«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի ավագ մասնագետ, Արցախի ամրոցները ուսումնասիրող արշավախմբի անդամ Լևոն Մկրտչյանն ardi.am-ին պատմում է Արցախում կատարած ուսումնասիրությունների, թվայնացման աշխատանքների ու դրանց արդյունքում կազմվող ստվարածավալ գրքի մասին։ Հնագետն անդրադառնում է նաև պատերազմին, տարածքների կորստի հետևանքներին ու չնայած ստեղծված իրավիճակին՝ իրենց հետագա քայլերին։
— Լևոն, ինչպե՞ս և ո՞ւմ նախաձեռնությամբ սկսեցիք աշխատանքն Արցախում։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում հուշարձանների թվայնացումը, և որքա՞ն ժամանակ էր պահանջվում՝ այն ավարտին հասցնելու համար։
— Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ հնագետ Գագիկ Սարգսյանն ինձ հրավիրեց իր արշավախումբ, որը կատարում էր Արցախի ազատագրված տարածքների ամրոցների ուսումնասիրություն՝ ՀՀ ԳԱԱ «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի» «Արցախի ազատագրված տարածքների հետազոտություն» ծրագրով՝ պետական դրամաշնորհով։ Մոտ չորս տարի է՝ այս արշավախմբի հետ հետազոտական աշխատանքներ ենք իրականացնում Արցախում։
Մինչ այս՝ Արցախի ճարտարապետական և հնագիտական շատ հուշարձաններ, առանձին վերցրած, բավարար չափով ուսումնասիրվել էին, բայց ամրոցների առավել ամբողջական և ամփոփ ուսումնասիրություն չկար, առավել ևս՝ նորագույն մեթոդներով։ Արշավախումբն այս ծրագրով նախ նպատակ էր դրել մեզ հասանելի բոլոր տեղեկությունները (մատենագիտական, ուղեգրական, հին քարտեզների, հանույթների կամ ըստ առանձին ուսումնասիրողների տվյալների) ճշտել և նույնականացնել դաշտային աշխատանքների հետ, ինչպես նաև հայտնաբերել նորերը։
Գագիկ Սարգսյանը ընտրել էր բավականին հետաքրքիր մեթոդ. նախապես Google Earth համակարգով զննում էր Արցախի ազատագրված հատվածում ենթադրյալ ամրոցների տարածքներ, վերցնում կոորդինատներ և դաշտային աշխատանքներով նույնականացնում։ Այս զննությունները շատ հաջողված էին: Պատկերացում կազմելու համար ասեմ, որ տասնյակ տվյալներից միայն երկու դեպքում ամրոց չհայտնաբերվեց։
Խնդրո առարկա տարածքները, սովորաբար, դժվարամատչելի ու մեկուսի վայրերում էին, որտեղ հասնելու համար բացակայում էին ճանապարհները, և մենք մեծամասամբ ոտքով էինք բարձրանում։ Հասնելով թիրախային տարածքներ՝ ամրոցանիստ բլուրների գագաթին՝ ընտրում էինք հարմար տեղ՝ հուշարձանը և իր լանդշաֆտը դրոնով օդալուսանկարելու համար։ Տարածքից հավաքվում էր վերգետնյա խեցեղենը՝ հուշարձանի թվագրության համար։ Եվ այսպես ավելի քան հիսուն ամրոց և ամրացված բնակավայր թվայնացվեց՝ կազմվեցին դրանց օրտոֆոտոպլանները, հանույթները և տեղեկությունների շետամարանը՝ կատալոգով։ Այս աշխատանքներին զուգահեռ՝ պատրաստվեցին նաև այդ ամրոցների և նրանց լանդշաֆտների եռաչափ մոդելները, որոնք բացառիկ կարևորություն են ստանում՝ հետագայում այդ հուշարձաններով զբաղվողների համար։
Ինչ վերաբերում է ժամանակին, ապա պետք է ասել, որ 2020 թավականը վերոնշյալ ֆոնդից ֆինանսավորման վերջին տարին էր։ Բայց մեր աշխատանքը դրական էր գնահատվել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, և հետագայում աշխատանքները շարունակելու համար ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն։
— Պատերազմն ու դրա ցավալի ելքն ի՞նչ ազդեցություն ունեցան։ Ձեր աշխատանքը ո՞ր փուլում մնաց։
— Ցավոք 2020 թվականը տարերային հետևանքներ ունեցավ նաև հնագիտության համար։ Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակվել էին դաշտային աշխատանքները, բայց առաջին իսկ ընձեռված հնարավորությունից հետո՝ ամռանը, համապատասխան թեստի արդյունքներով կարողացանք մուտք գործել Արցախի Հանրապետություն և պարբերաբար աշխատել մինչև սեպտեմբերի 24-ը։ Մինչև տարվա վերջ պլանավորել էինք ուսումնասիրել նոր տարածքներ Քարվաճառի, Քաշաթաղի և Հադրութի շրջաններում։ Ճակատագրի հեգնանքով վերջին մեծ ամրոցները ուսումնասիրեցինք Հադրութի շրջանում, որտեղ պլանավորել էինք իրականացնել տասնյակ նոր տարածքների զննում։ Չափազանց կարևոր հայտնագործություն էր Խուդափերինի կամրջի մոտ՝ Արցախի և Իրանի սահմանի միջև, մինչ այդ անհայտ ամրոցի հավաստումը՝ արբանյակային պատկերների միջոցով։ Պարզվեց՝ այդ ամրոցանիստ բլուրների տեղանունը հին հիշատակություններում կապվում է Տիրի հետ։ Այդ ամրոցը պայմանական կոչեցինք «Տիրի ամրոց», որին այդպես էլ չկարողացանք հասնել։
