցման համակարգում: Նա ուներ հզոր երևակայություն, այն ներառում էր բանաստեղծի բազում հետաքրքրությունները, և իրականությունը հեռանում էր նրանից, ինչպես և երբեք չէր լքում նրա մտորումների երևակայական իսկությունը: Նա է` Էզրա Փաունդը, դարաշրջանի գործող անձը` որպես լակմուսի թուղթ, որ բացել է պոեզիա սիրող շատերի, մեծ պոետների հոգիները: Նա գիտակցության ծալքերից և անգիտակցականից երևան է հանում իր աշխարհը: Նա ծառանում է հակասականի անհունության դեմ` իբրև բանաստեղծ և խմբագիր, իբրև թարգմանիչ, իբրև անձ, որ ստորացվել և շատերի կողմից լքվել է ֆաշիզմի հանդեպ հզոր հաղթանակից հետո: Նա ծառացավ համառորեն, ինչպես երեխա` բացելով կարեկցանքի դուռը և ներս թողնելով իր պոեզիայի զարմանալիորեն ներդաշնակ աշխարհ շատ բան այն ամենից, որ հասկանալի չէր ուրիշ, այսպես ասած, մեծերին, այն ամենից, առանց որի աշխարհը գորշ կլիներ (այդ մեծերի գոյությամբ հանդերձ), եթե չլիներ Էզրա Փաունդը: Նա հավասարակշռում էր մտքի սահմանները, որտեղ իմաստնությունը, բանականությունը և խենթությունն առաջին անգամ էին ի մի բերվել, որպեսզի վերաճեին բարձր ողբերգության:
Հեղինակ՝ Ռուբեն Անգալադյան
Ռուսերեն բնագրից թարգմանությունը՝ Կարինե Ռաֆայելյանի
No Comments