Այս աշխարհում նա ավելի հնաբնակ էր, քան «հրեշ» բառը, կարելի էր կարծել՝ տիեզերքից էլ հին, ամենասկիզբ ու հավերժական։ Սառա մայրն անբարոյական էր, մեկ սրա, մեկ նրա տակ էր պառկում՝ առանց հաշիվ անելու՝ ով է, ինչ ազգության ու կրոնի, գեղեցիկ է, թե տգեղ, միայն թե իր անհագ ցանկասիրությանը բավարարում տար։ Ծնվելու պահին երեխան արդեն երեսուներկուսի փոխարեն երեսունվեց ատամ ուներ, հատկապես զարգացած էին ժանիքներն ու սեղանատամները։ Վերին ծնոտի չորրորդ ատամը ոսկե շապիկով էր, փորձառու ատամնաբույժ Աննա Արտաշեսովնան որքան զարմացավ, այնքան էլ չհավատաց՝ ոնց է այդպես պատահել։ Հարվարդի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Ռիչարդ Սկոտը ենթադրություն արեց, թե դա պայմանավորված է երեխայի մորը հղիացրած տղամարդու ամոթքի ոսկի գլխիկով, որին Արտաշեսովնան համաձայն չէր. այս դեպքում, ասում էր պրոֆեսորը, ոսկին մոր փորից բնականաբար ու տրամաբանորեն անցնում է էմբրիոնի բերանը և մնում այնտեղ՝ մինչև աշխարհը վերջնականապես կործանվի ու փոշիանա։ Լեզուն՝ հաստ ու երկար։ Բերանը չէր փակվում։ Քնում էր բաց աչքերով։ Սառայի մայրացած կաթնատու կուրծքն ամբողջովին առնում էր բերանը, ոչ թե ծծում էր, այլ հրճվալից խմում, քաշքշում, խժռում՝ նրան անտանելի ցավ պատճառելով։ Երբեք չէր կշտանում։ Մեկ տարին չլրացած՝ արդեն ուտում էր այն բոլոր կերակուրները, ինչ և մեծահասակները, գերադասում էր մսեղեն, հատկապես՝ խաշ ու յուղալի խաշլամա, ոսկորներն էլ էր վերցնում ատամի տակ ու ծամում, կուլ տալիս։ Երեք տարեկան դեռ չկար, որ սկսեց մեծերի հետ ու նրանց հավասար օղի խմել։ Անբնական է, բայց անհավատալի չէ, հազիվ չորս էր՝ մանկապարտեզում բռնաբարեց իր խաղընկերուհուն: Որովհետև անչափահաս էր, դատ ու դատաստան չեղավ, այլ նրան տեղափոխեցին տարօրինակ երեխաների գիշերօթիկ հատուկ հսկողության մանկապարտեզ։ Սակայն այդտեղ ևս, որքան էլ խիստ, գրեթե բանտային կարգ ու կանոններ, նա հավատարիմ մնաց իր բնույթին, կես քայլ անգամ չնահանջեց, հիմա էլ, գիշեր թե ցերեկ, առանձնապես գիշեր ժամանակ, վրա էր ընկնում քնած դաստիարակչուհիներին և նրանց սարսափեցնում իր վայրենի ցանկասիրությամբ։ Գիշերօթիկի տնօրինուհին, որ նույնպես ենթարկվել էր նրա ոտնձգություններին, զանգահարեց մորը՝ «արի լակոտիդ տար»։ Բայց նա չսպասեց, որ մայրը գա, ինքը գնաց տուն։
– Բարև, մա։
– Ինչի՞ եկար, հրեշ։
– Դու ես ինձ ծնել, մա։
– Սխալ եմ ծնել։
– Շատ ճիշտ ես ծնել, մա։
Սառա մոր ակամայորեն արտաբերած «հրեշ» բառն աշխարհում հնչեց առաջին անգամ, զարմացնելով շատ լեզվաբանների ու բառագետների, և իսկույն մտավ միջազգային շրջանառության մեջ, որովհետև կարճ էր՝ ընդամենը երկու վանկանի չորս տառ, խորհրդավոր ու սարսափազդու՝ հրեշ։
Երբ նա մի քիչ էլ հասակ առավ, մի օր հարցրեց.
– Մա, ո՞վ է իմ հերը։
Սառան թեև պոռնիկ էր, բայց խելացի ու ճշմարտախոս, պատասխանեց.
