Թատրոն Կարինե Ռաֆայելյան

Արևաշենի լուսառատ ճոճքում

03.04.2025

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Արևի մարդիկ» ներկայացումն օրերս արժանացավ «Արտավազդ» մրցանակի, ինչը ոչ այնքան անսպասելի և իհարկե, հաճելի ձեռքբերում էր ստեղծագործական խմբի, մասնավորապես՝ բեմադրիչ Ռուզան Խաչատրյանի համար։

Ռուզան Խաչատրյան

Բամադրության հեղինակն է արցախցի գրող Հերմինե Ավագյանը։

Հերմինե Ավագյան

Ռուզան Խաչատրյանը նույնպես արցախցի է, նախկինում՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։  Ստեղծագործական խմբում ընդգրկված են շնորհալի արվեստագետներ․  նկարիչ՝  Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչ՝ Մարինա  Թադևոսյան, պարերի բեմադրիչ՝ Էդգար Կարապետյան, անիմացիայի հեղինակ՝ Մարիամ Մուրադյան։

Բեմադրությունը բազմամարդ է, կերպարները՝ իրական, կենսախինդ, հոգսաշատ, հուսառատ ու հուզառատ։ Իմաստուն ծերունուց մինչև շաղակրատ, աշխույժ կանայք, համակրելի, գործունյա երիտասարդներից մինչև անհասկանալի, անընդունելի վարքուբարքի կրող արտագաղթյալներ ամբողջացնում են արևով ողողված, արևի շողերից իրենց առօրյան կախ տված-ճողող մարդկանց ու նրանց բնօրրան Արևաշեն գյուղի համապատկերը։

Արցախի հեռավոր ու գողտրիկ մի գյուղում՝ որտեղ արևն  այնքան  մոտ  է  ծագում,  որ  թվում է՝ արթնանում ու  քնում  է  մարդկանց  ներսում,  ապրում  են  «Արևի մարդիկ»։ Այնտեղ՝ արևի բնակավայրում, կողք կողքի բնակվում են ցավը, կորուստը, կամակորությունն ու միամտությունը։ Բայց նույն պահին այդ վայրում արթնանում են 

անկեղծ հումորը, ապրելու ու արարելու անսպառ կամքը։ Այս գյուղի ներսում թաքնված է Արցախի դիմագիծը՝ իր հմայքով, ճակատագրով ու անսպառ հավատով։ «Արևի                    մարդիկ» ներկայացնում են կյանքը, որտեղ միահյուսված է հավատարմությունը  սեփական հողին, լույսին ու ապագային։

Դերասանական կազմում թե՛ թատրոնի վաստակաշատ դերասաններն են, թե՛ երիտասարդները, թե՛ արցախցիներ, որոնք անհատական տարբերվող որակներով հանդերձ մեկ ամբողջի անքակտելի մասնիկն են դառնում։

Ահա դերասանական կազմը․ Աստղիկ — Շողեր Սարգսյան, Հարություն — Արթուր  Կարապետյան, Մանյա — Տիգրանուհի Տեր — Մարկոսյան, Նազիկ — Ռուզան Գասպարյան, Սիրանույշ — Սաթիկ Հախնազարյան, Արուս — Զարուհի Խաչատրյան, Սահակ — Մարատ Դավթյան, Վալոդ — Արմեն  Կարապետյան, Աշխեն — Մարիամ Գրիգորյան, Գյուղապետ — Սերգեյ  Ոսկանյան, Տիգրանիկ — Արսեն Ալբարյան, Դավիթ — Սիփան  Զադոյան, Անահիտ — Հասմիկ Մխիթարյան, Խաչիկ — Կարապետ Քարաջյան։

Դերասանների խաղին միանում են թատրոնի բալետային խմբի արտիստները։ Բեմական տեսարանները շահեկանորեն լրացնում, անգամ տեղ-տեղ գերիշխող են դառնում անիմացիոն բարձրաճաշակ, խորիմաստ լուծումները, որոնց շարքում առանձնահատուկ հաջողվածություն ունի Մոնթեին ներկայացնող հատվածը։

