Արմինե Սարգսյան Լիլիա Շատվերյան Կինո

«Ամերիկացի բարի սամարացիները»․ փաստագրելով ցեղասպանության անժխտելիությունը

01.04.2022

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրված «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման այն մարդկանց մասին է, որոնց շնորհիվ ոչնչացումից փրկվել են ցեղասպանությունից մազապուրծ հայ, հույն և ասորի ժողովուրդները: Ֆիլմի ստեղծման համար հիմք են հանդիսացել համաշխարհային արխիվների փաստագրական նյութերը։ «Ամերիկացի բարի սամարացիները» «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2021-ի նոյեմբերի 20-ին, Լոս Անջելեսում: Մինչ երևանյան ցուցադրությունը ֆիլմաշարի մտահղացման հեղինակ և պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը, բեմադրող օպերատոր Աշոտ Մկրտչյանը հանդիպեցին լրագրողների հետ։ Ներկայացնում ենք հատվածներ հանդիպման ընթացքում հնչած հարցուպատասխանից։ Նշենք, որ Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Արա Մնացականյանն է, սցենարի հեղինակը՝ Ամբեր Կարլինսը, երաժշտության հեղինակը՝ Արտաշես Քարթալյանը: Ֆիլմի ստեղծմանն աջակցել են միջազգային բազմաթիվ ընկերություններ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը։


Սպասվող ցուցադրություններ 

Ֆիլմի հեղինակները մեկնելու են ԱՄՆ։ Ցուցադրություններ են լինելու,
կապ են հաստատելու «Արփա» կինոփառատոնի իրենց գործընկերների հետ, որոնք անցյալ տարի նոյեմբերին կազմակերպել էին ֆիլմի համաշխարհային առաջնախաղը։ Փորձելու են «Ամերիկացի բարի սամարացիները» ներկայացնել նաև Amazon, Netflix և Hulu հոսքագծերին։ Ինչ վերաբերում է ֆիլմի հայաստանյան ցուցադրությանը, ապա այն էկրաններին կհայտնվի ապրիլի կեսերին։

Ե՛վ մարդկային գործոն, և՛ մարքեթինգ

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը պատմում է նաև մեզ բախտակից ժողովուրդների մասին, ինչը, Մանվել Սարիբեկյանի ձևակերպմամբ՝ ավելի համամարդկային է դարձնում ասելիքը և ավելի լայն տարածման հնարավորություն ընձեռում։ Ֆիլմաշարի նախորդ՝ «Փրկության քարտեզ» ֆիլմի առանցքը Հայոց ցեղասպանություն է, ինչին որոշ երկրներ, հեռուստակայաններ վերապահումով են մոտեցել։

Բացառիկ փաստեր
 
«Մեր գիտնականները, պատմաբանները շատ են պեղել ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերը։ Սակայն արխիվային նյութերը շատ են, ուսումնասիրության խիստ կարիք ունեն։ Ես մեծ ցանկություն ունեի, որ ամեն նոր ֆիլմի ընթացքում բերվեն նոր փաստագրություններ։ Համենայն դեպս, որոշ բաներ մեզ հաջողվել է անել այդ առումով։ Ֆիլմում դա կերևա»,- ընդգծում է Մանվել Սարիբեկյանը, նշելով, որ պատմական հերոսների մասին փաստագրությունը, հուշագրությունները ներկայացնում է տվյալ երկրի պատմաբանը։ Ֆիլմաշարում այս մոտեցումը պահպանվում է։

 Ֆիլմաշարի երրորդ ֆիլմը

Երրորդ ֆիլմի պայմանական անունն է «Գթության ոսկե շղթա», որում  ներկայացվում են Նոր Զելանդիայի և Ավստրալիայի մասին հետաքրքիր պատմություններ, որոնք շատ քիչ են լուսաբանված։ Ֆիլմի պատմողը և սցենարի հեղինակը նորզելանդացի Ջեյմս Ռոբինսն է։ Նա, ինչպես նաև ֆիլմի երկու խորհրդատուները, «Նոր Զելանդիա, Ավստրալիա, Հայաստան» գրքի համահեղինակներն են։ Նյութերը կան, սցենարը համարյա պատրաստ է, բայց չեն կարողանում շարունակել աշխատանքը համաճարակի պատճառով։ 