– Քո հերը մարդկությունն է։
– Էդքան մարդու տակից ո՞նց ես դուրս եկել, մա։
– Ես կին եմ։
– Էլ բոզություն մի արա, մա, իմ պատվի հետ ես խաղում, ինձ պալոժ չի, ինձ կասեն՝ բոզի տղա։
– Չէ, կասեն հրեշ։
– Դա ի՞նչ է։
– Դու ես։
Նրա անունը Ժորժ էր, բայց շուտով բոլորը Ժորժ-ը մոռացան և նրան Հրեշ էին կանչում։ Քանի որ մարդիկ միանման չեն, որքան մարդ, այնքան կարծիք, նա և՛ հակառակորդներ ձեռք բերեց, և՛ բարեկամներ, որոնք բացարձակապես անկեղծ էին վերաբերում նրան։ Քաղաքական, սոցիալական, տնտեսական, բարոյական հողին կանգնած ընդդիմադիրները նրա մեջ սատանա էին տեսնում, իսկ նույն հողի վրա գտնվող համակիրների համար նա ոչ ավել, ոչ պակաս հրեշտակ էր։ Սատանա լինելով՝ նա շատ էր ուզում մարդկանց աչքին հրեշտակ երևալ, սկսեց հրեշտակավարի խոսել ու ժպտալ, ժողովրդին անվերջ ասում էր՝ «ձեր ցավը տանեմ, Աստված սիրեք»։ Մի օր էլ դերձակին պատվիրեց իր հագով կարել Հռոմի պապի սպիտակ-երկար փարաջայից, սպիտակ հագավ, նմանվեց տեղական պապի, միայն խոշոր գլխին թասակ չէր դնում՝ չծածկելու շեկ-գանգուր մազերը, որոնք նույնիսկ հակառակորդ կանանց էին դուր գալիս, հատկապես՝ լրագրող աղջիկներին, որոնց հետ նա սիրում էր տեղին-անտեղի լեզու թրջել, չպատասխանել նրանց հնչեցրած հարցերին և պատասխանել չեղած հարցերի։
Աշխարհում ոչ ոք չգիտեր, նաև՝ ինքը, որ իր կրծքավանդակի թե՛ ձախ և թե՛ աջ կողմում սիրտ չկա, միայն Սառան էր մայրական զգացողությամբ մի փոքր տեսնում դրա բացակայությունը, սրտի փոխարեն՝ երիկամներից մեկն էր սրտի դեր կատարում, սակայն բոլորը՝ թշնամի թե բարեկամ, նրան համարում էին մեծ սրտի տեր մարդ, սովորաբար այն, ինչ գոյություն չունի, երևում է ավելի ակնհայտորեն։
– Մա, ես ո՞ր ազգից եմ։
– Դու ազգություն չունես։
– Հայ չե՞մ։ Մա, ախպեր եմ ուզում, մի տղա ծնիր ինձ նման, իմ անունով։
– Դու աշխարհին արդեն շատ ես, քիչ չես,– ասաց մայրը։– Եթե մեկն էլ գա, աշխարհը կգժվի։
– Մա, ինչի՞ չես սիրում ինձ։
– Էդ սպիտակ վերարկուն հանիր։ Աստծո անունից խոսում ես, բայց Աստծուն չես հավատում։
– Մա, ծննդյանդ տարին, ամիսն ու օրն ասա։
– Ինչի՞։
– Քեզ ադամանդե վզնոց նվիրեմ։
– Ես չեմ ծնվել։
– Շատ սիրուն վիզ ունես։
– Ճանկերդ հեռու քաշիր իմ վզից, հրեշ։
Սառան հիշեց՝ որդու ծննդյան պահն էլ էր հրեշային։ Նա լույս աշխարհ եկավ արդեն մեծ-առույգ ամոթքով՝ կազմ ու պատրաստ գործի անցնելու։ Երիտասարդ մանկաբարձուհին այնքան շփոթվեց ու վախեցավ, որ քիչ մնաց երեխային ձեռքից վայր գցեր։ Մայրը, որ իր կյանքում շատ տղամարդ էր տեսել, այդպիսի բան առաջին անգամն էր տեսնում և ամոթից գետինը մտավ՝ նման երեխա ծնելու համար։
Անհավատալի լուրն անմիջապես տարածվեց ամբողջ ծննդատանը։ Բժիշկուհիները, պահակ ու շտապօգնության վարորդներ, ցավ քաշող և դեռևս չծնած կանայք շտապեցին ծնարան՝ հրեշային հրաշքը սեփական աչքով տեսնելու։ Գլխավոր բժիշկը, որ առնական տղամարդ էր, երեխայի ամոթքը ձեռքն առավ, ծանր ու թեթև արեց և զգաց՝ սիրտը լցվում է խանդով, չարությամբ ու նախանձով։ Լրագրողներ եկան և մորը հարցրին. «Հարգելի՛ տիկին, Դուք գիտեի՞ք՝ ում եք ծնելու»։ Սառան պատասխանեց. «Եթե իմանայի, կսպանեի»։ Ծննդաբերությունը տեղի էր ունեցել առավոտյան կողմ, իսկ կեսգիշերին բազմաթիվ հեռուստաալիքներ տարբեր լեզուներով մանրամասն ցուցադրանք արեցին դեպքից, սակայն, որքան էլ հանդիսատեսի զարմանքն ու հիացմունքը մեծ էր, ոչ ոք չհավատաց ճշմարտությանը, կարծելով քնելուց առաջ ամոթքի կանխամտածված պրոպագանդա է, բավականին արհեստավարժ շոու։
Աշխարհի բոլոր լեզուների բառարաններն արդեն հարստացել էին «հրեշ» բառով և աշխարհի բոլոր բառագետներն այժմ լծվել էին դրա բառակազմությունն ու իմաստաբանությունը որոշելու գործին։ Բառակազմության խնդրում գրեթե տարակարծություններ չեղան, «հր» սեղմագիր արմատը հավասարեցրին «հրկիզել», «հրդեհել» բառերին, իսկ «էշ»-ը ներկայացրին իբրև «հիմար» և «ապուշ», որը, ինչպես ուզես, որ կողմ ցանանաս, կարող ես քշել։ Ընդհանուր առմամբ՝ այդպես էր, սակայն՝ ոչ բացարձակ ճշմարտություն։ Մեր հերոսն այնքան էլ հիմար ու ապուշ չէր, գիտեր՝ ուր գնալ և, իր իսկ բառամթերքով ասած՝ «ինչպես փող շինել»։ Որոշ առումով՝ բառակազմությունը եղավ թերի, բայց ահա իմաստաբանության մեջ պակաս տեղ չմնաց, դրան օգնեց հենց ինքը՝ հերոսը, որի կյանքին ու կենսակերպին լեզվաբանությունն ամեն օր հետևում էր ակնդետ ուշադրությամբ։ Հրեշին հետևում էին նաև հայ գրողներն ու ֆրանսիացի նկարիչները՝ թե՛ դասական և թե՛ մոդեռնիստ, գրի էին առնում նրա յուրաքանչյուր խոսքն ու նույնիսկ բացակա մտքերը, նրան պատկերում մայր չմտնող արևի իմպրեսիոնիստական լուսավոր գունագծերով։ Օրերից մի օր մի կին թե տղամարդ նրան ասաց՝ «դու աստված ես», և երդվեց մինչ ի մահ հավատարիմ մնալ նրան ինչպես դժոխքում, այնպես էլ դրախտի պարտեզներում։ Նա ժպտաց և այդ երդվյալին մի ոսկեդրամ նվիրեց, որը, ինչպես շուտով պիտի պարզվեր, կեղծ էր, ոսկեջրած երկաթ։
