ԳրաԴաշտ

Վարդան Հակոբյան․ Մողեսների արքան (վեպ)-10

18.12.2020


Սկիզբը՝ այստեղ

Գիրք երկրորդ

Մաս առաջին

Դրախտի մողեսարքան

Գլուխ առաջին

Արտոն ապշած էր մողեսների դրախտի տեխնիկական կատարելությամբ։ Ապակենման, բայց փափուկ թաղանթի տակ պտտվող մոլորակ-մանրակերտն այնքան իրական էր, որ ինքն իրեն տիեզերքից աշխարհին հետևող աստված էր զգում։ Բավական էր՝ նայեր որևէ կետի, ու այն խոշորանում էր, ցուցադրում դրա մանրամասները՝ որքան որ ցանկանար։ Բավական էր ցանկանար ու լսում էր իր ուշադրության կենտրոնում հայտնված դրախտաբնակ մողեսիկի զգացումներն ու մտքերը։ Առանց որևէ ճիգի, միայն ցանկությամբ դրախտի թաղանթին երևում էին մողեսիկի բոլոր նախորդ կյանքերն ու կատարած գործերը, այն մարդիկ, որոնց ուղեղներում տեղավորվել ու ինչ-ինչ գործողությունների էր մղել։ 

Հենց առաջին հայացքից թաղանթին զգացվում էր ինտերակտիվ ստեղնաշարը. փորձեց հրաման մուտքագրել՝ «Ուրախ»,  ու տեսավ, թե մողեսահոգիների ոտքերն ինչպես պոկվեցին դրախտագետնից՝ հաստատման կոճակը սեղմելու պահին։ «Ավելի ուրախ»,- շարունակեց հրամայել ու տեսավ, որ մողեսները բերանբաց ժպտալով երկու մասի բաժանեցին գլուխներն ու շուռ եկան մեջքի վրա։ «Է՛լ ավելի ուրախ»,- կրկին հրամայեց ու տեսավ, որ բոլորը սկսեցին շարժել թաթիկներն ու պոչերը, նույնիսկ՝ գեներալ Կալոտը, թեև շարունակում էր ժպտացող մողեսիկների իր դրախտային բանակին պատմել տաղտկալի պատմություններ անձնական կենսագրությունից։

-Ավելի ուրախ,- սխալմամբ ասաց բարձրաձայն ու տեսավ, որ իր հրամաններն առանց քեյբորդի էլ են միանգամից կատարվում. մողեսահոգիները սկսեցին ուրախությունից գալարվել, փորները բռնած ընկնել խոտերին ու այնպիսի հիմար շարժումներ անել, որպիսիք միայն երեխաներն են կարողանում։

-Հանդարտ, ավելի հանդարտ,- հրամայեց՝ խղճալով դրախտաբնակներին ու նախանձեց դրանց ուրախությանը, ուզեց ինքն էլ դրանց շարքերում հայտնվել…

…Իսկույն էլ, դեռ փակ աչքերով զգաց դրախտային ծաղիկների երջանկացնող բուրմունքը։ Երբ բացեց կոպերը, պառկած էր յասամանի բուրմունքով մանուշակագույն ամպին ու դանդաղորեն լողում էր դեպի մեխակահոտի սպիտակ-կարմրազոլ ամպիկը։ Իսկ ներքևում կլոր ու հսկայական դրախտագնդի կանաչապատ, տեղ-տեղ անտառներից դուրս պրծած արևախանձ ժայռերով չնաշխարհիկ պատկերն էր։