Նկարահանելիս

Թե՛ տեխնիկական, թե՛ ստեղծագործական առումով եղել են բազմաթիվ խնդիրներ։ Մինչև անգամ ճանապարհին մահացել է ֆիլմի գլխավոր դերակատարը՝ ամերիկացի ցեղասպանագետ Փոլ Լևինը։ Հարկ է եղել հանպատրաստից այլ լուծումներ գտնել, կառուցվածքային որոշ փոփոխությունններ անել, ինչը կարծես հաջողել են։

Ակնկալիքը

Հայ հանդիսատեսի համար ֆիլմաշարը ճանաչողական նշանակություն ունի, բայց հիմնական թիրախը օտարազգի հանդիսատեսն է։ Ֆիլմի ամերիկյան ցուցադրությունից հետո ամերիկացիները զարմացել են, տեղյակ չեն եղել ներկայացված պատմություններին, Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի՝ Արևմտյան Հայաստանում ունեցած առաքելության մասին։ Ֆիլմի հեղինակն ակնկալում է, որ այն հնարավորինս շատ տարածում ունենա, և ներկայացվող պատմությամբ ևս մեկ անգամ փաստագրվի ցեղասպանության անժխտելիությունը։ Դիմել են ԿԳՄՍ և արտաքին գործերի նախարարություններին՝ նպաստելու ֆիլմի տարածմանը, հորդորելու սփյուռքին, միջազգային կազմակերպություններին, որտեղ հայ ներկայացուցիչներ կան, ընդգրկել ֆիլմն իրենց համապատասխան ծրագրերում։ 

*****

Մանվել Սարիբեկյանը և Աշոտ Մկրտչյանը պատասխանել են նաև Ardi.am-ի հարցերին։

— Դարակներում մնալու վտանգ չի՞ սպառնում Ձեր ֆիլմերին:

Մ․ Ս․ — Ֆիլմը դարակներում չի մնա, «Փրկության քարտեզը» ֆիլմն էլ չմնաց, ցուցադրվել է 20 երկրների բազմաթիվ քաղաքներում՝ սրահներում, գիտական կառույցներում, թանգարաններում, անգամ գնացքում։ Որպես պրոդյուսեր հետամուտ եմ լինելու նաև այս ֆիլմի պարագայում։ Դիմել եմ արտաքին գործերի նախարարությանը, որ այն համայնքները, որոնք Ապրիլի 24-ին նշելու են Հայոց ցեղասպանության տարելիցը, իրենց ծրագրերում ներառեն այս ֆիլմի ցուցադրությունը։ Տեսնենք, թե որ երկրներն են արձագանքելու։ Նախորդ ֆիլմը թարգմանվել է 13 լեզվով,  նոր ֆիլմի բնօրինակ լեզուն անգլերենն է՝ հայերեն թարգմանությամբ։ Փորձելու են նույն ճանապարհով կազմակերպել ֆիլմի թարգմանությունները։

Արխիվներն ուսումնասիրելիս խոչընդոտների հանդիպե՞լ եք։

Մ․Ս․ — Փոքր-ինչ դժվարություններ այստեղ եղել են, բայց հաղթահարել ենք։ Մեզ շատ մեծ օգնություն ցուցաբերեց Հայկարամ Նահապետյանը, որը Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչն է Վաշինգտոնում։ Ես որոշ նամակագրություններ արդեն ունեցել էի տարբեր արխիվների հետ։ Հայկարամը կոորդինացրեց այդ աշխատանքները, որ կարողանանք թույլտվություն ստանալ այդ արխիվներում, թանգարաններում, գրադարաններում նկարահանումներ անելու և նյութեր ձեռք բերելու։ Պատմական փաստերի հավաքագրմանն աջակցել են նաև ֆիլմի խորհրդատուները, որոնք տարբեր երկրներից են (ԱՄՆ, Հունաստան, Լիբանան, Շվեդիա)։ Հայաստանում նյութեր են տրամադրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, որի տնօրենը՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, նաև ֆիլմի խորհրդատուներից է։ Մինչ սցենարը գրելը եղած նյութերը հավաքել է Արծվի Բախչինյանը, որը նույնպես մեր ֆիլմի խորհրդատուներից է։