Նա հին դիցաբանությունից չէր եկել այս աշխարհը, երևակայական գազան չէր, այլ միանգամայն իրական։ Նա մեկը չէր, այլ կենդանի շատերից մեկը՝ տգեղ կազմվածքով, բարոյապես այլանդակ ու անգութ, խարդախ և շողոքորթ։ Լեզվաբաններն այս հատկանիշները միանգամից չտեսան, այլ՝ նրա կյանքին հընթացս, «հրեշն» ի վերջո դարձավ բազմալեզվյան բառարանների ամենատպավորիչ բառը և դրվեց նույնիսկ «կյանք», «սեր», «մահ» բառերից առաջ՝ իբրև լայնիմաստ առաջնահերթություն։ Փիլիսոփայության մարզում հմտացած գերմանացիները բառը համարեցին մատերիալիստական՝ ի հակակշիռ իդեալիզմի, և այդ երևույթը սերտորեն կապեցին այլմոլորակային ուժերի հետ։
Ինչ ասել կուզի՝ ամեն մարդ ինչ-որ չափով դիվանագետ է, էշն էլ իր էշային դիվանագիտությունն ունի, մեկ էլ՝ զռում է, որ իրեն ուշադրություն դարձնեն, այնինչ տեղին ու օգտակար կլիներ լուռ մնալ և խոտ արածել։ Հենց զռաց, գալիս վրան բարձում են մի քանի էշաբեռ ու քշում սարից սար, սոված-ծարավ պտույտ տալիս աշխարհի շուրջ, մինչև չորս ոտքերը ծանրությունից ճկռեն և հերթական զռոցը կոկորդում խեղդվի։ Չէ, մեր հերոսը դասական էշ չէր, այլ՝ ժամանակակից այլմոլորակային, երբեմն զռոց էր անում հաշվապահի հաշվենկատությամբ։
Զարմանալի է, նրա դեմքը երբեք չփոխվեց, երբ մարդիկ տարիների ընթացքում երևում են մե՛կ այս, մե՛կ այն դեմքով, կնճռոտվում են, ոմանց քիթը մեծանում է, աչքերը կկոցվում ու ջրակալվում, բերանը ծռվում է, ծնոտը կախ ընկնում, ականջները երկարում են ու լայնանում, ամեն սահմանային տարիքում նրանք զգալիորեն ուրիշ են։ Իսկ մեր հերոսը, ինչպես մոր փորում կազմ ու պատրաստ կար, այդպես էլ, առանց դյուզն-ինչ այլակերպվելու, շարունակեց նույն մռութով ապրել ու ժպտալ։ Այդ ժպտացող դեմքը կարծես դիմաքանդակ լիներ, ծննդական ու անձնագիր։
Աշխատավորների տիեզերական օրվա կապակցությամբ Հրեշը շնորհավորական բացիկ ու պարենով տոպրակ ուղարկեց մի քանի այլմոլորակայինների՝ Թրամփին, Մակրոնին, Ջոնսոնին, Մերկելին, Դուբայի շեյխին, Եվրախորհրդի նախագահին, Զելենսկուն, ռուսաց թագավորին, միայն մոռացավ Ռոկֆելլերին: Ցելոֆանե տոպրակներում մեկ կիլոգրամ բրինձ կար, յոթ հարյուր հիսուն գրամ ոսպ, կես կիլոգրամ շաքարավազ, մեկ տուփ արևածաղկի կուտ «От Мартина» և մի ձեռք օճառ ու սրբիչ։ Ռուսաց թագավորի տոպրակն ավելի հարուստ էր՝ գույք պարտքի դիմաց։ Պատասխանը չուշացավ։ Ջոնսոնը պատմվածքի հերոսի անձնական հաշվեհամարին ուղարկեց մի կապոց ֆունտ ստերլինգ, շուտով կանաչ դոլարներ ու եվրոներ էլ եկան։ Բոլորը Հրեշին արեցին նույն ջերմ ու անկեղծ մաղթանքը. «Սիրելի բարեկամ և բարերար, փողը ձեռքի կեղտ է, կեր, խմիր, քեֆ արա՝ հանուն խաղաղության»։ Իսկ ռուսաց թագավորը, այս ուղերձից չարացած, թանկացրեց Հրեշին մատակարարվող գազի ու նավթի գինը։ Հրեշը չնեղացավ, այլ նրան խոնարհաբար ու հավատարմորեն ժպտաց։
Նրա կյանքի դրվագներն այնքան շատ էին ու բազմակերպ, որ բառագետներին հեշտ չէր մտասևեռվել և ընտրություն կատարել, կարևորն ու բնորոշը զատել երկրորդականից, թեև երկրորդն էլ էր կարևոր, նրա վարքաբանության մեջ աննշանը ևս նշանավոր էր, նրա ամեն ինչում մի յուրահատուկ ժպիտ կար՝ իր ժպիտը։ Այդպես ժպտալով՝ նա մի օր ունեզրկեց իր հարևանին և սպանեց, որ չբողոքի, չդիմի մարդու իրավունքների պաշտպանին կամ, Աստված մի արասցե, միջազգային դատարան։ Այդ սպանությունը ժողովրդական լայն հնչեղություն ստացավ, հասարակությունը բաժանվեց երկու հակընդդեմ բանակի, որոնցից մեկը, որի ցավը նա հաճախ էր տարել չտանելով, նրան ատամներով պաշտպանում էր, մյուսը՝ դարձյալ ատամներով պահանջում արդար դատաստան։ Բանը հասավ դիվան բաշուն։
– Քո լինել-չլինելը ավելի շատ քեզնից է կախված, քան ինձնից,– ասաց դատավորը։
– Հարց չկա,– ասաց Հրեշը։
Դատավորն էլ ժպտաց, որ իրար հասկացան։
