Ներկայացնում ենք երևանյան մի շարք խոշոր հրատարակչությունների՝ 2021 թվականի ամենապահանջված, ասել է թե՝ վաճառքի առավել մեծ ցուցանիշ գրանցած գրքերի եռյակը։ Նկատելի է ժանրային բազմազանություն՝ կախված հրատարակչությունների ռազմավարությունից․ մանկական, հանրամատչելի կամ այսպես ասած՝ մոտիվացոն գրականություն, ինչպես նաև գրական և պատմական ընթացքի կարևորագույն անձանց տեքստեր, հայ ու համաշխարհային գրականության նմուշներ։ Տարիներ շարունակ պահանջարկ վայելող գրքերի կողքին ավելանում են մեծ վարկանիշ ունեցող նորանուն գրքեր։
«Վերնատուն» հրատարակչություն
«Անհատներ» մատենաշար
1․ Մոնթե Մելքոնյան․ «Պայքարելու իրավունքը»
Թարգմանությունը՝ Վահան Մկրտչյանի
«Պայքարելու իրավունքը» ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարևոր աշխատությունները, հոդվածները և նամակները, որոնք հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի և բանտարկության, ինչպես նաև Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման տարիներին: Գիրքը շոշափում է Արցախյան հարցին, Հայաստանի բաժանմանը, Թուրքիայում պարփակված հայոց հայրենիքի ազատագրմանը, այդ հողերում սփյուռքահայերի վերաբնակեցմանն ու քաղաքական ինքնիշխանության հաստատմանն առնչվող թեմաներ, որոնք Մոնթեն ուսումնասիրում է մեթոդաբանական, ռազմավարական, կազմակերպչական դիտանկյուններից՝ հիմքում ունենալով հայերի ինքնորոշման իրավունքի մասին իր անխախտ համոզումները։ Գրքում քննադատաբար փակագծեր են բացվում նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեության և նպատակների վերաբերյալ։
2․ Գարեգին Նժդեհ․ «Չխրատվող ժողովուրդը»
Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»: Հեղինակն ընդգծում է հոգևոր հայրենիքի փայփայման կարևորությունը՝ որպես կորսված նյութական հայրենիքի վերադարձի միակ նախապայման: Նա վերլուծում է Սյունիքում մեր հաղթության մանրամասները, այլ պատերազմներում պարտությունների պատճառները: Հրատարակությունը գրական արևելահայերեն է և ունի պատշաճ ծանոթագրություններ:
3․ Եղիշե Չարենց․ «Երևանի ուղղիչ տնից»
Չարենցի հակասական և բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ «Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել և մահափորձ կատարեցի…»,– հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։ Այս ինքնակենսագրական պատմությունը հեղինակի բանտարկության փորձառությունն է։ «Երևանի ուղղիչ տունը» խորհրդային բանտի բնակիչների զարմանալի մի աշխարհ է, որտեղ գրողը ներկայացնում է կալանավորների հարաբերությունները, հոգեբանությունը, անձնական կյանքը, նույնիսկ սիրային արկածները։ Հանրամատչելի ծանոթագրություններով հրատարակվում է առաջին անգամ։
«Անտարես» հրատարակչություն
Հայ ժամանակակից գրականություն
1. Արտավազդ Եղիազարյան․ «Վիշապաքարի գաղտնիքը»
Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի. բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են… Փոխարենը հենց այդ օրը Վահագնը պետք է օգներ կյանքի վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո կընկերանար: Բայց վիշապները, ինչպես կպարզվի հետագայում, այնքան էլ բարիդրացիական չեն տրամադրված մարդկանց նկատմամբ…
2. Հովիկ Աֆյան․ «Կարմիրը»
Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:
Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երեբեք չեն ավարտվում:
3. Հուսիկ Արա․ «Եվ սերը ասաց»«Եվ սերը ասաց» ժողովածուն մեր օրերի լավագույն սիրերգակներից մեկի՝ Հուսիկ Արայի սիրային բանաստեղծությունների մեկտեղումն է: Պարզ ու անմիջական, սրտի ճանապարհն ուղիղ գտնող բանաստեղծական տողն ամբողջանում է ավերված աշխարհում դեռ անաղարտ լույս ու մաքրությամբ, որ ուղղակի անդրադարձն է սիրած էակի, որ երբեմն հնչում է աղոթքի լեզվով: Սիրո գեղեցկությունն է՝ քաղաքի բացօթյա տարածության մեջ, Սիրո ազատությունը՝ մաքուր ու վայրի բնության մեջ:
Ժողովածուն արժանացել է Գրքի երևանյան փառատոնի 2-րդ մրցանակին Պոեզիա անվանակարգում:
