Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պրեմիերա է սպասվում։ Բեմադրվում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանի «Արտավազք 5 աստղանի» պիեսը։ Բեմադրիչը Արեն Օսիպյանն է։ Առաջնախաղը՝ փետրվարի 17-ին, ժամը՝ 18։00-ին։
Ardi.am-ի զրուցակիցը Սամվել Խալաթյանն է։
— Պարոն Խալաթյան, հանդիսատեսին գրավում են նո՞ր ներկայացումները, թե՞ հին, սիրված։ Ի՞նչ արձագանք են գտնում առաջնախաղերը։
— Որպես կանոն՝ ջերմ: Թատերասեր հանրությունը միշտ էլ զգայուն է նոր բեմադրությունների նկատմամբ: Նոր ներկայացումների առաջնախաղերը, որպես կանոն, միշտ էլ հետաքրքրություն են առաջացնում, և դահլիճը բազմամարդ է լինում: Առաջին 4-5 ելույթները նաև յուրատեսակ քննություն են հանդիսատեսի առջև: Եթե պիեսը, դրա բեմադրությունը ասելիք ունի և բարձրարվեստ է, չի կարող հնանալ և մոռացության մատնվել, մանավանդ որ, նույն բեմադրության յուրաքանչյուր նոր ներկայացում սոսկ նախորդի կրկնությունը չէ, դա ստեղծագործական գործընթաց է, և շնորհալի դերակատարն իր կերպարակերտման գործընթացում, որպես կանոն, նոր երանգներ է հայտնաբերում: Շատ-շատերը կան, որ նույն ներկայացումը պարբերաբար դիտում են և դա է «թատրոնի ձգողության օրենքի» ներուժի գաղտնիքը:
— Ինչպե՞ս է ընտրվում պիեսը, որի հիման վրա պետք է ներկայացում բեմադրվի։ Դրամատո՞ւրգն է առաջարկում արդեն գրվածը, թե՞ ռեժիսորն է ընտրում կամ գուցե պատվիրում պիեսը։
— Ձեր նշած բոլոր տարբերակներն էլ գործում են: Ավելացնենք միայն, որ եթե կա մի լավ գաղափար, թեմա, ապա պիեսը, թատրոնի լեզվով ասած, ստեղծվում է թատրոնում, բեմադրիչի և դրամատուրգի միատեղ ստեղծագործական քննարկումների արդյունքում: Չի բացառվում, որ գրական հենքի վրա ունեցած իր ավանդով բեմադրիչը նաև պիեսի համահեղինակ դառնա:
— Դրամատուրգ—ռեժիսոր հարաբերությունները․․․
— Եթե ժամանակակից դրամատուրգ է և նրա հետ հանդիպելը, հարցեր քննարկելը հնարավոր են, ապա հարաբերությունները ստեղծագործական գործընթաց են, և դա լավ բեմադրություն ունենալու գրավականն է: Անձամբ ես, ջանում եմ չմիջամտել բեմադրիչներին՝ զուտ բեմադրական մտահղացումների առումով:
— Ռեժիսորի մեկնաբանությունը, դերասանի խաղը կարո՞ղ են անճանաչելիորեն փոխել դրամատուրգիական գործը։ Ինչպե՞ս եք նայում դրան։
— Կարող են, իհարկե: Ես չեմ ընդունում այդպիսի մոտեցումը: Դա սիրողական, խելքին զոռ տալու մոտեցում է: Այլ բան է, որ բեմադրիչի և հեղինակի ստեղծագործական համագործակցության ընթացքում երկուսի ջանքերով նոր մտահղացումներ ծնվեն, որոնք զգալիորեն տարբերվեն պիեսի նախնական տարբերակից:
— Նոր պիեսի բեմականացման մասին մի փոքր պատմեք։
