Անի Անտոնյան ԳիտաՆյութ

Անձնական գործ N…

08.05.2023

Պատերազմների հետևում մարդկային կյանքեր են, ապրումներ, կորուստներ, մահեր․․․ Հայաստանյան արխիվներում պատմական կարևորագույն փուլերին վերաբերող նամակագրությունների ուսումնասիրությունը յուրահատուկ դրամատուրգիա էր ինձ համար։ Մարդկային կյանքի դրամատուրգիա։ Մահից փրկված բժշկության ծառայության լեյտենանտ Վարդուշ Մարգարյանը, որը մորը պատմում է 300 ռուբլիով  գնված շրջազգեստի մասին, խիզախությամբ աչքի ընկած T-34 տանկի անձնակազմը, որը տասնյակ դռներ է թակում՝ մեկ «Վոլգա» մեքենա ստանալու համար, Բաքվի զենիթահրետանային ուսումնարանում սովորող Վիգենը, որն այդպես էլ չի ստանում հոր ուղարկած գումարը, ծխախոտն ու տետրերը․․․ Սրանք պատմություններ են, ցավոք, միշտ արդիական թեմաների մասին։ 

Դրանցից հատկապես առանձնանում է զոհված կապիտան Հայրապետ Կարապետյանի հոր նամակը պատգամավոր Մարշալ Բաղրամյանին։ 72-ամյա տղամարդը թույլտվություն է խնդրում՝ այցելելու որդու գերեզման։ 

Ներկայացնում ենք Հայաստանի ազգային արխիվի ֆոնդ 688/1/10-ում պահվող նամակների ռուսերենից արված մեր թարգմանությունները։

***

Մեր սիրելի՛ դեպուտատ, հարգելի Իվան Քրիստափորի,

Ստիպված եմ Ձեզ կրկին անհանգստացնել։ Այս տարվա մայիսին Ձեզ ուղղված իմ առաջին նամակում ես խնդրել էի օգնել ինձ վիզա ստանալ և այցելել իմ զոհված որդու՝ գվարդիայի կապիտան Հայրապետ Աթանեսի Կարապետյանի շիրիմին, որը գտնվում է Բելգրադ քաղաքում։

1965 թ․ մայիսի 13-ին ընդունված թիվ 714 գրությամբ՝ Ձեր գրասենյակը հրահանգել է հանրապետական զինկոմին «հանրապետական իշխանական մարմինների հետ դիտարկել ընկեր Կարապետյանի խնդրանքն ու իրեն հաղորդել արդյունքների մասին»։

Հանրապետական զինկոմի արժանապատվությունից վեր էր խոսել այդ մարմինների հետ, և մեր շրջանային զինկոմի միջոցով ինձ հաղորդեցին՝ Պաշտպանության մինիստրությունն արդեն իսկ պատասխանել է, որ միջոցներ չունի։ Եվ դա ինձ ասվել է բանավոր։

Կից ներկայացնելով 109-րդ հրաձգային դիվիզիայի 312-րդ հրաձգային գնդի նախկին շտաբի պետ, թիկունքի ապահովման գծով փոխգնդապետ, ընկեր Գ․ Ե․ Պիգալևի նամակը՝ խնդրում եմ մտնել իմ՝ դժբախտ հոր դրության մեջ և անել, ինչ հնարավոր է։ 

Եթե անհրաժեշտ են կենսագրական տվյալներ իմ կամ որդուս մասին, հրամայե՛ք, անմիջապես կուղարկեմ։

Ես 72 տարեկան եմ, առողջությունս դեռ կբավարարի լինել այն տեղերում, որտեղ կռվել և զոհվել է իմ թանկագին որդին։

Այսօր այցելել եմ մեր թանկ ընկեր Հայկ Ղազարյանի կնոջը՝ Հռիփսիկ Ղազարյանին։ Կարդալով իմ որդու մասին նամակը՝ նա շատ հուզվեց և իր անունից էլ Ձեզ նամակ գրեց։ Նա ինձ պես երկար տառապել է՝ այդպես էլ չկարողանալով գտնել ո՛չ ամուսնու շիրիմը, ո՛չ նրա ընկերներին։ Ես նրան շատ խղճացի և ինձնից առավել ցավացի նրա համար։