Թարգմանական գրականություն
1. Ուիլյամ Սարոյան․ «Մարիկ, ես սիրում եմ քեզ»
Թարգմանությունն անգլերենից Զավեն Բոյաջյանի
Ուիլյամ Սարոյանի շենշող գործերից մեկը՝ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը (1956), իննամյա աղջնակի անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ ու հաճելի գրքին, որը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ:
2. Ուիլյամ Սարոյան, «Հայրիկ, դու խենթ ես»
Թարգմանությունն անգլերենից Զավեն Բոյաջյանի
«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը (1957), որ ներկայացվում է վերանայված թարգմանությամբ, Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար:
3. Պաուլու Կոելյու․ «Ալքիմիկոսը»
Թարգմանությունը պորտուգալերենից՝ Աննա Մարությանի
«Ալքիմիկոսը» բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է: Վիպակը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Մանկապատանեկան գրականություն
1․ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի․ «Փոքրիկ իշխանը»
«Փոքրիկ իշխանը» (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպն է, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։ Համարվում է աշխարհում ամենավաճառված գրքերից մեկը։
2․ «Սառցե սիրտը․ Դիսնեյի դասական հեքիաթներ»
Թարգմանությունն անգլերենից՝ Նունե Թորոսյանի
«Սառցե սիրտը». Երեխաների քանի՜ սերունդ է հիացել Դիսնեյի ֆիլմերով: Դրանց հիման վրա ստեղծված այս հեքիաթաշարը հնարավորություն է տալիս հրաշալի հավաքածու ստեղծելու ու հետո ձեր կյանքի ընթացքում փայփայելու համար:
Արենդելի երջանիկ թագավորությանը հավերժական ձմեռ է տիրել: Կհաջողվի՞ արդյոք արքայադուստր Աննային քրոջը գտնել և Արենդելը փրկել դաժան ձմեռվա ճիրաններից:
3․ «Մոխրոտը․ Դիսնեյի դասական հեքիաթներ»
Թարգմանությունն անգլերենից՝ Նունե Թորոսյանի
«Մոխրոտը». Երեխաների քանի՜ սերունդ է հիացել Դիսնեյի ֆիլմերով: Դրանց հիման վրա ստեղծված այս հեքիաթաշարը հնարավորություն է տալիս հրաշալի հավաքածու ստեղծելու ու հետո ձեր կյանքի ընթացքում փայփայելու համար:
Խորթ մայրն ու քույրերը Մոխրոտիկին իրենց աղախինն են դարձրել, բայց նա երազում է, որ երջանիկ կլինի: Մի օր թագավորի սուրհանդակը պարահանդեսի հրավեր է բերում: Հրավերն ինչպե՞ս կփոխի նրա կյանքը: Մոխրոտը կհասնի՞ իր երազին:
«Էդիթ պրինտ» հրատարակչություն
Թարգմանական գրականություն
1․ Լուսի Մոդ Մոնտգոմերի․ «Աննան Կանաչ կտուրներից»
Թարգմանությունն անգլերենից՝ Աննա Դանիելյանի
«Աննան Կանաչ կտուրներից» վեպը, 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր, դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։ Կանադուհի Լուսի Մոդ Մոնտգոմերիի այս ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է, այդ թվում` PBS, The Disney Channel և Netflix ընկերությունների կողմից՝ վաստակելով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սերն ամբողջ աշխարհով։ Վեպը գրվել է բոլոր տարիքի ընթերցողների համար, սակայն առավել մեծ ճանաչման արժանացել մանկական գրականության ոլորտում։
2․ Էրիխ Մարիա Ռեմարկ, «Լիսաբոնի գիշերը»
Թարգմանությունը գերմաներենից՝ Վանուհի Բաղմանյանի
1942 թիվ։ Լիսաբոնի Կաի նավահանգստում մի տղամարդ սևեռուն նայում էր նավին։ Նա գերմանացի էմիգրանտ էր։ Ամերիկա մեկնող նավը՝ տապան, Ամերիկան Արարատ լեռ էր էմիգրանտների համար։ Նրան է մոտենում մի տղամարդ և նավի երկու տոմս նվիրում՝ փոխարենը խնդրելով այդ գիշեր իրեն մենակ չթողնել և լսել իր պատմությունը, որ սկսվում էր 1933-ին՝ Օսնաբրյուքում, և ավարտվում այդ գիշեր Լիսաբոնի Կաի նավահանգստում՝ Եվրոպայի փախստականների վերջին թաքստոցում։ Նավը, որ կանգնած է Տեժուում և որ իր փրկությունը պիտի լիներ, այլևս ոչ մի արժեք չունի, քանի որ կորցրել է կնոջը, հանուն որի իր համար թանկ էր ազատությունը։
Ռեմարկի այս վեպը, որ լույս տեսավ 1963-ին, ճշմարտապատում նկարագրությունն է էմիգրանտների դժխեմ ճակատագրի, իսկ սերն ու մահը գոյության պարտադիր ուղեկիցներն են։