– Շեֆ, ախր ո՞նց ես նստելու, ո՞նց կդիմանաս,– շատ անհանգիստ էր «Մերսեդեսի» վարորդը, որը ժամավարձով ծառայում էր նրան։
– Մի մտահոգվիր, ես չեմ նստի,– ասաց Հրեշը։
– Բա ո՞վ։
– Դու, իմ փոխարեն։
– Ո՞նց…
– Ես չեմ սպանել, դու ես սպանել ու դու էլ մի երկու տարով բանտ կգնաս։ Քեզ ամենաքիչը տասն է հասնում, բայց ես քեզ շուտ կազատեմ։
– Բա ընտանի՞քս…
– Ոչ մի բանի պակաս չի զգա, ամեն ինչ՝ տեղը տեղին, դու էլ սովորական բանտարկյալ չես լինի, այլ՝ արտոնյալ, քեզ կուշտ կկերակրեմ, խորոված ու քյաբաբ, խաշլամա, սիգարետ։
– Ես ծխող չեմ։
– Կծխես էլ, կխմես էլ։ Երբ բանտից դուրս գաս, երկու տարին ինչ է որ, աչքդ փակեցիր-բացեցիր՝ երկու չէ, տասն էլ անցավ, քեզ լավ փող կտամ։
– Ոնց կասես, շեֆ։
Դիվան բաշու անբեկանելի դատավճռով վարորդը բանտ ընկավ, և արդարություն պահանջող հասարակությունը խաղաղվեց, մի քանիսը միայն շարունակում էին բողոքել, բայց նրանց շան տեղ դնող չկար, նրանցից միայն մեկը մինչև վերջ գնաց և տիեզերական քաղաքի գլխավոր հրապարակում ինքնակիզվեց ու հռչակվեց խելագար։
Շատ չանցած՝ մեր հերոսը մտերմացավ բանտարկյալի կնոջ՝ Էսթերի հետ, և իրեն հիանալի էր զգում նրա քաղցր գրկում, գրեթե գիշեր չկար, որ նրան ետ ու առաջից չշոշափեր՝ ապրելով ցանկասիրության երանավետ րոպեներ։ Առաջին ժամանակ Էսթերը նրա կոշտ ու կոպիտ ծանրությունից նեղվեց, պատկերացնելով բանտարկյալ ամուսնուն՝ բարոյապես խեղճացավ, ամաչեց իրենից, սակայն աստիճանաբար հաշտվեց ճակատագրի հետ, անգամ գոհություն եկավ սրտին և հոգուն, որովհետև հետաքրքիր էր աղքատ և թուլակազմ ամուսնուն միառժամանակ փոխարինել հարուստ ու առնական տղամարդով։ Տանը երկու մանկահասակ աղջիկ կար, որոնք մեր հերոսին ասում էին «պապա»։ Մի տասնհինգ տարի անց ինչպիսի պարմանուհի կլինեն, մտածում-տեսնում էր նա, իրենց մորից էլ հմայիչ։ Հրեշն ուշադիր էր նրանց նկատմամբ, ուտեցնում-հագցնում էր ըստ պահանջմունքի, պակաս բան չունեին, շատերից լավ էին ապրում։ Մի օր էլ տանտիրուհուն զմրուխտ քարով ոսկե մատանի նվիրեց, զմրուխտը կեղծ էր, սովորական քար, բայց ոսկին միանգամայն արդար էր, այն չէր կարող արժեզրկել նույնիսկ ամենափորձառու և կասկածամիտ ոսկերիչը։ Բանտարկյալին էլ ամիսը մեկ-երկու անգամ ուտելիքի ծանրոց էր ուղարկում, բայց պատահում էր՝ նա սովից զկռտում էր և գիշերը չէր կարողանում քնել։ Հեռախոս ու «Աստվածաշունչ» մատյան էլ հասցրեց նրան, որի անվանաթեթին գրեց. «Ամեն օր կարդա ու մարդ դարձիր»։
Իրոք, երկու տարիներն անցան երկու օրվա պես, բայց՝ Հրեշի աչքում, իսկ վարորդին տասն ու ավելի թվացին։ «Շեֆ, պրծա, ինձ արդեն դուրս հանիր, գնամ ընտանիքիս մոտ» – բջջայինով ասաց նա տիրոջը։ «Ինչ անհամբերն ես,– դժգոհեց Հրեշը,– թագավորի նման ապրում ես»։ Նա այնպիսի բավականություն էր զգում վարորդի կնոջից, որ չէր ցանկանում այդքան շուտ նրանից բաժանվել։ Անընդհատ ձգում-երկարացնում էր ամուսնու բանտային կյանքը։ Այդ լրացուցիչ ընթացքում, լավ գիտակցելով, որ մի օր իր վայելքները վերջանալու են, նա ավելի կատաղի, չարացած ու ագահորեն էր վերաբերվում Էսթերին, հնձում-քամում նրան, կարծես ապագա տռփանքի պաշար էր հավաքում։ «Շեֆ, երրորդ տարվա մեջ եմ, կարոտել եմ ընտանիքիս, քեզ էլ եմ կարոտել, «Մերսեդեսը» քշո՞ւմ ես, մի քշիր, հանկարծ վթար կլինի»։ «Ամեն օր էլ քշում եմ»,– բազմանշանակ ասաց Հրեշն ու ժպտաց։ «Լա՞վ ես քշում»։ «Քեզնից լավ»։ «Ե՞րբ կգաս»։ «Համբերիր, մի քանի ամսից քեզ տուն կբերեմ»։ «Էլ չեմ դիմանում»։ «Աստված սիրես, դու հո հավ չես գողացել, մարդ ես սպանել, չէ՞, ժողովուրդն ու աստղերը պետք է տեսնեն ու համոզվեն, որ արժանի պատիժ ես կրում արժանի ժամանակով, ինձ հասկացիր, ես չեմ կարող իմ սիրելի ժողովրդին խաբել»։ Բանտարկության միայն չորրորդ տարվա աշնանը նա հյուծված ու երջանիկ տուն վերադարձավ։
– Սա քո տունը, հեռուստացույցը, սեղան-աթոռները, ամեն բան իր տեղում, էնտեղ ննջարանն է, սրանք քո աղջիկներն են,– ժպտալով խոսեց Հրեշը։– Սա էլ քո կնիկն է, մատով էլ չեմ կպել,– և արժանացավ կնոջ գլխի հաստատիչ շարժմանը՝ չէ, իհարկե։
– Շնորհակալություն, շեֆ,– ասաց վարորդը,– դու շատ ազնիվ ես։
– Ես գնացի, ազգային գործեր ունեմ,– ասաց մեր հերոսը,– Աստված ձեզ պահապան։
– Բա իմ վարձը, շեֆ…
– Տղա ջան,– ինչպես միշտ մեղմաբարո ժպտաց Հրեշը,– մի փեշ փող եմ թափել էս գործի վրա, դեռ դու ես ինձ փող տալու, բայց չեմ վերցնի, քեզ նվեր։
