Արամ Ալավերդյան Արցախ ԳրաԴաշտ

Արամ Ալավերդյան, Ֆուլթոնի ելույթի հետքերով

14.12.2019

                                     

…Արտուշի երեսն էլ՝ գործից հետո պիտի թրաշվի: Հոգնած եմ լինելու կեսօրնանց, սովորաբար, անհաջող պիտի երեսհատը կարգի բերվի: Նրա սիրողական վարսավիրն եմ, այնքան էլ մազը կոշտ, մեղա՜ քեզ, տարեց մարդ է՝ մազափունջը սև սաթ, գլխից ընկած մազ չունի. Վասոն՝ ընդամենը քսան տարեկան, շինելը հագին, բանակից ճաղատ է տուն եկել: Ետկեսօրի հացին Արտուշը երեք առլեցուն բաժակ սալորի կապույտ արաղ է խմում, իմը՝ չոր գինին է, Մարտունուց բերողը երկու ամիս առաջ է հենց մեր դռանը ծախել: Գինու վայելքն ուրիշ է, ամեն ոք չի կարող գինի խմել, սովորաբար, գալիք առավոտներին շինամիջում, խումհարից սմքած պատահում, գինուց հետո իրար բարիլուս ենք տալիս, թե՝ «մեռանք, շտապ քսան գրամ արաղի պակաս ա զգացվում…»:

  Ձեռքս այս րոպեին ցավում է, Չիչքարի աղբրի սզնոտը կերել է արմունկներս: Սզնենին չափարի կմախքն է: Իսկ դու, բարձրագույնավարտ՝ ցաք կտրես, չափար դնես, հոգնությունից գոհ՝ տուն գաս:

   Տխուր եմ: Ամեն ինչ, թեպետ, գլուխ եմ բերել: Ինձ էր սպասում՝ անձրև տեղաց, ծագին տանից դուրս գալը՝ աստծուն դուրեկան է, տեղատարափ շրմփաց, իսկույնևեթ անուշահոտություն մաղեց շուրջը: Գիշերը, քնակոլոլ, Ֆուլթոնի ելույթի մասին էի լսում, բայց կեսից՝ էլ միտս չէ, նիրհն ինձ հաղթել է: «Գրունդիգը» միշտ թողնում եմ կողքիս՝ աթոռի վրա խոսելիս: Ուշ խավարին վեր եմ կացել, ոտնաթաթերի վրա, անշշուկ, ունեցած գրքերի մեջ՝ Ֆուլթոնի մասին կարդալու համար ինչ-որ բան փնտրել, հետո՝ առավոտ կանուխ, անոթի, հազիվ երեսլվա, դուրս եկել ցաք կտրելու:

    Ո՞նց է: Գործով եմ ուզում զբաղվել, հարկավոր է նոր տարուն խելքի գալ, չքավոր առօրյային վերջ տալ: Իսկ հիմա… հիմա պիտի հանդգնեմ երես թրաշել, պապս շատ է խնդրում: Երբ ես տանը չեմ լինում, նրա երեսը դեռատի Նանեն է թրաշում: Պարապ մնալը  շիվան է, ինձ վրա անմիջապես գորշ մտքեր են գրոհում, ինձ խենթացնում է անհեռանկար ապագան: Ամեն ինչ փոխվել է ինձ համար, բանակը թողնելուց հետո, մռայլ է թվում ամեն ինչ, ամեն ինչ զրոյից  պիտի սկսել: Իմ ողջևառողջ մնալն է ընդամենը ժամանակ առ ժամանակ հուսադրում, թեպետ էլի ճիգ է հարկավոր՝ հաճախ քեզ էշի տեղ դնես, իբր ոչ մի բան քեզ վրա չի ազդում: Արմենի մայրն է, ասում են՝ տղաներից ում պատահում՝ անեծք է տալիս. «դուք ինչու՞ պիտի էսօր ուրախ շենը ոտի տակ տաք, իսկ իմ տղան հողի տակ լինի, անիծվե՛ք դուք, դուք ո՛չ լավ օր տեսնեք…»: Ինչ է մնում տղաներին, շվար լսում են, անցնում, քրթմնջում, իրենց դարդին գնում: Ի՜նչ ասեն…