Դրվագ «Արևի մարդիկ» ներկայացումիցԱրթուր Կարապետյան (Հարություն), Շողեր Սարգսյան (Հասմիկ)

«Արևի մարդիկ» ներկայացման բեմադրիչ Ռուզան Խաչատրյանի հետ ճեպազրույցից տեղեկանում ենք․ «Երկրորդ անգամն եմ անդրադառնում Հերմինե Ավագյանի ստեղծագործություններին։ Առաջին անգամը 2019-ին էր, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում, երբ բեմադրեցի «Լուսաբացից առաջ» ներկայացումը՝ Հերմինեի «Պատերազմ, աչքեր, ծաղիկներ» գրքի հիման վրա։ Հեղինակը գիրքը նվիրել էր Արցախի ազատամարտի հերոս իր հայրիկի հիշատակին։ «Արևի մարդիկ» ներկայացման հիմքում Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասիր» պատմվածքների ժողովածուն է։ Երբ բեմադրության սցենարը պատրաստ էր, ես և Հերմինեն որոշեցինք կոչել այն «Արևի մարդիկ»։ Ներկայացումը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի հիմնական խաղացանկում է ընդգրկվել, և դա մեծ հաջողություն է մեզ համար»։ Մեր հարցին, թե ինչ անվանակարգում է «Արտավազդ» մրցանակի արժանացել ներկայացումը և ինչ զգացողությամբ է այն ընդունել ռեժիսորը, Ռուզան Խաչատրյանը պատասխանեց․ «Մրցանակն ստացել եմ «Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում։ Սա իմ երկրորդ «Արտավազդն» է․ «Լուսաբացից առաջ» ներկայացումը նույնպես «Արտավազդ» է ստացել։ 2020 թ․ պատերազմի պատճառով «Արտավազդ» մրցանակաբաշխությունը չէր կայացել։ 2021-ին կայացավ այն՝ ամփոփելով վերջին երկու տարիների թատերական ներկայացումների արդյունքները։ Այդ ժամանակ մեզ հանձնվեց «Արտավազդ» հատուկ մրցանակ։ Չեմ կարող ասել, որ «Արևի մարդիկ»-ի դեպքում ակնկալիքներ եմ ունեցել, սպասել մրցանակի, որովհետև աշխատելիս ինձ հետաքրքրում է ստեղծագործական պրոցեսը, ոչ թե մրցանակներ ստանալ-չստանալը։ Բայց երբ իմացանք, որ «Արևի մարդիկ»-ն ընդգրկվել է մրցույթում, արդեն որոշակի սպասումներ կային։ Իհարկե, հաճելի էր, որ մեր ներկայացումն արժանացավ մրցանակի»։