Հրեշը երախտամոռ չեղավ՝ յուրաքանչյուր Ամանորի ու կարմիր Զատկին նրանց պարեն էր ուղարկում ցելոֆանե տոպրակով, որի մեջ լինում էին մեկ կիլոգրամ բրինձ, կես կիլոգրամ շաքարավազ, մեկ շիշ արևածաղկի ձեթ և կես կիլոգրամ ոսպ։ Վարորդի մահից հետո էլ, որ վրա էր հասել բանտային հիվանդություններից, այդ բարեգործությունը շարունակվեց դեռ շատ տարիներ։ Հրեշը մի քանի փորձ արեց նրա կնոջը դարձյալ իր տակովն անելու, սակայն Էսթերը սևավորվել էր, Հրեշի ցանկությանն ընդառաջ չգնաց և սրբորեն պահպանում էր ամուսնու պայծառ հիշատակը։
Սառա մայրը, որքան էլ ատում էր որդուն, անհանգստացած էր նրա բարոյականությամբ, մտածում էր՝ ամուսնացնեմ, գուցե մի օր վերակառուցվի ու մարդ դառնա։ Այս ու այն կողմ նայելով՝ նա վերջապես ընտրեց մի գեղեցիկ, երիտասարդ ու հետաքրքիր կին, որը որդուն էլ առաջին իսկ հանդիպումից շատ դուր եկավ: Եթե մոր զսպիչ ներկայությունը չլիներ, նրան վրա էր ընկնելու։
– Շնորհակալություն, մա,– ամուսնության առաջին գիշերին հաջորդած առավոտյան ասաց նա։
Մոր համար անակնկալ էր՝ մի՞թե ընդամենը մի գիշերում մարդացավ, և մայրական սիրտն ուրախություն զգաց։
Դժվար է հավատալ, թե նա սիրում էր Ջուլիին, սերն ի սկզբանե օտար էր նրան, բայց ինչ իմանաս, գուցե և սիրում էր ենթագիտակցորեն, սիրո լինել-չլինելու սահմանն այնքան մութ ու խառնափնթոր է, որ նույնիսկ հանճարեղ ճարտարապետը չի կարող պարզորոշ գծագրել ու կառուցապատել։
Գիտեք, չէ՞, հաջողությանը ստեպ-ստեպ հետևում է անհաջողությունը, և վերջինիս ետևից ոչ միշտ է հաջողություն գալիս, ավելի շուտ՝ չի գալիս, կանգնում ես կոտրած տաշտակի առջև։ Ժամանակով Հրեշի գրեթե ամբողջ սոցիալ-քաղաքական և նյութական ունեցվածքը փոշիացավ, երկիր ու երկինք շուռ եկան նրա գլխին, արդեն ի վիճակի չէր ցելոֆանե տոպրակով ուտելիք բաժանել սրան-նրան և սկսեց բախտ որոնել խաղատներում։ Ճարպկորեն ու խաբեությամբ մի քանի անգամ շահեց, սակայն կորուստն ավելի շատ էր ու մահացու։ Իր «Մերսեդեսն» ու պապական սպիտակ փարաջան տարվեց՝ իբրև խաղադրույք։ Կորցրեց աշխարհի հզորների՝ իրեն նվիրաբերած դոլարներն ու եվրոները, որ խնամքով պահում էր բմբուլե բարձի մեջ։ Տակ տվեց նաև մոր ոսկեղենն ու ակնեղենը՝ տարիների ընթացքում կուտակված ջանադիր անբարոյականությամբ։ Եվ մի գիշեր էլ, մի մութ-անձրևոտ գիշեր «Մարս» հյուրանոցի խաղատանը նա զգուշորեն, անհամարձակ ու կասկածանքով քաշեց փափուկ թիկնաթոռը և փայլկտուն կլոր երեսով սեղանի մոտ նստեց հերթական պոկերի, երեք միրուքավորների դիմաց, որոնց հետ արդեն մի քանի անգամ խաղացել էր, շահել ու կորցրել։ Նրանք քաղաքում հայտնի գողականներ էին, մեկը՝ օրենքով գող։
Նկարիչը Նիցշեի կյանքի փիլիսոփայությունն էր նկարում, բայց ստացվում էր Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը։
Թավշյա յասամանը խոսում էր սիրո բուրմունքով։
Մի ամլիկ գառ ջուր էր խմում քաղցր ու սառնորակ առվակից։
Կապույտ երկնքում օրոր-շորոր էր գալիս նաիրյան դալար բարդին։
Սոխակը գեղգեղում էր։
Քնիր, որ արթնանաս։
Մի գիշերում ծառերը ծաղիկ հագան։
Ժամանակը՝ անկանգ, տարածությունը՝ անվերջ։
Ո՞ւր ես գնում։
Առավոտ էր, Արատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը։
Միջախաղ տեքստ
– Ի՞նչ ես դնում,– հարցնում է օրենքովը։
– Կնկաս,– ասում է նա։
– Ինձ պե՞տք է,– ասում է առաջին գողականը։
– Ինձ հեչ պետք չի,– ասում է մյուս գողականը։
– Շատ սիրուն է,– Հրեշը բաճկոնի ծոցագրպանից հանում է Ջուլիի կիսամերկ լուսանկարը, որ արված էր Սևանի թե Միջերկրական ծովի ափին։
– Տուր տեսնեմ,– հրամայելու պես ասում է օրենքով գողը և լուսանկարն ուշադիր դիտում։– Լավիկն է, ոնց մոդել։ Գի՞նը։
– Երկու միլիոն դոլար,– ուզում է միանգամից հարստանալ։
– Ամբողջովի՞ն, թե՞ առանձին մասերը։
Օրենքով գողի հարցն անսպասելի է։ Հրեշը երկար մտածում է՝ ո՞րն է իրեն ձեռնտու, և ի վերջո, կանգ է առնում մաս-մասի վրա, այդպես հույս է ծագում, եթե նույնիսկ կնկաս ինչ-որ մասեր տանուլ տամ, նա ինձ համար դեռ բավականին կպահպանվի՝ որպես ավելի նեղ օրվա կապիտալ։ Կարող եմ և մանր-մունր շահել, Աստված ինձ հետ, իսկ ամբողջի դեպքում, մեկ էլ տեսար, ամբողջը ոտք ու գլխով կորցրի։ Վերջին տարբերակից նա շատ է վախենում։
Օրենքով գողը ետ ու առաջ խառնշտկում է խաղաթղթերի դաստան, թքոտում մատները, որոնց վրա իր անվան տառերն են դաջված, թղթերը երեսնիվայր փռում սեղանին՝ Ջուլիի լուսանկարի շուրջը, և հայտարարում.