Ներեցե՛ք անհանգստության համար, կրկին շնորհակալ եմ Ձեր ուշադրության և 1965 թվականի մայիսի 13-ի թիվ 714 գրության համար։

Խոնարհ ողջույններով՝  

Ձեզ հարգող՝ Աթանես Աղոյի Կարապետյան

Հասցե՝ Հայկական ՍՍՀ, ք․ Էջմիածին,Ձերժինսկու փողոց 32 

27 դեկտեմբերի , 1965 թ․

***

Բարև Ձեզ , հարգելի՛ Իվան Քրիստափորի,

Նախևառաջ, ընդունե’ք ջերմագին և սրտագին շնորհավորանքներս գալիք Նոր տարվա կապակցությամբ։ Լավագույն մաղթանքներս Ձեզ, երկար ու երջանիկ  կյանք,  որը նվիրելու եք  մեր բախտավոր ազգի բարօրությանը։

Շնորհավորում եմ նաև Թամարային և Ձեր բոլոր մտերիմ հարազատներին՝ ցանկանալով աշխարհի բարիքները։

Հարգելի՛ Իվան Քրիստափորի, այս պահին կողքիս նստած է Հարավսլավիայում հերոսաբար ընկած, գվարդիայի կապիտան Հայրապետ Աթանեսի Կարապետյանի հայրը։ (Ընկեր Աթանեսը մեր հարևանն էր 1921-1923 թթ․, միասին աշխատել ենք սահմանային հեղափոխական կոմիտեում):

Նա Ձեզ դիմել էր վիզա և օգնություն ստանալու խնդրանքով, որ կարողանա այցելել իր զոհված որդու գերեզմանին։ Չնայած Դուք նրա նամակն ուղարկել էիք Հանրապետական Զինկոմատին, սակայն նա ոչ մի օգնություն չի ստացել։

Կապիտանի հայրը մանրամասն և ամբողջությամբ Ձեզ կներկայացնի նամակ–բնութագիր թիկունքի  ապահովման գծով փոխգնդապետ ընկեր Պիգալևի անունից, որը եղել է նրա որդու գնդի շտաբի պետը։ Խնդրում եմ միջնորդել՝ կապիտանին հետմահու Հերոսի կոչում տալու համար և անել հնարավորը։

Շատ ներողություն, որ գրում եմ ինձ հետ որևէ կերպ չառնչվող հարցի՝  զոհվածին հերոսի կոչում տալու մասին։

Բայց վստահ եմ, որ Հարավսլավիայի ժողովուրդն ու ղեկավարությունը դեմ չեն լինի։ 

Ջերմագին ողջույններով՝ Հռիփսիկ Ղազարյան

27 դեկտեմբերի, 1965 թ․

***

Պաշտպանության մինիստրի տեղակալ

ԽՍՀՄ զինված ուժերի թիկունքի պետ

7 հունվարի, 1966 թ․

Գործ՝ N 16

Մոսկվա k-160

ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր, ընկեր Ա․Ա ․ Գրոմիկոյին

Հարգելի՛ Անդրեյ Անդրեևիչ,

Ինձ ընտրողներից մեկը՝ Էջմիածին քաղաքի բնակիչ Աթանես Աղոյի Կարապետյանը, քանիցս դիմել է իմ օգնությանը հետևյալ հարցով։

Նրա որդին՝ Հայրապետ Աթանեսի Կարապետյանը, որը Խորհրդային բանակի կապիտան է եղել և պատերազմի տարիներին ղեկավարել կործանիչ տանկերի վաշտը, հերոսաբար զոհվել է Ռոտոպակ գյուղի ազատագրման ժամանակ (Հարավսլավիայի մայրաքաղաքից մի քանի կիլոմետր հեռու)։

