ՕրԸնթաց Իսրայել Ասրյան

Ամանորյա յուրօրինակ ավանդույթներ

26.12.2019

Ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրովի: Ներկայացնենք մի քանիսը:

Իսպանիա

Իսպանիայում ընդունված է 12 խաղողահատիկ ուտել. մեկական՝ Ամանորի գիշերվա ժամացույցի ամեն հարվածի հետ։ Ամեն հատիկը խորհրդանշում է հաջողություն գալիք տարվա մեկ ամսվա համար։ Մեծ քաղաքներում, ինչպիսին Մադրիդն ու Բարսելոնան են, մարդիկ հավաքվում են գլխավոր հրապարակներում՝ միասին ուտելու խաղողը։

Կոլումբիա

Կոլումբիայի բնակիչները, ճանապարհորդություններով հարուստ տարի ունենալու համար, դատարկ ճամպրուկները ձեռքներին՝ վազում են թաղամասով մեկ։

Դանիա

Դանիացիները ողջունում են Ամանորը՝ ընտանիքի և ընկերների դռների առջև հին ափսեներ ու բաժակներ նետելով, որպեսզի քշեն չար ոգիներին։ Նրանք նաև կանգնում են աթոռներին և միաժամանակ ցատկում կեսգիշերին, որ «ցատկեն» հունվարի մեջ ու հաջողակ լինեն։

Ֆինլանդիա

Ֆինլանդիայում գալիք տարվա մասին գուշակություն են անում՝ հալած անագը ջրի մեջ լցնելով և կարծրացած մետաղի ընդունած ձևը մեկնաբանելով: Օրինակ՝ սիրտը կամ օղակը նշանակում է հարսանիք, նավը՝ ճանապարհորդություն, իսկ խոզը՝ սննդի առատություն։

Պանամա

Նոր տարվա սկզբում, չար ոգիներին հեռացնելու համար, ընդունված է այրել հայտնի մարդկանց (հեռուստատեսային դեմքերի, քաղաքական գործիչների) խրտվիլակները: Դրանք խորհրդանշում են հին տարին։

Շոտլանդիա

Շոտլանդիայում նոր տարվա նախաշեմին ամբողջ երկրում կատարում են «first-footing»: Առաջին մարդը, որ տուն է մտնում Ամանորին, պետք է իր հետ նվեր բերի: Նրանք նաև շքերթ են անում՝ փայտի վրա հսկայական այրվող գնդեր ճոճելով: Դա  հավանաբար արևի խորհրդանիշն է և «մաքրում» է եկող տարին:

Ֆիլիպիններ

Ամանորին դուք Ֆիլիպիններում բազմաթիվ շրջանաձև իրեր կգտնեք, օրինակ՝ մետաղադրամներ, որ բարգավաճում են խորհրդանշում: Շատ ընտանիքներ սեղանին մրգեր են դնում, իսկ շատերը կեսգիշերին ուտում են հենց  կլոր մրգեր (ամենատարածվածը խաղողն է)։ Ոմանք հաջողության համար պուտիկավոր շորեր են հագնում։         

Բրազիլիա

Բրազիլիայում, ինչպես նաև Էկվադորում, Բոլիվիայում և Վենեսուելայում Նոր տարուն ընդունված է հատուկ ներքնաշոր հագնել։ Ամենահայտնի գույներն են կարմիրը, որ պետք է սեր բերի նոր տարում, և դեղինը, որը փող կբերի։

Հունաստան           

Ամանորին տան մուտքի դիմաց Հունաստանում սոխ են կախում՝ որպես նոր տարում վերածնվելու խորհրդանիշ։ Նոր տարուն ծնողներն արթնացնում են իրենց երեխաներին` գլխներին սոխով թակելով:

Անգլերենից փոխադրեց՝ Իսրայել Ասրյանը
Նյութի աղբյուրը՝ worldstrides.com

No Comments

Leave a Reply