Ահա թե ինչ է պատմում Հերմինե Ավագյանն իր գործերի և դրանց բեմականացման ընթացքի մասին․ «Պատմվածքներիս գիրքը, որը կոչվում է «Վազում եմ, սպասիր», 2020-ին է լույս տեսել`պատերազմից օրեր առաջ։ Այնտեղ ընդգրկված բոլոր պատմվածքները ծնունդ են առել իմ հայրենի գյուղում` Աշանում։ Ինչպես ներկայացման մեջ է ասվում` երբ ես փոքր էի, կարծում էի, թե աշխարհի բոլոր հայտնի մարդիկ մեր գյուղում են ծնվել, անգամ` Մոցարտը։ Իրականում մեր գյուղն ինձ համար մի չգրված սիմֆոնիա էր, որն անհայտ մնաց աշխարհի բոլոր հայտնիներին։ Այդ սիմֆոնիան եղել ու մնում է իմ ներշնչանքը, անգամ այսօր, երբ այն մնացել է կամրջից այնկողմ։ Ինչ գրում եմ այսօր, այդ երաժշտությունն իմ ականջներում է, այն ինձ է հասնում հեռվից` արևի բնակավայրից… Այդ ներշնչանքով է գրքի հիման վրա ծնունդ առել «Արևի մարդիկ»-ը… Բայց ես հատուկ չեմ նշել իմ գյուղի անունը, որովհետև այն կարող է լինել պատմություն Արցախի ու Հայաստանի ցանկացած գյուղի մասին… Մեր բոլորի սկիզբը գյուղն է, մեր արմատն այնտեղ է… Ներկայացման բոլոր հերոսներն իրական են և ոչ մի պատմություն հորինված չէ։ Ես ուղղակի նոր կյանք եմ տվել նրանց։ Ուզում եմ, որ նրանք միշտ ապրեն, ու ամեն մեկը գտնի իր կերպարը այս պատմության մեջ։ Գտնի իր բաժին արևը, իր բաժին Մոնթեին, իր մորը, իր բաժին գյուղը, իր բաժին հայրենիքը, իր ներսի մութ և լուսավոր կողմերը… Իմ անունը չկար ներկայացման մեջ, ես այնտեղ ես չէի, ես դու էի, նա էր, դուք էիք, մունք էինք, մենք էինք… Երկու անգամ խաղալուց հետո հասկացա, որ հանդիսատեսը ծափ է տալիս նույն հատվածում։ Այն ժամանակ, երբ բեմին ընդգծվում է Մոնթեի կերպարը։ Դա ինձ համար ամենաբուռն զգացումն էր. ես հասկացա, որ մենք մեր մեջ կրում ենք ազգային իղձը, հերոսների պատիվը, արժանապատվությունը… Ու առաջին անգամ, այս կորուստներից հետո, զգացի, որ սերմը նորից ծիլ է տալու, ծառ է դառնալու, բերք է տալու… Մենք մի օր քաղելու ենք այդ բերքը, հաստատ… Այս պատմության մեջ մենք ներկայացրել ենք այն, ինչը ընկած է մեր գոյության հիմքում և ի հակադրություն դրան` այն, ինչը խոչընդոտում է մեր գոյությանը։ Այս ներկայացման մեջ հերոսները գիտեն, թե ինչ է հողի ուժը և գիտեն, որ Տիգրանիկները անցողիկ են, հողը պահողները` մնայուն, ինչպես լեռները։ Մենք հասարակ մահկանացուներ ենք, մենք չենք կարող կատարյալ լինել, մեր մեջ ապրում են թե՛ Դավիթներ, թե՛ Տիգրանիկներ։ Դա անխուսափելի է։ Բայց մեր հաղթանակները միշտ դավիթներն են բերել, ու նրանց սերունդները նստարանը երբեք դատարկ չեն թողնելու։ Դա է մեր հարատևության գրավականը։ Դա է, որ մի օր նորից հետ է բերելու մեր երազանքը։ Արտագաղթը միշտ էլ կա, հատկապես այսօր` Հայաստանի բոլոր գյուղերում։ Սա պատմություն է մեզ շրջապատող իրականության մասին։ Բայց մեզ համար ապրելու խորհրդանիշ պիտի լինեն հերոսները` երեկվա, այսօրվա, վաղվա հերոսները… Այո, դիտավորյալ չենք օգտագործել բարբառը։ Նախ դա արհեստական կհնչեր, եթե դա Արցախի բեմին չէ`արցախցի դերասաններով և երկրորդ` պետք չէր շեշտադրված մունքը մենքից առանձնացնել։ Արցախից երկու դերասան էին ընդգրկված։ Դա շատ չէ, բայց լավ սկիզբ է։ Ես չեմ սիրում ինտեգրվել բառը։ Դա մեր պարագայում հակաբառ է։ Մենք մի երկրում ենք, որին մայր ենք կոչել միշտ, իսկ մոր հետ չեն ինտեգրվում, նրան պարզապես սիրում են, որովհետև նա միակն է… Մեր սկիզբը Արցախն է։ Դա չի փոխվելու երբեք։ Մեր տունը Արցախում է, մենք չենք կարող ուրիշ տուն ունենալ, որ ավելի մերը լինի։ Արցախը մեր ծննդյան վկայականն է։ Այն չի կարող փոխվել… Մենք պետք է դիտենք Հայաստանը որպես մեր բնօրրան, բայց մեր զավակները պիտի իմանան, թե որտեղ է մեր արմատը, որպեսզի մի օր գնան, նորից ջրեն այն… Դերասանները շատ հուզված էին, միաժամանակ` ամեն մեկն զգում էր, որ իր մեջ ապրում է արևը։ Նրանք իսկապես արևի մարդիկ էին իրենց զգում․․․ Կուլիսներում մե՛րթ արտասվում էին, մե՛րթ ժպտում… Ամեն մեկը ապրել է իր դերը, զգացել, թե ինչ է խաղում»։