Ջրային մողեսների համար նախատեսված հատվածում վեցաթև աստղի տեսք ունեցող լճակը հայելու պես զուլալ էր, բայց դա սպասելի էր, իսկ այն, ինչ արտացոլվում էր դրա մեջ, զարմանքից այնպես ցնցեց Արտոյին, որ քիչ մնաց ցած ընկներ։ Դժկամությամբ համոզվեց, որ  հայելուց աչքերն իր աչքերին ուղղածը հենց ինքն էր։ Ոտքերին թաթի մասում կլորացող ու սուր ծայրը դեպի վեր ցցված կոշիկներ էին, ինչպիսիք հագնում էին արաբական խալիֆները, դրանցից վեր՝ սմոկինգի սև, անգլիական տրադիցիայով տաբատն էր, որի վերին մասը ծածկում էր որպես բաճկոն ծառայող ծիրանագույն, շումերական արքաների խալաթի կարճացրած մոդելը։ Դրա տակ կիսաթաքնված էր «Ես սիրում եմ մողեսներին» մակագրությամբ անթև շապիկը։ Վզից՝ հաստ ոսկե շղթայից, կախված էր մողեսադրախտի կենդանի մանրակերտը, որի մեջ ինքն իրեն տեսավ, իսկ գլխին, երբեք չէր էլ անցնի իր մտքով, գլխին մոնղոլական աստվածներից մեկի թագի ոսկե նմանակն էր՝ անճաշակորեն զարդարված մողեսների զմրուխտե գանգերով։

Այդ ամենը դեռ ոչինչ, կարելի էր համակերպվել, բայց որ դեմքն էլ մողեսամռութ էր դարձել, դիմանալու բան չէր։ Վարդի բուրմունքը՝ իր պարգևած երջանկության հետ միասին, դանդաղորեն հօդս ցնդեց, ու ինքն էլ դանդաղորեն, ես կասեի՝ վեհորեն սկսեց ցած իջնել։ Մինչ կհասներ մողեսադրախտի մոլորակին, արդեն հեռու էր աստղալճից։ Վայրէջք կատարեց ահռելի մի բուրգի գագաթին, որի շուրջը, ի տարբերություն եգիպտական անապատների, մինչև հորիզոնի ծայրը՝ զարմանալի վառ կանաչ մարգագետիններ էին, ծառերի ու թփերի պուրակներ, ձեռագործ այգիներ՝ անգլիական ոճով, ու առանց գետերի ջրվեժներ, որոնք հավանաբար նախատեսված էին կուլտուրիզմով զբաղվող մողեսամարզիկների հոգեքրտինքը լվալու համար։

Մողեսադրախտի երկինքը բաց կանաչավուն էր ու զարդարված էր բազմագույն, ըստ իրենց բուրմունքների՝ ծաղիկների ամպերով։ Դրանք թափառում էին երկնքով՝ պարույրաձև հետագծերով ու երբեմն-երբեմն՝ իրար հանդիպելիս, միախառնվում էին՝ նոր գույների վերածվելով։ Իսկ երբ շատ էին մեծանում, ցած էին սահում ոսկեգույն անձրևի տեսքով՝ անասելի ուրախություն պարգևելով դրա տակը հայտնված մողեսահոգիներին։ Քիչ անց գոլորշիանում-ամպանում էին ու շարունակում իրենց պարույրաձև ճանապարհները մողեսադրախտի երկնակամարում։ 

-Ժամանակ չի կորցնում այս Նեոանտրոպուս Աստրալիկուսը,- խոսեց Առյուծագլուխը՝ աչքը չկտրելով մոնիտորից,- էսպես որ գնա, քիչ հետո նորից պիտի հագնենք մարդանման Սերապիսին։

-Օր ու արև չունենք էս մարդկանցից,- իսկույն էլ բողոքի վերածեց Առյուծագլխի ոգևորվածությունը Գայլագլուխը։

-Նախատիպն էլ արթնացավ,- շարունակեց Շնագլուխը՝ գլխակիցների ուշադրությունը հրավիրելով մոնիտորի անկյունում բացված փոքրիկ քառակուսուն։

Հատուկ իրեն հարմարեցված բազկաթոռին բազմած պլազմային մարմնի աջ պոչն իր ծայրի թեթև շարժումով դիպավ ստեղնաշարին, ու մոնիտորը գրավեց դանդաղորեն ուշքի եկող Արտաշեսը։ Շոշափեց հաստապակե հատակն ու նկատեց, որ այն ավելի բիոապակու է նման. հետո շոշափեց ճակատն ու գլուխը և համոզվեց, որ ուռուցք չունի։ Վեր նայեց ու առանց ժամանակ կորցնելու սկսեց մագլցել խողովակով։

