Արցախ Գոհար Գալստյան ԳրաԴաշտ

Գոհար Գալստյան. Կապույտ հավերժություն

02.03.2021

Վաղ առավոտից մրսած ու մեղավոր քաղաքի վրա շաքարափոշու պես բարակ ձյուն էր մաղում։ Մեքենան զառիվեր ոլորանով շրջվել ու արդեն հասնում էր Եռաբլուրին։ Սառն օդի մեջ, քիչ անց, կայանած մեքենայի միաժամանակ բացված ու արագորեն փակվող երեք դռներից մի ակնթարթում կյանքի շունչը խառնվեց ցուրտ լռությանը։ Զինվորական հագուստով տղաների քայլը երեք կողմից մղվեց դեպի մեքենայի առջևի փակ դուռը, ուր կապույտի մեջ փաթաթված կնոջ դալկությունից մեղրամոմե լույս էր կաթում… 

Զարուհին էր… 

***

Վտիտ ուսերը վերարկուի տակ թաքցրած, վշտից խելագար՝ երիտասարդ կինը միակ որդու վերջին հրաժեշտից հետո՝ հենց նույն օրը, բժիշկների պնդմամբ և որդու ընկերների համառությամբ, տեղափոխվել էր հիվանդանոց… 

Հատուկ մասնաշենքում՝ քովիդի դեմ ոտքից գլուխ սպառազինված բուժակները Զարուհուն արագորեն տեղավորել էին մի սենյակում, որտեղ, շնչառական սարքին միացած, պառկած էր տարեց մի կին… Կնոջ անսովոր վիճակից Զարուհին խղճահարվել էր. հարցեր չէր տվել իր սեփական վիճակի մասին՝ լուռ ենթարկվել էր բժիշկներին, և հոգու ու մարմնի կրկնակի փորձությանն արդեն հանձնված՝ շաբաթներ շարունակ մեկուսացել էր հիվանդանոցում… 

Ջերմության ու տենդի բոլոր օրերին նա Աստված էր կանչում, որ իր կյանքի բարակ թելը կտրվի, որ որդու ապրած երեսուներեք օրերի դժոխք-պատերազմը՝ հետագա տասնմեկ օրերի ավերով ու այդպես էլ չավարտվող ամայությամբ, իր համար մեկեն հերքվի, որ ինքը հերոս որդուն միանալու բախտը գտնի՝ էնտեղ՝ փակ դռներից ու պատերից դուրս՝ հորիզոնից անդին, ուր արևի որդան կարմիրով՝ հավերժության կապույտի ու սիրո ծիրանագույնի ամբողջ ջերմությամբ, վերջին անգամ որդու մարմինը ծածկող եռագույնը ծփացել էր հաղթության հավատով…

Ծայրահեղ մի պահի՝ ջերմելով, Զարուհին մահվան դող զգաց… Անպաշտպան ու մերկ՝ ասես խոնավ հողի վրա էր, ինչպես որ նկարի մեջ տեսել էր մոմլաթե բարակ փռոցի վրա պառկած երկու զինվորներին։ Զարուհու համար երանություն կլիներ իր միակի կամ որևէ զինվորի բաժնի հետ այդպես նույնանալը։ Սրտում երախտագիտության պես անբառ աղոթք կար ու սրբազան մի լռություն։ Եվ հանկարծ, գրեթե լրիվ անզգայության մեջ, շատ որոշակի զգաց ճակատին հպվող որդու ափերից իրեն պարուրող ջերմության ալիքը… Խաղաղ նինջ իջավ վրան, ու չտեսավ, որ հենց նույն պահին սենյակի մյուս մահճակալի տարեց կինը հանգավ։ 

Երազում որդին իր հետ էր, իր կողքին նստած։ Նրանից կապույտ լույս էր ճառագում, և դեմքը խաղաղ էր… Զարուհին չզարմացավ, երբ նկատեց, որ իր կապույտ վերարկուն է որդու ուսերին, իսկ իր ուսերին՝ եռագույնը… 

Դրանից հետո որդին Զարուհու պահապան հրեշտակն էր՝ ամեն ժամ կողքին, և նրա մոմագույն դեմքին թեթև ժպիտ էր հայտնվել, որի լույսը շատ հեռու էր խելահեղության կրակից… Զարուհին հրաշքով հաղթահարել էր ծանր թոքաբորբը, և իր չմեռնելու համար անսովոր երախտագիտությամբ էր լցված, որ կարող է ուխտի գնալ որդու շիրիմին։

***

Առաջին ուխտն էր… 

Երեք զինվորների հոգածությամբ Զարուհին դուրս եկավ մեքենայից՝ ճերմակ թրաշուշանների մի փունջ գրկած, ինչպես որ ուղիղ քսան տարի առաջ՝ գարնանային մի առավոտ, գիրկն էր առել նորածին որդու ճերմակ բարուրը և ընծայի պես դուրս էր բերել՝ որդու աչքերի աննման կապույտն ու լուսաճառագ ժպիտը բարեխառնելու աշխարհին… 

