Անի Անտոնյան Երաժշտություն

Կարևոր է, որ հասկընան՝ ինչի մասին կերգեմ

22.05.2021

Ելույթներ աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, մոտ 1200 երգ 8 լեզուներով, դերեր 60-ից ավելի կինոնկարում, 16 հեղինակային նովել ու պատմվածք․ այսպիսի ժառանգություն է թողել ֆրանսահայ շանսոնիե, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրը։ Նրա 97-ամյակի կապակցությամբ հուշեր է պատմում ամերիկաբնակ երաժիշտ Պերճ Թյուրաբյանը։ 

-Դուք Ազնավուրի արվեստի մեծ սիրահար եք, թարգմանել ու կատարում եք նրա երեք տասնյակից ավելի ստեղծագործություն։ Ձեր կարծիքով՝ ինչու՞մ է նրա մեծությունը։

-Ժողովրդականության։ Ազնավուրի արվեստն այն տեսակն է, որն ամբողջ աշխարհում լսում, հասկանում և վայելում է թե՛ հասարակ ժողովուրդը, թե՛ մտավորականությունը։ Կարող եմ զուգահեռ անցկացնել Չարենցի և Շիրազի միջև․ երկուսն էլ, անկասկած, մեծ բանաստեղծ են, բայց Չարենցը չունի այն ժողովրդականությունը, ինչպես Շիրազը։ Չարենցը մեծություն է, որն ավելի հետաքրքրում է մտավորականներին, սակայն հայ ընթերցողը կբավարարվի Շիրազի պոեզիայով, կսիրի այն։ Ազնավուրի երաժշտությունն ու խոսքերը ոչ միայն ընտիր են, այլև հասանելի սովորական մարդուն և նրան, ով  արվեստ է փնտրում։

-Ձեր հանդիպումներից ի՞նչ տպավորություն ունեք։ Ինչպիսի՞ն էր շանսոնիեն մեծ բեմից դուրս։ 

-Հայաստանից արտագաղթել էինք Նյու Յորք։ 1989 թվականին, չնայած սեղմ կարողությունների, Ազնավուրի համերգի տոմս գնեցինք։ Նախքան համերգ գնալը զեղումներով նամակ գրեցի, թե ինչ նշանակություն ունի նա մեր ընտանիքի համար։ Հույս ունեի համերգից հետո առանձնասենյակում հանդիպել ու հանձնել նամակը, բայց պարզվեց, որ նրան տեսնելու միակ տարբերակը մուտքի մոտ սպասելն է։ Երբ դուրս եկավ՝ մեքենայով հյուրանոց գնալու, կանչեցի նրան։ Մոտեցավ, խոսեցի հայերեն ու տվեցի նամակը։ Ասաց՝ եթե հայերեն է գրված, կարդալ չի կարողանա։ Ասացի՝ ֆրանսերեն է։ Հետագայում ընկերներիցս մեկը, որն Ազնավուրի հետ մտերիմ էր, հարցրել էր նամակիս մասին։ «Ես այնքա՜ն նամակներ կստանամ, ո՞ր մեկը հիշեմ»,- պատասխանել էր։  

Պերճ Թյուրաբյանը, Անահիտ Դաշտենցը ՝ Ազնավուրի հետ

Այդ ժամանակ Նյու Յորքում «Արարատ Դարդանել» անունով մի հայկական ռեստորան կար, երեք երաժիշներով շաբաթվա վերջում այնտեղ նվագում էինք։ Հինգշաբթի օրը՝ աշխատանքից հետո, գնում էի ռեստորան ու հիմնականում ֆրանսիական երգեր երգում։ Այդ օրը ներս մտա, տեսնեմ՝ խորքում Ազնավուրն է նստած մի խմբով։ Ռեստորանի տիրոջը խնդրեցի ներկայացնել ինձ․ այնքան հուզված էի, որ երբ ձեռքս մեկնեցի, դողից մի քանի գինու բաժակ շուռ տվեցի սեղանին։ Երկար զրուցեցինք, ասացի, որ եղել եմ Նյու Յորքում իր առաջին համերգին, դժգոհություն հայտնեցի, որ ավելի շատ անգլերեն էր երգում, քան ֆրանսերեն։ «Այդպես պետք է ըլլա, թե չէ չեն հասկանար։ Իմ երգելուս մեջ կարևոր է, որ հասկընան՝ ինչի մասին կերգեմ», — բացատրեց։ Հարցրի, թե հաջորդ անգամ երբ է գալու, ասաց, որ Ամերիկայում համերգ տալն իր համար դժվար է, «չանը չի դառնալ» (դժվարանում է անգլերեն արտասանության հարցում, հեղ․)։ Հետո ձեռքը խփեց սեղանին, ասաց՝ Business Is business, ու խմբով դուրս եկան։ Մեր երկրորդ հանդիպումն էր։ 