-Մարզված է,- նկատեց Առյուծագլուխը։

-Թույլիկ-նրբիկ չէ,- ձայնակցեց Գայլագլուխը։

-Հավանաբար… կկարողանա գոյատևել  մինչ նոր հոգեմարմինը ամբողջականանա, մի քանի րոպեից հիշողությունն էլ կվերականգնվի,- հավելեց Շնագլուխը։

Իսկույն էլ, հավանաբար կատարելով գլուխների ցանկությունը, ձախ պոչի ծայրը դիպավ ստեղնաշարին, ու մոնիտորին կրկին հայտնվեց մողեսադրախտը։

Արտոն (պիտի մի արժեզրկված բառ օգտագործեմ, քանի որ շատ տեղին է) զմայլվում էր մողեսադրախտով ու հազիվ նկատեց, որ իրենից դեպի դրախտաերկինք մի կոնաձև լայնացող լուսե ճառագայթ էր բարձրանում։ Սակայն չհասցրեց էլ մտածել դրա մասին, երբ տեսավ, որ դրախտի բոլոր կողմերից հազարավոր մողեսահոգիներ են ճախրում դեպի ինքը։ Արդեն մոտեցածները իջնում էին բուրգի ստորոտում ու գլխահակ երկրպագում իրեն։ 

«Որ ի՞նչ,- մտածեց Արտոն,- ես աստված չեմ, ինչի՞ս են երկրպագում։ Իսկույն էլ հայացքն ուղղեց վզից կախված դրախտի մանրակերտին ու կրկին նյարդայնացավ, երբ դրանում պարզորոշ տեսավ իր մողեսամռութը։

«Ո՞ր մեղքիս համար»։ Հետո մտածեց, որ էստեղ այլ կերպ չէր էլ կարող լինել, ու հանդարտվեց։ «Եթե մողեսաստվածը հիմա ես եմ, ապա տեսքս էլ ինքս կընտրեմ»։ Ավելի հրամայեց, քան մտածեց, և իսկույն էլ խայտաբղետ հագուստներն անհետացան՝ տեղները զիջելով սպիտակ բոթասներին, մաշմշված երկնագույն ջինսե տաբատին ու դեղին բլուզին՝ «Ես սիրում եմ ձեզ» սև մակագրությամբ։ Սակայն մողեսամռութը նույնը մնաց։

-Օօօ՜ս,- հնչեց բոլոր կողմերից,- օօօ՜ս…

-Աստված հիմա ու այստեղ, միայն մեզ համար՝ Սե՜ր է,- լսվեց գեներալ Կալոտի բացատրությունը,- սրանից հետո մենք սիրո՛ բանակներ ենք առաջնորդելու…

«Էստեղ էլ չի հանդարտվում»,- մտածեց Արտոն.

-Ո՛չ, հենց սերն է Աստվածը՝ քանի զգում եք այն, Նա Ձեր մեջ է ու կենդանի է Ձեզնով, իսկ ես, ահա, ինքս եմ սեր զգացող-կրող։

Մողեսահոգիները մի պահ գլուխները վեր բարձրացրին, կենտրոնացած հայացքներով դիտարկեցին իրեն, հետո ամեն մեկն իր կողքինի ականջին փսփսաց՝ փորձում է մեզ, ու գլուխները կրկին խոնարհելով՝ շարունակեցին երկրպագել։

-Օ՜, օ՜, օ՜, օօօ՜ս…

-Սերը կարող է ցասում դառնալ, երբ հարկ լինի ցույց տալ իր ուժը,- կրկին մեջ ընկավ Կալոտահոգին, որը ոչ միայն չէր հասցրել ձերբազատվել իր գեներալ-առաջնորդական սովորություններից, այլև փորձում էր մարգարե դառնալ։ Այս երկուսի հնարավոր միավորումը սարսափեցրին Արտոյին։