– Ուշադրություն, խաղում ենք սև-սև աչքերի վրա, նախնական խաղադրույքը՝ հիսուն հազար դրամ, այսինքն՝ հարյուր դոլար։
Առիթ չի լինում գումարը բարձրացնելու, որովհետև Հրեշն արագորեն շահում է կնոջ աչքերը և դրամներն ուրախությամբ քաշում իր կողմ։
– Խաղում ենք մազերի վրա։
– Մազերն ինձ պե՞տք են,– առաջին գողական։
– Ինձ հեչ պետք չեն,– երկրորդ գողական։
– Ձայններդ կտրեք,– նրանց սաստում է օրենքով գողը։
Հրեշը կնոջ մազերի գումարն էլ է տանում, որ ավելի պակաս է աչքերից՝ երեսունհինգ հազար դրամ։ Ապա խաղադրույք է արվում նրա շուրթերին, որոնք հմայիչ են անգամ լուսանկարում։ Այս անգամ Հրեշը պարտվում է, բայց չի հուսահատվում՝ հաջորդը իմն է։ Սակայն կորցնում է նաև հաջորդ խաղը։ Երկու գողականները ոգևորվում են.
– Կիկոս,– այդպես է օրենքով գողի ածական անունը,– խաղանք էն բանի վրա։
– Էն բանի,– անհամբեր է մյուսը։
– Առաջ մի ընկեք,– բարկանում է օրենքովը և աչք գցում լուսանկարին։– Հիմա շամամների հերթն է։
Հրեշն անհանգիստ շարժվում է տեղում։ Նա կնոջ կրծքերից ավելի մեծ բավականություն էր ստանում, քան կարող էին տալ նրա աչքերը, մազերն ու շուրթերը՝ միասին վերցրած։
– Երեք հարյուր հազար,– ասում է նա։
– Մի հա՞տը։
– Երկուսը միլիոն դոլար,– ասում է նա։
Սակարկում են և ի վերջո, զույգի համար գալիս կանգ են առնում չորս հարյուր հազարի վրա, որ հազար դոլարից մի քիչ պակաս է։
Հրեշի ծանր մարմինը հրճվանքից վեր է թռչում, նա մի պահ չի հավատում հաջողությանը, այժմ էլ և՛ Ջուլիի կրծքերն են իմը, և՛ ահագին փող վաստակեցի։ Նա մտքով երախտալից կծոտում է կնոջ կրծքերը՝ նրան ցավ պատճառելով, բայց ավելի շնորհակալ է փողերին, որ այդքան անսպասելի մտել են իր գրպանը։ Նա հաղթանակած ոտքի է ելնում, որ հեռանա։
– Տեղդ նստիր,– սպառնալից ասում է օրենքով գողը,– նստիր, խաղում ենք կնկադ պորտի վրա։
Սրճարանի բարմենը խոշոր գավաթներով դառն ու թանձր սուրճ և սառը շամպայն է մատուցում, որ նրանք չքնեն և մինչև լուսաբաց խաղան։
Հրեշը Ջուլիի պորտն էլ է շահում, բայց առանձնապես չի ոգևորվում, պորտ է, էլի, թեև եթե մի քիչ իմաստուն լիներ, կիմանար, որ պորտն է աշխարհի կենտրոնը։
– Կիկոս, էն բանը մոռացար։
Օրենքով գողը նայում է լուսանկարին՝ Ջուլին շատ գեղեցիկ ոտքեր ունի։
– Խաղում ենք ոտքերի վրա։
Հրեշը գին է տալիս՝ յուրաքանչյուրը հարյուր հիսուն դոլար, և նույն վայրկյանին էլ փոշմանում՝ քիչ ասաց, կարող էր շատ պահանջել։ Հարյուր հիսունին գողերը չեն առարկում, պարզ տեսնում են, որ Ջուլիի ոտքերը շուկայականից շատ ավելին արժեն։
Հրեշը դարձյալ շահում է ու ծաղրալից ժպտում խաղընկերներին։
Օրենքով գողի ատամները սեղմվում են, աչքերում՝ զայրույթ։ Նա գնում է զուգարան ու չարություն միզում։
– Ուշադրություն,– վերջապես ասում է նա,– սեղանին դնում եմ էն բանը։
– Երեք միլիոն,– որոշում է Հրեշը՝ շատ լավ ճանաչելով կնոջ փչակի թովիչ արժանիքները, որ վայելում է ամեն գիշեր։
Խաղի այս գործողությունը իր կարևորության պատճառով ավելի երկար է տևում, քան նախորդները, դոլարների ծանրությունը խաղաթղթերի միջոցով թեքվում է մեկ այս, մեկ այն կողմ, յուրաքանչյուրը պատկերացնում է, թե կնոջ բույնն արդեն իրենն է, կրքոտվում է ու ցանկանում ներս մտնել։
Հրեշը, ի տես բոլորի, սեղանին է նետում իր հաղթական խաղաթուղթը և արձակում խելագար հռհռոց։
Գողերը մագաղաթի գույն են առնում։
– Գնում եմ վա-բանկ,– մռայլվում է օրենքով գողը։– Սեղանին ամբողջ ու ամբողջական կնիկն է, մեզ մահ կամ ազատություն։