— Հիմնականում ընդգրկված են թատրոնի երիտասարդ ստեղծագործողները: Նրանց յուրաքանչյուրին ես լավ եմ ճանաչում և գնահատում Աբելյանի անվան թատրոնի տարբեր ժանրերի բեմադրություններում կերպարակերտման իրենց կարողությամբ ու շնորհքով: Երիտասարդ բեմադրիչ Արեն Օսիպյանը ստեղծագործական երևակայությամբ օժտված ռեժիսոր է և այս կատակերգության բեմադրության ընթացքում ևս օգտագործում է իր զինանոցը: Ինչ թաքցնեմ, երբեմն էլ այնքան հախուռն, որ փորձերին, մի քանի անգամ, ստիպված եմ եղել մեղմորեն ակնարկել, որ զսպված լինեն այդ թռիչքները՝ հօգուտ պիեսի հիմնային ըմբռնումների: Թատերախումբում ոգևորություն կա, բարձր մակարդակով կատակերգություն ստեղծելու ձգտում: Խոստովանեմ, ինձ՝ որպես պիեսի հեղինակի, որոշ դրվագներ և կամ կերպարների արտահայտչականության ծայրահեղություններ, այնքան էլ սրտամոտ չեն: Բայց, մտածում եմ, որ «հին մարդ» եմ և, երևի, դա է ինձ խանգարում երիտասարդության այսօրվա ընկալումները խորապես ընդունելուն ու դրանց համակերպվելուն: Ուստի, ջանում եմ չխանգարել նրանց: Ի վերջո, հանդիսատեսի շարքերում էլ ինձ հասակակից քչերն են մնացել և ներկայացումը, մեծ հաշվով, ժամանակակի՛ց հանդիսատեսի համար է և ոչ թե 70-ը թևակոխածներիս…
— Ե՞րբ է գրվել պիեսը։ Ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրվեց։ Ի՞նչ կտա հանդիսատեսին։
— Կատակերգությունը մեր ժամանակի հասարակական-սոցիալական կյանքում, ինչ-որ չափով՝ ներքաղաքական դրսևորումներում արմատավորված անընդունելի, ստվերոտ կողմերը ֆարսի, սատիրայի միջոցով վեր հանելու, ցուցանելու խնդիրն ունի: Թեև այն գրվել է 17 տարի առաջ, բայց, ասես, երեկ կամ այսօր է ստեղծվել և, ցավոք, կանխազգացում ունեմ, որ վաղն էլ է արդիական լինելու: Անցած տարիներին մի քանի բեմադրիչների հետաքրքրեց այս գործը, սակայն, նրանց թվում՝ անվանիներն անգամ, առաջարկում էին կրճատել այս կամ այն հատվածը՝ իշխողների բացասական վերաբերմունքից ապահովագրվելու համար: Չեմ համաձայնել և պիեսը չի բեմադրվել: Սա տխուր իրողություն է, որ մեր բեմադրիչները քաղաքացիական համարձակություն չունեն… Մինչդեռ, հպարտանում ենք, որ «Պեպոյի» առաջնաելույթներից հետո խոսակցություններ են շրջել պիեսի այս կամ այն կերպարի և Թիֆլիսում հայտնի անձանց նմանողության մասին: Ինչ որ է: Պիեսն արժանացավ հայտնի բեմադրիչ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հավանությանը և անցած տարի նա ինքն էր մտադրվել բեմականացնել: Սակայն, թատրոնի երիտասարդներին ստեղծագործելու անսահմանափակ հնարավորություններ ընձեռող գեղարվեստական ղեկավարը որոշեց դրա բեմականացումը վստահել իր երիտասարդ գործընկերոջը՝ Արեն Օսիպյանին, ում նույնպես հետաքրքրել էր գործը: Կատակերգությունը ես վերնագրել էի «Արտավազք 5 աստղանի», նկատի ունենալով, որ պիեսի հնարանքում հայոց արքա Արտավազդ առաջինն է հրաշքով հայտնվում մեր օրերում, օթևանում 5 աստղանի «Արտավազդ» հյուրանոցում և բախվում այն իրականությանը, որ երկիրն իր հասարակական-ազգային-պետական սկզբունքներից արտավազքի մեջ է հայտնվել: Բեմականացման ընթացքում առաջարկվեց այլ տարբերակ, ազդագրերում գրել ԱՐՏԱԳԱՂԹ և գիծ քաշելով գաղթ բառի վրա ավելացնել վազք բառը: Այսինքն, արտագաղթից զատ, մեր ինքնությունից նաև արտավազքի մեջ ենք:
Իսկ թե ի՞նչ կտա այս ներկայացումը հանդիսատեսին, եկեք չշտապենք և դա կհարցնենք հենց իրեն, երբ դիտած կլինի բեմադրությունը:
Զրուցեց Արմինե Սարգսյանը
Գլխավոր լուսանկարը՝ ներկայացման փորձից, հեղ․՝ Գոռ Փելեշյան
No Comments