Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և նրա գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը հրավիրել էին լրատվադաշտի ներկայացուցիչներին՝ ծանոթացնելու «Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի ստեղծման մանրամաներին: Հանդիպումը կայացավ անսովոր միջավայրում՝ ապագա Սնեմատեքի կիսակառույց տարածքում, որն առարկայորեն փաստեց նախագծի մեկնարկած ընթացքի անկասելիությունը:
«Այն երազանքը, որով եկանք, կամաց-կամաց սկսում է իրականություն դառնալ»,- ողջունելով հրավիրյալներին՝ ասաց Հարություն Խաչատրյանը: Իսկ երազանքի բաղադրիչները տարբեր են եղել՝ սկսած կինոմիության, Կինոյի տան բոլոր փակ դռները բացելուց մինչև Ազգային կինոյի ինքնօրինակ թանգարանի՝ Սինեմատեքի ստեղծումն ու հայ կինոյի հանրահռչակում-վերապրեցումը: «Մենք նպատակ ունենք, որպեսզի բոլորով միասին աշխատենք,- ասաց միության նախագահն ի մասնավորի,- և՛ կինոն, և՛ թատրոնը (նկատի ուներ Կինոյի տան շենքում գտնվող Մալյան թատրոնը), և՛ թանգարանը: Հրաժարվել որևէ բանից, որ տարիների ընթացքում ձևավորվել և կայացել է, կլինի մեծ և անիմաստ շռայլություն»:
Արայիկ Մանուկյանը հանգամանորեն ներկայացրեց ապագա կենտրոնի հայեցակարգը: Կենտրոնը կզբաղեցնի կինոմիության եռահարկ շենքի 1219 քմ տարածքը, որը կունենա հնարավորություն միանալու Կինոյի տան մեծ դահլիճին. այն տեղավորում է 510 հանդիսատես և այս պահին հայաստանի ամենամեծ կինոդահլիճն է: Սինեմատեքին կմիանան նաև Կինոյի տան փոքր դահլիճը, Բուխարու սրահը, Մալյան թատրոնի դահլիճը: «Ունենալու ենք կինոմշակութային մի ամբողջ համալիր, որը նաև դառնալու է կինոփառատոնային կենտրոն: Սա զգալի օգնություն է լինելու Հայաստանում գործող կինոփառատոներին, որոնք այսօր մեծ ծախսեր են անում բացում-փակումների կազմակերպման, դահլիճներ վարձակալելու վրա: Այս կենտրոնը կազատի փառատոնի կազմակերպիչներին նման ծախսերից՝ տալով կինոմշակութային միջավայրում իրենց ծրագրերն իրականացնելու հնարավորություն»,- ասաց Ա. Մանուկյանը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հասարակական կազմակերպություն-կառավարություն-մասնավոր հատված մասնակցային սկզբունքով է մտադիր իրագործել «Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի ստեղծումը: Հանգույցի հայեցակարգը մշակվել է մասնագիտական խորհրդատվությունների, բազմաթիվ նմանօրինակ տարածքներ այցելելու և դրանք ուսումնասիրելու արդյունքում: Ստեղծվել է Ամստերդամի EYE film-museum կինոյի թանգարանի տնօրինության, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մասնագիտական անձնակազմի, Ռոտերդամի քաղաքային միջավայրի և հասարակական տարածքի ձևավորման մասնագետների հետ:
«Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի ստեղծման համար Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը տրամադրում է իր սեփականությունը հանդիսացող եռահարկ շինությունը՝ 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, ինչպես և հետագայում ներդնելու է 200 մլն ՀՀ դրամ: ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա երկու տարիների ընթացքում նախագծին տրամադրել 280 մլն ՀՀ դրամ, որի մի մասը՝ 80 մլն դրամը, կհատկացվի մինչև հաջորդ տարեսկիզբ: Եվս 200 մլն ՀՀ դրամ ձեռք կբերվի մասնավոր հատվածի հետ Կինեմատոգրաֆիստների միության բանակացությունների արդյունքում: Ընդհանուր առմամբ կպահանջվի մոտ 680 մլն ՀՀ դրամ՝ «Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի նախագիծն իրականություն դարձնելու համար:
Այստեղ կստեղծվի այնպիսի միջավայր, որը կբավարարի այցելուների տարաբնույթ պահանջմունքները՝ մշակութային, կրթական, զբոսաշրջային, ժամանցային, մասնագիտական և այլն: Այսինքն՝ Սինեմատեքի տարածք մուտք գործած մարդը կարող է պարզապես չլքել այն ժամերով, քանի որ այստեղ կկրողանա գտնել այն ամենը, ինչն անհրաժեշտ է օրը՝ իր բոլոր բաղադրիչներով, լիարժեք ապրելու համար:
Ardi.am
No Comments