    -Չերչիլի հերն եմ անիծել: Կռվից հետո խաբեցին մեզ, թշնամի հանեցին,- Արտուշն է ասում, թեպետ՝ հենց այնպես զրույցի նյութ է, էլի, բացում է, սեղանին ուշումիտքը խմիչքի վրա է, քեֆովն է, երեք պռնկեպռունկ լիքը բաժակ է խմում, ավելը՝ տարեց է արդեն, գլուխ է ցավեցնում: Անունն է երեք, դու կես-կես արա, իսկական չափսի տուր, երեք բաժակը վեցն է դառնում:

   -Հա, վախեցան կռվից հետո շան տղեքը, Պոտսդամ Կոբային ատոմով վախեցրեց՝ էն Ռուզվելտի տեղը եկածը, անունը չեմ հիշում… տիրումերը…

   Եթե ուզում ես՝ հացդ կամ առհասարակ օրդ թեթև անցնի, Արտուշի ամեն ասածի՝ հա պիտի ասես, սրտից պիտի լինի ամեն զրույց, առավել ևս, ամեն խոսքի քաղաքական երանգ, նրա դավանանքին հարիր պիտի լինի:

   -Տրումեն…,- բաժակները լցնելով՝ ասացի ես:

   -Հա՛, ես դրա անխիղճ մերը… Մոռացա հարցնել, երեկ ամեն ինչ հասկացա, տրիումֆը գլխի չընկա, ի՞նչ ա դա: Ասում ես՝ բառարան եմ, ասա՛…

   -Նաֆթալինի մեջ ինչ գիրք կա՝ դու կարդում ես, էլի:

  — Հոգիս տրաքում ա, կարդալը դարման ա,- ասաց նա ու խփելու մոտեցրեց բաժակը:

   -Էգուց, եթե իմ ուզած տեղը քաղաքում գործի ընդունեն, Արտուշ պապի, ուրեմն դա տրիումֆ ա լինելու, բայց, կրկնում եմ… իմ ուզած տեղը,- բացատրեցի՝ նայելով մեզ հետ, մեկուսի սեղանին հաց ուտող տատիկի անխռով շարժուձևերին: Նա ուրախ է, ինքնաբավ, կեսօրահացի խնդրանքս արել է՝  բրնձով յուղալի ոսպ է եփել, ձուկը չար տապակել է: Հիմա իր կանացի մտքերի հետ է: Տատին, եթե սովորեցնեի դեռ,  ջղային պահերին գոնե՝ շշուկով անեծք տա հարևան Արփիկին ու Սոփիկին, ոչ թե անպայման գոռա — ամոթ է, շինամիջի տուն ենք — նրան, ոչ թե կսիրեի, այլ կպաշտեի, բայց… անօգուտ զբաղմունք է, այստեղ ասա՝ ժպտալով համաձայնվի, կես ժամ հետո՝ նույն համերգն է: Տան մերձակա շենի պողոտան, անցնող մարդու ականջին՝ ի տես, նրա զիլ բացականչելու պահերին, մի կերպ եմ ջղայնությունս զսպում: Անուղղելի կին է տատս, բայց առանց նրա՝ իմ օրն անպատկերացնելի է: Ուժգին սիրով է տատիկն իր առաջնեկ թոռան սիրույն հասաս, թռչում եմ դրանից, որովհետև արժանի եմ այդ սիրուն:

  Շատ եմ պահանջում, ինչ որ չկա, չի լինում՝ այն եմ պահանջում: Տարին հատվում է, կարևորը՝ կարողանամ հոգիս անդորրի բերել: Դժվար է, բայց ուրիշ ելք չկա, պիտի դիմանալ: Երկնքի աստղազարդ երեկոյի մռայլ կապույտը չի երևում հիմա: Ամպամած է…

   Երեք ամիս առաջ եմ անտառի միջից կապի դուրս եկել շտաբի հետ, ասել.

   -Գնում եմ տուն, հերիք ա: Փառք աստծո՝ խաղաղ ա, սպայի ապագան իմը չի,- կապը զինվոր հանուրին հասանելի է, հրամանատար Շամիկին եմ ասել,-  քաղաքում վայել գործ էլ չլինի, վարժապետ լինելը՝ կա ու կա:

   -Դե տե՛ս: Տես, քեզ համար ոնց ա հարմար, իհարկե, առանց քեզ անսովոր ա լինելու,- Շամիկն է պատասխանել: Նրա ձայնի մեջ ոգևորություն եմ նկատել, իմ գնալուց հետո ուրախ է լինելու, բանակի բարձր պաշտոնների համար մի խոստումնալից անձ քաղաքացիական կյանքի է անցնելու, իհարկե, մի գլխացավանքից ազատվելու են: Ժանգո՛տ պատեհապաշտներ: Ուր ես գնալու, ինչ ես լինելու՝ քո որոշելիքն է:

