Գրքի՝ որպես գիտելիքի աղբյուրի և ընթերցանության՝ որպես բովանդակալից ժամանցի տեսակի կարևորությունը հատկապես արտահայտվեց վերջին շրջանում, երբ բոլորս ստիպված էինք ինքնամեկուսանալ և ինչ-որ կերպ լցնել մեր առօրյան։ Դա կյանքի տարբեր հարցերին այլ տեսանկյունից նայելու և ունեցածը վերարժևորելու ընթացք էր բոլորիս համար։
Մեր կյանքի այս դժվարին ժամանակաշրջանում գրքերում փնտրում էինք մեզ հուզող հարցերի պատասխանները, նաև ուրախություն, հուզմունք, ժամանց, նոր գիտելիքներ ու հմտություններ։
Չնայած նրան, որ հրատարակիչներից շատերը ինքնամեկուսացման ընթացքում ազատ հասանելիությամբ իրենց հարթակներում տեղադրում էին գրքեր, միևնույնն է, այդ հանգամանքը չէր կասեցնում գրքի անօրինական տարածումը։
Կարևորելով այս թեման այսօր՝ ապրիլի 23-ին՝ «Գրքի և հեղինակային իրավունքի» միջազգային օրը, ևս մեկ անգամ անհրաժեշտ ենք համարում խոսել բոլորիս վերաբերող այս կարևոր հարցի մասին։
Մեր զրուցակիցը «Զանգակ» հրատարակչության հեղինակային իրավունքների պատասխանատու Աննա Չիթչյանն է։
— Առհասարակ ի՞նչ է մտավոր սեփականությունը։ Ի՞նչ է հեղինակային իրավունքը։ Ինչքա՞ն է դրա գործողության ժամկետը և ո՞ւմ է վերաբերում։
— Մտավոր սեփականությունը մարդկային մտքի ստեղծագործության արդյունք է։ Դրա առարկա են մտավոր գործունեության արդյունքները, ինչպես, օրինակ՝ գրականության և արվեստի ստեղծագործությունները, գյուտերը, առևտրային նպատակներով օգտագործվող անվանումներն ու խորհրդանիշերը և այլն։ Իրականում դրանք նույնպիսի արժեք ունեն, ինչպես նյութական ցանկացած այլ արժեքներ, և դրանց օգտագործումը ցանկացած եղանակով պետք է համաձայնեցվի իրավատիրոջ հետ։
Ընդ որում՝ իրավատերը կարող է իր սեփականությունը օրենքին չհակասող ձևերով ու եղանակներով օգտագործել ինչպես ցանկանա, և ուրիշ ոչ ոք չի կարող օգտագործել այն առանց նրա թույլտվության։ Այսպիսով՝ իրավատերը կարող է ստեղծագործությունն օգտագործել իր ցանկացած ձևով և արգելել դրա օգտագործումն երրորդ անձի կողմից՝ առանց իր թույլտվության։
ՀՀ-ում գրական ստեղծագործությունները պաշտպանված են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքով»։ Հեղինակային իրավունքները գործում են ստեղծագործության ստեղծման կամ դրա ամրագրման օրից և շարունակում են գործել հեղինակի մահից հետո ևս 70 տարի։ Այս օրենքը պաշտպանում է հեղինակներին, կատարողներին և հրատարակիչներին, հեռարձակող ընկերությունները, մեկ բառով՝ ստեղծագործության իրավատերերին։
— Ո՞րն է ստեղծագործությունը հեղինակային իրավունքով պաշտպանելու անհրաժեշտությունը, և ե՞րբ է այն առաջացել։
Հեղինակային իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը ի հայտ եկավ 15-րդ դարում՝ տպագրական տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, երբ ավելի դյուրին դարձավ գրական ստեղծագործությունների բազմացումն ու տարածումը։ Նախկինում, օրինակ՝ Մ․ Խորենացու ժամանակներում, գուցե մարդկանց մտքով չանցներ, որ կարելի է «Հայոց պատմությունը» արտագրել, բազմացնել և վաճառել, քանի որ այդ ամենը պետք է ձեռագրով արվեր, ինչը ժամանակատար և աշխատատար գործընթաց էր, սակայն տպագրական տեխնոլոգիաները, իհարկե, ամեն ինչ հեշտացրին։
— Ինչո՞ւ չի կարելի սկանավորել կամ լուսանկարել գնած գրքի էջերը և փոխանցել ընկերներին, չէ՞ որ գնորդը վճարել է դրա համար։
