Ժամանակի հեռավորությունից գրական արժեքներն առավել տեսանելի և գնահատելի են դառնում: Հայ դասական Դերենիկ Դեմիրճյանի բարձրարժեք արձակի և թատերգության ստվերում են մնացել գրական կյանքում նրա առաջին փորձերը՝ արված քնարերգության ժանրում: Ինքը՝ հեղինակն էլ է ունեցել այն զգացումը, որ չի կայացել իբրև պոետ: Մի զավեշտալի միջադեպ է անգամ տեղի ունեցել նրա և Չարենցի միջև: Հանդիպել են Հայպետհրատի դռների մեջ, և Դեմիրճյանը կեսկատակ բողոքել է, թե իր ճանապարհը բանաստեղծության մեջ փակել են նախ Թումանյանը, ապա՝ Իսահակյանը, ավելի ուշ՝ Տերյանը, իսկ հիմա էլ՝ Չարենցը: Ե՞րբ է գալու իմ ժամանակը — իբրև թե հանդիմանել է նա Չարենցին: Վերջինս մեկ քայլ հետ է գնացել և ասել, թե ճանապարն ազատ է:
Ահա հայրենիքում ոչ բավարար գնահատված պոետ Դեմիրճյանն արժանացել է շվեդ գրական շրջանակների ուշադրությանը: Նրա բանաստեղծություններից երկուսը՝ «Աղքատ մանուկ» և «Շատ տերևներ թափվեցին», շվեդերեն է թարգմանել Արթուր Մագնուսոնը:
Արթուր Մագնուսոնի կատարած թարգմանությունների լուսապատճենված էջերը
Եվ որ ամենաանսպասելին է, «Աղքատ մանուկ» բանաստեղծության տեքստով երգ է գրել մեկ այլ շվեդ՝ Արթուր Մագնուսոնի կյանքն ու գործն ուսումնասիրող Մագնուս Ութելիդը:
Այս արժեքավոր տեղեկությունը և հրապարակվող տեսանյութն ու լուսապատճենված էջերը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանին է տրամադրել Արծվի Բախչինյանը, ինչի համար հայտնում ենք մեր մեծ շնորհակալությունը: Նրա անդրադարձը նույն նյութին հնարավոր է կարդալ այստեղ:
Մագնուս Ութելիդը կատարում է իր գրած երգը՝ Դեմիրճյանի «Աղքատ մանուկ» բանաստեղծության շվեդերեն տեքստով
Կարինե Ռաֆայելյան
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ
No Comments