   Մանկությունս է, մերթընդմերթ, ինձ պատանում: Ահա, հին, անսրբապիղծ, ծանոթ քամին խտուտ է տալիս ինձ մեր բակում, ծիծեռնակները ցածր են թռչում, հետո քամին կրկին սուրում է, գալարահմա անհետանում դեպի Գզիրի ձորի կողմերը: Անտեսանելի մի ցավ՝ անուշ երազի նման, երգ է դառնում ինձ համար, տարածվում շուրջս, հնարովի իմ մտապատկերների մեջ՝ ես երջանկանում  եմ: Համեղ, անձկալի մի տրոփյուն է խլրտում կրծքիս տակ, չքնաղ այդ զգացումը ինձ իր հովքի մեջ է առնում:

    Ծխել եմ ուզում…

    Գետափին, մեն-մենակ, խշտյակ եմ կանգնեցրել, ուռենի հինգ-վեց թեթև գերան եմ կտրել, ավազի մեջ խոր ամփոփել, տանիքին վաղանած խոտ փռել: Սելավն էլ կպահի, այ մարդ: Պառկիր քո համար, շունչդ տեղը բեր: Տկողնու այս տարվա մատղաշ շիվերից քթոց եմ սարքել, գետաբերանին հարմարեցրել, ամեն օր կես դույլ բեղլու է բռնվում, տափակաձուկն ու միրզեն՝ դեռ չեմ հաշվում: Մենակ, պատահական մեկը, անասունի ման գալով, ռաստ չգա, տոպրակն է լցնելու՝ իր հետ տուն տանի:

   Օհո՜… որ իմանաք դեռ՝ գետափի իմ այգու հարևանն ով է: Քինսի Պոլանսկինն է — Պարսամյան Սամվելի աղջիկ Էսթերը:  Սանրվածքը դեմքին պատշաճ, զիլ դեղնածամ, թեյից խմիր, շուրթդ հազիվ կպցրու՝ այտից պաչիկ արա: Կատակը՝ մի կողմ, ծանոթ չեմ նրան, մոտենալն էլ՝ հայոց հարց կլինի երևի: Նախ, տատն է միշտ գլխավերևը, «սա տար, էն բեր, ախչի՛, ինչի եք նստել, կուրո՞րտ եք եկել», հետո էլ՝ մի թեթև փոքր է տարիքով, շեղումուռ  մռութ է անելու:  Տատը՝ Անժիկը, Էսթիկին  ծիտիկ է ասում: Բայց ի՜նչ շուրթեր ունի այդ ծիտոն, ի՜նչ աչքեր, այտեզրերից ո՜նց կպաչեի՝ հազիվհազ դիպչելով: Ի՜նչ էլ բույր են բռնում քամին ու գետափի խամ հանդը, երբ նա տատի հետ բոստան է գալիս: Թող հուշտ չանեմ, լա՛վ, հաջորդ շաբաթ կփորձեմ զբաղվել նրանով, միգուցե սիրտս էլ սկսի կարգին պարարել, գուցե տխրությունս տեղատվություն սկսի: Վիշտն ինձ գերի է վերցրել, չգիտեմ՝ պատճառը որն է:

Նկարի հեղինակ՝ Քասեյ Օկոննել

   Գլուխ կկոտրի Անժիկը՝ թոռանը մի տեղ կանգնեցնես, դեղնածամը քաղաք պիտի մարդու գնա: Քննիչի, առնվազը ոստիկանի, կամ, քարը տրաքի, մեծապաշտոն մեկի վարորդի որդու համար է Քինսին: Ճիշտ է, նա՝ Էսթիկը, չեմպիոնների լիգայի գավաթի եզրափակիչին կիսամերկ խաղադաշտ նետվողներից  չէ միանգամայն,  ոչ էլ, ճիշտ է, իրեն միառանձնակի գովազդողներից, բայց՝ իր տատ Անժիկին լսելու է, հավանաբար, հետո որ, տարիներ անց, ֆեյսբուքում, թաքուն մի օր, հիասթափված, անծանոթ մի որձի հետ, բերանբաց գանգատվի ամուսնուց: (Սա, հավանաբար, թարախ լինելուց եմ գրում, իհարկե, ինքս էլ եմ հասկանում): Գիտեմ, հարկավ, ինչ է լինելու, որ Էսթիկին մոտենամ: Գիտեմ: Իմը՝ մի ամիս սիրախանդ չարչարվելն է, մի թեթև, ասենք, պաչելը, դա էլ՝ կստացվի-չի ստացվի, ինձ նույնիսկ հետաքրքիր չէ, սեռամտահոգ չե՞մ հո: Եթե խիղճս մեջտեղ դնեմ, ազնվանամ, պիտի ասեմ՝ որ ոչ մեկն այս պահին դարդս չէ: Համ էլ՝ ամեն սիրուն աղջիկ քոնը չէ, էլի, ինչքան էլ լեզվանիկ լինես, սիրտ շահես, օձը բնից  հանել իմանաս: Հասկանալի է:  Աղջիկներն ավելի շուտ են գլխի ընկնում ամեն ինչ: Տղան սկսել է ղունղունալ՝ հարկավոր չէ անպայման նորածնի շորի մասին մտահոգվել: Սխալ ենք ապրում բացարձակապես:  Էսթիկը ուրիշինն է, քաղաքից մի ջոջ է նրան աչքադրելու իր տղայի համար հաստատ: Նույն այն ջոջն է, որ կռվի թունդ պահերին, ազգուտակի բոլոր կապերը իրար է տվել, անվտանգ տեղ գտել ծանոթի միջոցով՝ մենակ ճակատ չգնա, իր արյունը մերից կարմիր է, իրեն հասնում է՝ բանակի մի սննդի կամ գոնե զգեստի պահեստում գլուխ պահի, մինչև երկիրը խաղաղվի, ամեն ինչ իր տեղն ընկնի: Մարդը խորհրդավոր զգայարան ունի, զանազանելու՝ որն է իրենը, որը՝ ոչ: Վայը եկել տարել է, երբ պատանդ ես դառնում օտար մեկի հետ քեզ կապելու անհարազատ մոլուցքին: Հետո երկու ռոքով գլուխդ թակելու ես, ինչքան էլ ուզես, բանը բանով անցած, ուրիշի մեղադրես՝ չի ստացվելու,  խիղճդ անսալու է գայթակղությանը, բայց ժամանակ առ ժամանակ քերծելու է հոգիդ:  Ի դեպ, լրագրողի ձիրք էլ կա մեջս, թարախ բան՝ թե ջոկում ես, կարգին պատեհապաշտ լրագրող կարող ես լինել, իզուր չեմ դիմում գրել քաղաք՝ գործի ընդունվելու: Ոմանք միայն այն են ասում՝ ինչ հարկավոր է ասել, իսկ ես ասում եմ՝ ինչ ուզում եմ, բայց այն, ինչ ուզում եմ ասել, ճիշտ է՝ ոչ ընդունելի է ու ոչ էլ կիրթ-գրական, խոսքերս հաճախ սոսկական հայհոյանքներ են, ինձ զսպում եմ, փորձում քաղաքավարի լինել, ահա՝ տարբերությունը: Ասել եմ՝ կտրել, տուն պիտի գնամ, հերիք է, խաղաղություն է, գնում եմ տուն: Եկել եմ տուն, բայց սա դեռ կես գործն է: Եթե ասեմ՝ կիմանաք, թե խենթ եմ, կմտածեք, թե մոլագար եմ:

   Ի՜նչ զազրելի պաթետիկ ու վերամբարձ եմ՝ բայց…

   Մոտովորապես մի տարի է անցել հրադադարից — կարճ եմ կապում — եղբայրս արդեն ընտելացել է իր միաչքանի կյանքին: Ղարալարի գլխին՝ գետի վրա դիրքում է վիրավորվել: Այդ օրվանից նա աշխարհը մի աչքով է տեսնում, Երևան ապաքինվելուց հետո տուն է եկել՝ ցավից խաղաղ, անճանաչելի, ուրիշ մի անձ: Չեմ հարցրել, կատակի տալով նույնիսկ՝ հարմարվել է, թե չէ՝ մի աչքով լույս աշխարհը տեսնելուն:

   Շամիկին, անտառի դիրքից տեղյակ պահելուց հետո, տղաներին տեղում հրաժեշտ եմ տվել: Մի շաբաթ առաջ, ինքնագլուխ ականապատ  բացատ դուրս գալու համար, Մակոյին քիչ էր մնացել ծեծեմ, ինձանից թերխաշ էր, նրա հետ էլ եմ վերջում ողջագուրվել, հետո՝ ոտքով ճանապարհվել տուն: Ինձ համար կռիվը վաղուց է գլխել, սա էլ՝ հրամանատարության խնդրանքն էր՝ ջահելների մի խումբ տանել առաջնագիծ, ընտելացնել ունեցածին, հետո որոշելու՝ հոժար կամքով ինչ անել՝ մնալ, թե գնալ դեպի խաղաղ անհայտություն:

  Մի ուսապարկ էր մեջքիս, գոտկատեղի չափ ձյուն է դրել այդ գիշեր: Այստեղ, նույնիսկ խաղաղ տարիներին, մեքենա չէ հռնդացել, երբեմն տրակտորներն են ընդամենը ուշունց-հռհռոցով, խոր ծմակի հեթանոս արձագանքի մեջ, ծածկագերան-ծպեղացու կամ բսաչոր  փայտ հանել հոգսի համար: Զառիվեր պիտի գնայի մի հինգ կիլոմետր, իջնեի Մարդսպան -շրջակա անտառի անունն է Մարդսպան — իսկական որ մարդասպան: Քաղցած, ծարավ՝ ինչպես միշտ մատների արանքով էի իրիկունը նայել՝ կես մետրից  ավել խոր ձյան միջով անցնելուն, անտառը ոտնատակ պիտի տաս, տասը-տասնհինգ կիլոմետր կտրես: Դե արի՝ ողջևառողջ Դրմբոն հասիր:  Կուրծքս նվաղել է ջերմությունից, դողն ավելի շատ անհույս լինելուց էր ինձ մրսեցնում, անոթի լինելու հյուծախտը պարզապես ստիպում էր քեզ՝ շունչդ փչես այդ օրը, բայց ճիգ եմ արել՝ գնալու դեպի հաշտ ապագա: Իսկական խիզախություն է Չլդրանից Ճիլոտ բարձրանալը, պիտի ստիպես քեզ՝ մոռանալու ամեն բեռ, քեզ նեղես՝ լուռումունջ քայլել, ճնշես քո միջի նվնվոցը, պիտի կրկին կռիվ տաս տկարության հետ՝ առաջ գնաս:  Թուլացար՝ հեղեղը կհաղթի քեզ, կկոտրի հոռդ, էլ չես կարող ոտքի կանգնել: Ոչ ոք քեզ ապավեն լինել չի կարող, ընկել ես՝ պիտի քաշես:

   -Տատի, տատի՜, մին էլ ե՞րբ ես գալու մեր տուն,- փեշից կախվում էի ես, որ իմանամ՝ կրկին նրա գալու մասին:

   -Է՜, դուք ի՞նչ տուն եք, մի կատու էլ չունեք, գալիս եմ՝ ինչ անեմ, է՜,- դիտմամբ ինձ հետ մեծավարի խոսում էր տատիկն ու ձևական արդարանում:

  Ծիրանիներ են չոր կանգնած մեր տան դիմաց, գետնին տեղ-տեղ հավի լքյալ փետուր է քամու հետ խաղս տալիս, տերևաթափ է, ծառերը լուռ տերև են արտասվում, նրանք ինձ սիրում են: Մեր տունն ինձ ապրեցնում է, մեր բակի ամառ-ձմեռ շորորացող բարդին իմ տարիքին է, գետինն ահա՝ շականակագույն, ցրտոտ, իմ երազին՝ բարձրացել եմ Ջրակնի քերծը, տակն անդունդ է: Բամբակ մառախուղի մեջ, տեղ-տեղ, ցամաքը ծիկրակում է, ոտքս չսլկի՝  տապալվեմ: Կառչում եմ անհուսալի քարադարսերից, ստվերարկյալ կաղնիները ապավեն են խաղում, հանկարծ կարկամում եմ երազի մեջ: Իրականում, ուր որ է անկշիռ արշալույսը կխուժի ձորը, ինձ վերմակին եմ գամում՝ քունս չհատվի, երազը համեղ է ու դառնալի: Հոգեպարար այդ դրախտի մեջ ինձ ինչ-որ տաքուկ վիշտ է ուղեկցում, կորստի ապարդյուն մի որոնում՝ շրջել է տալիս ինձ Վարդեմբերի դարավանդի միջով դեպի կանաչ,  ծանոթ մի եդեմ: Սակայն մի երակի մեջ՝ գիտեմ, որ զիլ, հուռթի այս կղզյակը, դեպի ստորոտ, վտանգավոր մի պռունկ է տալիս, ինչքան ուզում եմ հետ մաքառել դեպի խորքը, ապահով մի տեղ՝ դիվային հրապույրն ինձ քաշում է դեպի անդունդի ճակատ, որտեղից կիսադեմ դեպի ներքև շրջվելն անգամ՝ ցավալի գահավիժման է տանելու քեզ: Դու չես մտածում նետվելու սարսափի մասին, թե ինչպես ես կտոր-կտոր դառնալու անդունդի տակ, հնամենի սուր կրաքարերի վրա, իսկ հետո մշտահաս գիշանգղերը՝ անուրջի գեհենական այդ վիհի տերուտիրականները, պտույտ են տալու քո գլխավերևում: Քնի մեջ ժպտալու ես մեկեն անպաճույճ, միամիտ երազի վրա, ու՝ պաղ սրսփանքը կամաց-կամաց քեզանից հետ է քաշվելու: Ցեխծորի թիկունքից՝ արեգակի կարմիր շողքը խանդաղատելու է քո առավոտը:

   Ինչքան էլ փորձեմ՝ ինձ ետ պահել անիմաստ օրեր ծախսելուց, մեկ է՝ սիրտս ինձ հաղթելու է, հաջորդ օրը ելքը գտնելու եմ: Էսթերի համարն իմացա, արդեն կարող էի «sms» գրել: Առհասարակ՝ երբ ես ու Արտուշը խմում ենք, սիրավառվում եմ, սկսում՝ գլխիս արկածներ ման գալ, մեկ՝ Ծմակուհող ենք գնում, անունը դրած՝ քեֆ, մեկ՝ գրազով ամբողջ օրը բիլիարդ ենք խաղում կլուբում: Կանխազգացություն ունեի, որ օրն անհաջող է մթնելու:

   -Ողջույն,- գրեցի Էսթերին:

   -Բարև,- պատասխանեց նա: Կես ժամը ինձ մի ամիս թվաց, այդ ընթացքում հասցեցրի ինքս ինձ աշխարհի անհաջողակի պիտակ կպցնել, հանդիմանել, ամեն մեղքի մեջ մեղադրել, կատվին ոտով կոպիտ հրել ու՝ բոստան մտնել: Հետո՝ ջղայնությունից ու շինծու համարձակությունս երկարաձգելու համար, իբր ծարավ եմ, խնդրեցի՝ մի բաժակ էլ գինի լցնել: Տատս գրաֆինը կիսատ բերեց, բաժակի մեջ քլքլացրեց՝ հասցնելով անտեղի դիտողություն անել. 

    -Ստամոքսն էդպես են սկսում փչացնել, վայ աստված,- բայց ես նրան չէի լսում, մտածում էի, թե չոր «բարև»-ից հետո, զրույցը չսպանելու համար՝ էլ ինչ պիտի գրեմ Էսթերին, որովհետև սթափվելուց հետո, վստահ էի, որ ավելի վատթար է լինելու իմ հոգեվիճակը: Ինքդ քեզ մեղադրելուց ավելի խորշելի զգացում՝ հավանաբար չկա: Դժվար լինի երևի՝ խիղճը քրքրող ուրիշ մի հույզ, քան ինքնանվաստացումն է: Գիտակցում եմ քեֆս հազար պահին, որ քանի դեռ զվարթ եմ, պետք է շարունակել զրույցը, հետո ուշ է լինելու, պետք է հաջողությամբ պսակել արկածախնդրությունը: Այդ պատճառով, ամբողջ իմ ստեղծագործական ունակությունը գործի դրեցի, դիմելով անկեղծ մի կատակերգության.