Նյու Յորքի «Արձագանք» հայկական հեռուստաժամի ղեկավարներն ուզում էին  Ազնավուրի հետ հարցազրույց անել․ կապվեցինք նրա անձնակազմից մեկի հետ ու գնացինք նրա հյուրանոցի սենյակ։ Հարցազրույցի ընթացքում մերթընդմերթ հեռանում էր, նստում իր սեղանին դրված համակարգչի մոտ, երգ գրում, հետո վերադառնում։ Ասացի, որ երգահան եմ, ու շուտով մեկ-երկու ձայնապնակ կթողարկեմ։ Հասցե տվեց․ դրանից հետո երգապնակներիցս մեկ օրինակ նրան էի ուղարկում այդ հասցեով։ 

Շառլ Ազնավուր, Պերճ Թյուրաբյան


-Ինչպե՞ս սկսեցիք Ազնավուր թարգմանել։ Հե՞շտ է փոխանցել նրա լեզուն։

-Ազնավուրապաշտությունը Հայաստանում աննկարագրելի չափերի էր հասել։ Մտածեցի՝ արդյոք մարդիկ հասկանում են, թե ինչ է նա երգում։ Որոշեցի թարգմանել նրան ու երգել։ Եթե դիտարկենք սոսկ թարգմանելու, ասածը մեկնաբանելու տեսանկյունից՝ ավելի հեշտ է, քան եթե ուզում ես նաև թարգմանածդ երգել։ Երգը չի երգվի, որքան էլ թարգմանիչը լավ տաղաչափություն իմանա։ Ինքս երգահան եմ և տողը, քառյակը, երգը երգացնելու գաղտնիքներին տիրապետում եմ: Առաջին ձայնապնակս «Ազնավուր 85» խորագրով էր՝ նվիրված երգչի 85-ամյակին։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով նրա հաջորդ համերգի ժամանակ խիստ սահմանափակումներ էին մտցրել, մոտենալ պարզապես հնարավոր չէր։ Մի ֆրանսիացի դերասանի խնդրեցի երգապնակս նրան փոխանցել՝ հույսով, որ որևէ արձագանք կստանամ։ Բայց արձագանք չկար։ Որոշ ժամանակ անց ուղարկեցի երկրորդը, երրորդը․․․

2017-ին Երևանում կայանալիք «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին մասնակցելու հրավեր ստացա։ Ազնավուրի կամքն էր։ Համերգից հետո՝ ընդունելության ժամանակ, ասաց, որ ստացել է բոլոր երգապնակներս, հորդորեց երգերս ֆրանսերեն թարգմանել, որ ֆրանսիացիները նույնպես մեզ ճանաչեն, հայ երգահանների երգերը կատարեն։ Շոյված էի, որ նման կարծիք ունի։ Ձեռքիս «Ազնավուր 85»-ն էր, խնդրեցի մակագրել ինձ համար։ Ճաշկերույթի վերջում երգապնակը չգտա․ ինչ-որ մեկը տարել էր պայուսակիցս։ 

․․․Ազնավուրի մահից հետո լծվեցի «Ազնավուր 95»-ի ստեղծման աշխատանքին, որի հանրայնացմանը խանգարեց համաճարակը։ Գրեթե ավարտել եմ նրա 100-ամյակին նվիրված երգապնակը, որը կթողարկեմ երեք տարուց։ 

-Նա մի հասարակ ֆրանսահայ էր, որը կարողացավ կարծրատիպեր կոտրել, «իր թերություններն առանձնահատկություն դարձնելով»՝ կանգնել համաշխարհային աստղերի կողքին։ Ի վերջո, ի՞նչ է սովորեցնում Ազնավուրն իր ներկայությամբ, բացակայությամբ։  

-Երբ Ազնավուրին հարցնում էին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, ասում էր՝  պետք է երկարաժամկետ ծրագրեր մշակել։ Օրինակ՝ չորս տարի հետո պետք է Ճապոնիայում համերգ ունենամ։ Այս խորհրդին միշտ հետևում եմ։

Ազնավուրից աշխատասիրություն եմ սովորել․ նրա մոտ դա մտասևեռում էր։ Տաղանդը բավական չէ, պետք է անվերջ աշխատել։ Ինքը՝ Ազնավուրը, նրա տեքստերը, սիրո մասին անթիվ-անհամար երգերը հավասարը չունեցող արժեքներ են։

Զրուցեց Անի Անտոնյանը
Լուսանկարները՝ Պերճ Թյուրաբյանի արխիվից


No Comments

Leave a Reply