Հաշվի առնելով նաև գնդի շտաբի նախկին պետի նամակը կապիտան Կարապետյանի մասին՝ պարզ է դառնում, թե ինչպիսի անձնուրացությամբ է մեր հայրենիքի քաջարի զավակը կռիվ մղել։ Նամակում նաև մատնանշվում է Կարապետյանի հուղարկավորության կոնկրետ վայրը՝   Ռոտոպակ գյուղի եկեղեցուն կից գերեզմանոցում։ Այդ մասին իմանալով՝ կյանքի մայրամուտին գտնվող հայրը ցանկացել է խոնարհվել իր միակ որդու գերեզմանին, որը մահացել է օտարության մեջ։ Եթե Դուք հասկանում եք արևելյան ժողովուրդների հոգեբանությունը, ապա կհամաձայնեք, որ որդու գերեզմանը տեսնելու ցանկությունը բավարարելը բնավ այս տարեց մարդու կյանքի ամենամեծ մխիթարությունը չի լինելու։ 

Հայաստանի հանրապետական կազմակերպությունները, ցավոք, կատարյալ անտարբերությամբ են վերաբերվել նրա խնդրանքին և նույնիսկ չեն էլ փորձել փնտրել ճանապարհներ՝ նրա երազանքն իրականացնելու համար։

Անդրեյ Անդրեևի՛չ, կարո՞ղ եք Հարավսլավիայում մեր դեսպանատան միջոցով ճշտել՝ արդյոք Ռոտոպակ գյուղում դեռ պահպանվել է կապիտան Կարապետյանի շիրիմը, թե ոչ։ Եթե պահպանվել է, ուղարկե՛ք զոհվածի հոր նամակն ու գնդի շտաբի նախկին պետի պատմությունը Հարավսլավական-Խորհրդային բարեկամության միություն, որպեսզի այնտեղ դիտարկվի զոհվածի հոր հյուրընկալության հարցը որդու գերեզմանին այցելելու ընթացքում։

Կարծում եմ՝ Խորհրդային միության տարածքում ճամփորդելու ողջ ծախսը կհոգա ընկեր Կարապետյանը։

Կցելով նաև անհրաժեշտ նամակները՝ անկեղծորեն լիահույս եմ, որ մարդկանց հանդեպ ունեցած Ձեր հատուկ ուշադրությամբ և հարեհասությամբ կարձագանքեք զոհվածի տարեց հոր խնդրանքին, Անդրեյ Անդրեևիչ։

Խնդրում եմ հաղորդե՛ք ինձ Ձեր որոշման մասին։

Սրտագին բարևներով՝

ԽՍՀՄ մարշալ                                          Ի․ Բաղրամյան

***

ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության արխիվ

Բաժին 5

18 փետրվարի,  1967 թ․

Գործ N 5155

Ք․ Պոդոլսկ, Մոսկովյան շրջան

/Հայկական ՍՍՀ, ք․ Էջմիածին, Ձերժինսկու 32/

Քաղաքացի Աթանես Աղոյի Կարապետյանին

Ի պատասխան ԽՍՀՄ մարշալ Ի․ Ք․ Բաղրամյանին ուղղված Ձեր նամակի՝ հաղորդում եմ, որ 1943-1944 թթ․ 312-րդ գվարդիական հրաձգային գնդի և 109-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի պարգևատրումների մատյաններում, ինչպես նաև ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության կադրերի գլխավոր վարչության կողմից այբբենական կարգով պարգևատրվածների ցանկում չի հիշատակվում կապիտան Հայրապետ Աթանեսի Կարապետյանի անունը։ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության արխիվում նրա տվյալներով անձնական գործ չկա։ 

Հիմք՝ ֆոնդ 59063 c, 14, 15

Ֆոնդ 459055 c, I, 3I

ԽՍՀՄ ՊՄ արխիվի ղեկավար, գեներալ-մայոր                                              (Նիկիտչենկո)

Պատրաստեց Անի Անտոնյանը 

No Comments

Leave a Reply