Այն պարզ պատճառով, որ գնորդը միայն իր գնած օրինակի տերն է, այլ ոչ թե ամբողջ ստեղծագործության։ Լինել տվյալ օրինակի սեփականատերը դեռևս չի նշանակում, որ գնորդը նաև գրքում ընդգրկված հեղինակային իրավունքով պահպանվող պատկերների և տեքստի սեփականատերն է։
Հաշվի առնելով, որ գնորդի ձեռք բերած գրքերի բովանդակության նկատմամբ հեղինակային իրավունքները իրեն չեն պատկանում, պետք է առաջնորդվել դրանց հետ վարվելու հստակ սահմանափակումներով։
— Դեպքեր են լինում, երբ հեղինակի մահից 70 և ավելի տարի անց էլ գրքերի PDF տարբերակի նմանօրինակ տարածումը ևս իրավախախտում է համարվում և խնդրահարույց դառնում տարածողների համար։ Ինչո՞ւ։
Այո’, դա այդպես է։ Շեքսպիրը կամ Սոֆոկլեսը, իհարկե, դարեր առաջ են գրել իրենց ստեղծագործությունները, սակայն հրատարակչի կողմից արված աշխատանքը ևս պաշտպանվում է հեղինակային և հարակից իրավունքներով, որովհետև կատարվել է նոր թարգմանություն, նոր ձևավորում, նոր՝ գրավիչ կազմ է ստեղծվել, որոնցից յուրաքանչյուրը ևս ինքնուրույն՝ առանձին ստեղծագործություն է, հետևաբար դրանք ևս ենթակա են պաշտպանության։
Լինում են նաև դեպքեր, երբ ստեղծագործությունը պաշտպանված է լինում ապրանքային նշանով։ Օրինակ՝ վերջերս «Զանգակ» հրատարակչությունը առաջին անգամ հայերեն համահավաք պատմություններով և հեղինակի բնօրինակ նկարազարդումներով փոքրիկ ընթերցողներին ներկայացրեց Բեաթրիքս Փոթերի «Պատմությունները»։ Սա ևս այն դեպքերից է, երբ հեղինակի մահից անցել է ավելի քան 70 տարի, սակայն նրա ստեղծագործությունները ազատ հասանելիություն չունեն և պետք է համաձայնեցվեն իրավատեր կազմակերպության հետ։
— Զուգահեռներ անցկացնելով հայաստանյան և միջազգային իրավիճակների միջև՝ ինչպիսի՞ն է իրադրությունը մեզ մոտ, որո՞նք են ընդհանուր խնդիրները, և ի՞նչն է հատկապես հատուկ մեր իրականությանը։
Գուցե դա սուբյեկտիվ մոտեցում է, բայց կարծում եմ` արտերկրում ավելի շուտ մտքերի, գաղափարների յուրացումներ են հանդիպում, մինչդեռ մեր՝ հայաստանյան իրականությանն ավելի բնորոշ է ուղղակի պատճենումը, չնայած արտերկրում ևս շատ են անբարեխիղճ մարդիկ ու կազմակերպությունները, որոնք չեն հարգում մտավոր սեփականությունը և ուրիշի աշխատանքի հաշվին գումար են վաստակում։
— Իրավախախտումների հիմնական դրսևորումները։
Կա այնպիսի տեսակետ, որ մեր երկրում օրենք չի գործում կամ գործում է մասնակիորեն, սակայն իրականում մենք՝ հրատարակիչներս, հաճախ ժամանակ չենք ունենում նմանօրինակ հարցերին դատական կարգով լուծում տալու համար, և ցավալի է, որ դրանից երբեմն օգտվում են գրահեն անձինք և կազմակերպությունները։
Երբեմն շատերին թվում է, թե իրենք գրքի էջերը ուղղակի նկարել կամ սկանավորել են ու իրավասու են տարածելու անվճար կամ վճարովի տարբերակով, կամ՝ ուղղակի հայտնի հեղինակի գիրքը թարգմանել են հայերեն, տպել ու հանգիստ վաճառում են, ու դրա մասին ոչ ոք չի իմանա, սակայն տեսնում եք փաստը, որ ոչինչ աննկատ չի մնում, ու եթե իրավախախտին առայժմ պատասխանատվության չեն ենթարկել, դա չի նշանակում, որ նրա գործունեությունը օրինական է։ Ի վերջո՝ Հայաստանը փոքր երկիր է, և ամեն ինչ վաղ թե ուշ ակնհայտ է դառնում։
— Իրավախախտումների թողած հետևանքները հայաստանյան հրատարակիչների միջազգային վարկանիշի և հեղինակության վրա։