Ուղեկից զինվորները Արամի ընկերներն էին, Զարուհու նոր հարազատները՝ հրամանատար Արսենը, Վարդանը, որ ուսի բեկորային վնասվածքից նոր էր ապաքինվել, և Լևոնը, որ հրամանատարի շեղող կրակահերթի տակ Արամի մարմինը հրաշքով դուրս էր բերել մարտի դաշտից։ 

Զարուհին նրանց արդեն որդու նման գիրկն էր առել, երբ օրեր առաջ նույն կազմով եկել էին հիվանդանոցից իրեն տուն տանելու։ Հիմա նրանց շունչն ու ամուր քայլն էր իր թիկունքում։ 

Արսենը նրան թևանցուկ ուղեկցում էր աստիճաններով, ծառուղով՝ դեպի սրբազան բլուրը, Լևոնն ու Վարդանը պատվո քայլով գալիս էին ետևից… 

Գլխավերևում որդու աչքերի աննման կապույտը գտած, սրտի մեջ նրա լուսաճառագ ժպիտը փայփայելով՝ Զարուհին իրական հանդիպման հավատով ու անբացատրելի զորությամբ էր լցված…

— Տիկի՛ն Զարուհի, քիչ հետո շարժվենք, երկար մնացիք… չմրսեք.- խնկարկման արարողակարգի ավարտին դժվարությամբ արտաբերեց Արսենը։

Ճերմակով ալիքավորված եռաբլուրի գոգերն ու կուրծքը լիքն էր ծաղկանաշխ բարուրներով։ Նանցից ամեն մեկն իր մոր սրտի պես մի վառ կանթեղ ուներ կրծքին ու մի եռագույն։ Մանկան շնչի պես տաք՝ օդի մեջ խնկի ծուխ էր բարձրանում այդ փակ բարուրներից, և մայր հողն այդ շնչից կենդանի տրոփում էր… 

Տղաները հասկացել էին, որ Զարուհուն մի պահ մենակ պիտի թողնեն և սառն օդում ծխախոտի կայծեր բորբոքելով՝ քիչ հեռու շրջում էին իրենց ծանոթ ու անծանոթ ընկերների շիրիմների շարքերով՝ խոնարհվելով՝ դեռևս տաք խնկամանների մեջ խունկ գցելու… 

Հրամանատարը ինքն էլ քայլեց նրանց հետքից, բայց՝ հեռու-մոտիկ, աչքի ծայրով հետվում էր Զարուհուն… 

Սկզբում նա կարծեց, թե Զարուհին պարզապես իր հույզերին է ազատություն տվել.  դեռ հապաղեց… Հետո մտածեց՝ ծաղիկներն է նորից հարդարում, բայց քիչ անց ետ դարձավ ու արագորեն մոտեցավ Արամի շիրիմին…

— Ի՜նչ եք անում, տիկին Զարուհի, կսառչեք… 

Զարուհին՝ իր կապույտ շալի մեջ, առանց վերարկուի, դեռ ծնկած էր որդու հողաթմբին։ Վարդանը մի պահ միայն ուզեց միջամտել՝ ոտքի բարձրացնել նրան. հասկացավ, որ իրավունք չունի։ Արագորեն հանեց իր զինվորական բաճկոնը, գցեց Զարուհու ուսերին… Չխանգարեց… 

Քիչ հետո, երբ շիրիմը կատարելապես հարդարված էր, ոտքի հանեց Զարուհուն, լուռ խոնարհվեց ու արցունքներից խոնավ իր թաշկինակով նախ սրբեց նրա ծնկները, ապա հերթով հագցրեց նրան բաճկոնի աջ թևքը, հետո՝ ձախը, գլխի շալն ու բաճկոնի մորթե օձիքը շտկեց, կոճկեց և թևանցուկ անելով Զարուհուն՝ խնդրեց, որ քայլեն դեպի մեքենան։

Երբ տղաները մոտեցան Արամի շիրիմին, ճերմակած թմբի ավազներին Զարուհու ոտնահետքերը դեռ թարմ էին… Նրա կապույտ վերարկուն փռված էր շիրիմի երկայնքով, իսկ խնամքով դասավորված ճերմակ թրաշուշանները, թանձր կապույտի մեջ, կենդանի լույս էին ճառագում…

— Լևոն, հիշո՞ւմ ես, Արամը կապույտ մանուշակներ էր հավաքել զորանոցի մատուռի համար՝ էնքան շատ, որ զարմացել էինք։ 

— Իսկ դու գիտե՞ս, որ այդ օրը ոչ միայն Տիրամոր Ավետման տոնն էր, այլև տիկին Զարուհու ծննդյան օրը։ Ես Արամին էդ մանուշակներով լուսանկարեցի, ուղարկեց մորը…

Հրամանատարը Զարուհու հետ արդեն մեքենայի մոտ էր, երբ տղաները մի բան որոշածի առույգությամբ քայլեցին բարակ ձյան վրա նրանց դեռ բաց հետքերով։

— Արամի շիրիմին գարնանը բնական մանուշակներ են աճելու… 

— Ա՛յ կտեսնես, կուրախանա տիկին Զարուհին… 

No Comments

Leave a Reply