3․ Ագաթա Քրիստի․ «Անվերջանալի գիշեր»
Թարգմանությունն անգլերենից՝ Արփինե Վարդանյանի
Վեպն առաջին անգամ լույս է տեսել 1967 թվականին։ Վերնագրի ընտրության հարցում հեղինակին ոգեշնչել են անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքի «Անմեղության երգեր» բանաստեղծության տողերը։ Քրիստին մի առիթով խոստովանել է, որ «Անվերջանալի գիշերն» իր ամենասիրելի ստեղծագործությունն է, և թեպետ իր վեպերը սովորաբար գրում է երեք-չորս ամսում, այս մեկն ավարտին է հասցրել վեց շաբաթվա ընթացքում։
Մանկական գրականություն
1․ «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ»
Հայ լավագույն մանկագիրների բանաստեղծությունների պատկերազարդ հավաքածու: Գրքում ժողովված են շուրջ 60 դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ՝ թեմատիկ-բովանդակային սկզբունքով: Ժողովածուն կազմողները հաշվի են առել երեխաների տարիքային, մտածողության և հոգեբանության բնորոշ առանձնահատկություններն ու հետաքրքրությունները:
2․ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ։
Հեքիաթների այս ժողովածուն կազմվել է տևական և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում։ Ամիսներ շարունակ ուսումնասիրվել է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների ավելի քան 6 հազար հեքիաթ, որոնցից կազմողը ջանացել է ընտրել նրանք, որոնք առավել հարուստ են բարոյախրատական գաղափարներով, տալիս են առաքինի, աշխատասեր և խոնարհ մարդու նկարագիրը, մանուկներին ուսուցանում, որ արդարությունն ու բարությունն ի վերջո միշտ հաղթանակում են՝ փոխելով մարդկանց կյանքն ու հոգին։
3․«Հայ ժողովրդական հեքիաթներ»
«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից և «Ղարադաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից ընտրված հեքիաթներ:
Հայ ժողովրդական հեքիաթները իրենց մեջ խտացնում են հայ ժողովրդի՝ հազարամյակների ընթացքում կուտակած իմաստությունը, կենսափիլիսոփայությունը, տիեզերքի մասին հնագույն պատկերացումները, հումորը, սովորույթները: Պարունակում են պատմական, ազգագրական արժեքավոր նյութ, որը կարող է ընթերցողի համար յուրօրինակ բացահայտումների առիթ դառնալ: Այս հեքիաթները գալիս են հազարամյակների խորքից, սակայն իրենց մեջ կրող ճշմարտությունները միշտ արդիական են ու անփոփոխ:
Բիզնես, մոտիվացիոն գրականություն
1․ Քեն Բլանչարդ, Սպենսեր Ջոնսոն․ «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»»
Թարգմանությունն անգլերենից՝ Նազելի Կարապետյանի
Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այսօր ձեռնարկությունները, անկախ ռեսուրսների սակավությունից, պետք է կարողանան ավելի արագ արձագանքել, որպեսզի շարժվեն անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներին և գլոբալացմանը համընթաց:
Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել:
2․ Օգ Մանդինո․ «Աշխարհի մեծագույն վաճառականը»
Թարգմանությունն անգլերենից՝ Արաքսյա Կիշի
Այս գիրքը հարգանքի տուրք է հանճարեղ վաճառականին՝ Վ. Քլեմենտ Սթոունին, որ սերը, կարեկցանքը և վաճառելու արվեստի յուրօրինակ գաղափարախոսությունն իրար է միախառնել՝ ստեղծելով հաջողության մի դինամիկ փիլիսոփայություն, որը տարեցտարի ոգևորում և ուղղորդում է հազարավոր մարդկանց՝ բացահայտելու էլ ավելի մեծ երջանկություն, լինելու առողջ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, վերագտնելու իրենց մտքի խաղաղությունը, լինելու ազդեցիկ և հարուստ:
3․ Ալան Դիբ․ «1-էջանոց մարքեթինգային պլան»
Թարգմանությունն անգլերենից՝ Զարուհի Սողոմոնյանի
«1-էջանոց մարքեթինգային պլան» գիրքն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակներում դուք կկարողանաք հեշտությամբ քարտեզագրել ձեր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի: Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու ձեռներեց, «1-էջանոց մարքեթինգային պլանը» ձեր բիզնեսի աճը խթանող մարքեթինգային պլան ստեղծելու ամենահեշտ ու ամենաարագ ձևն է:
Հայ գրականություն
1․ Վահան Թոթովենց․ «Բաքու»
Վահան Թոթովենցի եռահատոր «Բաքու» վեպը այժմ լույս է տեսնում մեկ ամբողջական գրքով։ Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ․․․
2․Դավիթ Սամվելյան․ «Ռոդենի ձմեռը»
«Ռոդենի ձմեռը» Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքն է: Այն ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում:
3․Վահան Տեր-Ղազարյան․ «Տիպանգո»
«Արդի» մատենաշարի այս հատորում ներառված են Վահան Տեր-Ղազարյանի տարբեր տարիների գրված պատմվածքները և վիպակները։ Գիրքը հանդիսանում է հեղինակի մինչ այժմ հրատարակված ստեղծագործությունների ամենից ամփոփ ժողովածուն: «Տիպանգոյի» էջերում ընթերցողը կբացահայտի հեղինակի ինչպես ստեղծագործական, այնպես էլ մասնագիտական առանձնահատկություններն ու արժանիքները։
«Դարակ» հրատարակչություն
Թարգմանական գրականություն
1․ Թեհրանի տանիքները
Թարգմանությունն անգլերենից՝ Արեգ Բագրատյանի
«Թեհրանի տանիքները»գիրքը պատմում է շահական վերջին տարիներին իրենց կյանքը գտնել փորձող չորս ընկերների մասին, որոնք անցնում են անասելի փորձությունների միջով, սիրում, հուսալքվում, բայց երբեք չեն կորցնում հավատն իրենց ընկերության նկատմամբ։ Քաղաքական թեթև նրբերանգով, յուրօրինակ երգիծանքով համեմված այս վեպը շատ տարիներ եղել է բեսթսելլեր արտասահմանյան մի շարք երկրներում։
2․Անգլիացի պացիենտը
Թարգմանությունն անգլերենից ՝ Լուսինե Հակոբյանի
Մայքլ Օնդաչիի «Անգլիացի պացիենտ» վեպի գործողությունները պտտվում են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներում և պատմում մի մարդու մասին, ով անճանաչելիորեն այրվել է և ենթադրաբար անգլիացի է: Զարգացումները կենտրոնանում են այս մարդու՝ պացիենտի, աստիճանաբար աճող բացահայտումների և սրանցից բխող հուզական ազդեցությունների վրա:
3․ Թանգարանի հետնաբեմում
Թարգմանությունը՝ Անահիտ Ղազախեցյանի
Բրիտանացի ժամանակակից գրող, դրամատուրգի այս վեպը մի ընտանեկան տոհմի չորս սերնդի՝ մոտ հարյուր տարի ձգվող պատմություն է՝ լեցուն բազմաթիվ առեղծվածներով, անհայտացումներով ու մահերով։ Ինչպե՞ս ապրել այդ բոլոր հիշողությունների բեռով․ սա վեպի հերոսուհու՝ Ռուբի Լենոքսի կյանքի մարտահրավերն է։
«Զանգակ» հրատարակչություն
Գեղարվեստական և հանրամատչելի գրականություն
1․ Նապոլեոն Հիլ․ «Մտածի՛ր և հարստացի՛ր»
Թարգմանությունն անգլերենից՝ Արծվի և Աշխեն Բախչինյանների
Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:
Նախատեսված է ընթերցող լայն շրջանի համար:
2․ Դենիել Գոուլման․ «Հուզական ինտելեկտ»
Թարգմանությունն անգլերենից՝ Լիլիթ Հայրապետյանի
«Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության և դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության և նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. և մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով և վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ Հայերեն թարգմանվում և հրատարակվում է առաջին անգամ։
3․ Ջոջո Մոյես․ «Ես մինչ քեզ»
Թարգմանությունն անգլերենից՝ Մերի Դալլաքյանի
Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:
Մանկական գրականություն
1․ Ջ. Ք. Ռոուլինգ․ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»
Թարգմանությունն անգլերենից՝ Ալվարդ Ջիվանյանի
Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:
2․ Ջ. Ք. Ռոուլինգ ․ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»
Թարգմանությունն անգլերենից՝ Ալվարդ Ջիվանյանի
Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
3․ «Լինում է, չի լինում…»
Թարգմանությունը՝ Անահիտ Հարությունյանի, Ելենա Խոդիկյանի
«Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Գաբրիել դը Վիլնյովի այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:
Ardi.am
Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ theguardian.com
No Comments