ՄշակութաԳիծ Կերպարվեստ

Արվեստագետն ինքը դարձավ իր նախագիծը

04.06.2020

2016-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ շվեյցարական Բազել քաղաքի «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Atelier Mondial), գերմանական Ֆրայբուրգի Քաղաքապետարանի միջև մեկնարկեց «Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիրը»։ Հայ արվեստագետ Սոնա Անդրեասյանը նշված նախաձեռնության իններորդ և հայ հինգերորդ մասնակիցն է։ 2020-ի հունվարի 11-ից` արդեն վեց ամիս, նա ապրում և ստեղծագործում է գերմանական Ֆրայբուրգ քաղաքի «Kunsthaus L6» քաղաքային արվեստանոցում՝ ինչպես իր առանձին, այնպես էլ «KünstlerWerkstatt L6» գեղարվեստական տպագրության արվեստանոցներում աշխատելու հնարավորությամբ:

Այդ ամիսների ընթացքում հայ արվեստագետի ստեղծած աշխատանքները մայիսի 23-ից հունիսի 20-ը անհատական «Մինչդեռ, միջև» ցուցահանդեսով ներկայացված են Ֆրայբուրգի «T66 Kulturwerk» ցուցասրահում (Հարավային Բադեն երկրամասի նկարիչների միություն)։

«Մինչդեռ, միջև» ցուցահանդեսի շրջանակում Սոնա Անդրեասյանի հեղինակային տեխնիկայով կատարած 13 աշխատանքների հետ միևնույն ժամանակ, հանդիսատեսը կարող է դիտել Սոնա Անդրեասյանի՝ «Մինչդեռ, միջև» վերնագրով տեսանյութը, որը հայ արվեստագետը պատրաստել է համաճարակի հետ կապված իրավիճակից ելնելով՝ վերաձևակերպելով ցուցահանդեսի ձևաչափը։

Ցուցահանդեսի բացման արարողությանը  ներկա են եղել «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը, կազմակերպության ծրագրերի ղեկավար Լիլիթ Ալեքսանյանը, Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի վարչության պատասխանատու Սամուել Դանգելը և Ֆրայբուրգի քաղաքային «T66» ցուցասրահի տնօրեն Իռենե Շյուլերը և բազմաթիվ հյուրեր, Ֆրայբուրգ քաղաքի արվեստասեր հանրությունը։

ՆԱԽԱԳԾԻ ՀՂԱՑՔ

Մի քանի տարի է՝ լուսանկարիչ Սոնա Անդրեասյանն աշխատում է լուսանկարչության ալտերնատիվ տպագրության տեխնիկաներից մեկով, որը հայտնի է գումիարաբիկով տպագրություն անվամբ: Սա արաբական խեժի, բիխրոմատի և թղթի մակերևույթին եղած գույնի համադրությամբ արվող տպագրություն է, որը ձևավորվել է 19-րդ դարում և համարվում է ամենահին տպագական տեխնիկաներից մեկն աշխարհում: Վերջին տարինեին այս յուրահատուկ տպագրական մեթոդն է կիրառել ու զարգացրել արվեստագետը: Տպագրության այս եղանակը, սակայն, ընդունված չէ կիրառել Գերմանիայում, քանի որ բիխրոմատը խիստ թունավոր նյութերի շարքն է դասված: Բիխրոմատի օգտագործումն այս երկրում խստորեն սահմանափակված է, ինչի պատճառով արվեստագետը սեփական ստեղծագործական մեթոդով աշխատելու հնարավորություն չուներ:

Այս դժվարին իրավիճակը շատ հարցեր առաջ քաշեց. ի՞նչ կարող է նա անել եւ ինչպե՞ս: Պատասխանների փոխարեն նորանոր եւ, ավելի շատ, էքզիստենցիալ հարցեր էին ծագում. արվեստագետներն իրապե՞ս ազատ են, թե նրանք ամեն բանից վեր կանգնած համակարգի մի մասն են, որ սահմանափակված է օրենքներով: Ասես արվեստն ազատության ու օրենքի մեջ կամ միջև կաղապարված լինի: Արվեստը խոսում է այն լեզվով, որը թույլ է տալիս օրենքը:

«Օրենք» բառը կարելի է ոչ միայն ուղիղ, այլև խորհրդանշական և իմաստաբանական տեսանկյունից հասկանալ:

Արտաքին բոլոր պայմաններն ազդում են արվեստագետների մտածելակեպի, պատկերացումների, թեմաների, աշխատանքային մեթոդների վրա. ստեղծագործողը հիմնականում որոշում և ստեղծում է ոչ թե այն, ինչ որոշել է, այլ այն, ինչը կարծում է, թե որոշել է: Իրականում արվեստագետի որոշումները և ստեղծագործությունները, եթե հետևելու լինենք Անդրեասյանին, ոչ այլ ինչ են, քան այն համակարգի հայելին, որին պատկանում են:

Արվեստագետի նախնական հղացքը նպատակ ուներ պատկերել մարդու և ճարտարապետութան, կառուցվածքների, հյուսվածքների, մտածողության ձեւերի, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի միջև առկա հարաբերությունները, որոնք միասին արտահայտված են որպես տեսողական ձևեր: Սակայն իրականությունը փոխեց նախագծերի ընթացքը․ եկավ համավարակը:

Փաստորեն, նոր իրականություն՝  նոր արտահայտչաձևերով, որ ավելի շուտ ներկերով, սննդի բաղադրիչներով, ջրով, ալկոհոլով, նատրիումի հիդրոկարբոնատով և ֆոտոնեգատիվներով արված մի էքսպերիմենտ են ներկայացնում: Սկզբում այդ փորձառությունները պարզապես խաղ էին, սակայն ժամանակի ընթացքում վերածվեցին նոր գույների, նոր պատկերի, որոնք իրենց հերթին նոր կառուցվածքներ բերեցին: Այդ նոր արտահայտչաձերը ինչ-որ բան էին փորձում ասել, սակայն լեզուն խորթ էր հեղինակին:

Չնայած իրավիճակին, նա շարունակում էր աշխատել: Ամեն օրը նոր էր, ամեն փորձը՝ եզակի: Պարզ չէր՝ արդյունքը լավն էր, թե՝ ոչ: Մեկուսացման, հիասթափության, ուժի, պայքարի ու նոր սկզբի ժամանակն էր դա:

Փաստացի, «Մինչդեռ, միջև» նախագիծն օրինակ դարձավ այն բանի, թե ինչ ազդեցություն կարող են պայմանները, ինչպես օրինակ համավարակը, օրենքը կամ այլ իրավիճակներն, ունենալ արվեստի գործի ստեղծման վրա:

Արդյունքում, արվեստագետն ինքը դարձավ իր նախագիծը։

No Comments

Leave a Reply