Սոցցանցերում շրջում է կորոնավիրուսի ուրվականը: Ու չնայած տագնապին՝ ավելացել են վիրտուալ գրառումները, աշխույժը, հումորը: Փոխարենը՝ դատարկվել են փողոցները: Աշխատանքի են գնում հիմնականում նրանք, որ ի պաշտոնե ստիպված են գնալ: Խանութներում հերթեր չկան, բայց նկատելի է վիրուսի դեմ պայքարելու բոլոր հնարավոր ու անհնար միջոցների սղությունը, եթե չասենք՝ բացակայությունը: Կենտրոնից ամեն ինչ սրբել տարել են, հեռավոր, աչքից հեռու վայրերի դեղատներից կարելի է անգամ բժշկական դիմակ գնել:
Մարդիկ ապրում են՝ ականջը լուրի: Ավելի շուտ հույսով, որ վարակման նոր դեպքերի մասին հաղորդագրություն չի լինի: Այստեղ կարելի է հիշել անգլիական ասացվածքը՝ լուր չլինելը լավ լուր է:
Ուսումնական հաստատությունները «հարկադիր» արձակուրդում են: Առավել խելամիտ կլինի այս օրերին երեխաներին ժամանցային վայրեր չտանելը: Հետաքրքիր է սակայն, որ մշակութային հաստատությունները փակելու որոշում ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել: Կարծես դրա անհրաժեշտությունը չկա էլ, մարդիկ բնածին զգուշությամբ սահմանափակում են իրենց մշակութային ժամանցը: Այս օրերին առավել նախընտրելի է վիրտուալ ժամանցը, եթե իհարկե, սոցցանցային խոսքուզրույցը չվերածվի տագնապի ազդանշանի: Վաղուց հայտնի է՝ մարդկանց ոչ թե ժանտախտն է սպանում, այլ վախը:
Արմինե Սարգսյան
No Comments