Այսօր արցախցիներն իրենց հողի վրա՝ Արցախում, զրկված են առօրյան ապրելու ամենասովորական պայմաններից: Զրուցել ենք «Մաթեմիկն Արցախում» ծրագրի դասընթացների մասնակից Մանանա Խաչատրյանի հետ։
— Ի՞նչ խնդիրներ է առաջացրել շրջափակումն Արցախում։
— Դրանք բազմաթիվ են, բայց ինձ համար առաջնայինը հոգեկան ճնշվածությունն է։ Արցախում են մնացել շատ երեխաներ, որոնց ծնողները Հայաստանում են, և հակառակը։ Դա չի կարող չազդել Արցախում և Հայաստանում ապրող մարդկանց վրա։ Շրջափակման խնդիրներից մեկն էլ այն է, որ սննդի պակաս կա, ավելի շատ` քաղցրավենիքի, թեկուզ հիմա ինչ-որ չափով կարողանում են հասցնել, բավարարել ժողովրդի պահանջները, բայց դեռ որոշ բաների կարիք կա։ Ինձ համար դա այդքան էլ էական չէ, որովհետև կարդալով ու ուսումնասիրելով պատմությունը` հասկանում ենք, որ սա արցախցու ճակատագիրն է։ Արցախցին այդպես է պայքարել։ Ես հիմա մտածում եմ, որ եթե գոնե մի քանի ամիս առանց քաղցրի մնանք, ու վերջում ամեն ինչ լավ լինի, էլի լավ է։
— Ինչպիսի՞ն էր կյանքն Արցախում մինչ պատերազմը։ Ի՞նչ դժվարություններ կան այսօր։
— Եթե հարցնեիք մինչ պատերազմը, կպատասխանեի` վատ, ամեն ինչ մեր պատկերացրածով չէ, ուզածով չէ և այլն… Հնուց եկած մի խոսք կա` մինչև չես կորցնում, չես գնահատում։ Իսկ հիմա կասեմ, որ առաջ շատ լավ էր. մեր հարազատները մեր կողքին էին…
Իսկ ամենամեծ դժվարությունն ամեն րոպե վախով ապրելն է։ Արցախցու դարպասները միշտ բաց են եղել, իսկ հիմա արդեն վախից կողպում ենք․ ամեն պահ, ամեն վայրկյան` վախ, անորոշություն։ Կարող եմ բազմաթիվ օրինակներով շարունակել…
— Առերեսվու՞մ եք թշնամու հետ։
— Մինչ շրջափակումը՝ այո՛, քանի որ թշնամու բեռնատարներն անցնում էին անմիջապես մեր գյուղի տակով։ Ես ականատես եմ եղել, թե ինչպես է թշնամու վարորդը շփոթեցնում մեր վարորդին, որպեսզի նա չկարողանա կառավարել մեքենան։ Հիմա, երբ շրջափակման մեջ ենք, և բեռնատարներ չեն անցնում, չենք առերեսվում, քանի որ մեր գյուղը հեռու է սահմանից։
— Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:
— Նկարչությամբ կամ արջուկներ եմ գործում։ Առաջին հայացքից սա նորմալ է, բայց ես նկարելու միջոցով փորձում եմ ազատվել իմ ներսի վատ էներգիայից, սթրեսներից, դրանք պատկերում եմ թղթի վրա և կարծես ազատվում դրանցից։ Իսկ արջուկներ գործելը պատահական չէ. պատերազմի պատճառով կորցրել եմ երկու շատ թանկ մարդու, և այդ մտքի հետ չեմ համակերպվում։
Երբեմն երազում տեսնում եմ, որ նրանք ողջ են, և ես նրանց գտնում եմ, կամ հրաշք է տեղի ունեցել, և նրանք կենդանացել են։ Դրա պատճառով սկսեցի արջուկներ գործել։ Երբ աչքեր եմ դնում և ընդգծում, կարծես կենդանացնում եմ, հոգի տալիս։ Դրա հետ մեկտեղ՝ սիրում եմ նոր բաներ ստեղծել։
— Ի՞նչ փոխեց պատերազմը քո կյանքում։
— Ճիշտ է՝ պատերազմը նյութական շատ կորուստներ է պատճառել, բայց առանց դրա էլ կարող էինք ապրել… Պատերազմն ինձնից խլեց հորս և պապիս։ Նրանց այս կյանքում ոչինչ ու ոչ ոք չի կարող փոխարինել։ Պատերազմը խլեց անկեղծ ժպտալու, ուրախանալու կարողությունս։ Պատերազմը խլեց…
— Ինչպե՞ս ես տեսնում արցախցու վաղվա օրը։
— Հիմա դեռ անորոշություն է, բայց ես հավատում եմ, որ մի օր ամեն ինչ կկարգավորվի։ Հավատում եմ, որ մի մարդ կլինի, որը կմիավորի բոլոր հայերին, կառաջնորդի, ու ամեն ինչ հետ կգա։ Միգուցե սա հեքիաթ է թվում, բայց ես դեռ հավատում եմ։
Զրուցեց Մարինե Թաթոյանը
No Comments