-Սիրո ցասումը,- Արտոն հազիվ էր իրեն զսպում, որ չասի՝ դե ուրեմն, ստացեք սիրո ցասումը,- սիրո ցասումն էլ միայն սե՛ր կարող է լինել,- ասաց մոռանալով, որ իր խոսքերը այստեղ կատարվում են միանգամից։

Եվ իսկույն էլ տեսավ, թե ինչն էր կարելի անվանել սիրո ցասում։ Դրախտի օդը մի քանի  վայրկյանում կարծես գոլորշապատվեց. բոլոր մողեսահոգիներն անխտիր, նույնիսկ գեներալ Կալոտի ու նրան շրջապատած մի քանի նախկին սպաների ոտքերը պոկվեցին դրախտահողից, կախվեցին օդում, աչքները կիսափակեցին, բերանները ճողվեցին երջանկության ժպիտներով։ Բոլորը միասին նախ՝ խորը շունչ քաշեցին, ապա՝ ի խորոց սրտի հոգոց հանեցին, առջևի թաթերը տարան դեպի կրծքներն ու տնքացին, ինչպես տանջող ցավից ազատվողն է հրաժեշտ տալիս գիտակցությանը։ Այն, ինչ կատարվեց դրանից հետո, կարելի էր սիրո քաոս անվանել։ 

Սիրո ցասումը, իսկապես որ, միայն սեր էր, բայց հելահեղության աստիճանի հասած. սեր, որ հավանաբար չէր սիրում իրեն զգացողներին։ Թռչող մողեսահոգիները, հրթիռների պես կայծկլտալով, պարույրաձև հետագծով դեպի դրախտաերկինք էին թռչում. հասնելով դրա թաղանթին, չհասկանալով, թե ինչն իրենց կանգնեցրեց, խփված ինքնաթիռների պես  պայթում էին՝ վերածվելով հազարագույն սրտիկների, որոնք, սակայն, մինչ գետնին հասնելը, միանում ու կրկին դեպի երկինք թռչող մողեսիկների էին վերածվում։ 

Հարյուրավոր քամելեոնահոգիներ երկարեցնում էին լեզուներն ու քարկապվում դրանցով, հետո էլ փքվում էին ու խմբովի վերածվում բազմագույն, անընդհատ  տեղում պտտվող-գունափոխվող գնդակների։ 

Իգուանները պառկում էին գետնին ու փորձում էին գրկել անգրկելին, այդպես, տրորվող ծամոնի նման, տարածվում-ընդարձակվում էին, ու երբ քիչ էր մնում, որ ձուլվեին դրախտին, ձգված-բաց թողած ռեզինի պես ճտտալով՝ իրենց հին չափին էին վերադառնում։ Սիրո խենթությունից պարզապես պարող անոլիսները անվտանգ էին թվում, սակայն դրանք էլ, աստիճանաբար արագացնելով տեմպը, այնքան արագ էին պտտվում տեղում, որ աներևույթ էին դառնում։ 

Գեներալ Կալոտի գլուխը դեղնել էր, իսկ մարմինը դարձել արնագույն. հենվելով ետևի թաթերին, առջևիններն ու դեմքը դեպի վեր՝ անընդհատ վերև-ներքև էր ցատկում ձայնակցելով՝ վոու, վոու, վոու-վոու՝ միաժամանակ ցնցվել-դողալով ողջ մարմնով։ Ու կրկին, եթե միայն այդպես էլ շարունակեր, Արտոն անհանգստանալու առիթ չէր ունենա. սակայն շուտով սկսեց այնքան ուժեղ ցնցվել, որ նախ հոգեպոչը պոկվեց թռավ, ապա հոգեմարմնի թեփուկները ցփնվեցին տարբեր կողմեր՝ լիովին մերկացնելով խեղճին։ Ու դեռ պարզ չէր, թե ինչով կվերջանար Կալոտի սիրոցասումնահարումը։ 

