Արամ Արծրունու «Անմահների պատերազմը» գեղարվեստավավերագրական պատումների ժողովածուն նվիրվում է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Հովսեփյանի հիշատակին և գոյապայքարի մյուս հերոսներին։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։
Ardi.am-ը ներկայացնում է գրքում տեղ գտած պատումներից մեկը։
Ձմերուկի համով
Երևի նույն կերպ կպատրաստվեինք աշնան հերթական բերքահավաքին ու տերևաթափին, բայց ունենք այն, ինչ ունենք։ Կարիք չկա բողոքելու, կարիք կա սեփական ինքնության ու գոյության կռիվ տալու։ Գուցե մենք պարտվենք, բայց չենք ոչնչանա։ Ամեն ինչ առավել քան պարզ է. մեզնից ոչ ոք պատրաստ չէ հող զիջելու, մինչև չհամոզվի, որ չի կարող այդ հողը պահել։ Իսկ գուցե մենք հաղթենք, կարող է ո՛չ այսօր, կարող է ո՛չ վաղը, բայց մի օր պիտի ավարտվի այս ամենը։ Մի օր, երբ յուրաքանչյուր հայ կլինի իր ճիշտ տեղում ․․․
Այսօր Արցախում պատերազմը շարունակում էր նույն սաստկությամբ, բայց նոր մի խնդիր ևս ծառացել էր մեր առջև։ Հայաստանի տարածքի՝ Վարդենիսի վրա ևս հարձակում էր եղել։ Սա փաստացի նշանակում էր ոտնձգություն Հայաստանի Հանրապետության հանդեպ, իսկ թե որ երկրներն այս դեպքում ինչ պարտավորություններ պետք է ստանձնեին, մենք բոլորս գիտենք: Բայց արդյո՞ք նրանց հարկավոր էր իրենց պատրավորությունների կատարումը. միայն մեկ դեպքում, եթե դա բխեր իրենց շահերից:
Մենք ճակատագրական մի թերություն ունենք։ Ցանկացած կառավարչի, պաշտոնյայի իշխանության գալուց անմիջապես հետո նրան հնչող առաջին հարցն է․ «Դուք վարելու եք ռուսամե՞տ, ամերիկամե՞տ, թե՞ եվրոպամետ քաղաքականություն»։
Մինչդեռ պիտի վարենք հայամետ քաղաքականություն, իսկ դաշնակցենք բոլոր նրանց հետ, որոնց շահերը համընկնում են մեր պետության և ազգի շահերին։
***
Ավտոբուսի մի վարորդ արդեն աղտոտված սպիտակ շորով ղեկի փոշին էր մաքրում, երբ հին «Նոկիան» սկսեց ինչ-որ հաճելի մեղեդի հնչեցնել։ Մռթմռթալով ու կլորիկ փորը մի կերպ շարժելով՝ նա վերցրեց հեռախոսը։ Աղջիկն էր։
— Ջանա՞։
— Պա՛պ, ծամոն ա կուզեմ՝ ձմերուկի խամով։
Ի՜նչը ավելի կմեղմացներ իր կյանքից դժգոհ վարորդին, եթե ոչ դստեր քնքուշ ձայնը։
Ավտոբուսում մոտ քսան մարդ կար։ Պիտի Երևան հասնեին։ Վարորդը առաջարկեց բոլորին իջնել մաքուր օդ շնչելու ու հանգստանալ մոտ 50 մետր այն կողմ գտնվող հսկայական բարդու շվաքում։ Ինքն էլ շտապեց ծամոնը գնելու՝ ձմերուկի համով։
Քիչ անց այդ ավտոբուսը պայթեցվեց, բայց միայն ավտոբուսը․ մի տեղ մի աղջիկ ձմերուկի համով մի ծամոն էր ուզել։
***
Այսօր «գործին» նաև թուրքերը միջամտեցին իրենց ժամանակակից ինքնաթիռներով, և մենք կրկին սոցիալական էջերը այդ լուրով ողողեցինք, մոտավորապես այսպես․ «Օ,՜ ինչպիսի ստորություն. թուրքերը աջակցում են Ադրբեջանին»։
Մինչդեռ ոչ ոք չփորձեց հարց տալ՝ ինչո՞ւ չպիտի աջակցեր։ Ի՞նչ էինք մենք անում այս ժամանակահատվածում։ Դե իհարկե, բողոք ու գրառումներ․ «Տեսե՛ք, միջազգայի՛ն հանրություն, մեզ ինչպես են կոտորում» ։
Եթե մեր հոգեբանության մեջ իր արմատներն արդեն ճյուղավորել էր պարտությունը, ստորացումն ու ոտքեր ընկնելը, ուրեմն մենք արժանի ենք․․․ Բայց մի հզոր բռունցք ունենք, որ ոտքի է հանում մեզ ամոթալի ծնկումից՝ հայ զինվորի բռունցքը։
Խոցվեցին բանակի երկու «ՍՈՒ-25» ինքնաթիռները՝ դեռ թռիչքը նոր սկսած. սա մի բան էր հուշում․ ռազմական տեղագրությունը, գործողություններն ու կոորդինատները հայտնի են թշնամուն։ Սարսափելի էր․․․
No Comments