– Կիկոս, մեծ ռիսկ ես անում, չե՞ս տեսնում սա մարդ չի, այլմոլորակային հրեշ է։
– Կիկոս, ետ կանգնիր։
– Կիկոս նշանակում է ռիսկ, ես չեմ վախենում,– հայտարարում է օրենքով գողը։
Հրեշը երկմտում է՝ համաձայնի, թե՝ ոչ։ Բա որ տարվեմ, ո՞վ է պատասխան տալու, Թրա՞մփը։ Սակայն նա այնքան ոգևորված է նախորդ շահումներից, որ ցանկանում է ավելին ունենալ, ետ առնել «Մերսեդեսը» ու պապական սպիտակ փարաջան, որ իրեն շատ է սազում, ետ առնել արտասահմանյան դոլարներն ու եվրոները, որոնց գինը օրեցօր բարձրանում է, դրամը իջնում, ետ առնել մոր ոսկեղենն ու ակնեղենը, վերադառնալ իր երբեմնի հարստությանն ու մեծարանքին։
– Յոթ միլիոն դոլար,– ի վերջո ասում է նա։
– Ութ,– օրենքով գողը կնոջ գինը բարձրացնում է, որովհետև նրան արդեն ավելի է գնահատում, քան ամուսինը։
Ջուլին մինչև լուսաբաց խաղարկվում է, քանզի աներևակայելի մեծ է աշխարհի ու տիեզերքի հանդեպ պատասխանատվությունը, մի փոքր անզգուշություն՝ կարող ես անդնդախոր ձորը գահավիժել, յուրաքանչյուրի հոգում ալեկոծվում են վախի, կասկածանքի, տագնապի, հույսի ու հուսահատության ծովեր, որոնք միանալով դառնում են անափ օվկիանոս։ Շատ անհանգիստ են բոլոր աշխարհամասերում, հատկապես՝ Թրամփն ու Եվրոպան։
Հրեշը մահացու ուշաթափվում է։ Օրենքով գողը նրա գլխին շամպայն է թափում, որ ուշքի գա։
– Անիմանալի են աշխարհի գաղտնիքները, ախպեր,– ասում է օրենքով գողը՝ փորձելով նրան մխիթարել,– մենք ճոճանակի վրա ենք, ճոճվում ենք, ճոճվում, դու ընկար, բայց կարող էի ես ընկնել։ Ոչ մի տարբերություն՝ ես, թե՝ դու։ Էսօր կնկանդ անուշ արա, վաղը կեսօրին կբերես, սպասում եմ։
Խաղատներում չգրված օրենք կար. եթե տարվածդ չես վճարում, քեզ սպանում են, և խնդիրը համարվում է փակված։ Հրեշը չէր ուզում մեռնել, այլ ապրել ու ապրել, և իր կյանքն ավելի էր գնահատում ու արժեքավորում, քան կնոջը։ Հաջորդ օրը ճիշտ կեսօրին նա տաքսի բռնեց և Ջուլիին տարավ օրենքով գողի ամառանոցը, որը գտնվում էր արևամերձ Մարս մոլորակի նարնջակարմրագույն անտառներում։
– Առեք, խնդրում եմ շատ չչարչարեք, մեղք է։
Օրենքով գողը գրպանից հանեց կնոջ լուսանկարը և համեմատեց բնորդի հետ, համոզվեց, որ նույնական են, բայց տեսավ ու զգաց, որ նա կյանքում ավելի գեղեցիկ է, քան լուսանկարում։
– Ներս արի, նստիր,– ասաց նա Հրեշին,– խորովածը կրակի վրա է, մի բաժակ խմենք։
– Անուշ արեք,– ասաց Հրեշը,– ես գնամ, ազգային գործեր ունեմ։
– Վաղը էս ժամին արի, կնկադ տար։
Նրա հեռանալուց շատ չանցած՝ երկու գողականները հարձակվեցին Ջուլիի վրա, փորձում էին մերկացնել, կինը սարսափահար ճչում էր, ձեռքերով կռիվ տալիս նրանց հետ։
– Քաշվեք, կսպանեմ, չփորձեք նրան մատով կպչել,– բղավեց օրենքով գողը և սեղանից վերցրեց մսի խոշոր դանակը,– կսպանեմ, քաշվեք, հո հրեշ չե՞ք, մարդ եք, չէ՞, հո խոտ չե՞ք ուտում։
Գողականները շփոթված ընկրկեցին։
Գիշերվա կեսին Հրեշի աչքին երազ եկավ. աշխարհի բոլոր գողերը հերթ են կանգնել Ջուլիին տիրանալու, ամեն մեկը ոգևորված ցուցադրում էր իր տղամարդկային ուժն ու գերազանցությունը մյուսներից։
Հաջորդ կեսօրին Հրեշը տուն բերեց կնոջը և անհամբեր էր իմանալու՝ ինչ եղավ, ինչպես եղավ ամառանոցում, թեև երազում ամեն ինչ տեսել էր, բայց ուզեց նրանից էլ տեղեկանալ, հայհոյանք արեց՝ ես դրանց մերը։ Իրենից ու երազից ելնելով՝ Հրեշը չհավատաց կնոջը, թե բան էլ չի պատահել, մտածեց՝ էդպես ո՞նց կլինի, ես որ կուտեի քեզ, մաս-մաս կանեի, և ավելի կասկածեց ու չհավատաց, ինձ էշի տեղ է դնում։
Մի քանի օրից նա կնոջը մեղադրական ասաց.