Կային էնպիսիները, որոնք, ետնաթաթերին կանգնելով, տարածում էին առաջինները՝ խաչելության ծանոթ պատկերը հիշեցնելով ու հանգում-անշարժանում էին։ Կային և երանությամբ, սեփական չանչերով իրենց հոգեմարմինները չանգռող-կեղեքողներ։ Ոմանք էլ պարզապես իրենք-իրենց էին շոյում, բայց այնպիսի մոլեգնությամբ, որ մարմիններից ծուխ էր բարձրանում։

-Ըհը, հենց էսպես էլ մողեսադրախտը կանհետանա,- փնթփնթաց Գայլագլուխը,- իսկապես որ, սիրուց ավելի հզոր ուժ չկա։

-Սերը չի կարող սպանել,- հակաճառեց Շունը,- մահը սիրո բացակայությունն է…

-Էէէ՜հ,- հոգոց հանեց Առյուծագլուխը, կարծես երջանիկ հուշերի գիրկն ընկած լիներ,- էսպիսի ավարտը հրաշալի սկիզբ կլիներ… տեսնես՝ գիտակցվա՞ծ է անում, թե՝ պարզապես ինքն-իրեն ստացվեց…

Երեքն էլ միաժամանակ լարվեցին ու հայացքները սևեռեցին Արտոյի դեմքին, որ մոնիտորի կենտրոնում էր։

«Ես պիտի զգամ այն, ինչ սրանք են զգում,- մտովի հրամայեց Արտոն՝ ինքնաարդարացման այլ եղանակ չգտնելով,- ոչնչով լավը չեմ նրանցից, ու ինչ լինելու է, թող բոլորիս լինի…»։ Ու ողջ մարմնով, ներսից ու դրսից, մի տարօրինակ-նուրբ ու քնքշալից շոյանք զգաց։ Ողջ մարմնով միաժամանակ ու ամեն մի բջջով առանձին-առանձին նույն զգացողությունն ունեցավ։ Ամենից խենթացնողը ուղեղի բջիջների զգացողությունն էր, թեև գիտեր, որ ուղեղը սեփական զգայարաններ չունի։ Հետո դանդաղորեն զգաց, թե ինչպես է երկատվում մարմինը, թեև ոչ մի բջիջն իր տեղից չշարժվեց. պարզապես, իր կեսերը, եթե փոխնեփոխ առանձնացնեինք բջիջները, սկսեցին տարբեր հաճախականություններով տատանվել։ Դա ավելին էր, քան երջանկությունը, ավելին էր քան սերը ուրիշի հանդեպ,  դա լիակատար ամբողջացումն էր, որ կարծես ամենակարող էր դարձնում։

«Այո՛, սերը Աստված է,- հաստատեց իր քիչ առաջ մողեսահոգիներին ասածն ու զգաց, որ իր մարմինները առանձին-առանձին են խոսում. մեկը ձայնավորներն էր արտասանում, մյուսը՝ բաղաձայները,- եթե Աստված է, ուրեմն ամենակարող է…  թող ամեն ինչ հանդարտվի՝ թեկուզ դրախտային չափորոշիչներով…»։

Մի քանի վայրկյանից դրախտի օդը պարզվեց, մողեսահոգիները նախ հանդարտվեցին, ապա ուշաթափ մեկնվեցին դրախտագետնին։ Արտոն էլ, լուսարձակելով բուդդայի պես, ծալապատիկ նստեց բուրգի գագաթին, աջ ձեռքը կիսաբռունցք արած հենեց ճակատին՝ Ռոդենի հայտնի արձանի պես ու աստիճանաբար սկսեց վերադառնալ նորմալ վիճակի։

-Կիսատ թողեց գործը,- չարախնդաց Գայլագլուխը։

-Գուցե չէր ուզում կործանել մողեսադրախտը,- տղային պաշտպանեց Շնագլուխը։

-Այդ մենք էինք մեղավոր,- հեղինակավոր եզրահանգեց Առյուծագլուխը,- այդ մենք էինք ակամա ազդում տղայի մտքերին ու ցանկություններին։ Եթե ինքներս մեզ հետ էլ անկեղծ չլինենք, գոնե երբեմն, կխելագարվենք… բայց ի՜նչ հրաշալի էր սիրո ցասումը…

No Comments

Leave a Reply