Իհարկե, հասարակ ընթերցողին գուցե չհետաքրքրի հայաստանյան հրատարակիչների միջազգային վարկանիշը, բայց միջազգային հեղինակավոր հրատարակիչների, հեղինակների և գրական գործակալությունների հետ համագործակցությունները մեծապես կապված են նաև այդ հարցից, քանի որ որքան հաճախակի են նմանօրինակ իրավախախտումները հայաստանյան գրահրատարակչական ոլորտում, նույնքան էլ դա անդրադառնում է ամենասպասված և պահանջված թարգմանական գրքերի իրավունքների ձեռքբերման գործընթացի վրա։
— Այսքանով ավարտվո՞ւմ են արդյոք իրավախախտների և պատճենահենների գործունեության բացասական հետևանքները։
Իհարկե, ո՛չ, նշենք դրանցից ևս մի քանիսը․
• Առհասարակ պատճենահենությունը և գրքերի էլեկտրոնային, սկանավորված PDF տարբերակների և լուսանկարների անօրինական տարածումը խլում է հեղինակների` արժանիորեն հասանելի վարձատրությունը և նվազեցնում նոր ստեղծագործություններ ստեղծելու, նոր գրքեր գրելու նրանց շահագրգռվածությունը։ Գրքերի անօրինական տարածումից կամ վաճառքից հեղինակային վարձատրություն չի հատկացվում այդ գրքի հեղինակներին կամ հրատարակչին։ Եթե հեղինակները չկարողանան իրենց ստեղծագործությունների վաճառքից գումար վաստակել, ապա նրանք ստիպված կլինեն շահույթի այլ միջոցներ փնտրել՝ չկարողանալով ընթերցողներին ներկայացնել նոր՝ ավելի հետաքրքիր գրքեր։
• Ցանկացած գրքի ստեղծման ընթացքում կատարվում է ահռելի աշխատանք հեղինակի և հրատարակչությունների աշխատակիցների կողմից։ Եվ եթե որևէ մեկը խախտում է տվյալ գրքի/ստեղծաագործության նկատմամբ հեղինակային իրավունքը, դա ազդում է ոչ միայն հեղինակի, այլև բոլոր այն մարդկանց վրա, ովքեր մասնակցել են այդ աշխատանքներին։
• Բացասական կողմերից նաև պետք է նշենք, որ օրինախախտները, հաճախ օգտվելով հայաստանյան հրատարակիչների բարձր հեղինակությունից, երբեմն համացանցում մեր կազմերի ներքո տարածում են այլ թարգմանիչների թարգմանություններ (երբեմն կասկածելի բովանդակությամբ), որոնց համար հրատարակչությունը պատասխանատվություն չի կրում։
• Պատճենահենությունը ուղղակիորեն ազդում է նաև հայ հրատարակիչների միջազգային վարկանիշի և գնային քաղաքականության վրա։ Եթե վերանա այս խնդիրը, դա բարենպաստ ներգործություն կունենա նաև տեղական հրատարակիչների գնային քաղաքանակության վրա՝ ի նպաստ ընթերցողների։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ ոլորտի իրավախախտումները արվում են չիմացությամբ (դա հատկապես տարածված է դեռահասների և երիտասարդների շրջանում), հրատարակիչները հաճախ ինքնակամ ստանձնում են իրազեկման միջոցառումներ կազմակերպելու պարտավորությունը, սակայն դա ևս մշտակա չէ, և մեր հասարակությունը ի վերջո պետք է սովորի հարգել հեղինակների իրավունքները։
Հարգանքը հեղինակների, գործընկերների և ընթերցողների նկատմամբ մեր գործելաոճի կարևորագույն սկզբունքներից է, այն երկարաժամկետ ու փոխշահավետ համգործակցության և փոխադարձ վստահության հիմքն է մեզ համար։ Ոլորտի այս կարևորագույն խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնելու և հանրության ուշադրությունը հրավիրելու ցանկությունն է պատճառը, որ հաճախ ենք անդրադառնում այս թեմային, և այսուհետ նմանօրինակ միջոցառումները «Զանգակ» հրատարակչությունը կնշի #հարԳիր հաշթեգով։
Զրույցը՝ Տաթև Խաչատրյանի
No Comments