ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Բանաստեղծություններ, գրախոսություն

21.07.2019

*******

Հորս աչքերով ու մորս սրտով 
Հանդիպեցի քեզ:
Գորովացավ խանդաղատանքով մոտեցա
Ու հիվանդագին խանդով գրկեցի…
Սիրառատ օրերիս խենթությամբ, 
Կորստյան ահիս տառապանքով
Սեղմեցի քեզ կրծքիս…
Համոզիչ չթվալու չափ անկեղծությամբ
Հետևիցդ եկա…
Սահմանիցդ դուրս 
Շնչահեղձ եղա.
Լոկ քո սեմից ներս
Սիրտս տեղն ընկավ…
Նվիրումներիս հանգույն դողացի վրադ,
Խոսքուզրույցիս գլխաբառը դարձար…
Բոլոր սերերիս գումարումի չափ
Սիրեցի քեզ, 
Երկիրս:

*******

Ճրագալույցի թրթիռներում
Հալվեց դեմքդ…
Միայն մի լույս մնաց 
Ափերիս մեջ`
Ափերիցդ պոկված…
Սևացնոր կապույտին
Քո երանելի ժպիտը ձուլվեց`
Ալիքվելով իմ կարոտի ծփանքում…
Ոչ լուր եմ ուզում, ոչ լռություն.
Մի երրորդ, չեղա՜ծ մի բան:
Ոչ լավ եմ ուզում, ոչ վատ.
Մի երրորդ, երրո՜րդ վիճակ:
Հորինի՜ր… 
Չէ՞ որ կարող ես
Բառին շապիկ ձևել հարմար…
Հագցնեմ շապիկը բառե
Ալիքվող կարոտիս…
Ու հեղվի կարոտս անտե՜ս,
Անմարմի՜ն
Ծավալվի առ քեզ…

*******

Ու կշարունակվի
Գիշերերգերով, 
Որոնց արանքում
Կլինեն ջազի ելևէջումներ,
Ասենք` մի պատառ 
Նինա Սիմոնե`
JUST SAY I LOVE HIM…
Հետո`
Քելե՜ր-ցոլե՜ր…
Կամ գուցե
Անո՞ր… 
Ու որ չմնա հետուառաջի 
Առիթ կամ պատճառ`
Նորագյուտ բառիդ վրա
Ռեհանի թերթիկներ կշարեմ…
Ռեհանի համը` 
Շուրթերի՜դ…
Ռեհանի բույրը`
Է՜ն կանաչ բլուզիս վրա…
Ռեհանահամ խենթավո՜ւն ջազով
Կլցնեմ օրդ…
էդքանից հետո
Էլ հո չե՞մ ասի`
Մի օր է՜լ մնա…

*******

Ասեմ` արևս,
Հասկացիր զուլա՜լ գրկանոց Հոգի… 
Ասեմ` հզորս,
Հասկացիր հեռո՜ւ, ամենազոր Սուրբ…
Ասեմ` միակս,
Հասկացիր խլված ու ետ բերած Հող…
Ասեմ` է՜ն մեկը,
Վերջապե՜ս գտած մի Բառ հասկացիր…
Ասեմ` թանկագի՜ն,
Ծնկները ծալած մամիկի Աղոթք,
Ու Երկնից իջնող 
Հայրական Օրհնանք, 
Օրհնա՜նք հասկացիր….

Գեղեցիկ Մարգարյան


ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ «ՔԱՄԻՆԵՐԻՑ… »-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ…

Հայտնի է, որ երբ քո ապրումը գտնում է արտահայտման բառն ու ձևը, ծնվում է բանաստեղծությունը, մանավանդ երբ դու դառնում ես նա:

Գեղեցիկ Մարգարյանի բանաստեղծությունը այդ բառի տարածության («Թող զրնգա տարածությունը // Պեսպիսությամբ Բառի…»), հեքիաթ-ժամանակի հարափոփոխության («Երբ հեքիաթից // Մնացել էին միայն // Երեք խնձորները…»), ամեն ինչի հոգևոր իմաստավորման («Հասկացիր զուլա~լ գրկանոց Հոգի…») անկեղծ պոռթկումն է:

Նա-ի տիեզերքի ձգողականությունը իր մեջ է («Հագցնեմ շապիկը բառե // Ալիքվող կարոտիս…»), քանի որ ինքը ներդաշնակ է որպես նա հարազատացող հայրենիքին – հորը – մորը – ընկերներին – հենց հեռացած ու չբաժանված Նրան:   Եվ եթե «սպասումի խեղճացած ձայնը խեղդվում է ՔՈ ներսում… », Գեղեցիկը կարողանում է պահպանել այդ ներդաշն համադրության հավասարակշռությունը` ես-ից նա խորքային անցումներով «Վերադարձրո՜ւ հայացքդ//Մոռանում եմ դեմքս… », որովհետև կա վստահություն,թե «Դուրս եմ գալիս, // Որ վերադառնամ // Ինքս ինձանից պարտվածի // Բերկրանքով…»:

Եթե նույնիսկ այսպիսի անկեղծ խտացումները երբեմն կարող են թվալ, թե միայն իրենն են, դա չի մտահոգում Գեղեցիկին, քանի որ բանաստեղծություն գրելը նրա համար ծրագիր չէ, զգացմունքի ու խոհի անխաղ հորձանք է, որը միշտ ապահովում է ինքը – նա անցումի անկեղծությունը, վստահություն բերում, որ «Մի օր կհրդեհվի քո ներսում էլ // Ստվերներում թաղած // Անսանձ մի սպասում, // Մոռացված մի կարոտ կչոքի սրտիդ // Մի չգրված տաղիկ երկնելու հանգույն…»: Այդ համադրման մեջ է խոստովանանքը, սպասումը, իր անկեղծության տարածական վստահությունը.

«Ավերումիս ցավոտ, ցավոտ ճամփաների

Անկիրք քամիների դեղին փոշին

Թևի տակ է առել յոթնակարոտ սիրտս…»

Բանաստեղծությունը, իսկապես, ծնվում է և ոչ թե հորինվում…

Վազգեն Սաֆարյան
Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր

No Comments

Leave a Reply