Ազդագիր

Անրի Վեռնոյի 100-ամյակին նվիրված գիտաժողով

27.10.2021

Երևանում՝ հոկտեմբերի 29-31-ը, տեղի կունենա «Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայում, պահպանություն, հանրայնացում» թեմայով եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին։ Ֆրանսահայ ականավոր կինոռեժիսոր և սցենարիստ Անրի Վեռնոյ-Աշոտ Մալաքյանի հիշարժան հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց կարևոր իրադարձությունների օրացույցում:

Անրի Վեռնոյը հայկական սփյուռքի տիպիկ ներկայացուցիչ է: Նրա ստեղծագործական ուղին ծավալվել է Ֆրանսիայում։ Նրա շուրջ 40 լիամետրաժ ժապավենները քրեական ժանրի նմուշներ են՝ արկածային, ոստիկանական, գանգստերական  թրիլերներ։ Վեռնոյը հայկական թեմատիկային դիմել է իր ռեժիսորական կարիերայի մայրամուտին՝ ստեղծելով իր հանրահայտ ինքնակենսագրական մելոդրաման՝ «Մայրիկը» 1991-ին, որը դարձավ նաև սփյուռքահայ կինո-պատկերագրության նշանավոր գործերից մեկը։ Վեռնոյի ստեղծագործական ուղին նման է այլ սփյուռքահայ կինոգործիչների անցած ճանապարհին, որոնք օտարության մեջ կենդանի են պահել հայկական մշակույթը։

Օգտագործելով Անրի Վեռնոյի ժառանգությունը և խորհրդային շրջանի ազգային կինոհետագիծը որպես ելակետներ, գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալու այս երկակի երևույթներին՝ որպես  ազգային կինոյի դրսևորումներ, որոնք այսօր արդիական մոտեցման ու մեկնաբանության կարիք ունեն ՝ համաշխարհային կինոպատմության համտեքստում։

Այնուամենայնիվ, ազգային կինոժառանգություն ձևավորելու ցանկությունը, հատկապես, ԽՍՀՄ փլուզումից հետո, մեծապես սահմանափակել է տարածաշրջանային կամ սփյուռքի կինոժառանգության դիտարկումը որպես 20-րդ դարի միջազգային կինոյի  մաս: Հայաստանի նման երկրներում արտադրված ֆիլմերը հաճախ դուրս են մնում գլխավոր արխիվների, թանգարանների և փառատոների շրջանակներից, ինչը զգալիորեն սահմանափակում է դրանց վերականգնման, հասանելիության և ավելի լայն շրջանառության հնարավորությունները:

Այս գիտաժողովը, փորձելու է երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային, սոցիալիստական և սփյուռքի կինոժառանգության հետ առնչվող շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների Հայաստանից և արտերկրից։  

Եռօրյա գիտաժողովը կանցկացվի անգլերեն և հայերեն լեզուներով՝ համաժամանակյա  թարգմանությամբ: Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա հատուկ հանդիպում-զրույց Անրի Վեռնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի հետ, կկազմակերպվի Վեռնոյի առավել նշանավոր ֆիլմերի կինոպաստառների ցուցադրություն և կցուցադրվի նրա 1969 թվականի «Շաբաթավերջը Զյույդկոտում» (Weekend at Dunkirk) պատերազմական ֆիլմը։

Որպես ամփոփում՝ գիտաժողովի օրերին ընթերցված և ներկայացված բոլոր զեկույցները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը կհրատարակի առանձին գրքով։

Գիտաժողովի ծրագիրն և Ժամանակացույցը՝ այստեղ։

No Comments

Leave a Reply