Ներկայացման կարևոր ուղերձը կյանքի շարունակականության, սերունդների առողջ հերթափոխի հաստատուն առկայության շեշտադրումն է, մի բան, որ շատ նրբորեն, նաև համոզիչ կերպով անում են հատկապես երկու կերպար՝ Դավիթն ու Անահիտը, ինչպես և նրանց նորածին զավակները՝ անգամ իրենց ոչ ֆիզիկական ներկայությամբ բեմում։

Դրվագ «Արևի մարդիկ» ներկայացումիցՍիփան Զադոյան (Դավիթ), Հասմիկ Մխիթարյան (Անահիտ) 

Դավթի կերպարը լավագույնս մարմնավորած դերասան Սիփան Զադոյանը կարողանում է իր փոքր դերով շատ նկատելի կերպար դառնալ ողջ ներկայացման բազմաշերտ գունապնակում։ Այսպիսին է նրա ինքնագնահատականը, որ նաև տարածելի է բեմադրության այլ կերպարների վրա․ «Այս ներկայացման մեջ ես խաղում եմ մեծագույն սիրով ու պատասխանատվությամբ, որովհետև բեմում իսկական ու ազնիվ մարդկանց պատմություններ են: Երբ սկսեցինք փորձերը, արդեն անվերապահորեն սիրում էի ներկայացումը, ներքին զգացողություն ունեի, որ հաջողելու ենք: Խաղում եմ երկու կերպար` Դավիթ և Արմեն։ Երկու կերպարների դեպքում էլ առանցքային հատկանիշն ազնվությունն էր, և սա ինձ համար դարձավ հիմնական ուղեցույց: Հետաքրքիր էր ողջ ստեղծագործական ընթացքը։ Փորձերի ընթացքում, բնականաբար, եղել են քննարկումներ ռեժիսորի, դերասանների միջև, հաճախ գուցե տարակարծություններ ենք ունեցել, բայց չէ՞ որ թատրոնը հենց էդ մագիայի մասին է, երբ ստեղծագործական խմբում ստեղծվում է փոխադարձ ու անվերապահ վստահություն մեկը մյուսի հանդեպ: Ներկայացման վերջին փորձերի ժամանակ, հիշում եմ, ասացի, որ արդեն կարոտում եմ էս պրոցեսը, ու էս խոսքը նախորդ ասածիս վառ ապացույցն է: Մենք բոլորս գիտակցում էինք, որ սա առաքելություն է մեզ համար, մենք խոսում ենք մեր հայրենիքի մասին, մեր գյուղի մասին, գյուղում ապրող ու արարող ազնիվ մարդկանց մասին: Դերակատարումս մեծ չէ, բայց սա էն բացառիկ դեպքերից է, որ դերի մեծությունը չի ստեղծում արժեք, այլ ցանկացած կերպար իր գոյությամբ ամբողջացնում է ներկայացումը ու բեմում ստեղծում իրական կյանք»:

Այսպիսին են Արևաշատ գյուղի Արևի մարդիկ, որոնց հետ ծանոթությունը, վստահ ենք, արևով կլցնի յուրաքանչյուրի հոգին։

Կարինե Ռաֆայելյան