    -Կույր իմ այս ազնվությունը՝ քեզ սիրելու ամենավառ արտահայտությունն է, դու տեղյակ ես այդ մասին, չէ՞, Էսթեր ջան,- գրեցի նրան ու՝ իսկույն հանգցրեցի հեռախոսս:  Մեկն ասի՝ որտեղի՞ց  քեզ այսքան հապճեպ ազնվություն, դեռ մի հատ էլ, երանի՜ մեզ, «կու՜յր»: Ա՜խ, ախր, լեզուդ ո՞վ էր քաշում, գլուխդ հանգիստ, քո համար պահիր, էլի, մեծ մարդ ես արդեն: Մի հինգ րոպեից՝ միացման կոճակը կրկին սեղմեցի: Խողովակը բեռնվելու պես՝ զույգ «sms» ծլնգաց: Այստեղ հասցեատերերին բնականաբար ես կարող էի շփոթել, զուգահեռաբար Արուսին նախատեսած, թունդ սեքսիստական բաները՝ վերցնել, Էսթերին ուղարկել, բայց՝ ոչ, էշը միանգամ է ցեխում մնում: Էսթերից ընդամենն իմացա, որ ուրբաթ օրը մենակ է լինելու այգում, իսկ Արուսին գրեցի՝ խիստ զբաղված եմ լինելու առաջիկա շաբաթներին, քիթ սրբելու ժամանակ չունեմ ամենևին: Այնպես որ՝ հարբած «sms» գրելուց՝ էլ վտանգավոր բան քիչ կա այս արևի տակ: Քինսի Պոլանսկու հետ հանդիպումը, անխոս, արդեն հաշվենք՝ կազմակերպված է:

      Մեր երջանկությունները կցկտուր են…

  Վերջապես որոշեցի՝ իմ արտաքինն էլ կարգի հրավիրել           , մեր թաղի Սուրիկի մոտ՝ գլուխ խուզելու գնացի: Նա վիրտուոզ է, ամեն արհեստ հասկանում է, կարելի է ասել՝ Սուրիկը մեր թաղի Դանի Ալվեսն է, ամեն հարցում առաջինն է ու՝ հաղթողը: Դարվինենց Միշիկը մեքենայով պատահեց ճանապարհին, վերցրեց ինձ, եկանք դեպի Սուրիկենց, մինչև կնստեի, նա իր գործը կաներ, որոշեցինք՝ հետաձգել, ու՝ հաց  կերանք միասին:

   Իրիկուն է հիմա: Անտանելի հարբած,  ուշ եմ տուն հասել: Մեռյալ, անխռով քնի մեջ եմ: Բակում այծուոչխար մերոնք վաղուց կթել են արդեն, Նանեն լացելով է խոսում տատիկի հետ, չիմացա՝ թե ինչու: Նրանք նոր են դեռ ընթրիքի  պատրաստվում: Խոհանոցում աման-չամանի շրխկոց է լսվում: Արտուշն էլ է արդեն քնել: «Տրիումֆ»: Սառնարանի անքաշ մածունը տարվա այս ժամանակին համեղ բան է, մանավանդ, երբ հազիվ ես ողջմիտ զգում քեզ: Մոռացա, թե երեկ Արտուշը ինչպես է սրտոտել, արտասվել կեսօրահացին: Ֆուլթոնի ելույթի մասին ռուսերեն աղոտ ինչ-որ մտքեր էի հիշում, բայց երեկվանից Արտուշի պատմածը, ինչքան էլ անտակ հարբած լինեի, չմոռացա: Իսկը՝ ֆուլթոնյան համատեքստի մի նյութ էր: Ու մարդն արաղի թմբիրի միջից լացել է՝ իր միջում միշտ պահող հին այդ եղելությունից:  Ընդհանուր ժողով էր կլուբում, Խոսրովը կանգնել, ասել է.

    -Ընկերներ, ժողովը ղեկավարելու համար, եկեք, նախագահ ընտրենք՝ ընկեր Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինին: Բոլորը, որոտընդոստ կանգնել, խանդավառ ծափահարել են: Աչքի ծայրով ոմանք նայել են, տեսնեն՝ առաջինը ծափն ով է ընդհատելու, հարմարեցնելու նստարանը, որ նստի: Տքնաջան, բարեխիղճ աշխատանքի համար, խոզի կաշվից, ուրեմն, մի զույգ նոր կարած տրեխ են որոշել՝ նվիրելու առաջադեմ կոլտնտեսական Քյուսնաթանց Սիմոնին: Սով տարի է, Սիմոնի հերթն է գալիս՝ սար բարձրանալու: Խեղճը քաղցին չի դիմանում, սարում, աչքից տապուռ — Փուլուսանց Շենի աղբրին էլ՝ աման-չաման է միշտ պահվում — նա զույգ տրեխը հանում, լվանում է աղբրին, եփ տալիս՝ ուտում, որ հյուծվածությունից ուշքը մի քիչ գլուխը հավաքի: Նախագահ Ղուլյան Սուրենի ականջին է հասնում լուրը, արտահերթ նիստում ՝Սիմոնը միաձայն  տրոցկիստ է որակվում, բայց թեթև է պրծնում, ընդամենը երկու-երեք օր է, սոված- անոթի, հանրային զուգարանում բանտարկման դատապարտվում:  Սիբիր-բան՝ տրեխ ուտելու համա՞ր, մի տուն լիքը մանուկ ունի, լուրջ չէ: Արտուշն ամեն հաց ուտելուց՝ այսպիսի մի զրույցից արտասվում է ու՝ երկրին, անցյալին՝ չմահավան, պառկում քնելու:

   Տատիկի ձայնը գոռալուց խզվել է: Առ հաա՜: Նանեն ու Հասմիկն իմ քույրիկներն են, նրանք այստեղ են: Տատի հեռու ազգականուհի Լիդան հյուր է եկել Արտաշատից՝ աղն է պակաս, կամ մաղը: Երևում է՝ ծանր են ապրում, տատիկը մի էշաբեռ մթերք է՝ տոպրակների մեջ, առանձին-առանձին սարքելու՝ Լիդան իր հետ տանի: Հետո, ձմռան ամեն օր, երբ մարդուկին տուն են ընկնելու, բուրդ է քծծելու, ամեն բարեկամ-ազգական-չազգականի համար՝ եղերգ տա:

   Կարտոֆիլի տեղը, քանի խաբուսիկ արև է՝ բահել է հարկավոր, շուտով ձյուն է դնելու: Վաղն իջնելու եմ ձորի այգին, ինչ-որ խելքը պակաս ուլեր են հայտնվել, ասում են, մեր չափարը խլուրդի նման փչացնում են: Խորենի բարձիթողի ուլերն են՝ տիրոջ նման թամբալ ու անգլուխ: Աղվանը գարնան դեմ մեղվափեթակ է ինձ խոստացել, ով մեռած-ով կենդանի: Ծիծեռնակներն էլի ցածր են թռչում, իրենց սրատելով պար բռնում խելագար, եղանակն ուրեմն փոխվում է:

  Պատուհանից ժամանակ առ ժամանակ դուրս եմ նայում: Անիմաստ եռք է: Հուսահատության մի ահիպարան թախիծ է խրկվել սիրտս էլի: Ինձ հետզհետե քաջալերում եմ, արյունս թրթռում է, խայտալով սպասում՝ անտես մի հրապույրի:

  Վաղը եռուն օր է սպասվում:

   Ֆուլթոնի ելույթը՝ ապոկալիպսիսին հաջորդող գարնանն էր, Չերչիլի մտքերը միառանձնակի ինձ հետատքրքիր չեն, մոռացա ծավալվել: Արտուշի երեսը անհաջող թրաշում էի, ածելին քերծել է նրա դեմքի խլթուփոսերը, բարեբախտաբար, հայելի չկար նրա դեմ-հանդիման, ինքը դեռ չի նկատել: Ծիծաղս մեկ գալիս է, մեկ՝ վախում եմ՝ թրաշելուց հետո շան լափ է թափելու գլխիս: Հայելու մեջ՝ որ նայի, ադեկալոն փշտացնի իր վրա, թերթի կտորտանք է կպցնելու երեսին՝ ածելու շեղբի թողած արնաքերծերը մակարդելու համար: Ծիծաղս հուպ եմ տալու, ապա՝ փռթկացնեմ, նա պողպատե կրակխառնիչը իմ ետևից՝ մինչև բակի երկաթակուռ, մեծ երկփեղկյա դարպաս փախչելը՝ նետելու է:

   Այ հարա՜յ…

  Գլխումս մտածումներ շատ կան, բայց մեծ ալարկոտություն է մտել մեջս, անցնող տարին անկասկած իմ ընդվզումի ու տխրության անողոք ժամանակն էր: Տարին նաև խորհրդանշական է. տասը տարի է՝ դպրոցն իմ ավարտելուն, կանոնավոր ծխում եմ, գրեթե վաստակավոր հարբեցողի նման՝ խմում, սեռամտահոգության մասին՝ խոսել չեմ ուզում: Շատ բանի վրա տաբու եմ դրել, միայն թե՝ դիմանամ, կողքովը լուռ անցնեմ: Ի՜նչ է մնում ուրիշ անելու…

   Մի աներևույթ տեսիլք է պատանել ինձ, միակ հովությունը՝ կպչուն հրեական ասույթն է. «երբեք չի լինում այնքան վատ, որ հետո լինի ավելի վատ»:

   Կեսօր է:

   Ուշ աշնան պաղ արևը կարծես ձեռքերը վեր է բարձրացրել…

No Comments

Leave a Reply