— Քանի որ նոր փաստեր եք բացահայտում, հնարավո՞ր է դրանցից մեկը դառնա առիթ՝ խաղարկային ֆիլմ ստեղծելու։

Մ․Ս․ — Եթե լինի այնպիսի մի սցենար, որը կոգևորի ինձ, ռեժիսոր, որն ինձ կհամոզի, կոգևորի, ինչու՞ ոչ, հանձն կառնեմ ու կգնամ մինչև վերջ։

Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իրանում, Թուրքիայում, Հունաստանում, Լիբանանում և Հայաստանում։ Թուրքիայում նկարահանումների ժամանակ խնդիրներ չե՞ն եղել։

Մ․Ս․
— Մենք նկարահանումներն իրականացրել ենք շատ զգույշ, բայց ոչ վախեցած, առանց շատ աչքի ընկնելու, մանավանդ որ մեր տեխնիկան փոքր չափերի է։ Փորձ ունենք այնտեղ նկարահանելու և գիտենք՝ ինչպես աշխատել, որ խնդիրներ չծագեն։ Նույնիսկ մեքենան, որով պետք է Թուրքիա գնայինք, Վրաստանից է՝ վրացական պետհամարանիշով։

Ա․ Մ․ — Թուրքիա գնալիս, երբ կանգնեցնում էին (մեր վարորդն էլ Ախալցխայից էր), հարցնում էին՝ որտեղից եք, ասում էինք ՝ Գյուրջիստանից (Վրաստանից)։ Եղել է, որ կանգնեցրել են, ստուգել փաստաթղթերը, բաց թողել։ Բայց այդպես ժամանակ էինք կորցնում։

Մ․Ս․ — Իրանում մեր ասորի եղբայրակիցները նույնիսկ երկու եկեղեցուց մեզ դուրս հանեցին։ Տեսեք, նախ Թուրքիայից նկարահանելու թույլտվություն վերցնելը իմաստ չունի, չեմ էլ փորձել, Իրանից կարող էինք վերցնել, բայց շանսերը մեծ չէին, բացի այդ՝ երկար ժամանակ էր պահանջվում և, ի վերջո, այնպիսի նկարահանումներ չէինք անում, որ թույլտվությունը պարտադիր լիներ։ Փորձեցինք կապվել տեղի մեր հայրենակիցների հետ, նրանք դիմել էին ասորի համայնքին, նաև եկեղեցուն, ու բոլորն էլ ասում էին, որ միայն արտոնության առկայության դեպքում թույլ կտան նկարահանումներ և կխոսեն։ Մենք չէին կարող այդքան սպասել, որ արտոնություն տան կամ չտան։


Ա․ Մ –Մեր նկարահանումները չեմ դիտարկում որպես մեծ հերոսություն։ Ես մտածում էի՝ 15 թվականի ջարդերին Խարբերդում ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դևիսը մեզ պես ծածուկ նկարահանել է հայ բնակչության տեղահանությունը դեպի Դեր-Զոր։ Այն տարիներին, եթե նկատեին, կարող էին գնդակահարել։

Մտադրություն չունե՞ք Թուրքիայում ցուցադրելու ֆիլմը։

Մ․Ս․— Ինչու՞ ոչ, ի դեպ, առաջին ֆիլմս՝ «Փրկության քարտեզը», թարգմանված է նաև թուրքերեն, իհարկե, կարողացել ենք տարածել միայն համացանցով՝ թուրքական կայքերի միջոցով։

Արմինե Սարգսյան
Լիլիա Շատվերյան




No Comments

Leave a Reply