Ինչպես վերը նշեցի, մինչև պատերազմի սկսվելը Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ պայմանավորվել էինք շարունակել այս աշխատանքները։ Նախատեսել էինք իրականացնել ոչ միայն Արցախի ազատագրված տարածքների, այլև այլ շրջանների ամրոցների և մնացած հուշարձանների թվայնացման աշխատանքները։ Այս աշխատանքներով Արցախում կունենայինք բոլոր հուշարձանների թվային շտեմարանը։
Բայց և այնպես, չենք դադարում աշխատել. որոշել ենք դադար առած դաշտային աշխատանքներից օգտվել և այդքան կարևոր աշխատանքը ներկայացնել գրքի տեսքով։
— Գիրքն ուղղված է ներսի՞, թե՞ դրսի լսարանին։ Ե՞րբ պատրաստ կլինի։ Գլխավորապես ի՞նչ է ամփոփելու-ներկայացնելու։
— Նախ պետք է ասել, որ գրքի աշխատանքներին միացել է նաև Արտակ Գնունին, որը երկար տարիներ ուսումնասիրություններ է կատարել Արցախում, ինչպես նաև բազմաթիվ անգամ ընկերակցել է մեր արշավախմբի շրջայցերին։
Ապագա գրքի կմախքը կազմելու համար ի մի բերվեց ողջ նյութը, և պարզ դարձավ, որ այն բավականին ստվարածավալ է լինելու։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք նախատեսել ենք գիրքը հնարավորինս շուտ հանձնել հրատարակության, հավանաբար, այն կլինի հատորներով։ Ամեն դեպքում, սկզբունքը Արցախի Հանրապետության շրջաններով առաջնորդվելն է: Եվ ասեմ՝ գրեթե ավարտել ենք Քաշաթաղի շրջանը։
Ցավոք, պետք է նկատեմ, որ ստեղծված իրավիճակում գիրքը շատ հուշարձանների համար միակ սկզբնաղբյուրն է դառնալու։ Փաստորեն, բացառիկ են ոչ միայն ուսումնասիրվող հուշարձանները, այլև մշակված նյութերը. ուսումնասիրողների սեղանին է դրվում դրանց ճշգրիտ տեղորոշումները և տարածույթը՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգով (GIS), կազմվում են տեղագրական հանույթները, հատակագծերը և նկարագրվում ճարտարապետատեխնիկական մանրամասները։ Կարծում եմ՝ ոչ միայն Արցախի, այլև բովանդակ Հայաստանի մշակույթով զբաղվող հնագետների, ճարտարապետների և մշակութաբանների համար կարևոր նշանակություն կունենա Ք.Ա. 1-ին հազարամյակից մինչև 17-18-րդ դդ. վերագրվող ամրոցների ամփոփ այս ուսումնասիրությունը։
— Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հուշարձանների մասով կա՞ն արգելքներ։ Խնդիր կարո՞ղ է լինել՝ դրանց անդրադառնալու, ներկայացնելու դեպքում։
— Մեր ծրագիրը նպատակ ուներ ուսումնասիրել Արցախի ազատագրված տարածքների ամրոցները, և մեր ուսումնասիրության գոտիները, փաստորեն, ամբողջությամբ բռնազավթված են Ադրբեջանի կողմից։ Պարզ է, որ ներկա պահին այդ տարածքներում ուսումնասիրությունների մասին խոսելն անիմաստ է, մանավանդ որ մեր ուսումնասիրության մեթոդը կապված է դրոնի և օդալուսանկարհանման հետ։
Ինչ վերաբերում է անդրադարձի խնդրին, միայն կարող ենք ենթադրել, որ հնարավոր է նրանց կողմից լինի ոչ միանշանակ արձագանք՝ ելնելով արդեն իսկ առկա բողոքներից՝ կապված հայկական հուշարձանների և դրանց ուսումնասիրության հետ:
Բայց մենք մեր աշխատանքի արդյունքները ոչ միայն հրատարակելու ենք գրքի տեսքով, այլև ներկայացնելու ենք զեկուցումների, սեմինարների ձևով և հնարավորության դեպքում, եթե հաջողվի ֆինանսավորում ստանալ, ինտերակտիվ ցուցահանդեսի ձևով ներկայացնելու ենք Հայաստանի տարբեր բնակավայրերում։
— Արցախում ինչպե՞ս էին արձագանքում ձեր կատարած աշխատանքներին։ Խնդիրներ, տարաձայնություններ եղե՞լ են։
— Պատկերացրեք ոչ մի խնդրի չենք բախվել։ Ավելին, սկսած համապատասխան նախարարությունից և վարչակազմի ղեկավարներից մինչև գյուղապետեր՝ ամեն ինչով աջակցել են, ուղեկցել, հետաքրքրվել մեր աշխատանքներով։ Հատկապես շատ տպավորիչ և անմոռանալի էր հադրութցիների ընդունելությունն ու հյուրասիրությունը:
Ահռելի ներդրում ունեցավ այս աշխատանքներին մեր արշավախմբի «զինակից» և բարեկամ, Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի խմբագիր Զոհրապ Ըռքոյանը, որը իր թերթում պարտադիր լուսաբանում էր մեր աշխատանքները։
Կարծում եմ՝ հայերեն հրատարակվող հատորներից հետո, կարելի է մտածել արդեն օտար լեզվով հրատարակությունների մասին, որոնք կհետաքրքրեն մեր տարածաշրջանի մշակույթով զբաղվող օտարազգի ուսումնասիրողներին։
Զրուցեց Արմինե Սարգսյանը
No Comments