– Դու դավաճանել ես ինձ։
Կինը լաց եղավ, որը նա ընկալեց իբրև մեղքի խոստովանություն։
– Լավ էլ դավաճանել ես,– ասաց նա վիրավորված արժանապատվությամբ։
Ամեն գիշեր Հրեշը երազ էր տեսնում՝ ինչպես է սպանում կնոջը։ Յուրաքանչյուր սպանություն նոր էր, անկրկնելի ու սարսափազդու, կարող էր խելագարվել թե՛ մեղսագործը և թե՛ անմեղսունակը, և ոչ միայն նրանք, այլև մենք, ամբողջ տիեզերքը։
– Գիշերը ես քեզ սպանեցի։
– Բայց ինչո՞ւ։
– Դու գիտես։
Եվ մանրամասնորեն պատմում էր՝ ինչպես է սպանել՝ մաս-մաս, վերև-ներքև, կտոր-կտոր, ծամելով, աչքերը հանելով, արյունը խմելով։
– Մի սպանիր, ես հղի եմ։
Հրեշը կարծեց Ջուլին օրենքով գողից է հղի և որոշեց նրան իրապես սպանել։ Այդ գիշեր նա բարձը դրեց քնած կնոջ գլխին և մեծ ու ծանր նստեց վրան։ Քնի մեջ կինը խեղդամահության խուլ ձայներ արձակեց, ափ նետված ձկան նման մի քանի անգամ թպրտաց, ապա լռեց ու անշարժացավ։ Երբ առավոտյան Սառա մայրը մի թեթև թակեց նրանց ննջարանի դուռը և, պատասխան ձայն չլսելով, զգուշորեն ներս գնաց, հրեշը քարաքանդակի պես դեռ նստած էր կնոջ վրա, և դեմքին սառույց ժպիտ կար։
– Ի՞նչ ես արել…
– Իր մեռնելը չիմացավ, քնած էր,– իբրև մխիթարանք և արդարացում՝ ասաց Հրեշը։
Հասարակության համար ծայրահեղ վտանգավոր հոգեկան ուժգին խանգարվածության հիմքով՝ տիեզերական դատարանը նրան տեսավ անմեղսունակ և ցմահ տեղավորեց դուռ ու լուսամուտները երկաթացանց, խստացված կարգուկանոնով հոգեբուժարանում, որն օր ու գիշեր հսկում էին հրացանակիր ոստիկանները։ Ոչ ոք իրավունք չուներ մուտք գործել այնտեղ, նույնիսկ՝ մարդու իրավունքների պաշտպանը։ Սակայն շատ ժամանակ հետո, հսկիչներին կաշառելով, Սառային հաջողվեց մայրական սրտի կարոտով մի քանի րոպե գտնվելու բոլոր կողմերից փակ այդ տարածության մեջ։ Անցավ երկար միջանցքով, դանդաղ գնաց հարկից հարկ՝ մեկ ու մեկ կարդալով խուլ կողպված դռներին նշված անունները, որոնց մի մասը հեռուստատեսությունից էին նրան ծանոթ, հանրային մի քանի խմբակներ ու խմբակցություններ ներկայացնող, հեղափոխությունից նեղացած, կարոտախտով տառապող տղամարդիկ ու կանայք, և վերջապես հուզված կանգ առավ մի դռան առջև, որի երեսի ցուցանակն ասում էր՝ «Հրեշ»։ Մոր ոտքերը դողացին, աչքերից արցունք կաթեց։ Նա հրեց ծանր դուռն ու ներս մտավ։ Ներս մտնելով՝ նա տեսավ հատակին մեկնված մի մարդու ոտքերն ու ձեռքերից մեկը։ Նա ծածկված էր Հռոմի պապի փարաջան հիշեցնող սպիտակ սավանով։ Նա սավանը ետ առավ։ Մարդու որովայնը լերդացած արյան մեջ էր։ Ընչաքաղց առնետն էր նրան խժռել, որ այժմ կուշտ ու փքված, ծանրաշունչ մրափում էր պատուհանի գոգին։
Սառա մայրը ցանկացավ տղայի հիշատակը չմեռնի և Բաբելոնում՝ մի ամայի բլրի վրա, գերեզման սարքեց՝ այնտեղ թաղելով սպիտակ սավանն ու նրա կաշվե դրամապանակը, որի մեջ խորհրդանշական մեկ դոլար կար՝ Ջորջ Վաշինգտոնի դիմապատկերով։ Տապանաքարը սև մարմար էր։ Մոր միտքը չորս տասնամյակ ետ գնաց և շատ տղամարդկանց շարքում տեսավ այն ժպտացող աֆրիկացուն, որից ինքը բռնաբարությամբ հղիացել էր ու ծնել տղային։ Նրա անունն էլ էր Հրեշ։ Սև մարմարե տապանաքարին գրվեց. «Հրեշ որդի Հրեշի»։ Ծննդյան և մահվան թվականները բացակայում էին, որ նշանակում էր՝ նա անսկիզբ է ու անվերջ։ Շուտով գերեզմանը դարձավ Երկիր մոլորակի տեսարժան վայրերից, ինչպես Քեոփսի բուրգն ու Պարթենոնը։ Զբոսաշրջիկների երամներ էին գալիս տեսնելու այդ գերեզմանը, շոշափում էին նրա սառը մարմարը, որից ձեռքերը այրվում էին, կարդում փորագրված բառերը, որոնք բազում անպատասխան հարցեր էին տալիս նրանց։
No Comments